ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 2021 թվականի N 1407-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ
(ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 154-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել պետական սեփականություն հանդիսացող «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատ համայնքի Բաղրամյան փողոց 110 հասցեում գտնվող անշարժ գույքի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան անշարժ գույքի քանդման արդյունքում ձևավորվելիք շինանյութը սեփականության իրավունքով անհատույց հանձնվում է սույն որոշման 1-ին կետում նշված դպրոցական շենքի կառուցման համար ընտրված շինարարական կազմակերպությանը: Սահմանված քանդման (ներառյալ շենքի հիմքի) և շինարարական աղբի տեղափոխման աշխատանքներն իրականացվում են մրցույթով ընտրված շինարարական կազմակերպության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` 2-ամսյա ժամկետում լուծել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 237/0017 պայմանագիրը` նախատեսելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և առաջարկել Հովտաշատ համայնքի ղեկավարին իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված դպրոցի հաշվեկշռում գտնվող գույքի (բացառությամբ անշարժ գույքի) պահպանման աշխատանքները` մինչև տվյալ դպրոցի փոխարեն նոր դպրոցի կառուցման ավարտը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` մինչև նոր դպրոցի կառուցման աշխատանքների ավարտն ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված դպրոցի 5-12-րդ դասարանների աշակերտների հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման երկրորդ հերթով կազմակերպումը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Գայի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գայ համայնքի Խաչատրյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող շենքում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. Պապիկյան
2021 թ. օգոստոսի
Երևան