Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ, 372-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Սնանկության գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԴ/0812/04/18

    Սնանկության գործ թիվ ԵԴ/0812/04/18       2021 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի ընդդեմ Սաթիկ Հարությունյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Սաթիկ Հարությունյանի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Սաթիկ Հարությունյանին ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) 03.12.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 14.06.2019 թվականի որոշմամբ պարտապան Սաթիկ Հարությունյանի պարտավորությունների համար գրավադրված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանի միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան) 16.10.2019 թվականի որոշմամբ Սաթիկ Հարությունյանի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.12.2019 թվականի որոշմամբ Սաթիկ Հարությունյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սաթիկ Հարությունյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ վերաքննիչ բողոքում հստակ պատճառաբանվել է, որ Դատարանի 14.06.2019 թվականի որոշման դեմ բողոք ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հանդիսացել է այդ որոշումը չստանալը և այդ որոշման մասին Սաթիկ Հարությունյանի անտեղյակ լինելը, վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունել սխալ, անհիմն և անօրինական պատճառաբանությամբ այն մասին, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը չի հիշատակում Դատարանի 14.06.2019 թվականի որոշման դեմ բողոք ներկայացնելու ժամկետի բացթողնման որևէ պատճառ:

Վերաքննիչ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա` սահմանափակելով Սաթիկ Հարությունյանի դատական պաշտպանության իրավունքը, որի արդյունքում խաթարվել է այդ իրավունքի բուն էությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող իրավակարգավորման համաձայն` դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն` այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը: Նշված կանոնը վերաբերում է նաև սնանկության վարույթի շրջանակներում կայացվող դատական ակտերի տեսակները և դրանց բողոքարկման հնարավորությունը որոշելուն (տե՛ս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` միջնորդություններ անելու (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին (...):

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է նաև, որ քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձն ունի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով, այդ թվում նաև` ժամկետներում: Ընդ որում, դատական ակտը բողոքարկելու դատավարական ժամկետը բաց թողնելու դեպքում գործին մասնակցող անձն իրավունք ունի հարուցելու միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ:

Միաժամանակ օրենսդիրը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին իրավունք է վերապահել մերժելու վերաքննիչ բողոքի ընդունումը, եթե վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է: Ընդ որում, միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին, փաստել է, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Դատավարության մասնակցի` միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը: Հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Վերը նշված դիրքորոշման համատեքստում անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման կայացմանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այդ միջնորդությունը քննարկելիս և լուծելիս ևս պետք է հաշվի առնել, որ այն հարուցած անձն ակնկալել է իր կողմից հարուցված միջնորդության միջոցով բարձրացված հարցի որոշակի լուծում, որի դեպքում դատարանը պարտավոր է իր եզրահանգումները հիմնավորել` բացառապես ելնելով գործի փաստերից: Այլ կերպ ասած` դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է վերաբերի գործի փաստական հանգամանքներին և հարուցված միջնորդության բովանդակությանը, հակառակ պարագայում կհամարվի, որ բացակայում է տվյալ գործի փաստական կազմից բխող համապատասխան եզրահանգումը, իսկ դրա հետևանքով` նաև դատարանի որոշումը հարուցված միջնորդության վերաբերյալ, ինչն իր հերթին կհանգեցնի անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի խախտմանը (տե՛ս, Գառնիկ Մուրադյանն ընդդեմ Հայկ Թադևոսյանի թիվ ԼԴ4/0236/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.02.2020 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ փաստել է, որ քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլն ուղղված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի իրացման ապահովմանը, որն ի թիվս այլնի իր մեջ ներառում է իրավական որոշակիության սկզբունքի պահպանում, որը inter alia պահանջում է, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61):

Դրա արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ գտել է, որ գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված համապատասխան միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին դատարանի եզրահանգումն առաջին հերթին պետք է բխի տվյալ գործի փաստերից, որը պայմանավորված է յուրաքանչյուր անձի` իր գործով որոշակի և հաստատուն դատական ակտ ստանալու ակնկալիքով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 14.06.2019 թվականին որոշում է կայացրել պարտապան Սաթիկ Հարությունյանի պարտավորությունների համար գրավադրված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանի միջնորդությունը բավարարելու մասին:

Նշված որոշման դեմ Սաթիկ Հարությունյանի անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել Վարդան Զուռնաչյանը` միաժամանակ միջնորդելով հարգելի համարել և վերականգնել Դատարանի 14.06.2019 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը` պատճառաբանելով, որ «Դատարանի 14.06.2019 թվականի որոշումը սահմանված կարգով Սաթիկ Հարությունյանին չի ուղարկվել, որի պատճառով նա իր կամքից անկախ հանգամանքներում բաց է թողել նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը, իսկ բողոքը ներկայացնում է որոշումը 23.09.2019 թվականին ստանալուց հետո»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն հիմքով, որ գործում առկա չէ, իսկ վերաքննիչ բողոքին էլ չի կցվել այն ստորագրած անձի` Վարդան Զուռնաչյանի համապատասխան լիազորությունը հաստատող որևէ ապացույց: Միաժամանակ վերաքննիչ դատարանը նշել է, որ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը չի անդրադառնում` այն համապատասխան լիազորություն չունեցող անձի կողմից ստորագրված չլինելու պատճառաբանությամբ:

Շտկելով բողոքում առկա թերությունը` Սաթիկ Հարությունյանի ներկայացուցիչը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` միաժամանակ կրկին միջնորդելով հարգելի համարել և վերականգնել Դատարանի 14.06.2019 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը` պատճառաբանելով, որ «Դատարանի 14.06.2019 թվականի որոշումը սահմանված կարգով Սաթիկ Հարությունյանին չի ուղարկվել, որի պատճառով նա իր կամքից անկախ հանգամանքներում բաց է թողել նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը, իսկ բողոքը ներկայացնում է որոշումը 23.09.2019 թվականին ստանալուց հետո»:

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը, 19.12.2019 թվականին որոշում է կայացրել Սաթիկ Հարությունյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին` պատճառաբանելով, որ «Ի խախտումն, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի` վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված 15-օրյա ժամկետը լրանալուց հետո, իսկ վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա չէ բավարարման, քանի որ այն չի հիշատակում Դատարանի 14.06.2019թ. որոշման դեմ բողոք ներկայացնելու ժամկետի բացթողման որևէ պատճառ, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը դատարանին արտոնում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնել գործին մասնակցող անձի կողմից այդ ժամկետը հարգելի պատճառով բաց թողնված լինելու դեպքում միայն»:

Հաշվի առնելով վերը նշված իրավական դիրքորոշումները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 19.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման մեջ նշված` հարուցված միջնորդությունը մերժելու վերաբերյալ եզրահանգումները չեն բխում սույն գործի փաստերից:

Մասնավորապես` դրանք էականորեն տարբերվում են միջնորդության մեջ նշված փաստական հանգամանքներից այն առումով, որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Սաթիկ Հարությունյանի ներկայացուցիչը, միջնորդելով վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը, դրա վերաբերյալ ներկայացրել է պատճառաբանություն` նշելով, որ «Դատարանի 14.06.2019 թվականի որոշումը սահմանված կարգով Սաթիկ Հարությունյանին չի ուղարկվել, որի պատճառով նա իր կամքից անկախ հանգամանքներում բաց է թողել նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը, իսկ բողոքը ներկայացնում է որոշումը 23.09.2019 թվականին ստանալուց հետո», որի պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող գալ այն եզրահանգման, որ միջնորդությունը չի հիշատակում բողոք ներկայացնելու ժամկետի բացթողնման որևէ պատճառ:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի գործողությունները` կապված հարուցված միջնորդությունը քննարկելու հետ, չեն բխում վերը նշված դիրքորոշումներից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում` դրա արդյունքում սահմանափակելով Սաթիկ Հարությունյանի` ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 14 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.05.2021
N ԵԴ/0812/04/18
Որոշում