Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (5-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

5.4 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

 

Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, բարեվարք, մասնագիտացած ու տեխնիկապես հագեցած ոստիկանության վերափոխման միջոցով հասարակական անվտանգության ապահովման նոր որակի ստեղծումն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է շարունակել սկսված համակարգային բարեփոխումները բոլոր ուղղություններով:

2021 թվականի հուլիսի 7-ին պարեկային նոր ծառայությունը ներդրվեց ու գործարկվեց Երևանում` շուրջ 700 պարեկային ծառայողների ներգրավմամբ: Պահպանելով կադրերի ընտրության ու կրթության բարեփոխված կարգն ու մոտեցումները` պարեկային ծառայությունը հաջորդիվ պետք է ներդրվի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մինչև 2023 թվականի ավարտը:

Պարեկային ծառայությանը զուգահեռ գործարկվել է Օպերատիվ կառավարման կենտրոնը: Վերջինս քաղաքացիներից ահազանգերի ընդունման կենտրոն է, որը րոպեների ընթացքում տալու է անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում մոտեցնելու է պարեկային կարգախումբը` ապահովելով դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարճ ժամանակահատվածում ոստիկանության աջակցության ցուցաբերումը:

Ոստիկանության բարեփոխումներում կենտրոնական դեր է հատկացված ոստիկանական գործող մասնագիտական կրթական ծրագրերի և պետական կրթական չափորոշիչների վերանայմանն ու կրթական միջավայրի բարեփոխմանը, որը հնարավորություն կտա ոստիկանական ստորաբաժանումները համալրել որակապես նոր և առաջադիմական կրթական ծրագրերով ուսուցում անցած և վերապատրաստված կադրերով, որը բարեփոխումների հաջողման կարևոր գրավական է:

Ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով համակողմանիորեն վերանայվելու է ոստիկանության ծառայողների վարձատրության հարցը, սահմանվելու է արժանապատիվ վարձատրության չափ, որը մի կողմից գրավիչ կդարձնի ոստիկանությունում ծառայությունը, մյուս կողմից երաշխիք կհանդիսանա ծառայողներին կոռուպցիոն դրսևորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում: Այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն կատարված են. նոր ձևավորված պարեկային ծառայության ծառայողների աշխատավարձը 30-50%-ով ավելի են համակարգում գործող վարձատրության չափից: Հեռանկարում նախատեսվում է դրանց հավասարակշռում` քննարկելով նաև ոստիկանության ծառայողների համար սոցիալական ապահովության լրացուցիչ երաշխիքների սահմանման հարցը:

Առավել ինտենսիվ կշարունակվեն իրականացվել հանցավորության դեմ պայքարում ոստիկանության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, հատկապես տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման, հանցավորության դեմ պայքարի առաջավոր փորձի ուսումնասիրման և ներդրման առումով, որը հնարավորություն կընձեռի ապահովելու հանցագործության դեպքերի բացահայտման առավել բարելավված ցուցանիշներ, ինչպես նաև կբարձրացնի հանցավորության կանխարգելման աշխատանքների արդյունավետության մակարդակը:

Ժողովրդավարական պետությանն ու հասարակարգին բնորոշ է ոստիկանության ոլորտի միասնական քաղաքականություն մշակող և իրականացնող, պատասխանատու գործադիր իշխանության մարմնի առկայությունը: Ըստ հաստատված ռազմավարության` նախատեսվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, որը թույլ կտա նաև ապահովել ոլորտի թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողություն, ինչպես նաև կդառնա ոլորտի բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն:

Ոստիկանության զորքերի բարեփոխումներն առաջիկա հաջորդ կարևոր առաջնահերթությունն են: Անհրաժեշտ է հստակեցնել զորքերի` օրենսդրությամբ ամրագրված գործառույթները, ըստ այդմ` նախատեսել ֆունկցիոնալ արդյունավետ կառուցվածք, հիմնովին վերափոխել զորքերի պատրաստման ու վերապատրաստման ծրագրերը, ներդնել կադրերի ընտրության, խրախուսման ու առաջընթացի մտածված և գործուն մեխանիզմ և իհարկե, զարգացնել Զինված ուժերի, փրկարար ծառայության և ռազմականացված այլ ուժերի հետ ոստիկանության զորքերի ներդաշնակ գործակցումը ճգնաժամային իրավիճակներում:

 

5.5 ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

 

Կառավարությունը հավատացած է, որ կոռուպցիան շարունակում է մարտահրավեր լինել իրավական, անվտանգ, տնտեսապես զարգացած, ժողովրդավարական պետության կայացման համար: ՈՒստի Կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ` վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները:

Կառավարությունը հակակոռուպցիոն գործընթացներում հաջողելու համար ունի բավարար քաղաքական կամք և այդ կամքն իրական արդյունքի վերածելու նպատակով շարունակելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծմանը և զարգացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:

Կառավարությունը շարունակելու է աջակցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով` օրենսդրության զարգացման, անհրաժեշտ գործիքակազմի և նյութատեխնիկական պահանջների բավարարման հարցերում:

Ակնկալվում է հնարավորինս սեղմ ժամկետում ամբողջ ծավալով գործարկել Հակակոռուպցիոն կոմիտեն և Հակակոռուպցիոն դատարանը: Նորաստեղծ հակակոռուպցիոն մարմինները կհամալրվեն արժանիքահենք հիմունքներով ընտրված արհեստավարժ և բարեվարք կադրերով, կապահովվեն ենթակառուցվածքային և նյութատեխնիկական հագեցվածությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի գործունեության շնորհիվ կբարձրանա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և գործերի քննության արդյունավետությունը:

Կառավարությունը վճռական է ապօրինի ծագում ունեցող գույքը պետությանը վերադարձնելու հարցում, ուստի շարունակելու է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի զարգացումը և գործնականում դրանց արդյունավետ կիրառմանն աջակցությունը:

Վարչական կոռուպցիայի հաղթահարման գործում Կառավարությունը կարևորում է ռիսկերի և կարիքների վրա հիմնված քաղաքականության մշակումը: Ըստ այդմ` Կառավարությունը մտադիր է պետական և տեղական մակարդակում իրականացնել կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատում և դրա հիման վրա մշակել միջոցառումների ծրագրեր: Հանրային ծառայության ոլորտում նվազագույնի կհասցվեն կոռուպցիոն ռիսկերը: Իրականացված ծրագրերի արդյունավետությունը գնահատելու և, ըստ այդմ, ապացուցահենք հակակոռուպցիոն քաղաքականություն ունենալու նպատակով զարգացվելու են հակակոռուպցիոն ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմները:

Կառավարությունը քաջ գիտակցում է, որ վարչական կոռուպցիան նվազեցնելու հիմնական միջոցը «քաղաքացի-բիզնես-պետական մարմին» շփման հնարավորինս կրճատումն է: ՈՒստի Կառավարությունը հաստատակամ է վարչարարության պարզեցման, ծառայությունների թվայնացման, նոր և արդյունավետ էլեկտրոնային գործիքների ներդրման հարցում: Ըստ այդմ` հանրային ծառայություններն առավել հասանելի դարձնելու, մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ոլորտային օրենսդրության արդիականացման միջոցով Կառավարությունը կշարունակի հանրային ծառայությունների թվայնացումը` դրանց մատուցումն իրականացնելով մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով:

Տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից Կառավարությունը կարևորում է հանրային ծառայությունների միասնական գրասենյակների ծավալումը բոլոր մարզերում: Դրանց միջոցով հանրային ծառայությունների մատուցման ոլորտում քաղաքացիները Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում կստանան միասնական, հարմարավետ ու առավել մատչելի ծառայություններ, կապահովվեն ծառայությունների մատուցման թափանցիկությունը, սպասարկման արագությունը, սպասարկման որակի բարձրացումը, կբացառվեն առկա կոռուպցիոն ռիսկերը:

Այս առումով Կառավարությունն առանձնահատուկ հետևողական է լինելու թիրախային խմբերին իրականացված փոփոխությունների հասցեատեր դարձնելուն ուղղված իրազեկման աշխատանքների հարցում:

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է դառնա արժեհամակարգի մաս և քաղաքացիների մեջ պետք է ձևավորվի անձնապես կոռուպցիան մերժելու և դրա դեմ պայքարելու վարքագիծ: Կառավարությունը գիտակցում է, որ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթ պետք է ձևավորել մանկուց: Հենց այդ պատճառով կրթության բոլոր օղակներում կներառվեն հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ առարկայական ծրագրեր:

 

5.6 ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

 

Կառավարությունը շարունակելու է վճռական մնալ վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորման հարցում. արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը:

Կառավարությունը պետք է շարունակի քայլեր ձեռնարկել պրոբացիայի ինստիտուտի զարգացման և կատարելագործման ուղղությամբ: Արդեն իսկ ընդունված Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի հենքով իրավական համակարգում ներդրված` ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառման նպատակով Պրոբացիայի ծառայությունը զինվելու է էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ միջոցներով և ենթակառուցվածքներով:

Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ապահովել ազատությունից զրկված անձանց արժանապատիվ պահման պայմաններ, իսկ քրեակատարողական ծառայողների համար` աշխատանքային կենսապայմաններ:

Օրենքի առջև բոլորի հավասարության երաշխավորման, խտրականության դրսևորումների կանխման, ինչպես նաև հավասար իրավունքների իրագործման նպատակով Կառավարությունը շարունակելու է անզիջում պայքար մղել և անհանդուրժողականություն ցուցաբերել քրեական ենթամշակույթի նկատմամբ` բացառելով քրեակատարողական հիմնարկներում արտոնյալների առկայությունը:

Հիմքում ունենալով ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը` Կառավարությունն ամրապնդելու է ազատությունից զրկված անձանց որակյալ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հարցում գրանցած հաջողությունները և երաշխավորելու նրանց համար այն նույն ծավալի բուժօգնության հասանելիությունը, որն առկա է ազգային առողջապահական համակարգում հանրության յուրաքանչյուր անդամի համար:

Կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու, ազատությունից զրկված անձանց սոցիալական հաջող վերաինտեգրումն ապահովելու նպատակով Կառավարությունն ստեղծելու է կրթական, այդ թվում` մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ուղղված նոր` պահանջարկի վրա հիմնված, թիրախավորված հնարավորություններ: Փուլային սկզբունքով դրանք հասանելի են լինելու բոլոր քրեակատարողական հիմնարկներում:

Քրեակատարողական համակարգի առողջ զարգացումն ապահովելու համար Կառավարությունը ներդնելու է էլեկտրոնային կառավարման, տեսահսկման և օպերատիվ կառավարման նոր գործիքակազմեր` այդպիսով ապահովելով կադրերի հաշվետու և թափանցիկ գործելաոճը, ճգնաժամային իրավիճակի կառավարումը քրեակատարողական հաստատություններում, ինչպես նաև նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը:

 

6. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

Հանրային կառավարման համակարգի խորքային բարեփոխումներն արդյունավետ պետություն կայացնելու երաշխիք են: Հայաստանը շարունակում է անցնել ժողովրդավարական կայացման չափազանց կարևոր փուլ: Արդյունավետ պետության և ժողովրդավարության կայացումն առաջնորդելու գործում հանրային իշխանության բոլոր մարմինները կարևոր անելիքներ ունեն:

2020 թվականին մեր երկրի առջև ծառացած ճգնաժամերը` կորոնավիրուսային համավարակը և Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, առավել մեծ սրությամբ ի ցույց դրեցին մեր պետական ինստիտուտների խնդիրներն ու անկատարությունները:

Կառավարությունը 2019 թվականից ձեռնամուխ է եղել հանրային կառավարման համակարգում համընդգրկուն բարեփոխումների օրակարգ ձևավորելու ու իրագործելու գործին: Մի շարք կարևոր ռազմավարություններ ու գործողությունների ծրագրեր են ընդունվել և սկսել իրագործվել, որոնցից հակակոռուպցիոն, պետական ֆինանսների կառավարման, թվայնացման, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունները: Կառավարությունն ընդունելու է նաև հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարությունը:

Կառավարությունը հանձնառու է հետևողականորեն և անշեղորեն իրագործել այդ ռազմավարությամբ ծրագրված բարեփոխումները: Երկարաժամկետ հատվածում դա կհասցնի մարդակենտրոն, կայուն, պատասխանատու և դինամիկ գործող պետական համակարգ ունենալու նպատակներին:

 

6.1 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

 

Ռազմավարական պլանավորման և քաղաքականությունների մշակման ուղղությամբ Կառավարությունը նախաձեռնելու է հետևյալ քայլերը.

. Ներդրվելու են ռազմավարությունների և քաղաքականությունների պլանավորման ու իրականացման առաջադեմ պրակտիկաներ, և արդիականացվելու են դրանց համար անհրաժեշտ մեթոդաբանական հիմքերը:

. Քաղաքականությունների մշակումը լինելու է փաստահենք, բավարար վերլուծական հիմնավորվածությամբ, կարգավորման ազդեցության գնահատման գործուն համակարգերով ու պրոֆեսիոնալ կարողություններով:

. Ներդրվելու է քաղաքականությունների արդյունքների գնահատման ու հանրային հաշվետվողականության առաջադեմ պրակտիկա, այդ թվում` հզորացվելու է ինստիտուցիոնալ և անհատական պատասխանատվության ինստիտուտը:

. Մշակվելու և իրականացվելու է միասնական տվյալների քաղաքականություն, դրա ներքո արդիականացվելու են վարչական տեղեկատվական համակարգերն ու պաշտոնական վիճակագրության կարողությունները:

. Նշանակալիորեն ուժեղացվելու են ռազմավարությունների ու քաղաքականությունների համակարգման ու ներդաշնակեցման կարողությունները, այդ թվում` պատշաճ մարդկային կարողությունների ներգրավման և տեղեկատվական կառավարման համակարգերի ներդրման միջոցով:

 

6.2 ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը` դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն և արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով` նպատակ ունենալով թեթևացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը:

Պետության կողմից հանրությանը ծառայությունների մատուցման ուղղությամբ Կառավարությունը նախաձեռնելու է հետևյալ քայլերը.

. Արդիականացվելու են ծառայությունների համար տվյալների ռեգիստրները, այդ թվում` ապահովելով առկա թվային ռեգիստրների փոխգործելիությունը, իսկ ոչ թվային ռեգիստրների` թվայնացումն ու համակցելիությունը:

. Ներդրվելու է թվայնացված հանրային ծառայությունների մատուցման միասնական էլեկտրոնային հարթակ, որից օգտվելը լինելու է պարզ, մատչելի և արագ:

. Պետական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն ապահովելու նպատակով մշակվելու և ներդրվելու է ծառայությունների միասնական գրասենյակների արդիական մոդել:

. Սահմանվելու են պետական ծառայությունների մատուցման պատվիրակման ընթացակարգերը:

. Ներդրվելու է հանրային ծառայությունների որակի վերահսկողության գործուն համակարգ:

. Ներդրվելու են հանրությանը ծառայությունների մատուցման աշխատանքային ու էթիկայի կանոններ:

 

6.3 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Հանրային ծառայության և մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում Կառավարությունը նախաձեռնելու է մի շարք քայլեր.

. Վերանայվելու և արդիականացվելու է հանրային ծառայության համակարգը` ապահովելով միասնական հորիզոնական համակարգ, մասնավորապես պետական համակարգում աշխատողների կարգավիճակը սահմանող, պաշտոնների դասակարգման, աշխատանքի ընդունման ու ազատման, կատարողականի գնահատման, վերապատրաստումների, աշխատանքի կազմակերպման և այլ հարաբերությունները կարգավորող միասնական օրենսդրություն:

. Հանրային ծառայության համակարգում ձևավորվելու է ավագ գործադիր կորպուսը` որպես հանրային ծառայության բարձրագույն մակարդակի կառավարման պաշտոններ զբաղեցնող արհեստավարժ ծառայողների խումբ, որի կազմում ընդգրկված քաղաքացիական ծառայողները մրցակցային հիմունքներով կարող են զբաղեցնել այնպիսի պաշտոններ, որոնց գործառույթները ներառում են քաղաքականությունների մշակումը և իրականացումը, խորհրդատվությունը, օպերատիվ կառավարումը, հավաքական ծառայությունների մատուցումը:

. Առանցքային բարեփոխումներ են իրականացվելու հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, ներառյալ վարձատրության ու պարգևատրման համակարգերի վերանայումը, հորիզոնական շարժունության ապահովումը, գրավչությունը մեծացնող աշխատանքային միջավայրի ձևավորումն ու պայմանների ներդրումը:

. Լիարժեք ներդրվելու է պետական ծառայության համակարգում վարձատրության արժանապատիվ համակարգ` միաժամանակ հենվելով պատասխանատվության ծավալի ու կոմպետենցիաների հետ համարժեքության, ինչպես նաև ոչ պետական հատվածի հետ մրցունակության ապահովման կանխադրույթների վրա: Վարձատրության բարեփոխումը, այնուամենայնիվ, պետք է նաև զուգորդվի պետական համակարգում ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ դաշտի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների հետ կամ հաջորդի դրանց և առնվազն բարեփոխումների առաջին փուլում պետության համար չառաջացնի լրացուցիչ ֆինանսական բեռ:

. Արդիականացվելու է կատարողականի գնահատման համակարգը, և պարգևատրման ու խրախուսման ինստիտուտը հենվելու է արժանիքահենք սկզբունքների վրա, պարգևատրումները պետք է զատվեն վարձատրությունից:

. Արմատապես վերանայվելու է պետական ծառայողների կրթության, ուսուցման ու վերապատրաստման գործող համակարգը, ներդրվելու են տեխնոլոգիական առաջադեմ լուծումներով ուսուցման հնարավորություններ, վերանայվելու է կարողությունների ու գիտելիքի զարգացման քաղաքականությունը` մարդկային կապիտալի զարգացման, պետական հատվածում տաղանդների ներգրավման ու պահպանման նպատակով:

. Ապահովվելու են պետական հատվածում անձնակազմի հավաքագրման ճկուն համակարգեր` բարձր արհեստավարժ ներուժի և տաղանդներ ներգրավելու համար, այդ թվում` ակտիվացնելով ջանքերը սփյուռքի ներուժի ներգրավման ուղղությամբ:

 

6.4 ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

 

Ինստիտուտների արդիականացման ուղղությամբ Կառավարությունը նախաձեռնելու է հետևյալ քայլերը.

. Ձևավորելու է հանրային կառավարման բարեփոխումների համակարգման կառույց` բարեփոխումների իրականացումը և շարունակականությունն ապահովելու համար:

. Իրականացնելու է խորքային ֆունկցիոնալ ու ինստիտուցիոնալ վերլուծություն` պետական հատվածում բոլոր անարդյունավետությունները վեր հանելու և համարժեք վերանայման աշխատանքներ իրականացնելու համար:

. Ապահովելու է գործադիր իշխանության մարմինների գործառույթների միասնական ու օպտիմալ կառուցակարգեր:

. Իրականացնելու է պետական ենթակառուցվածքների արդիականացման հայեցակարգի մշակումն ու դրանից բխող գործողությունների փուլային իրագործումը` ապահովելով ռեսուրսարդյունավետ և արդիական աշխատանքային միջավայր ապահովող պետական ինստիտուտներ:

 

6.5 ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

Տարածական տվյալների ենթակառուցվածքը տեխնոլոգիաների, իրավական կարգավորումների, ստանդարտների, մարդկային ռեսուրսների և հարակից գործողությունների համակարգ է, որն անհրաժեշտ է տարածական տվյալների ստեղծումը, հավաքագրումը, պահպանումը, մշակումը, տարածումը և օգտագործումն արդյունավետ և ճկուն դարձնելու համար:

Կառավարությունը նախատեսում է ստեղծել ազգային տարածական տվյալների միասնական ենթակառուցվածք և այն ներդնել կառավարման գործընթացում` բարձրացնելով որոշումների կայացման արդյունավետությունը:

Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ քայլերը.

. ոլորտային կադաստրների տեղեկատվական բանկի ստեղծում,

. ազգային գեոպորտալի գործարկում և դրանց հասանելիության աստիճանակարգի սահմանում,

. համապատասխան ոլորտային կադաստրների ինտեգրում մեկ միասնական հարթակում:

 

6.6 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել հետևյալ թիրախների ուղղությամբ.

. Վարչատարածքային բարեփոխումների և տարածքային զարգացման գործընթացների ինտեգրում` տեղական ու տարածքային գերակայությունների շուրջ սոցիալ-տնտեսական զարգացում և ամուր համագործակցության ձևավորում, տարածքային և տեղական դերակատարների կարողությունների բարձրացում`

- շարունակվելու է համայնքների միավորման գործընթացը,

- սահմանվելու են տարածքային կառավարման մարմինների միատեսակ կառուցվածք և գործառույթներ,

- շարունակվելու են միավորված բազմաբնակավայր համայնքներում կառավարման տեղեկատվական համակարգերի, «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիների սպասարկման գրասենյակների ներդրման աշխատանքները,

- միավորված համայնքների ենթակառուցվածքները բարելավելու նպատակով իրականացվելու են ներդրումային ծրագրեր,

- աշխատանքներ են տարվելու միջհամայնքային համագործակցության տարբեր ձևերի ներդրման, այդ թվում` միջհամայնքային միավորումներ ձևավորելու ուղղությամբ,

- իրականացվելու են լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես առողջության առաջնային պահպանման, միջհամայնքային և միջբնակավայրային ճանապարհների պահպանության ու շահագործման, հանրակրթական դպրոցների շենքերի պահպանության ու շահագործման, սոցիալական համալիր ծառայությունների կազմակերպման ու իրականացման ոլորտներում:

. Հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովելու, բնակչության բարեկեցությունը բարելավելու, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելու, ինչպես նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացի բարելավում և շարունակության ապահովում:

. Բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կենցաղային կոշտ թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցում`

- հանրապետությունում ներդրվելու է միջազգային չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդրման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենք,

- հանրապետության ողջ տարածքում իրականացվելու են գոյացող աղբի պատշաճ կերպով հավաքման, ինչպես նաև աղբի առաջացման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ,

- միջազգային կառույցների համագործակցությամբ իրականացվելու են աղբահանության բնագավառում թափոնների հեռացմանը և դրանց վերամշակմանն ուղղված ծրագրեր,

- ներդրվելու է կենցաղային կոշտ թափոնների տեսակավորված հավաքման համակարգ:

. Աղետներին համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով նոր գործիքակազմով ու չափորոշիչներով ռիսկերի գնահատմանը, խոցելիության նվազեցմանն ու կարողությունների բարձրացմանն ուղղված գործընթացների իրականացում`

- շենքերի անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվելու են բազմաբնակարան շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ,

- հանրապետության տարածքում ապահովվելու են անվտանգ կրթական պայմաններ` սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի դպրոցների վերանորոգմամբ կամ նորերի կառուցմամբ:

. Տարածքային համախմբվածության բարձր մակարդակի ապահովում` հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ տարածքներին` անցում կատարելով սոցիալական աջակցության մեխանիզմներից դեպի տնտեսական զարգացման մեխանիզմների ներդրում:

. Համայնքային ծառայության ոլորտի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում` ուղղված համայնքային ծառայության ինստիտուտի դերի և տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

 

6.7 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Ներկա դրությամբ պետական գույքի օգտագործման արդյունավետությունը շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա, միաժամանակ առկա գույքային միավորների արդյունավետ գործարկումն առանցքային դեր կարող է խաղալ Հայաստանի Հանրապետության ներդրումային գրավչության բարձրացման տեսանկյունից:

Առկա գույքային միավորները նախատեսվում է օգտագործել Հայաստանի Հանրապետությունում` միջազգային արժեշղթաներում ինտեգրվող, ինստիտուցիոնալ գիտելիքներ ձևավորող ներդրումային ծրագրերի իրականացումը խթանելու համար: Պետական գույքի արդյունավետ կառավարման նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ քայլերը.

. Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման միասնական բազայի հիման վրա ներդրվելու է պետական գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման, վերլուծության ու արդյունավետության մակարդակի գնահատման նոր գործիքակազմ և բացահայտվելու են պետական գույքի օգտագործումը կանոնակարգող իրավական ակտերի պահանջներից շեղումները, խախտումները և դրանց պատճառած վնասը, ինչպես նաև օգտագործման արդյունավետության մակարդակը և դրա միտումները. առաջարկություններ են ներկայացվելու պետական գույքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

. Սահմանվելու է պետության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ օտարման ոչ ենթակա անշարժ գույքի կազմը և նախընտրելի կառուցվածքը, ինչպես նաև ծախսերի կրճատման նպատակով ապահովվելու է պետական համակարգի մարմինների և պետական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օգտագործվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքների փոխարինումը պետության սեփականություն համարվող համապատասխան տարածքներով:

. Բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման և ներդրումներ ներգրավելու նպատակով առանձնացվելու է ներկայում օգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող` համեմատաբար բարձր իրացվելիություն ունեցող պետական անշարժ գույքը և վաճառքի կազմակերպման միջոցով իրականացվելու են սոցիալ-տնտեսական նշանակության ներդրումային խոշոր ծրագրեր:

. Պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծվելու է գործիքակազմ, այդ թվում` մասնագիտացված կառույցներին պատվիրակելու միջոցով:

. Նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորման և արժեթղթերի շուկայի կայացման նպատակով նախապատրաստվելու և ֆոնդային բորսայի միջոցով կազմակերպվելու է համեմատաբար բարձր շահութաբերություն ունեցող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի իրականացումը:

. Օպտիմալացվելու է մասնավորեցման ոչ ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կազմը և կառուցվածքը, հստակ սահմանվելու է դրանց քանակն ըստ ճյուղերի, ինչպես նաև ապահովվելու է վնասով, ոչ արդյունավետ և զարգացման հեռանկար չունեցող կազմակերպությունների առանձնացումը և մասնավորեցման ծրագրում ընդգրկումը:

. Բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով ավարտին է հասցվելու պետական սեփականություն համարվող հանրակացարանային տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման գործընթացը:

. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության բարձրացման նպատակով արմատապես բարեփոխվելու է դրանց գործունեության մշտադիտարկման և վերլուծության գործող համակարգը` դարձնելով այն կիրառելի, որի շնորհիվ բարելավվելու է առևտրային կազմակերպությունների կառավարման որակը:

. Պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձնացվելու է բարելավման կարիք ունեցող և հետագայում օտարման ոչ ենթակա, որպես պետական սեփականություն պահպանվող գույքը, և որոշակի ներդրումային ծրագրերի իրականացման դիմաց երկարատև վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման միջոցով ապահովվելու են տվյալ գույքի հիմնանորոգումը և վերակառուցումը:

. Մարզերում պետություն-համայնքներ գործընկերության բնագավառում ՓՄՁ-ի զարգացման համար առանձնացվելու է չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող, ինչպես նաև նախկինում օտարման ներկայացված, սակայն չվաճառված գույքը, և այդ գույքի ներդրմամբ տարբեր ձևաչափերով (երկարատև վարձակալություն, անհատույց օգտագործման տրամադրում, նպաստավոր պայմաններով օտարում) իրականացվելու են տնտեսական նշանակության սոցիալ-տնտեսական բնույթի ներդրումային ծրագրեր:

 

6.8 ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը: Շարունակաբար բարելավվելու է հարկային վարչարարությունը, էապես կրճատվելու է տնտեսության ստվերային հատվածը` այդպիսով հավասար պայմաններ ապահովելով տնտեսական կյանքի բոլոր մասնակիցների համար: Բարձրացվելու է ծախսային քաղաքականության արդյունավետությունը: Պետական բյուջեի պակասուրդը պահպանվելու է ընդունելի ցածր մակարդակի վրա` երաշխավորելով պետական պարտքի կառավարելիությունը և կայունությունը:

Միջնաժամկետ հատվածում հարկաբյուջետային կայունությունը երաշխավորելու համար Կառավարությունը շեշտադրելու է տնտեսության ներուժի բարձրացումը և բարձր տնտեսական աճի հաշվին պարտքի բեռի նվազեցումը: Տնտեսական ներուժի ավելացման նպատակով Կառավարությունն առաջնահերթ նշանակություն է տալու ենթակառուցվածքներ ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակի բարձրացմանը և պետական բյուջեի կապիտալ ծախսերի պլանավորման և իրականացման փուլերում առկա հիմնախնդիրների լուծմանը:

Պետական ֆինանսների կայունությունն ամրապնդելու համար Կառավարությունը ձգտելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն ավելի մեծ չափով ապահովել դրամով փոխառությունների հաշվին: Դա թույլ կտա նվազեցնել պարտքի զգայունությունը փոխարժեքի տատանումներից, ինչպես նաև բարձրացնել ֆինանսների հասանելիությունը, որոնք անհրաժեշտ են տարաբնույթ ցնցումներին դիմակայելու հարցում Կառավարության կարողությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Այս քաղաքականությունների արդյունքում Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առնվազն 2.6 տոկոսային կետով` 2026 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առնվազն 25 տոկոսի, ինչպես նաև Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազում` մինչև 2026 թվականն ապահովելով 60%-ից ցածր թիրախը, ինչպես նաև ապահովել վերադարձը հարկաբյուջետային կանոններով սահմանված պետական ֆինանսների «ոսկե կանոնների» ամբողջական պահպանմանը:

. Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը` դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար: Այս նպատակների իրականացման ուղղությամբ հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:

. ԱԱՀ վճարողների համար աստիճանաբար չեղարկվելու է ներմուծվող ապրանքների դիմաց ԱԱՀ գանձումը սահմանին, որի շնորհիվ տնտեսավարողների մոտ հավելյալ ազատ լիկվիդայնություն կառաջանա:

. Հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ: Կրճատվելու են հասցեականություն չունեցող կամ ոչ արդյունավետ հարկային արտոնությունները. դրանց կիրառումն ու արդյունավետության գնահատումն իրականացվելու է համալիր խթանների և միջոցառումների շրջանակներում:

. Հարկման համակարգում հարկային բեռի արդարացի և հավասար բաշխումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ստորին մակարդակում գտնվող հարկման համակարգերում արհեստականորեն տեղավորվելու և այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու, հարկման տարբեր համակարգերի միջև արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման և գործարքների փաստաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարման ռիսկերը նվազեցնելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջև սահմանվելու է համադրելի և արդարացի հարկային բեռ: Սա լուրջ խթան կլինի նաև թափանցիկության աճի, բիզնեսի և կապիտալի շուկայի զարգացման համար:

. Կապիտալի շուկայի զարգացմանը նպաստելու նպատակով դիտարկվելու են կապիտալի շուկայի հարկման կարգավորումները վերանայելու հնարավորությունները` վերացնելու կապիտալի շուկայի զարգացումը խոչընդոտող կարգավորումները: Միաժամանակ, պոտենցիալ թողարկողների և ներդրողների համար բարձրացվելու է արժեթղթերից ստացվող եկամուտների և կորպորատիվ շահույթի նկատմամբ կիրառելի հարկային կարգավորումների կանխատեսելիությունը: Ուսումնասիրվելու են շահաբաժինների և տոկոսային եկամուտների հարկման մեխանիզմների տարբերությունները` ըստ անհրաժեշտության առաջարկելով փոփոխություններ:

. Իրականացվելու է անկանխիկ վճարումների ծավալների աճի խթանման և կանխիկի շրջանառության կրճատման համապարփակ քաղաքականություն:

. Ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը: Սա ընդհանուր տնտեսության թափանցիկության աճի հերթական լուրջ խթանը կլինի, ինչպես նաև կնպաստի մատչելի ֆինանսների հասանելիությանը:

. Լավարկվելու է հիփոթեքային վարկի տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգը և դրան հաղորդվելու է տարածքային համաչափ զարգացման և ավելի ընդգծված սոցիալական ազդեցության նշանակություն: Աստիճանաբար կասեցվելու է Երևան քաղաքում նորակառույց շենքերի բնակարանների մասով եկամտային հարկի վերադարձը` խթանելով նոր կառուցապատումները մարզերում և ապահովելով համաչափ զարգացում:

. Վերացվելու են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները:

. Միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Կառավարության կողմից գործուն քայլեր են իրականացվելու կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով: Դա հատկապես կարևոր է օտարերկրյա ներդրումների առավելագույն բարենպաստ միջավայր երաշխավորելու համար:

. Կառավարությունը շարունակելու է խորացնել համագործակցությունը Հայաստանի զարգացման բոլոր գործընկերների (դոնորների), այդ թվում` Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրասիական զարգացման բանկի հետ` հիմք ընդունելով համատեղ մշակված և հաստատված համագործակցության ծրագրերը:

. Միջազգային փորձին համապատասխան ներդրվելու են հարկային պլանավորման չարաշահման կանխարգելման կանոններ: Սահմանվելու են հարկային չարաշահումներին վերաբերող կարգավորումներ (հարկային պլանավորման սխեմաների կիրառման կանխարգելման դրույթներ)` նպատակ ունենալով բացառելու այն դեպքերը, երբ հարկային օրենսդրությամբ ընձեռված հնարավորություններն օգտագործվում են հարկման բազան նվազեցնելու և հարկային օգուտներ ստանալու նպատակով: Հարկային չարաշահումների տարբեր սխեմաների կիրառումն ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ նույն շուկաներում գործող տնտեսավարողների համար, և այս սկզբունքի ամրագրումն ու վարչարարության ընթացքում կիրառումն առաջնահերթ պետք է նպաստեն հավասար մրցակցության ապահովմանը` ավելացնելով պետական բյուջեի եկամուտները:

 

6.9 ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հարկային և մաքսային վարչարարության պարզեցման և դրա արդյունավետության բարձրացման միջոցով Կառավարությունը նվազագույնի է հասցնելու ստվերային տնտեսությունը և երաշխավորելու է տնտեսավարողների գործունեության հավասար պայմաններ: Այս նպատակների իրագործման համար Կառավարությունը սահմանելու է ընկալելի և կանխատեսելի հարկային կանոններ, որոնք նպաստելու են ներդրումային ծրագրերի կառավարման գործընթացներում տնտեսավարողների որոշումների կանխատեսելիության բարձրացմանը: Հարկային և մաքսային վարչարարության համաչափությունը լինելու է վարչարարական արդյունավետության հիմքը, բարձրացնելու է հարկերի վճարման կամովիությունը և ստեղծելու է տնտեսական գործունեության պայմանների համահավասարության համընդհանուր ընկալում:

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը, իրավակիրառ պրակտիկան, ինչպես նաև մաքսային համակարգի կազմակերպակառավարչական մոտեցումները, ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան, ստանալու են պարզ վարչարարության լավագույն կիրառության լուծումներ:

Հարկային և մաքսային ոլորտներում միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Կառավարությունը գործուն քայլեր է իրականացնելու վարչարարության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

. Միաժամանակ նախատեսվում է խորացնել տրանսֆերային գնագոյացման կարգավորումների և հարկման նպատակով տեղեկատվության փոխանակման համակարգերի կիրառությունը, որի շնորհիվ կբարձրանա երկրի ներսում ձևավորվող հարկման բազաների պաշտպանության մակարդակը:

. Հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման ռազմավարությունն ուղղված է լինելու էլեկտրոնային համակարգերի և ենթակառուցվածքների արդիականացմամբ առավել արդյունավետ համակարգ ունենալուն: Վարչարարության բարեփոխումների շրջանակում բարձրացվելու է հարկ վճարողների սպասարկման որակը:

. Հարկային վարչարարության նպատակը պետք է լինի հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների ամբողջ ծավալով և ժամանակին հայտարարագրման ու կատարման ապահովումը: Հարկային իրավախախտումների դեմ պայքարը, ստվերային տնտեսության կրճատմանն ու հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված վարչարարության իրականացումը շարունակելու են լինել հարկային մարմնի առաջիկա տարիների կարևորագույն խնդիրները:

. Միաժամանակ հարկային մարմինը գործելու է այնպես, որ հարկ վճարողները չկարողանան և չձգտեն թաքցնել հարկերը: Այդ նպատակին հասնելու համար ընդլայնվելու են հարկային և մաքսային հսկողությանը նպաստող տեղեկությունների ստացման և արդյունավետ օգտագործման հնարավորությունները, պարբերաբար կատարելագործվելու և արդիականացվելու են հարկային մարմնի վերլուծական ու հսկողական գործիքները:

. Մաքսային վարչարարության պարզեցմամբ սահմանվելու են միջազգային առևտրային հոսքերի գրավիչ պայմաններ: Ներդրումային գրավչության բարձրացման նպատակով հնարավորինս պարզեցվելու է մաքսային սահմանի անցման գործընթացը, և նվազեցվելու է սահմանի անցման համար պահանջվող ժամանակը:

. Հարկային և մաքսային մարմինները նվազագույնի են հասցնելու օրինապահ հարկ վճարողների գործունեության վարչարարական միջամտությունը:

Վերը նշված մոտեցումներին համահունչ` առաջիկա տարիներին հարկային և մաքսային մարմինների զարգացման կարևոր ուղղություններն են լինելու`

- բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների համար պարզեցված հարկային և մաքսային ընթացակարգերի ներդրումը և ընդլայնումը` ապահովելով հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունները կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորումը և պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդումը,

- հարկային և մաքսային մարմինների էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործումը, որի շնորհիվ կբարելավվի տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակը, կընդլայնվի փոխանակվող տեղեկությունների ծավալն ու կբարձրացվի դրանց անվտանգությունը, կկրճատվի մատուցվող ծառայությունների ժամանակը,

- հարկային և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացումը` ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործմամբ տնտեսավարող սուբյեկտների դասակարգման և թիրախային հսկողության ապահովման միջոցով,

- փոքր ու միջին բիզնեսի համար պարզեցված հարկային վարչարարության ապահովումը և փաստաթղթաշրջանառության կարգավորումը,

- ստվերային շրջանառությունները կրճատելու համար` տնտեսությունում բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովումը, որը հնարավորություն կտա երաշխավորել հավասար մրցակցային միջավայրի ձևավորում,

- որպես էլեկտրոնային համակարգերի հետագա զարգացում` բոլոր առկա և նոր մշակվող էլեկտրոնային համակարգերի համար բջջային հավելվածների ստեղծումը և դրանք պետական մարմինների գործող համակարգերի հետ ինտեգրումը: Սա էականորեն կդյուրացնի տնտեսավարող սուբյեկտների, ֆիզիկական անձանց և պետական մարմինների միջև շփման հնարավորությունները, նրանց կտրամադրի էլեկտրոնային ծառայություններ ստանալու և տեղեկատվության փոխանակման ժամանակակից հարմարավետ էլեկտրոնային գործիքներ:

. Մաքսային ձևակերպմանն առնչվող գործառույթներն առավել արդյունավետ դարձնելու, մաքսային գործընթացներն օպտիմալացնելու (կրճատելով ժամանակի և գործողությունների ծավալը), հայտարարատուների (մաքսային ներկայացուցիչների) կողմից գոհունակության բարձրացման և հերթագրման ընթացքն արագացնելու նպատակով կատարելագործվելու են մաքսային մարմնի կողմից փաստաթղթերի ընդունման և մաքսային վճարումների կատարման էլեկտրոնային համակարգերը: Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան մաքսային մարմնի հետ հաղորդակցվել առցանց, նվազագույնի կհասցնեն հայտարարատուների (մաքսային ներկայացուցիչների) և մաքսային մարմնի աշխատակիցների միջև անմիջական շփումը, որը կնպաստի ինչպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, այնպես էլ ապրանքների բացթողման ժամանակի և հնարավոր կուտակումների կրճատմանը:

. Մաքսային վարչարարության բարելավման շրջանակներում ամբողջապես ներդրվելու է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը, որի միջոցով կրճատվելու է սահմանահատման ժամանակը, և հսկողական միջոցառումներն իրականացվելու են «Մեկ կանգառ» սկզբունքով: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման շնորհիվ արտաքին առևտրի ոլորտում ներկայացվող տեղեկատվությունն ամբողջությամբ ներկայացվելու է էլեկտրոնային եղանակով, իսկ այն տեղեկատվությունը, որն արդեն առկա է համակարգում, չի պահանջվելու մյուս պետական մարմինների կողմից իրականացվող գործառույթների համար: Գործարար համայնքն էլեկտրոնային կամ ազդարարման այլ հարթակների միջոցով մշտապես իրազեկվելու է մաքսային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:

. Միաժամանակ, հարկային և մաքսային համակարգերի գործելաոճում ընդլայնվելու է թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքի կիրառումը, ներդրվելու են համապատասխան կարողություններ ստվերային տնտեսության կրճատման համար, համակարգերը դառնալու են միջազգայնորեն մրցունակ` նպաստելով գործարար միջավայրի բարելավմանը: Այս տեսանկյունից խիստ անհրաժեշտ է նաև, որ հարկ վճարողը զգա պետության վերաբերմունքը և օժանդակությունը հարկային պարտավորությունների կատարման գործընթացում:

 

6.10 ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

 

Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարական նպատակներն ուղղված են լինելու հանրային կառավարման համակարգի լավագույն արդյունքի և հասարակությանը որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը և հանրային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրային քաղաքականությունների իրականացման արդյունավետ միջավայր ստեղծելուն:

. Պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է հանրային միջոցների արդյունավետ ծախսման հետ: Ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից Կառավարությունը շարունակելու է կարևորել հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործումը: Այն ապահովելու նպատակով Կառավարությունը ներդնելու է հավելյալ արժեքի ստեղծման նպատակադրում ունեցող արդի գործիքակազմ, որը թույլ կտա հանրային ֆինանսների կառավարման համակարգում խորացնել որակական ցուցանիշների սահմանմամբ թիրախային բյուջետավորման համակարգի գործողությունը: Կառավարությունը շարունակելու է որդեգրել այնպիսի մոտեցում, որն անաչառ կհետևի պետական ծախսերի արդյունավետ և հասցեական իրականացմանը: Պետական կառավարման համակարգում հստակ ամրագրվելու է գործառույթ-մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական տրամաբանական շղթան. կառավարման համակարգին հատուկ է լինելու համընդհանուր, ստանդարտացված, օբյեկտիվ մոտեցումների և ծախսարդյունավետ լուծումների սկզբունքը:

. Ծախսերի նպատակայնության բարձրացման առումով անցում է կատարվելու ռազմավարական պլանավորման. վերանայվելու են առկա ռազմավարությունները, վերջիններս և մշակվելիք ռազմավարական բոլոր փաստաթղթերը համակցվելու են Կառավարության հնգամյա ծրագրերի, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և ամենամյա ծրագրային բյուջեի հետ:

. Ծրագրի արդյունավետության և օգտավետության բարձրացման նպատակով ներդրվելու է բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթաց, որի բացակայությունը սահմանափակում է բյուջետային ծրագրերի արդյունքները և ազդեցությունը գնահատելու, բյուջետային ծրագրերը վերանայելու և բարելավելու Կառավարության հնարավորությունները:

. Հանրային միջոցների օգտագործման հստակ ներգործությունը գնահատելու համար կներդրվեն բյուջետային ծրագրերի գնահատման այնպիսի չափանիշներ և հաշվետվողականության այնպիսի ստանդարտներ, որոնք թույլ կտան բարելավել թե՛ ռեսուրսների ծախսման արդյունավետությունը և թե՛ ֆինանսական կարգապահությունը:

. Առաջիկա տարիներին ծախսային քաղաքականությունն ընդգծելու է մարդկային և ֆիզիկական կապիտալի կուտակման, զարգացման և իրացման, ինչպես նաև ներառական աճի խթանման և տարածքային հավասարաչափ զարգացման առաջնահերթությունը: Այս քայլերի շնորհիվ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում աստիճանաբար կավելանա մարդկային կապիտալին և ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը:

. Ֆիզիկական կապիտալի զարգացման համար շարունակաբար բարելավվելու են հավելյալ արժեք գեներացնող ենթակառուցվածքները, որն իր հերթին կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: Իսկ ենթակառուցվածքներին ուղղվող միջոցների մշտադիտարկման համար մշակվելու և ներդրվելու է էլեկտրոնային հարթակ, որը թույլ կտա ցանկացած պահի տեղեկանալ իրականացվող ծրագրերի վիճակի մասին: Այս քայլերի շնորհիվ ակնկալվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում աստիճանաբար հնարավորության սահմաններում կմեծանա մարդկային կապիտալին և ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը:

. Գնումների գործընթացների կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է մինչև 2025 թվականը ներդնել ժամանակակից ֆունկցիոնալ պահանջներին համապատասխան էլեկտրոնային գնումների նոր համակարգ, որը կբարձրացնի համակարգի թափանցիկությունը և արդյունավետությունը:

Հանրային ներդրումների կառավարման համակարգ

Կառավարությունը կարևորում է հանրային ռեսուրսների արդյունավետ տնօրինումը: Այդ խնդրի լուծման հարցում առաջնահերթ են լինելու որակյալ ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված հանրային ներդրումային միջոցների նպատակային օգտագործումը և ծրագրերի արդյունավետ կառավարումը: Այս իմաստով Կառավարությունը նպատակադրվում է ստեղծել Հանրային ներդրումային ծրագրերի (ՀՆԾ) բանկ: Միաժամանակ հանրային խնդիրները հանգուցալուծելու նպատակով պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգի միջոցով բարձրացվելու են մասնավոր հատվածի ռեսուրսների օգտագործման հնարավորությունները, այդ թվում` նորարարական գաղափարները և կառավարման կարողությունները:

Իրականացվելու են հետևյալ գործողությունները.

- ամբողջացվելու է ՊՄԳ կարգավորման դաշտը` ապահովելով լավագույն ծրագրերի և դրանք իրականացնող մասնավոր գործընկերների ընտրությունը,

- ձևավորվելու է ՀՆԾ շտեմարան, որը բարձրացնելու է կանխատեսելիությունը հանրության և գործարար համայնքի համար,

- բարելավվելու է ծրագրերի մշտադիտարկման և գնահատման համակարգը` համապատասխանեցնելով այն արդի կարողություններին և պահանջներին:

 

* * *

 

Ազգային ժողովի կողմից սույն ծրագիրը հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը: Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումները կարտահայտվեն նաև տարեկան բյուջեներում և միջնաժամկետ ծախսերի առաջիկա ծրագրերում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
26.08.2021
N ԱԺՈ-002-Ն
Որոշում