Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

Ք. Երևան

    16 օգոստոսի 2021 թ.                         ԲԴԽ-48-Ո-Կ-17

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

 

Բարձրագույն դատական խորհրդի

    նախագահի պաշտոնակատար`                      Գ. Ջհանգիրյանի,

 

մասնակցությամբ`

    անդամներ`                                   Գ. Բեքմեզյանի,

                                                Դ. Խաչատուրյանի,

                                                Ս. Միքայելյան,

                                                Ա. Մխիթարյանի,

                                                Ս. Չիչոյանի,

                                                Վ. Քոչարյանի,

 

Արդարադատության նախարարի

    պաշտոնակատարի ներկայացուցիչ`                Ս. Գրիգորյանի,

 

Արդարադատության նախարարի

    պաշտոնակատարի ներկայացուցիչ`                Դ. Գասպարյանի,

 

Արդարադատության նախարարի

    պաշտոնակատարի ներկայացուցիչ`                Ն. Զեյնալյանի,

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի

    դատավոր`                                    Դ. Գրիգորյանի,

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի

    դատավորի ներկայացուցիչ`                     Ս. Սահակյանի,

 

    քարտուղարությամբ`                           Ա. Շիլաջյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Քրիստիննե Գրիգորյանի` «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի հունիսի 17-ի թիվ 47-Ա որոշումը և կից փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 2021 թվականի մարտի 30-ին «Armdaily» լրատվական կայքում հրապարակված «Մեղադրանք այլևս գոյություն չունի, այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է. Դավիթ Գրիգորյան» վերտառությամբ հոդվածի ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Դատարան) դատավոր Դավիթ Գրիգորյանի (այսուհետ` նաև Դատավոր) կողմից առերևույթ կարգապահական խախտումներ կատարելու դեպքի բացահայտման վերաբերյալ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գրիգորյանի կողմից 2021 թվականի ապրիլի 8-ին ներկայացված զեկուցագիրը:

Արդարադատության նախարարի 2021 թվականի ապրիլի 16-ի թիվ 30-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի 2021 թվականի հունիսի 17-ի թիվ 47-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Վարույթ հարուցող մարմինը նշել է, որ 2021 թվականի մարտի 30-ին «Armdaily» լրատվական կայքում հրապարակված «Մեղադրանք այլևս գոյություն չունի, այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է. Դավիթ Գրիգորյան» վերտառությամբ հոդվածում Դատավորի կողմից կատարվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող և դեռևս քննության փուլում գտնվող գործի հետագա ընթացքի և դրա հնարավոր լուծման վերաբերյալ հայտարարություններ:

Որպես Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության իրավական հիմք վարույթ հարուցող մարմինը վկայակոչել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 7-րդ կետերը և նշել, որ Դատավորի վարքագծի հանդեպ մեջբերված իմպերատիվ պահանջները սահմանում և նախանշում են դատավորների վարքագծի ընդհանուր կանոնները, այսինքն դատավորի պաշտոն զբաղեցնող անձանց վարքագիծը կանոնակարգող, այդ թվում նաև սահմանափակող և որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն ուղղված պահանջներ, որոնք վերջիններս պարտավոր են պահպանել անկախ հանգամանքից` կոնկրետ իրավիճակում հանդես են գալիս որպես արդարադատություն իրականացնող սուբյեկտ կամ որպես դատարան այլ լիազորություններ են իրականացնում, թե ոչ: ՈՒստի ցանկացած իրավիճակում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությանը վարկաբեկող վարքագծի դրսևորումից, այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելուց, ինչպես նաև որևէ դատարանում քննվող և ընթացիկ գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք արտահայտելուց:

Նշվածը ոչ մի կերպ չի նշանակում, որ անձը, լինելով դատավորի կարգավիճակում, ամբողջովին սահմանափակում է իր ազատ խոսքի իրավունքը, քանի որ այդ իրավունքը կիրառելի և վերաբերելի է նաև դատավորներին:

Այդուհանդերձ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ թեև դատավորները, ինչպես ցանկացած այլ անձ, օժտված են ազատ խոսքի իրավունքով, սակայն այդ իրավունքի սահմանափակումներն ավելի խիստ և ավելի լայն շրջանակի են վերաբերում վերջիններիս դեպքում` պայմանավորված իրենց կարգավիճակով, գործառույթներով և դերով:

Դատավորների վարքագծի կանոնների նման արտահայտումը բխում է հանրաճանաչ և միջազգայնորեն ընդունված հեղինակավոր փաստաթղթերից:

Մասնավորապես դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների համաձայն` ցանկացած դեպքում, երբ կոնկրետ գործը գտնվում է կամ կարող է գտնվել դատարանի վարույթում, դատավորները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի մեկնաբանություններից, որոնք որևէ կերպ կարող են ազդել կոնկրետ վարույթի ընթացքի կամ դրա արդյունքների վրա, ինչպես նաև որևէ կերպ կասկածի տակ դնել վարույթի արդարացիությունը:

Միևնույն ժամանակ դատավորները պարտավոր են ձեռնպահ մնալ մեկնաբանություններից, որոնք կարող են ազդեցություն ունենալ որևէ դեպքի կամ անձի վերաբերյալ վարույթի ընթացքի վրա: Նշված պահանջն ուղղակիորեն ներառում է նաև դատավորների կողմից զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ շփումները, ներառյալ հարցազրույցներ տալը և ցանկացած հարթությամբ հրապարակային խոսքով հանդես գալը:

Վարույթ հարուցող մարմինը նշել է նաև, որ Դատավորների անկախության, արդյունավետության և նրանց պատասխանատվության վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի նախարարների խորհրդի հանձնարարականի համաձայն` դատական իշխանության անկախությունն իր մեջ ուղղակիորեն բովանդակում է նաև յուրաքանչյուր դատավորի անկախությունն իր գործառույթներն իրականացնելիս: Այս համատեքստում յուրաքանչյուր դատավոր պետք է զերծ լինի իր գործունեության նկատմամբ ցանկացած միջամտությունից ոչ միայն արտաքին ձևով, այսինքն դատական իշխանությունից դուրս, այլ նաև ներքին միջամտությունից` դատական իշխանության այլ պաշտոնատար անձանց կողմից:

Հետևաբար, դատավորի կողմից ցանկացած դեպքում այլ դատավորի կողմից քննվող և դեռևս քննության փուլում գտնվող գործի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով, այդ թվում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ դիրքորոշում արտահայտելը, այդ թվում հնարավոր ելքի վերաբերյալ կարծիք արտահայտելը կամ այլ դատարանի որոշման ազդեցությունը կոնկրետ գործի վրա գնահատելը ոչ մի դեպքում չի կարող պաշտպանվել դատավորի կողմից խոսքի ազատության իրավունքի սահմաններով:

Ընդ որում, Դատավորի դեպքում արտահայտած դիրքորոշումն առավել մեծ հավանականությամբ կարող է ազդել մեկ այլ դատավորի վարույթում գտնվող գործի ընթացքի և արդյունքների վրա, ուստի և առավել իրական միջամտության դրսևորում լինել, նկատի ունենալով նաև այն փաստը, որ Դատավորը նախկինում քննել է վարույթ հարուցող մարմնի կողմից նշված քրեական գործը:

Հետևաբար Դատավորի կողմից նման անթույլատրելի վարքագծի դրսևորումը և այլ դատավորի գործունեությանը միջամտելը` նրա վարույթում գտնվող գործի ընթացքի և դրա հավանական լուծման վերաբերյալ հայտարարություններ անելով անմիջականորեն վարկաբեկում է ողջ դատական համակարգը, այդպիսով նաև հանդիսանում ինչպես ընդհանրապես դատական իշխանության անկախության, այնպես էլ կոնկրետ դատավորի անկախության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ:

Նման խախտումն ուղղակիորեն դրսևորվել է Դատավորի կողմից արված հայտարարությունների ժամանակ, մասնավորապես, երբ ի պատասխան մեղադրանքի վերաորակման հնարավորության վերաբերյալ հարցին Դատավորը պատասխանել է. «(...) բայց այս դեպքում, երբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական` դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի` վերաորակման մասին խոսելն ավելորդ է: Պատկերացրեք, որ հիմա ինչ-որ մեկին մեղադրեն չգործող հոդվածներից մեկով հետո փորձեն այդ մեղադրանքը վերաորակել: «:

Ըստ վարույթ հարուցող մարմնի` Դատավորի կողմից վարքագծի կանոնների նկարագրված խախտումները կատարվել են առնվազն կոպիտ անփութությամբ, քանի որ վերջինս հստակ տեղյակ է եղել, որ կոնկրետ գործը քննվում է այլ դատավորի վարույթում: Նման հանգամանքը հավաստվում է նաև նրա կողմից ի պատասխան լրագրողի հարցի արված «(...) այդ հարցին ես չեմ պատասխանի, որովհետև կստացվի, որ ես անուղղակիորեն միջամտելու եմ այսօր մեկ այլ դատավորի վարույթում գտնվող քրեական գործին» հայտարարությամբ, ինչից պարզ է դառնում, որ Դատավորի կողմից գնահատվել են իր հայտարարությունների նման բովանդակությունը, սակայն նշվածը չի բացառում այն հանգամանքը, որ մինչ այդ արված հայտարարություններն արդեն իսկ իրենց մեջ չեն ներառում վարքագծի կանոնների վերագրվող խախտումները:

Վերոգրյալի հիման վրա, Դատավորի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի վարույթում գտնվող և դեռևս քննության փուլում գտնվող գործի հետագա ընթացքի և դրա հնարավոր լուծման վերաբերյալ հայտարարություններ կատարելը տեղի է ունեցել դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների խախտմամբ, քանի որ Դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող և դրա անկախության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ինչպես նաև հրապարակային կարծիք է հայտնել մեկ այլ դատավորի վարույթում գտնվող դատական գործի ընթացքի և դրա լուծման վերաբերյալ, ինչի արդյունքում միջամտել է նաև այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը:

Վարույթ հարուցող մարմնի գնահատմամբ Դատավորը թույլ է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների խախտումներ` հաշվի առնելով Դատավորի կողմից արված հայտարարությունների բովանդակությունը: Միաժամանակ վարույթ հարուցող մարմնի համար ակնհայտ է, որ Դատավորի կողմից նկարագրված կարգապահական խախտումները` վարքագծի նորմերի խախտումները, կատարվել են դիտավորությամբ և իր արարքների ոչ իրավաչափ բնույթը գիտակցելով կամ առնվազն կոպիտ անփութությամբ:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած պատասխանով հայտնել է, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առհասարակ առկա չեն և վարույթ հարուցող մարմնին կողմից կայացված թիվ 47-Ա որոշման մեջ բացակայում են դրանց առկայության վերաբերյալ իրավական և փաստական հիմնավորումները:

Դատավորի պնդմամբ բացակայում է վերագրվող արարքների օբյեկտիվ կողմի նկարագրությունը, որպիսի պայմաններում վարույթ հարուցող սուբյեկտը չի կարողացել իր որոշման մեջ նկարագրել դատավորի կողմից կատարված ենթադրյալ կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարք:

Հարկ է նկատի ունենալ, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ինքնավար է և նույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 2-6-րդ կետերով նախատեսված վարքագծի ընդհանուր կանոնների խախտումներն ինքնին չեն կարող հանգեցնել 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կանոնի խախտման: Վարույթ հարուցող մարմինը Դատավորին վերագրելով մեկ այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելու կանոնի խախտումը` չի նկարագրել, թե ինչպես է այն դրսևորվել, այն դեպքում, երբ այս կանոնը ենթադրում է որոշակիության բարձր աստիճան և փոխկապակցված է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի կանոնի հետ, այն է` դատավորի գործունեությանը միջամտելու վերաբերյալ անհապաղ հայտնել Բարձրագույն դատական խորհրդին: Այս տեսանկյունից արձանագրված չէ որևէ փաստ, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հարցազրույցը գնահատել է որպես իր կողմից իրականացվող արդարադատությանը միջամտություն և այդ կապակցությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ:

Դատավորը պնդում է, որ արտահայտված կարծիքի ասոցացումն որևէ գործի հետ դեռևս բավարար չէ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի խախտումը հաստատված համարելու համար: Այլապես կստացվի, որ եթե դատավորին հարց են տալիս կոնկրետ գործի վերաբերյալ և վերջինս պատասխանում է, որ չի կարող կարծիք հայտնել կամ ավելորդ է համարում կոնկրետ գործ քննարկել, դա ևս կարող է գնահատվել հրապարակային կարծիք դատարանում քննվող գործի վերաբերյալ: Ավելին, Դատավորը ոչ թե գործի վերաբերյալ կարծիք է արտահայտել, այլ գործին առնչվող հանրաճանաչ փաստի է անդրադարձել: Ըստ էության, «երբ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի» արտահայտությունը ոչ թե կարծիք է, այլ փաստի արձանագրում: Հանրահայտ իրավական սկզբունքների պարզ և ողջամիտ վերարտադրությունը հրապարակայնորեն չի կարող որակվել քննվող գործի վերաբերյալ հրապարակային կարծիք, քանի որ դրանք գիտականորեն հաստատված չժխտված դատողություններ են, որոնք տեսակետի սուբյեկտիվության տեղիք չեն տալիս:

Բացի այդ, Դատավորը գտնում է, որ վարույթ հարուցող մարմինը չի կարողացել հիմնավորել Դատավորի կողմից կատարված ենթադրյալ կարգապահական խախտումների կատարման մեղքի ձևը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

1) 2021 թվականի մարտի 30-ին ժամը 11:59-ին «Armdaily» լրատվական կայքում https://armdaily.am/?p=131876&l=am հղմամբ հրապարակվել է հոդված «Մեղադրանք այլևս գոյություն չունի, այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է. Դավիթ Գրիգորյան» վերտառությամբ:

Հոդվածում մասնավորապես տեղ են գտել դատավորի կողմից արված հետևյալ հայտարարությունները. «Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել որոշակիության հետ կապված:»: «Եթե հիշում եք` ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը համապատասխան իրենց եզրակացություններում նշել էին, որ 300.1 հոդվածը որոշակիության հետ կապված խնդիր ունի: Անգամ նշել էին, որ դա երևի թե պայմանավորված է թարգմանության հետ: Կարծում եմ, այդ պայմաններում սպասելի էր բոլորի համար, ովքեր օբյեկտիվ դատական ակտի էին սպասում, իսկ որ ՍԴ-ն օբյեկտիվ դատական ակտ է կայացնելու որևէ կասկած չկա:»:

«Բայց այս դեպքում, երբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական` դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի` վերաորակման մասին խոսելն ավելորդ է: Պատկերացրեք, որ հիմա ինչ-որ մեկին մեղադրեն չգործող հոդվածներից մեկով հետո փորձեն այդ մեղադրանքը վերաորակել: Եթե չգործող հոդվածով մեղադրանք են առաջադրում, դա չեղա՞վ, որ այդ մեղադրանքի համար հոդված գոյություն չունի: Դրանք փոխկապակցված են միմյանց հետ: Անձին պետք է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով մեղադրանք առաջադրվի: Եթե այդ հոդվածը գոյություն չունի, ուրեմն մեղադրանք էլ չի կարող գոյություն ունենալ:

Այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է, որովհետև մեղադրանք այլևս գոյություն չունի, որովհետև մեղադրանքի հիմքում ընկած քրեական օրենսգրքի հոդվածը գոյություն չունի»:

Միաժամանակ լրագրող հարցին, թե ինչ է կարծում, ի՞նչ պետք է անի դատավոր Դանիբեկյանը` արդյո՞ք պետք է կարճի գործը: Դատավորը պատասխանել է. «Այդ հարցին ես չեմ պատասխանի, որովհետև կստացվի, որ ես անուղղակիորեն միջամտելու եմ այսօր մեկ այլ դատավորի վարույթում գտնվող քրեական գործին»:

2) ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ ԲԴԽ-48-Ո-Կ-17 «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կապակցությամբ հրավիրված 15.07.2021 թվականի նիստը հետաձգելու և լրացուցիչ ապացույց պահանջելու մասին» որոշմամբ Armdaily.am լրատվական կայքից պահանջվել է տրամադրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի 30.03.2021 թվականի «Մեղադրանք այլևս գոյություն չունի, այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է. Դավիթ Գրիգորյան» վերտառությամբ հարցազրույցի ձայնագրությունը:

Վերը նշվածի կապակցությամբ 04.08.2021 թվականին «Արմդեյլի լրատվական գործակալություն» ՍՊԸ-ի տնօրեն Սուրիկ Հովնանյանը պատասխան է ներկայացրել, հայտնելով, որ լրատվամիջոցները չունեն օրենքով սահմանված պարտավորություն որոշակի ժամկետով պահպանելու հարցազրույցների տեսա և աուդիո ձայնագրությունները: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ այդ ձայնագրությունները ներբեռնվում են կայք կամ համացանցային հայտնի աղբյուրներ, ահավասիկ YOUTUBE ռեսուրսում: Այդ իսկ պատճառով կոնկրետ լրատվամիջոցն ինքն է որոշում իր քաղաքականությունը` կապված աշխատանքային նյութի ձևակերպման, մշակման և արխիվացման վերաբերյալ: Իրենց աշխատանքային պրակտիկայում աուդիոձայնագրությունները պահպանվում են առավելագույնը 3 ամիս, ինչը բոլոր չափորոշիչներով ողջամիտ ժամկետ է: Դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ համապատասխան հարցազրույցն արվել է ս/թ մարտի 30-ին հետևաբար նյութական կրիչի վրա այն չի պահպանվել: Դատավոր Դավիթ Գրիգորյանն այս ողջ ընթացքում որևէ առարկություն, դիտողություն կամ պարզաբանման պահանջ չի ներկայացրել լրատվամիջոցին հարցազրույցի վերաբերյալ: Նշված կարգապահական վարույթի հարուցումից հետո ևս լրատվամիջոցը որևէ անհամաձայնություն կամ հերքման պահանջ չի ստացել Դատավորից: Միաժամանակ լրատվամիջոցը պնդել և վստահեցրել է, որ Դատավոր Դավիթ Գրիգորյանի խոսքը հարցազրույցում բերված է բառացի, որևէ փոփոխության կամ խմբագրման չի ենթարկվել, նրա որևէ միտք չի խեղաթյուրվել, կոնտեքստից չի կտրվել, իմաստային փոփոխության չի ենթարկվել:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից ներկայացված հաղորդումը, Դատավորի և նրա ներկայացուցչի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում պատասխանել հետևյալ հարցերին.

1. Արդյո՞ք 2021 թվականի մարտի 30-ին ժամը 11:59-ին «Armdaily» լրատվական կայքում հրապարակված հոդվածում արտացոլված` Դատավորի կողմից հրապարակայնորեն արված հայտարարություններով, թույլ է տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 7-րդ կետերի իմաստով Դատավորի վարքագծի կանոնի խախտում:

2. Արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տված վարքագծի կանոնի ենթադրյալ խախտումը կատարվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իմաստով դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Բարձրագույն դատական խորհուրդն ընդգծում է, որ դատավորը, Սահմանադրությամբ օժտված լինելով արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ ներկայացնում է պետության արդարադատությունը, և նրա վարքագծի գործոնն առանցքային է արդարադատության նկատմամբ հասարակության վերաբերմունքի ձևավորման հարցում: Նշվածի գիտակցմամբ դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի ամենաբարձր չափանիշները արդարադատության նկատմամբ հասարակության վստահության և հավատի ամրապնդման և դատական իշխանության հեղինակության բարձրացման ապահովման համար:

Միաժամանակ դատավորը պետք է ոչ միայն լինի, այլ նաև ընկալվի որպես չեզոք անձ: Այդ կապակցությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է, որ դատավորներ կարող են լինել մասնագիտական, գործնական և բարոյական բարձր հատկանիշներով օժտված անձինք: Այդ պահանջը բխում է նաև դատավորի կարգավիճակի մասին միջազգային փաստաթղթերի, մասնավորապես Եվրոպական խարտիայի (1998թ.) դրույթներից, համաձայն որոնց` յուրաքանչյուր ոք դատական մարմիններից և ամեն մի դատավորից իրավաչափորեն ակնկալում է ձեռնհասություն, անկախություն և անկողմնակալություն:

Դատավորի, դատարանի և դատական իշխանության յուրահատուկ դերը և դրանից բխող կարգավիճակն ամրագրված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում: Դրանց մեջ կարևոր են հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված` «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելված` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A (XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի Եվրոպական խարտիան և Եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի` «Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ CM/Rec(2010) 12 հանձնարարականը, Եվրոպական Դատավորների Խորհրդատվական խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք եզրակացություններ ու զեկույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ և այլն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հովանու ներքո հրապարակված ««Դատական սեմինար» Վստահության ամրապնդումը դատական համակարգի նկատմամբ» հաշվետվողական փաստաթղթում ամրագրված են եվրոպական չափանիշներով ընդունելի մոտեցումները, մասնավորապես առ այն, որ դատավորի շրջահայաց լինելու պարտականությունը հետապնդում է որոշակի նպատակ, այն է` դատավորի խոսքն ի տարբերություն փաստաբանների, ընկալվում է, որպես օբյեկտիվ գնահատականի արտահայտում, որը պարտավորեցնող է ոչ միայն դատավորին` որպես առանձին սուբյեկտի, այլ նաև ամբողջ դատական համակարգին:

Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այդ իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Սույն կարգապահական վարույթի համատեքստում, առանձնահատուկ կարևորություն ունի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A(XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», որի 4.6-րդ կետի համաձայն` «դատավորը, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, ունի ազատ արտահայտվելու, դավանանքի, միավորման և հավաքների իրավունք, սակայն այդ իրավունքների իրականացման ճանապարհին դատավորը միշտ պետք է դրսևորի իրեն այնպես, որ բարձր պահի դատավորի պաշտոնի համբավը և զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են դատական իշխանության անաչառության և անկախության հետ»:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) իր 2015 թվականի հունիսի 23-ի ո՛806/2015 եզրակացության 80-րդ կետում արձանագրում է, որ «եվրոպական երկրների օրենսդրական և սահմանադրական դրույթները, ինչպես նաև համապատասխան նախադեպային իրավունքը ցույց են տալիս, որ խոսքի ազատության երաշխիքները տարածվում են նաև քաղաքացիական ծառայողների, այդ թվում` դատավորների վրա: Բայց, դատավորների լիազորությունների և պարտականությունների յուրահատկությունը և դատական իշխանության անկողմնակալությունն ու անկախությունն ապահովելու անհրաժեշտությունը համարվում են օրինաչափ նպատակներ` դատավորների խոսքի, միավորման և հավաքների ազատության իրավունքները որոշակիորեն սահմանափակելու համար»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կուդեշկինան ընդդեմ Ռուսաստանի գործով որպես ընդհանուր կանոն արձանագրել է. «Դատական իշխանության հեղինակության պաշտպանության տեսանկյունից անկյունաքարային նշանակություն ունի վստահությունը, որ դատարանները ժողովրդավարական հասարակությունում պետք է ձևավորեն քրեական վարույթով մեղադրյալի և ընդհանրապես լայն հանրության մոտ: Այդ պատճառով դատարանը պարտադիր է համարել, որ դատական իշխանությունում ծառայող պաշտոնյաները արտահայտման ազատության իրավունքը իրացնելիս զսպվածություն դրսևորեն այն հարցերի առնչությամբ, որոնք կարող են կասկածի տակ դնել դատական իշխանության հեղինակությունը և անաչառությունը»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունում է պետության որոշակի հայեցողության շրջանակը հանրային ծառայողների արտահայտման ազատության սահմանների որոշման հարցում: Բական ընդդեմ Հունգարիայի որոշմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերին պալատը դատավորների վերաբերյալ արձանագրում է. «դատական համակարգում ծառայող պետական պաշտոնյաներից կարելի է ակնկալել, որ նրանք պետք է զսպվածություն ցուցաբերեն իրենց խոսքի ազատությունն իրականացնելիս բոլոր այն դեպքերում, երբ դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը կարող են կասկածի տակ դրվել: Նույնիսկ ճշգրիտ տեղեկատվության տարածումը պետք է իրականացվի չափավոր և պատշաճ ձևով»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դատավորի արտահայտման ազատության սահմանափակումը համապատասխանում է «սոցիալական անհրաժեշտության» և «օրինաչափ նպատակին համաչափության» չափանիշներին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր դատավարական պրակտիկայում հարցը քննարկում է կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավարական պրակտիկայի ուսումնասիրությունից պարզ են դառնում այն գործոնները, որոնք առավել կարևորություն ունեն կոնվենցիայի խախտման առկայությունը կամ բացակայությունն արձանագրելիս. ա) դատավորի պաշտոնը, բ) խնդրո առարկա հայտարարության բովանդակությունը, գ) համատեքստը, որում հայտարարությունն արվել է, դ) դատավորի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների բնույթը և խստությունը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 7-րդ կետերի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է` զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, զերծ մնալ մեկ այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելուց, զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան լիազորությունների շրջանակում, արարքը յուրաքանչյուր դեպքում կարգապահական խախտում որակելու և հետևաբար համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու համար Բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնահատի արարքի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոններին ի պաշտոնե գործելիս` բացահայտելով իրավանորմում առկա ոչ որոշակի ձևակերպումների իրավական բովանդակությանը:

Վերը ներկայացված իրավական նորմերի և նախադեպային որոշումների արդյունքում, անդրադառնալով սույն միջնորդության հիմքերին և հիմնավորումներին, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ խոսքի ազատության իրավունքը դատավորի անքակտելի իրավունքներից մեկն է` երաշխավորված Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով: Այնուամենայնիվ, խոսքի ազատության իրավունքը բացարձակ չէ և որոշակի խումբ անձանց համար այդ իրավունքն ավելի լայն սահմանափակումների կարող է ենթարկվել: Դատավորները, հանդիսանալով պետական իշխանության թևերից մեկի ներկայացուցիչներ, ի պաշտոնե պարտավոր են պահպանել զսպվածություն` վտանգի տակ չդնելով իրենց անաչառությունը, դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը, ինչպես նաև պարտավոր են համատեղել իրենց վարքագիծը և կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ իրենց` որպես դատավորի, ազատ արտահայտման իրավունքի իրացման արդյունքում:

Հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում դատավորների առանձնահատուկ դերը` օրենսդիրը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանել է վարքագծի համապատասխան կանոններ: Այդ կանոնները բացահայտում են այն արարքները, որոնք պաշտպանված չեն խոսքի ազատության իրավունքի ներքո:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի զսպվածության, չափավորության և համարժեքության գնահատականը պետք է պայմանավորված լինի օրինաչափ նպատակներով, դատական իշխանությունը չհեղինակազրկող հետևանքներով և հակազդման ընտրված միջոցները պետք է տեղավորվեն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ազատորեն արտահայտվելու թույլատրելիության սահմաններում:

Դատական ակտերի վերաբերյալ գնահատականներում առավել նրբանկատ որակումներ արտահայտելու անհրաժեշտությունը թելադրված է նրանով, որ դատական ակտը վերաբերում է առնվազն դատավարության երկու հակադիր կողմերի շահերին: Դատական ակտի վերաբերյալ հնչեցված ոչ նրբանկատ որակումները դատավարության կողմերի համար դատական ակտի նկատմամբ անհարկի նվազ վստահության ձևավորման վրա ուղղակիորեն ազդեցություն ունեցող գործոն կարող են հանդիսանալ` նրանց մոտ ստեղծելով իրավունքի իրացման, պաշտպանության հարցում պատշաճ բավարարում չունենալու չարդարացված տպավորություն:

Սույն իրավական մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով միջնորդությանը կից ներկայացված «Armdaily» լրատվական կայքում տեղադրված 2021 թվականի մարտի 30-ի հարցազրույցի ընթացքում Դատավորի կողմից արված արտահայտություններին, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դրանք թեև ձևական առումով Դատավորի թվացյալ վարքագծի խախտում կարող են համարվել, սակայն նրա կողմից հնչեցված արտահայտությունները պետք է դիտարկել ամբողջության մեջ` հնչեցված հարցերի և դրանց պատասխանների համատեքստում: Մասնավորապես, սույն դեպքում քանի որ բացակայում են Դատավորին տրված հարցերը, անհասկանալի է, թե ինչ հարցադրմանն է Դատավորը տվել քննարկվող պատասխանները, ինչը Բարձրագույն դատական խորհրդի կարծիքով կարևոր է Դատավորի գործողություններին և մեղքի վերաբերյալ ամբողջական գնահատական տալու համար: Այնուամենայնիվ, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալների համաձայն, դատավորը հրաժարվել է պատասխանել այն հարցին, որը վերաբերել է մեկ այլ դատավորի վարույթում քննվող գործին:

Յուրաքանչյուր իրավական նորմ այս կամ այն կերպ կարող է կապ ունենալ մեկ այլ դատավորի վարույթում քննվող գործի հետ, ուստի չի կարելի ապրիորի զրկել դատավորներին իրավական նորմի մասին կարծիք հայտնելու իրավունքից: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կողմից իրավական նորմի մեկնաբանությունն ինքնին չի կարող որակվել կարգապահական խախտում, քանի դեռ դրանով դատավորն ուղղակիորեն չի անդրադարձել մեկ այլ դատավորի վարույթում գտնվող գործի իրավական վերլուծությանը, չի արտահայտել այդ գործով բացահայտման ենթակա փաստական հանգամանքների, ապացույցների կամ դատական քննության առարկա դարձած իրավահարաբերության լուծման համար կիրառելի իրավանորմի ու դրա մեկնաբանության վերաբերյալ իր դիրքորոշումը: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ հնարավոր է լինել դեպքեր, երբ կապված մեկ այլ դատավորի վարույթում գտնվող գործի առանձնահատկություններից, դրա նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունից, նորմի մեկնաբանությունը կարող է կարծիք ձևավորել որպես մեկ այլ դատավորի վարույթում գտնվող գործի լուծմանը միջամտություն, նրա դատավարական գործողությունների կաշկանդում: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում դատավորը պարտավոր է դրսևորել բավարար շրջահայացություն, զսպվածություն և ակնհայտ դեպքերում խուսափել իրավական ակտի կամ նորմի վերաբերյալ հանրային հարթակում իրավական վերլուծություններ ներկայացնելուց:

Սույն գործի փաստական հանգամանքներից երևում է, որ Դատավորը «Armdaily» լրատվական կայքին հարցազրույց տալիս խոսել է Սահմանադրական դատարանի որոշումից, որի հանգամանքներին ի պաշտոնե ծանոթ է եղել և վերջինս չէր կարող չգիտակցել, որ իր կողմից կատարվող իրավական վերլուծությունները և եզրահանգումները վերաբերելի են եղել մեկ այլ դատավորի վարույթում գտնվող գործին: Մասնավորապես Դատավորի արտահայտած այն իրավական դատողությունները, որ «բայց այս դեպքում, երբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական` դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի` վերաորակման մասին խոսելն ավելորդ է», «եթե այդ հոդվածը գոյություն չունի, ուրեմն մեղադրանք էլ չի կարող գոյություն ունենալ», «այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է, որովհետև մեղադրանք այլևս գոյություն չունի, որովհետև մեղադրանքի հիմքում ընկած քրեական օրենսգրքի հոդվածը գոյություն չունի» վերաբերելի են եղել նաև հանրային հնչեղություն ունեցող և մեկ այլ դատավորի վարույթում գտնվող գործին, որի գոյության մասին Դատավորը չէր կարող տեղյակ չլինել: Տվյալ դեպքում դատավորը կարող էր և պարտավոր էր գիտակցել, որ իր կողմից ներկայացված իրավանորմի վերլուծության բովանդակությունը և հարցազրույցի հրապարակման ժամանակահատվածը յուրաքանչյուր ողջամիտ անձի մոտ տպավորություն կստեղծվեր, որ դրանք կապված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի վարույթում գտնվող և հանրային հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ գործի: ՈՒստի տվյալ պարագայում դատավորը պարտավոր էր դրսևորել բավարար շրջահայացություն և ձեռնպահ մնար այդ հոդվածի վերաբերյալ իրավական վերլուծություններ արտահայտելուց:

Վերոհիշյալ փաստական և իրավական հանգամանքները հաշվի առնելով` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը չի ցուցաբերել բավարար շրջահայացություն:

Միևնույն ժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցող մարմնի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որը կհիմնավորեր, որ առերևույթ Դատավորը որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելու ցանկություն է ունեցել կամ ցանկություն է ունեցել միջամտել այլ դատավորի վարույթում գտնվող գործի քննությանը, ինչը հաստատվում է վերջինիս արած «... այդ հարցին ես չեմ պատասխանի, որովհետև կստացվի, որ ես անուղղակիորեն միջամտելու եմ այսօր մեկ այլ դատավորի վարույթում գտնվող քրեական գործին:» հայտարարությամբ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:

Նշված իրավանորմի վերլուծությունից ակնհայտ է դառնում.

1. կարգապահական պատասխանատվության ենթարկելու ապացուցման առարկան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքն է,

2. հիմքի ապացուցումն օրենսդիրը վերապահել է բացառապես վարույթ հարուցող մարմնին:

Այդ կապակցությամբ վճռորոշ նշանակություն ունի կարգապահական պատասխանատվության հիմքի բացահայտումը` վերլուծության առարկա դարձնելով դրա յուրաքանչյուր բաղադրիչ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` 1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ. 2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նշված իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը, որի ապացուցման պարտականությունը դրված է վարույթ հարուցող մարմնի վրա, ունի երկու բաղադրիչ.

1. նյութական, դատավարական կամ վարքագծային նորմի խախտումը,

2. խախտման կատարումը մեղավորությամբ:

Եթե Դատավորի կողմից իրավանորմը խախտված լինելը, որպես վարույթ հարուցող մարմնի ապացուցման առարկա, հանդիսանում է կոնկրետ իրավանորմի դիսպոզիցիայում ամրագրված կանոնով սահմանված պահանջը Դատավորի կողմից պահպանած չլինելու փաստը, ապա կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի երկրորդ բաղադրիչի` մեղքի առկայությունը, վարույթ հարուցող մարմինը պետք է ապացուցի` բացառելով օբյեկտիվ մեղսայնացման հնարավորությունը: Նշվածը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 10-րդ մասում ամրագրված իրավական դրույթով, որի համաձայն` Դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում: Ընդ որում օրենսդիրը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի երկրորդ բաղադրիչ է սահմանել բացառապես դիտավորությունը, կամ կոպիտ անփութությունը: Այդ կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ, օրենսդիրը վարույթ հարուցող մարմնին է վերապահել ոչ միայն Դատավորի կողմից իրավանորմի խախտված լինելու փաստի ապացուցման բեռը, այլև արարքի կատարված լինելը դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Վարույթ հարուցող մարմնի վրա դնելով խախտման ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ կողմի ապացուցման պարտականությունը, օրենսդիրը Դատավորի մեղքի առկայության ապացուցումը նախատեսել է բացառապես Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում ամրագրված դրույթներով: Մասնավորապես նշված օրենսգրքի 143-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` Բարձրագույն դատական խորհրդի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Նշված իրավանորմը թույլ է տալիս եզրակացնել, որ

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը որդեգրել է անմեղության կանխավարկածը,

2. մեղքի ապացուցման պարտականությունը դրված է վարույթ հարուցող մարմնի վրա,

3. մեղքի առկայությունը կարող է ապացուցվել բացառապես ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով,

4. դատավորն անմեղ է, քանի դեռ վերջինիս նկատմամբ չի կայացվել Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

Ամփոփելով վերը ներկայացված իրավական վերլուծությունը Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է հետևյալը.

1) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի ապացուցման պարտականությունը դրված է վարույթ հարուցող մարմնի վրա,

2) կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքում ներառված են ինչպես իրավախախտման առկայության փաստի հաստատումը, այնպես է դրա կատարումը դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ,

3) դատավորի նկատմամբ կիրառելի է անմեղության կանխավարկածը,

4) կարգապահական պատասխանատվության հիմքի բաղադրիչներից որևէ մեկի ապացուցվածությունը վիճելի մնալու դեպքում, չհաստատված փաստի բացասական հետևանքները կրում է վարույթ հարուցող մարմինը:

Սույն կարգապահական վարույթի շրջանակում, վարույթ հարուցող մարմինը չի ներկայացրել հիմնավորում` արարքը Դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելու վերաբերյալ:

Հաշվի առնելով դատավորի բարձր կարգավիճակը, օրենքով դատավորների համար սահմանված սահմանափակումները, ինչպես նաև դատավորների անձեռնմխելիության և անկախության ապահովման համար նախատեսված օրենսդրական երաշխիքները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ վարույթ հարուցող մարմինը` ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով պարտավոր է հստակ հիմնավորել, թե ինչպիսի վարքագծի արդյունքում է թույլ տրվել ենթադրյալ խախտումը` դիտավորության, թե կոպիտ անփութության:

Ներկայացված միջնորդության մեջ վարույթ հարուցող մարմինը մի քանի անգամ նշում է, որ ենթադրյալ խախտումը Դատավորի կողմից կատարվել է դիտավորությամբ կամ առնվազն կոպիտ անփութությամբ: Վարույթ հարուցող մարմնի կողմից մեղքի երկու տեսակների նշումը չի կարող հիմնավոր համարվել, քանի որ խախտումը որակելուց Վարույթ հարուցող մարմինը պարտավոր է նշել և հիմնավորել մեղքի տեսակը, որը տվյալ դեպքում չի արվել:

Միևնույն ժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է վարույթ հարուցող մարմնին Դատավորի կողմից կարգապահական վարույթի վերաբերյալ պատասխան ներկայացնելը, ինչը թեև օրենսդրությամբ վերջինիս տրված իրավունք է` ոչ պարտականություն, այնուամենայնիվ, ընդհանրապես ցանկացած դեպքում և մասնավորապես սույն դեպքում դրա ներկայացումը կարևոր է, ելնելով այն օրենսդրական կարգավորման տրամաբանությունից, որ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը և դրա հետ կապված հետագա գործընթացն իրականացվում է գաղտնի և ամբողջի բացահայտում հնարավոր չէ, ուստիև այն կարող է ծառայել որպես հարթակ վարույթի ամբողջականության ու հանգամանքների լրիվ ու օբյեկտիվ բացահայտման համար:

Այսպիսով, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը կիրառելի չեն, ինչի հիմքով Դավիթ Գրիգորյանի արարքը կարգապահական խախտում համարվել չի կարող:

Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 5-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը,

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Քրիստիննե Գրիգորյանի միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

    ԱՆԴԱՄՆԵՐ                               Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

                                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

                                           Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ

                                           Ս. ՉԻՉՈՅԱՆ

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 26 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
16.08.2021
N ԲԴԽ-48-Ո-Կ-17
Որոշում