https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20240.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
22 սեպտեմբերի 2021 թվականի N 240
ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՏԱՐՈՒՄ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունը 2020 թ.-ին բաժնետերերին վճարել է շահաբաժինների կանխավճարներ, որից բյուջե է վճարել եկամտային հարկ` 5%-ի չափով: Շահաբաժինների հայտարարագրումը կատարվել է 2021 թ.-ի հունիս ամսին, որի արդյունքում մարվել են վճարված կանխավճարները: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի` շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով: Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածով ամրագրված շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները այն եկամուտներն են, երբ բաժնետերերի ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշում է ընդունվում, թե՞ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման համար վճարված եկամուտներն են (վճարված կանխավճարի տեսքով): Մասնավորապես` 2020 թ.-ի արդյունքներով հայտարարագրված շահաբաժինները, որոնք կանխավճարի տեսքով ստացվել են 2020 թ.-ի ընթացքում և բյուջե են վճարվել դրանց հարկերը, շահաբաժին ստացողը, 2021 թ.-ին կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում, ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցման իրավունք կունենա, թե՞ ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
4-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի համաձայն` շահաբաժինը կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) կամ համատեղ գործունեությունից, որպես շահույթի բաշխում (այդ թվում` միջանկյալ բաշխում), մասնակցի ստացած կամ ստացման ենթակա եկամուտն է,
15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» պարբերությանը համապատասխան` օրենսգրքի կիրառության իմաստով` հաշվառման դրամարկղային մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է` ելնելով հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից` անկախ իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից,
142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` նույն բաժնի կիրառության իմաստով պասիվ եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)` հաշվառման դրամարկղային մեթոդով,
159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է կառավարության սահմանած կարգով:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ հարկային տարվա ընթացքում ստացված շահաբաժիններից պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները ենթակա են փոխհատուցման նույն հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում: Հետևաբար, գրությամբ նկարագրված դեպքում, օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթները կիրառելի չեն:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ