ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԱԴԴ/1106/02/13
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան 2021 թ.
Դատավորներ` Մ. Հարթենյան
Ա. Սմբատյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2021 թվականի մայիսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ջի Վի Էն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Տիգրան Խանոյանի, Մարինե Ասատրյանի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 29.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Տիգրան Խանոյանի, Մարինե Ասատրյանի, Ընկերության և Հրաչ Մարտիկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի` Տիգրան Խանոյանի և Մարինե Ասատրյանի ընդդեմ Բանկի և Սամվել Հովհաննիսյանի, երրորդ անձինք Ընկերության և Հրաչ Մարտիկյանի` անշարժ գույքի առուվաճառքի, հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, որպես հետևանք` վարկային և երաշխավորության պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Տիգրան Խանոյանից, Մարինե Ասատրյանից, Ընկերությունից և Հրաչ Մարտիկյանից բռնագանձել 150.003.82 ԱՄՆ դոլար և 14.000.00 ՀՀ դրամ վարկի ընդհանուր պարտքի գումարը և 2.043.700.00 ՀՀ դրամ նախապես մուծված պետական տուրքը: Ժամկետանց վարկի մնացորդի` 134.739.99 ԱՄՆ դոլարի նկատմամբ տոկոսների հաշվարկը 26.08.2013 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 21% տոկոսադրույքով, հիմք ընդունելով 10.07.2008 թվականի Բանկի և Տիգրան Խանոյանի միջև կնքված թիվ 686/1 վարկային պայմանագրի 4.3 կետով նախատեսված տոկոսադրույքը, միաժամանակ ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերի հաշվարկը 26.08.2013 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 0,2% (յուրաքանչյուր ուշացած օրվա համար)` հիմք ընդունելով վարկային պայմանագրի 4.4 կետերը, բռնագանձումը տարածել գրավադրված գույքի վրա:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տիգրան Խանոյանը և Մարինե Ասատրյանը պահանջել են անվավեր ճանաչել 10.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի հիփոթեքի թիվ 686 պայմանագիրը և որպես հետևանք անվավեր ճանաչել դրա հիման վրա նույն օրը կնքված 686/1 վարկային պայմանագիրը, 10.07.2008 թվականին կնքված թիվ 686/2 և 01.06.2010 թվականին կնքված թիվ 686/3 երաշխավորության պայմանագրերը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Երիցյան) (այսուհետ` Դատարան) 07.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.08.2019 թվականի որոշմամբ Տիգրան Խանոյանի, Մարինե Ասատրյանի և Ընկերության անունից բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է և տրամադրվել է ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2019 թվականի որոշմամբ Տիգրան Խանոյանի, Մարինե Ասատրյանի և Ընկերության անունից բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Խանոյանի, Մարինե Ասատրյանի և Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» և 31-րդ հոդվածի «գ» կետերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ նշել է, որ վերաքննիչ բողոքին կցված տեղեկանքը, ըստ որի` Տիգրան Խանոյանն ամսական 130.000 ՀՀ դրամի չափ աշխատավարձ է ստանում, ինքնին բավարար չէ վերջինիս գույքային դրությունը ծանր գնահատելու համար:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տիգրան Խանոյանը ներկայացրել է ապացույցներ իր գույքային դրության վերաբերյալ (130.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձ), որոնք վկայում են շուրջ 6.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու անհնարինության մասին: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը չի բավարարել պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու, այն է` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը` խախտելով սահմանադրորեն երաշխավորված յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքը:
Տվյալ դեպքում բողոքարկվող որոշումն ունի իրավունքը սահմանափակող բնույթ և խաթարում է դատարանի մատչելիության իրավունքի բուն էությանը: Այն նաև չի ապահովում միջամտության համաչափության ողջամիտ հարաբերակցությունը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով: Մասնավորապես, որոշումը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կազմում ընդգրկված է եղել նաև դատավոր Մ. Հարթենյանը, ով մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում, ինչն իր հերթին տվյալ դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմք էր:
Այսպես, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մ. Հարթենյանի նախագահությամբ 24.09.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ, 24.09.2013 թվականի որոշմամբ մերժել է Բանկի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, 21.01.2014 թվականի որոշմամբ բավարարել է Բանկի միջնորդությունը` պատասխանող ներգրավելու մասին, 21.03.2014 թվականի որոշմամբ վարույթ է ընդունել հակընդդեմ հայցը, 21.07.2014 թվականի որոշմամբ մերժել է Բանկի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ:
Նշվածը վկայում է, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշումը կայացրել է ոչ օրինական կազմով, որպիսի պայմաններում այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, այն է` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այլ դատարանում տվյալ գործի քննությանը մասնակցած լինելու հիմքով դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում առաջնահերթորեն գնահատել վճռաբեկ բողոքի հիմնավորվածությունը դատավարական հարցը ոչ օրինական դատական կազմով քննված լինելու հիմքի մասով` հաշվի առնելով, որ նման հանգամանքը դատական ակտի պարտադիր բեկանման հիմք է, և դրա առկայությամբ, ըստ էության պայմանավորված է վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին անդրադառնալու անհրաժեշտությունը: Այսպես`
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իր բազմաթիվ որոշումներում բացահայտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ամրագրված` «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» հասկացության էությունը: Այսպես` Եվրոպական դատարանն ընդգծել է, որ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» հասկացությունը վերաբերում է ոչ միայն դատարանի ստեղծման իրավական հիմքերին, այլ նաև դրա գործունեության հատուկ կանոններին: Եվրոպական դատարանի գնահատմամբ դատարանների «օրենքի հիման վրա» ստեղծված լինելն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակությունում և իրավական պետությունում դատարանների լեգիտիմության համար, ընդ որում` դատարանների գործունեության օրինականությունը ներառում է նաև դատարանի կազմի օրինականությունը (տե՛ս, Sokurenko and Strygun v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 20.07.2006 թվականի վճիռը, կետ 24):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով նաև ընդգծել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «օրենք» հասկացությունը ներառում է դատական մարմինների ստեղծումը և դրանց իրավասությունը կարգավորող օրենսդրությունը, ինչպես նաև ներպետական օրենսդրության ցանկացած այլ դրույթ, որի խախտման դեպքում մեկ կամ մի քանի դատավորների մասնակցությունը գործի քննությանը կհակասեր օրենքին (տե՛ս Pandjikidze and others v. Georgia (30323/02) Եվրոպական դատարանի 27.10.2009 թվականի վճիռը, կետ 104):
Բացի այդ, ըստ Եվրոպական դատարանի` «օրենքի հիման վրա ստեղծված» պայմանն ինքնին արտացոլում է օրինականության սկզբունքը, որը բնորոշ է Կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Հետևաբար այն պարագայում, երբ ներպետական օրենսդրության կիրառելի դրույթների համաձայն դատարանն իրավասու չէ քննել տվյալ գործը, այն չի համարվում «օրենքի հիման վրա ստեղծված» դատարան Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով (տե՛ս, Jorgic v. Germany (74613/01) գործով Եվրոպական դատարանի 12.07.2007 թվականի վճիռը, կետ 64, Richert v. Poland (54809/07) գործով Եվրոպական դատարանի 25.10.2011 թվականի վճիռը, կետ 41): Ընդ որում, «օրենքի հիման վրա ստեղծված» պայմանը ոչ միայն կազմում է «դատարանի»` առհասարակ գոյության իրավական հիմքը, այլև այն ներառում է յուրաքանչյուր գործով դատարանի կազմը (տե՛ս, Posokhov v. Russia (63486/00) գործով Եվրոպական դատարանի 04.03.2003 թվականի վճիռը, կետ 39, Yegorychev v. Russia (8026/04) գործով Եվրոպական դատարանի 17.05.2016 թվականի վճիռը, կետ 64):
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննվում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները` միանձնյա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն` դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում` այնպիսի դատավորի կողմից, ով պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է այլ դատարանում տվյալ գործի քննությանը մասնակցած լինելու հիմքով դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու առանձնահատկություններին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես դատարանի անաչառությունն ապահովող կառուցակարգ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է ինքնաբացարկի և բացարկի ինստիտուտը, որի հիմքերն ամրագրված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում: Մասնավորապես` Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ինքնաբացարկ հայտնելու հիմքերից` տվյալ գործի քննությանն այլ դատարանում դատավորի մասնակցության հիմքին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում դատավորի կողմից ստորադաս դատական ատյանում նույն գործով ունեցած մասնակցությունը` որպես ինքնաբացարկի հիմք, ենթակա է գնահատման` հաշվի առնելով ստորադաս դատարանում դատավորի կողմից կատարված գործողությունների շրջանակը և բնույթը, կոնկրետ գործի հանգամանքներն ու առանձնահատկությունները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ ատյանում օրենքով սահմանված կարգով տվյալ գործով քննությունը պետք է իրականացվի և տվյալ հարցով որոշումը պետք է կայացվի կոլեգիալ` երեք դատավորի կազմով, ապա կոլեգիալ կազմում ընդգրկված դատավորներից առնվազն մեկի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտությունը բավարար է արձանագրելու համար, որ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է.
1. յուրաքանչյուր դեպքում դատավորը չպետք է մասնակցի իր իսկ կողմից կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությանը, նույնիսկ այն պարագայում, երբ այդ բողոքը քննվում է կոլեգիալ կարգով, քանի որ իր իսկ որոշումների դեմ բերված բողոքները քննելով` դատավորն իր անաչառության վերաբերյալ առաջացնում է օբյեկտիվ կասկած թե՛ գործի մասնակցի, և թե՛ օբյեկտիվ դիտորդի մոտ:
2. այն դեպքում, երբ բողոքարկված չէ նույն դատավորի կողմից նախկինում կայացված դատական ակտը, սակայն բողոքում բարձրացվում է տվյալ գործին այլ դատարանում մասնակցելու հիմքով այդ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ հարց, հարկավոր է գնահատել դատավորի մասնակցությունը, ստորադաս դատական ատյանում նրա կողմից կատարված դատավարական գործողությունները (տե՛ս, Գրիգորի Սաֆարյանն ընդդեմ Սարգիս Ավետիսյանի թիվ ԵԱԴԴ/2408/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2019 թվականի որոշումը, «Հարութ Մեգերյան» ՍՊԸ-ն ընդդեմ «Մարսարմետ» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ/1405/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2019 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Հարթենյանի 24.09.2013 թվականի որոշմամբ` թիվ ԵԱԴԴ/1106/02/13 քաղաքացիական գործով հայցադիմումն ընդունվել է վարույթ: Հետագայում` դատավոր Մ. Հարթենյանի կողմից թիվ ԵԱԴԴ/1106/02/13 քաղաքացիական գործով կայացվել են հետևյալ որոշումները`
24.09.2013 թվականին կայացված «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ` Բանկի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 47, 58),
21.01.2014 թվականի «Պատասխանող ներգրավելու մասին» որոշմամբ` Բանկի միջնորդությունը` պատասխանող ներգրավելու մասին, բավարարվել է` Մարինե Ասատրյանը ներգրավվել է որպես պատասխանող (հատոր 1-ին, գ.թ. 106-107, 112),
21.03.2014 թվականի «Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ` Տիգրան Խանոյանի և Մարինե Ասատրյանի հակընդդեմ հայցն ընդունվել է վարույթ, 21.07.2014 թվականի որոշմամբ` Բանկի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 133):
Դատավոր Մ. Հարթենյանը ՀՀ Նախագահի 21.10.2014 թվականի թիվ ՆՀ-558-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր (հատոր 3-րդ, գ.թ. 2):
Վերաքննիչ դատարանը, 29.10.2019 թվականի որոշմամբ դատավոր Կ. Չիլինգարյանի նախագահությամբ, դատավորներ Մ. Հարթենյանի և Ա. Սմբատյանի մասնակցությամբ, Դատարանի 07.06.2019. թվականի վճռի դեմ Տիգրան Խանոյանի, Մարինե Ասատրյանի և Ընկերության անունից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է (հատոր 6-րդ, գ.թ. 79-80):
Վճռաբեկ դատարանը կրկին ընդգծում է, որ սույն գործի քննությանը այլ դատարանում մասնակցելու հիմքով դատավորի ինքնաբացարկի հարցը լուծելիս հարկավոր է գնահատել դատավորի մասնակցությունը, ստորադաս դատական ատյանում նրա կողմից կատարված դատավարական գործողությունները: Տվյալ դեպքում առաջին ատյանի դատարանում դատավոր Մ. Հարթենյանը հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո քննարկել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ և կայացրել համապատասխան որոշումներ, ինչպես նաև տվյալ գործի քննությանը ներգրավել է պատասխանող և հակընդդեմ հայցն ընդունել է վարույթ:
Հայցի ապահովման միջոց կիրառելը, նոր պատասխանող ներգրավելը, հակընդդեմ հայցը վարույթ ընդունելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխի իմաստով հանդիսանում են գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված դատավարական գործողություններ:
Գործը դատաքննության նախապատրաստելու փուլը, հանդիսանալով դատավարության արդյունավետության բարձրացմանն ուղղված կառուցակարգ, նպատակ է հետապնդում ապահովելու գործի ժամանակին և ճիշտ քննությունն ու լուծումը: Տվյալ փուլում դատարանին վերապահված լիազորությունների բնույթը և շրջանակը ենթադրում է դատարանի կողմից գործի փաստերը հանգամանորեն ուսումնասիրելու և վիճելի իրավահարաբերության էությունը բացահայտելու անհրաժեշտություն: Մասնավորապես, հայցի ապահովման միջոց կիրառելու, նոր պատասխանող ներգրավելու կամ հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու հարցը լուծելու համար դատարանը պետք է պարզի հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, վիճելի իրավահարաբերության բնույթը: Նշվածից հետևում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կատարման ենթակա գործողությունների իրականացման արդյունքում գործը քննող դատավորի համար բացահայտվում են գործի այն հանգամանքները, որոնք անհրաժեշտ են վեճին ըստ էության լուծում տալու համար:
Սույն գործով առաջին ատյանի դատարանում դատավոր Մ. Հարթենյանի կողմից կատարվել են գործողություններ, որոնք ուղղված են եղել գործի ըստ էության քննության համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելուն, և դատավորի մոտ ողջամտորեն կարող էր ձևավորվել նախնական կարծիք` գործի ըստ էության լուծման վերաբերյալ:
Վերոգրյալից հետևում է, որ դատավոր Մ. Հարթենյանի` ստորադաս դատական ատյանում գործի քննությանն ունեցած մասնակցության բնույթն օբյեկտիվորեն կարող էր կասկածներ հարուցել վերադաս ատյանում բողոք բերած անձանց վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցը լուծելիս նույն դատավորի անաչառության վերաբերյալ, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է եղել դատավոր Մ. Հարթենյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծմանը մասնակցել է այնպիսի դատավոր, որը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի ուժով պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված` դատական ակտի պարտադիր բեկանման հիմք, այն է` այնպիսի հանգամանք, որի առկայությունը, անկախ գործի ելքի վրա դրա ազդեցությունից, բավարար է բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը (դատավարական հարցը) նոր քննության ուղարկելու համար:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը, հիմնավոր համարելով վճռաբեկ բողոքի փաստարկները` դատական ակտի պարտադիր բեկանման հիմքի առկայության վերաբերյալ, գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը խախտել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, դրանով իսկ թույլ տալով բողոք բերած անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի հիմնարար խախտում: Արդյունքում` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ վերոնշյալ դեպքում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բերված մյուս հիմքի և հիմնավորման գնահատմանը` միաժամանակ նկատի ունենալով, որ օրենքի հիման վրա ստեղծված լինելու պայմանի խախտումն ինքնին հանգեցրել է նման դատարանի կողմից կայացված դատական ակտի ոչ օրինական լինելուն:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով Վերաքննիչ դատարանի 29.10.2019 թվականի որոշումը վերացնելու և գործը` Տիգրան Խանոյանի, Մարինե Ասատրյանի և Ընկերության պետական տուրքի վճարումը հետաձգելու արտոնությունը կիրառելու վերաբերյալ միջնորդության և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննելու և լուծելու համար նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 29.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 14 մայիսի 2021 թվական:
__________________________________
Սույն որոշման մեջ կա համարակալման սխալ` 2-րդ կետին հաջորդում է 4-րդը: