Սեղմել Esc փակելու համար:
ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ` ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 23 սեպտեմբերի 2021 թ.

 

ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Զոյա Մկրտչյանի ներկայացուցիչներ Մ. Դանիելյանի, Վ. Վարդանյանի, Ն. Սամսոնյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գ. Աթանեսյանի և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Զոյա Մկրտչյանի դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի հունվարի 22-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 10-ին:

Օրենքի` «Սնանկության գործով առանձին պահանջների քննության կասեցման հիմքերը և կարգը» վերտառությամբ 20.1-ին հոդվածը լրացվել է 17.06.2016թ. ՀՕ-105-Ն օրենքով: Օրենքի վիճարկվող հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Սնանկության գործի վարույթը առանձին պարտատերերի պահանջների մասով կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված` կասեցման հիմքերի առկայության դեպքում, եթե այդ իրավակարգավորումները կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ:

2. Առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը:

3. Առանձին պահանջի քննությունը կասեցնելու դեպքում հետագա վարույթի ընթացքում նույն հերթի մնացած պահանջները բավարարելուց հետո կասեցված պահանջի չափի համամասնությամբ դրամական միջոցներ են սառեցվում սնանկության հատուկ հաշվին: Վարույթը կասեցնելու հիմքը վերանալուց և պահանջը հաստատվելուց հետո դատարանի որոշմամբ սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները փոխանցվում են պարտատիրոջը: Եթե պահանջի քննության կասեցման հիմքերը վերանալուց հետո կասեցված պահանջը չի հաստատվում, ապա այդ հիմքով սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված կարգով` դատարանի որոշման հիման վրա:

4. Այն պարտատերը, որի պահանջի քննությունը կասեցվել է, կարող է մասնակցել պարտատերերի ժողովներին միայն խորհրդակցական ձայնի իրավունքով: Պահանջի քննության կասեցման հիմքերը վերանալու և դատարանի կողմից այդ պահանջը հաստատվելու դեպքում պարտատերը մասնակցում է պարտատերերի ժողովին քվեարկության իրավունքով` սույն օրենքով սահմանված կարգով»:

Գործի քննության առիթը Զոյա Մկրտչյանի (այսուհետ` դիմող)` 2021 թվականի ապրիլի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա այլ փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող Օրենքը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողի պնդմամբ` Օրենքի 20.1-ին հոդվածը հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75-րդ, 78-րդ հոդվածներին հետևյալ պատճառաբանությամբ.

Դիմողը գտնում է, որ սնանկության վարույթը կարգավորող օրենսդրությունը, մասնավորապես` խնդրո առարկա օրենքի 20.1-ին հոդվածը, չի նախատեսում որևէ իրավակարգավորում, որը սնանկության գործեր քննող դատարանին կօժտեր սնանկության գործի վարույթը, այլ ոչ թե առանձին պահանջի քննությունը, կասեցնելու լիազորությամբ այն դեպքերում, երբ սնանկության գործի հետագա ընթացքն անհնարին է մինչև այլ դատարանում քննվող դատական գործի քննության ավարտը:

Դիմողի գնահատմամբ` սնանկության գործերի քննության ընթացքում ամբողջ գործի վարույթի կասեցումը ոչ միայն սնանկության, այլև քաղաքացիական, քրեական, վարչական գործերի դեպքերում վարույթի մասնակիցների դատավարական իրավունքների արդյունավետ ապահովման համար կարող է ունենալ կենսական նշանակություն, քանզի բոլոր տեսակի գործերով դատավարության ցանկացած փուլում հնարավոր է այնպիսի հանգամանքների առկայություն, որոնց դեպքում տվյալ գործի վարույթն ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելը դառնում է անհրաժեշտություն, ընդ որում` անկախ սնանկության գործի քննության փուլից:

Դիմողն արձանագրում է, որ մասնագիտացված դատարանի կողմից սնանկության գործի վարույթը կասեցնելու լիազորության իրականացումն անհրաժեշտ է դատավարության մասնակիցների իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նկատառումներից ելնելով, քանզի բոլոր դեպքերում, երբ սնանկության գործի վարույթի կասեցման հնարավորությունը բացակայում է, անհնարին է դառնում գործի քննության բնականոն ընթացքի և դատավարության մասնակիցների արդար դատաքննության, դատական պաշտպանության և սեփականության իրավունքների անխախտելիության ապահովումը:

Դիմողն ընդգծում է, որ սնանկության գործը կասեցնելու լիազորության բացակայության պայմաններում դատարանը չի կարող կասեցնել գործի քննությունը, օրինակ` գործի քննությանը խոչընդոտող անհաղթահարելի ուժի առկայության դեպքում, Սահմանադրական դատարան դիմելու համար, մինչև իրավահաջորդության հարցի լուծումը ֆիզիկական անձ պարտատիրոջ մահվան դեպքում, ֆիզիկական անձ պարտապանի կամ պարտատիրոջ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում, պարտատեր իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում և այլն, քանի որ գործող իրավակարգավորմամբ հիշյալ հանգամանքների առկայության պայմաններում դատարանը պարտավոր է քննել գործը` անկախ գործի քննությանը ժամանակավոր խոչընդոտող հանգամանքների առկայությունից:

Դիմողը նշում է, որ սնանկության գործի վարույթի կասեցումը որևէ կերպ չի կարող հանգեցնել դատավարության այլ մասնակիցների իրավունքների խախտմանը, քանզի այդպիսի լիազորության առկայությունն ու դրա իրավաչափ կիրառումը, օրինակ` քաղաքացիական գործերի դեպքում, խնդրահարույց չէ:

Դիմողի համոզմամբ, այն դեպքում, երբ անձին սնանկ ճանաչելուց և նրա նկատմամբ հանրային իրավական դրամական պահանջի գրանցումից հետո տվյալ անձը Վարչական դատարանում վիճարկում է այն վարչական ակտը, որից բխող հանրային իրավական դրամական պահանջը գրանցվել է սնանկության գործը քննող դատարանի կողմից, մասնագիտացված դատարանը պետք է ունենա սնանկության գործի քննությունն ամբողջությամբ կամ համապատասխան մասով կասեցնելու լիազորություն` նկատի ունենալով, որ Վարչական դատարանի կողմից հայցի բավարարման պայմաններում սնանկության վարույթի հետագա ընթացքը դառնում է առարկայազուրկ, մինչդեռ հակառակ պարագայում անվիճելիորեն թույլ է տրվելու պարտապանի արդար դատաքննության, դատական պաշտպանության և սեփականության իրավունքների հանիրավի խախտում:

Համեմատական եզրեր անցկացնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով ամրագրված իրավակարգավորումների հետ` դիմողը նշում է, որ համանման իրավիճակում, երբ բացակայում է սնանկության վարույթը, վարչական ակտի վիճարկումը` կատարողական վարույթը կարճելու, իսկ առանձին դեպքում` կասեցնելու հիմք է:

Դիմողը փաստում է, որ սնանկության գործի վարույթի կասեցումը մինչև այլ դատարանում քննվող գործի կամ հարցի լուծման ավարտը ոչ թե բացառելու, այլ առժամանակ հետաձգելու է պարտատերերի պահանջների կատարումը, եթե տվյալ գործի կամ հարցի քննության արդյունքներով տվյալ պահանջները, առհասարակ, չվերանան: Նման պայմաններում նպատակահարմար է կասեցնել սնանկության գործի վարույթը, ուստի և պահանջի կատարմանն ուղղված գործողությունների կատարումը, հակառակ դեպքում պարտապանի գույքը կարող է իրացվել, իսկ դրանից ստացված միջոցները` ուղղվել համապատասխան պահանջի բավարարմանն այն պարագայում, երբ նույն պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտը վիճարկվում է Վարչական դատարանում: Նկարագրված իրավիճակում անառարկելիորեն կխախտվի պարտապանի սեփականության իրավունքը, իսկ հարուցված վարչական գործի վարույթը ենթակա կլինի կարճման` վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով, որպիսի պայմաններում պարտապանը զրկվում է իր նկատմամբ միջամտող բնույթի վարչական ակտի իրավաչափությունը դատական կարգով արդյունավետ և արդարացի պայմաններում վիճարկելու և դատական քննության առարկա դարձնելու հնարավորությունից:

Պատճառաբանելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածն այնքանով, որքանով սնանկության գործը քննող դատարանին չի վերապահում սնանկության գործի վարույթն ամբողջությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված որևէ պահանջի մասով` կատարման գործողությունները ներառյալ, կասեցնելու լիազորություն այն դեպքում, երբ սնանկության գործի հետագա ընթացքն ամբողջությամբ կամ մասամբ անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը, հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75-րդ և 78-րդ հոդվածներին` Սահմանադրական դատարանին խնդրում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածը ճանաչել Սահմանադրության վերոնշյալ հոդվածներին հակասող և անվավեր:

 

2. Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի ուժով սնանկության գործի վարույթը կասեցնելիս կիրառելի են ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, այլ քննության առարկա հանդիսացող Օրենքով սահմանված կանոնները, այսինքն` սնանկության գործի վարույթը կարող է կասեցվել առանձին պարտատերերի պահանջների մասով, եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կասեցման հիմքեր, և տվյալ իրավակարգավորումները կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ, ինչը, սակայն չի հանգեցնում սնանկության վարույթի ընդհատմանը:

Վկայակոչելով Օրենքի 3-րդ, 17-րդ և 19-րդ հոդվածները և Վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով 05.04.2013թ. որոշմամբ և Սահմանադրական դատարանի 11.01.2011թ. ՍԴՈ-932 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները` պատասխանողն ընդգծում է, որ պարտապանին հարկադիր սնանկ ճանաչելու հարցը լուծելիս դատարանը դիտարկում է երեք պայմանների միաժամանակյա առկայությունը, այն է` վճարային պարտավորության անվիճելիությունը, նման պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելը: Ավելին, օրենսդիրը սնանկության գործի բաղադրատարր հանդիսացող մի շարք առանձին վարույթների շարքում իրավաչափորեն առանցքային նշանակություն է վերապահել պարտապանին սնանկ ճանաչելու և սնանկության գործն ավարտելուն ուղղված վարույթներին, իսկ մնացած բոլոր վարույթները, այդ թվում` ժողովի որոշումների և սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման վարույթները, հանդիսանում են պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավական հետևանքները:

Պատասխանողը փաստում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվում է պարտապանի սնանկությունը, վերջինիս նկատմամբ գրանցված պահանջների իրավաչափությունը և դրանից բխող Օրենքով սահմանված դատավարական ընթացակարգերի կատարման պարտադիր պահանջը: Հաշվի առնելով սնանկության վարույթի փուլային կառուցվածքը` օրենսդիրը, վարույթի արդյունավետությունն ապահովելու նպատակով նախատեսել է վարույթի կասեցման հնարավորություն միայն առանձին պարտատերերի պահանջների մասով և այն պայմանով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կասեցման հիմքը կիրառելի լինի այդ իրավահարաբերության նկատմամբ, ընդ որում, առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը, ինչը ենթադրում է, որ օրենքով սահմանված կարգով առանձին պարտատերերի պահանջների մասով սնանկության գործի վարույթի կասեցման դեպքում սնանկության վարույթի մյուս փուլերը պետք է ընթանան օրենքով նախատեսված ընթացակարգով:

Անդրադառնալով դիմողի կողմից բարձրացված անձի սեփականության և արդար դատաքննության իրավունքների ենթադրյալ խախտումներին` պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 10-րդ, 60-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի վճիռները, Սահմանադրական դատարանի 25.02.2008թ. ՍԴՈ-735 որոշումը, պնդում է, որ դիմողի փաստարկն առ այն, որ վիճարկվող վարչական ակտի առկայության դեպքում սնանկության վարույթի շրջանակներում կարող է թույլ տրվել պարտապանի սեփականության իրավունքի խախտում, քանի որ պարտապանը հանիրավի զրկվելու է իր սեփականության իրավունքից, անհիմն է: Ավելին, վիճարկվող հոդվածի 3-րդ մասի ուժով` առանձին պահանջի քննությունը կասեցնելու դեպքում հետագա վարույթի ընթացքում նույն հերթի մնացած պահանջները բավարարելուց հետո կասեցված պահանջի չափի համամասնությամբ դրամական միջոցներ են սառեցվում սնանկության հատուկ հաշվին, իսկ վարույթը կասեցնելու հիմքը վերանալուց և պահանջը հաստատվելուց հետո դատարանի որոշմամբ սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները փոխանցվում են պարտատիրոջը: Եթե պահանջի քննության կասեցման հիմքերը վերանալուց հետո կասեցված պահանջը չի հաստատվում, ապա այդ հիմքով սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված կարգով` դատարանի որոշման հիման վրա:

Պատասխանողն անհիմն է համարում նաև դիմողի այն դիրքորոշումը, որ Վարչական դատարանում վիճարկվող վարչական ակտից բխող պահանջը զուգահեռաբար քննվող սնանկության գործով փաստացի կատարվելու, ուստիև սպառվելու դեպքում, վարչական գործի վարույթը վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով ենթակա է կարճման, քանզի կասեցված պահանջի չափի համամասնությամբ դրամական միջոցները սառեցվում են սնանկության հատուկ հաշվին` մինչև կասեցման հիմքի վերանալը:

Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ1/0261/04/16 քաղաքացիական գործով 2018 թվականի հունիսի 1-ի որոշումը` պատասխանողը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումը համահունչ է Օրենքի 20.1-ին հոդվածով նախատեսված իրավակարգավորումներին, որը հնարավորություն է տալիս առանձին պարտատերերի պահանջների մասով կասեցնել սնանկության գործի վարույթը` այլ վարույթի շրջանակներում վիճարկելով պահանջների իրավաչափությունը:

Պատասխանողը պնդում է, որ վիճարկվող դրույթով սահմանված իրավակարգավորումն ինքնանպատակ չէ և ուղղված է ապահովելու սնանկության վարույթի շարունակականությունը, պարտապանի և պարտատերերի շահերի ողջամիտ հարաբերակցությունը, ուստի կարելի է փաստել, որ Օրենքով նախատեսված իրավակարգավորումների շրջանակներում գործում են բավարար և արդյունավետ երաշխիքներ ապահովելու անձի սահմանադրական իրավունքների միջև արդարացի հավասարակշռությունը, ինչպես նաև տվյալ իրավունքների պատշաճ իրացումը:

Բացի դրանից, պատասխանողը գտնում է, որ առկա են սույն գործի վարույթը կարճելու հիմքեր, քանզի դիմողն Օրենքի համապատասխան նորմի սահմանադրականությունը վիճարկում է ոչ թե նորմի և Սահմանադրության միջև ենթադրյալ հակասության համատեքստում, այլ դիմողի ներկայացրած պնդումներն իրականում ուղղված են վիճարկվող նորմին` դատարանների տված մեկնաբանությանը:

Պատճառաբանելով, որ դիմողը, ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց, առաջ է քաշում իրավանորմի կիրառման իրավաչափության խնդիր` պատասխանողը Սահմանադրական դատարանին խնդրում է սույն գործի վարույթը կարճել կամ որոշում ընդունել վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի լուծման համար անհրաժեշտ է անդրադառնալ, մասնավորապես` հետևյալ հարցադրումներին.

արդյո՞ք Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը, չի նախատեսում սնանկության գործի վարույթն ամբողջությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված որևէ պահանջի մասով, այդ թվում` կատարման գործողությունները, կասեցնելու օրենսդրական կառուցակարգեր, խաթարում է Սահմանադրությամբ երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքը, ինչպես նաև սահմանափակում անձի սեփականության և արդար դատաքննության իրավունքները:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործի քննության շրջանակներում դիմողը, ըստ էության, բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր` նշելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածն այնքանով, որքանով սնանկության գործը քննող դատարանին չի վերապահում սնանկության գործի վարույթն ամբողջությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված որևէ պահանջի մասով կատարման գործողությունները ներառյալ, կասեցնելու լիազորություն այն դեպքում, երբ սնանկության գործի հետագա ընթացքն ամբողջությամբ կամ մասամբ անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը, Սահմանադրական դատարանը, նախևառաջ, հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործի վարույթն ամբողջությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված որևէ պահանջի մասով, այդ թվում` կատարման գործողությունները կասեցնելու օրենսդրի կողմից սահմանած չլինելը ենթադրյալ օրենսդրական բաց համարելու հարցին:

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1476 որոշումներում անդրադառնալով օրենսդրական բացի հիմնախնդրին արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

«1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.

2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.

3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.

4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.

5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր դեպքերում, երբ հարաբերության օրենսդրական կարգավորման բացակայությունն առերևույթ խնդրահարույց է, սակայն գործի քննության ընթացքում բացահայտվում է, որ կարգավորման բացակայությունը ոչ թե թերություն է, այլ օրենսդրի կամահայտնությունը, անհրաժեշտ է իրավական գնահատական տալ օրենսդրի նման մոտեցումներին, թե որքանով են դրանք իրավաչափ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ հասարակական հարաբերության իրավական կարգավորման բացակայությունը չի կարող դիտարկվել իբրև օրենսդրական բաց, եթե այն բավարարում է իրավաչափության պարտադիր չափանիշներին:

Սնանկության հարաբերությունները կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ օրենսդիրը չի նախատեսել սնանկության վարույթի ամբողջական կամ կոնկրետ պահանջի կատարման գործողությունների կասեցման իրավական հնարավորություն, այլ միայն հնարավորություն է ընձեռել կասեցնել առանձին պարտատերերի պահանջների քննությունը` կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներն այնքանով, որքանով դրանք կիրառելի են սնանկության վարույթում: Հատկանշական է, որ հիշյալ իրավակարգավորումն օրենսդիրը կատարել է 2016 թվականի հունիսի 16-ի ՀՕ-105-Ն օրենքով` Օրենքի ընդունումից շուրջ տասը տարի անց, չանդրադառնալով սնանկության վարույթն ամբողջությամբ կասեցնելու իրավական կառուցակարգերի ներդրմանը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի նման գործելաոճն ինքնանպատակ չէ, քանզի հակառակ պարագայում, երբ սնանկության գործի քննության ցանկացած փուլում իրավական հնարավորություն նախատեսվեր կասեցնել սնանկության գործի քննությունն ամբողջությամբ, տվյալ պարագայում կխաթարվեր սնանկության ինստիտուտի առջև դրված հիմնարար նպատակներից մեկը` պարտատերերի և պարտապանի շահերի հավասարակշռված պաշտպանությունը, մասնավորապես`

1. սնանկության վարույթի ողջ ընթացքում սնանկության կառավարիչը (նաև` ժամանակավոր կառավարիչը) իրականացնում է մի շարք լիազորություններ` ուղղված պարտապանի գույքի գույքագրմանը, պահպանությանը, դեբիտորական պարտքերի հավաքագրմանը, հսկողություն է իրականացնում պարտապանի ղեկավարի պարտականությունների կատարման նկատմամբ և այլն (Օրենքի 29-րդ հոդված), մինչդեռ սնանկության գործի վարույթն ամբողջությամբ կասեցնելու պայմաններում կկասեցվեն նաև սնանկության գործով կառավարչի լիազորությունները, որպիսի պայմաններում վերջինս չի կարող կատարել վերոգրյալ և օրենքով նախատեսված այլ դատավարական գործողություններ, որոնք կարող են հանգեցնել պարտատերերի շահերի ոտնահարման, օրինակ` պարտապանի կողմից գույքագրման ենթակա գույք թաքցնելուն և այլն:

2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումից բխում է, որ պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, միաժամանակ, հնարավորություն ընձեռելով պարտատերերին դատարան պահանջ ներկայացնել նաև նշված ժամկետից դուրս` Օրենքի 85-րդ հոդվածով սահմանված կարգով: Սնանկության գործի վարույթի կասեցման դեպքում հիշյալ պահանջների քննությունը և գրանցումը դառնում է անհնարին, որպիսի պայմաններում ոտնահարվում են պահանջ ներկայացնող սուբյեկտների իրավունքները:

3. Օրենսդիրը, Օրենքի 20.1-ին հոդվածով նախատեսելով պահանջների քննության փուլում պարտատիրոջ պահանջի քննության կասեցման հնարավորություն, պարտապանին հնարավորություն է ընձեռել ոչ միայն պահանջի քննության ընթացքում սնանկության դատարանում առարկել պարտատիրոջ պահանջի օրինականության, հիմնավորվածության և առաջնահերթության դեմ (Օրենքի 46-րդ հոդվածի 8 և 10-րդ մասեր), այլև այլ դատարանում վիճարկել պահանջի հիմքերը` սնանկության վարույթի տվյալ փուլում բացառելով պահանջի կատարմանն ուղղված ցանկացած գործողություն: Օրենսդրական առկա կարգավորումը, փաստորեն, լիարժեքորեն երաշխավորում է պարտապանի իրավունքների ապահովումը, իսկ սնանկության վարույթի հաջորդական փուլերում նման կառուցակարգի ներդրումը ոչ միայն վտանգում է սնանկության վարույթի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը, այլև անհարկի հետաձգում է պարտատիրոջ պահանջի բավարարմանն ուղղված գործողությունների կատարումը, որոնք առանձին դեպքերում կարող են պարտապանի` իրավունքի ուշացած իրացման եղանակով անբարեխղճության արդյունք հանդիսանալ:

4. Անկախ այն հանգամանքից, թե պահանջի հիմքի վիճարկումն այլ դատարանում ինչ ելք կունենա, Օրենքի 30, 80 և 82-րդ հոդվածների իրավակարգավորումներից բխում է, որ կառավարչի վարձատրությունը և սնանկության վարույթի շրջանակներում ձևավորված վարչական ծախսերը ենթակա են հատուցման:

Այսպիսով, օրենսդրական բացի առկայության վերաբերյալ դիմողի պնդումները հիմնազուրկ են:

4.1. Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում խնդրո առարկա դեպքերում սնանկության գործի վարույթն ամբողջությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված որևէ պահանջի մասով, այդ թվում` կատարման գործողությունները, կասեցնելու օրենսդրական հիմքեր չամրագրելու հիմնահարցը դիտարկել իրավական որոշակիության սկզբունքի, սեփականության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակումների համատեքստում:

4.1.1. Սահմանադրության 79-րդ հոդվածը, հռչակելով որոշակիության սկզբունքի սահմանադրաիրավական հիմքերը, ամրագրում է.

«Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

4.1.2. Իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից է իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին` ընդգծելով, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում:

Սահմանադրական դատարանը 2008 թվականի մայիսի 13-ի ՍԴՈ-753 որոշմամբ փաստել է, որ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն, որը պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու` թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:

Ավելին, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (09.06.2015թ. ՍԴՈ-1213):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն. «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց` իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom (Application no. 6538/74, 26/04/79, § 49):

Որոշակիության սկզբունքի համատեքստում հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ իրավական նորմերը, որպես ընդհանուր-վերացական կարգավորումներ, միշտ որոշակի մեկնաբանությունների կարիք ունեն, և գրեթե անհնար է իրավական միարժեք նորմերով հստակ կարգավորել հասարակական կյանքի բոլոր բազմաբնույթ հարաբերությունները:

4.1.3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սնանկության հարաբերությունների իրավական կարգավորման կառուցակարգերի մշակումը և ապահովումը պետության տնտեսական կայունության երաշխիքներից է: Միևնույն ժամանակ, սնանկության ինստիտուտը յուրօրինակ տնտեսաիրավական գործիք է, որը կատարում է նաև տնտեսվարող սուբյեկտների` առևտրային իրավահարաբերություններում պատշաճ վարքագիծն ապահովող գործառույթ:

Սահմանադրական դատարանը 2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշմամբ ընդգծել է. «Սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը», իսկ 2021 թվականի հունվարի 26-ի ՍԴՈ-1572 որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է. «... յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն տարբեր շահագրգիռ կողմերի` ներառյալ պարտապանների շահերը»:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ սնանկության վարույթը միմյանց հաջորդող բազմափուլ համակարգ է, որի կառուցվածքային տարր հանդիսացող յուրաքանչյուր փուլի առջև օրենսդիրը դրել է կոնկրետ խնդիրներ (սնանկության դիմումի ընդունելիության փուլում` ստուգել դիմումի ձևին, բովանդակությանը, դատարան ներկայացվող փաստաթղթերին առաջադրված օրենսդրական պահանջներին համապատասխանությունը, սնանկ ճանաչելու հարցի լուծման փուլում` սնանկության հիմքերի և հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը և այլն), որը բխում է սնանկության վարույթի համընդհանուր նպատակից, այն է` ապահովել պարտատերերի պահանջների բավարարումը` երաշխավորելով պարտատերերի և պարտապանի իրավունքների պաշտպանության ողջամիտ հավասարակշռությունը:

Սնանկության վարույթի փուլային շարունակականությունը պայմանավորված է սնանկության գործերի առանձնահատկություններով, ընդ որում` յուրաքանչյուր փուլին տրամաբանորեն հաջորդում է մյուս փուլը, ուստի և կոնկրետ փուլի առջև դրված խնդիրների ողջամիտ ժամկետներում քննությունն ու լուծումը դառնում է առավել քան հրատապ:

Անդրադառնալով «սնանկության գործ» հասկացության սահմանադրաիրավական իմաստի բացահայտմանը` Սահմանադրական դատարանը 2011 թվականի հունվարի 11-ի ՍԴՈ-932 որոշմամբ նշել է, որ նշված հասկացությունը չի սահմանափակվում միայն պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված վարույթով, և ներառում է այն բոլոր վեճերի լուծմանն ուղղված դատական վարույթները, որոնք կարող են ծագել պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի քննության ընթացքում, կամ առնչվում են պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի բավարարման իրավական հետևանքներին: Այլ կերպ` պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված դատական գործը, որպես սնանկության գործ, ի տարբերություն այլ քաղաքացիաիրավական բնույթ ունեցող գործերի, չի ավարտվում տվյալ վարույթով կայացված դատական ակտով և կարող է բաղկացած լինել մի քանի առանձին վարույթներից, որոնք, սակայն, չեն հանդիսանում առանձին գործեր, այլ ներառվում են տվյալ իրավասուբյեկտի սնանկության վերաբերյալ միասնական դատական գործում:

Օրենքի 20.1-ին հոդվածի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ օրենսդիրը հստակ սահմանել է սնանկության գործով առանձին պահանջների քննության կասեցման իրավական հիմքերը և դատավարական կարգը` հիշյալ հոդվածի 1-ին մասով ամրագրելով, որ գործով վարույթի կասեցման հնարավորություն նախատեսվում է բացառապես պահանջների քննության փուլում` կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված` կասեցման հիմքերն այնքանով, որքանով դրանք կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ: Այսինքն` օրենսդիրը հստակ նախանշել է այն սահմանները, որոնց շրջանակներում կասեցման ինստիտուտը կիրառելի է սնանկության վարույթի նկատմամբ` բացառելով սնանկության գործի քննության ընդհատում պահանջների հաստատման փուլից հետո: Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթը հնարավորինս հստակ և կանխատեսելի սահմանում է այն կարգավորումները, որոնք օրենսդիրն անհրաժեշտ և բավարար է համարել, որպեսզի դրանց հասցեատերերը դրսևորեն համապատասխան իրավաչափ վարքագիծ, հետևաբար, նաև կանխատեսեն դրա արդյունքում ի հայտ եկող հնարավոր հետևանքները:

4.2. Սահմանադրության «Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

Սահմանադրության «Արդար դատաքննության իրավունքը» վերտառությամբ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

4.2.1. Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222) հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության հիմնախնդիրներին` դրանք քննարկելով իբրև դատական պաշտպանության իրավունքի հիմնարար բաղադրատարրեր:

Սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշմամբ արձանագրել է, որ 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների իրավակարգավորման հիմքում դրված են անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման սահմանադրաիրավական այն սկզբունքները, որոնց համատեքստում սահմանադրական դատարանն իր վերոհիշյալ որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ: Այդ դիրքորոշումներն արտացոլում են նաև միջազգային իրավական փորձի համալիր ուսումնասիրության արդյունքները:

Սահմանադրական դատարանը վերոթվարկյալ որոշումներում կարևորել է իրավակարգավորման սկզբունքներ (չափանիշներ), որոնք վեճի առարկա նորմի սահմանադրականության գնահատման տեսանկյունից ունեն սկզբունքային նշանակություն, մասնավորապես.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- դատական ակտի դեմ ներկայացված բողոքի ընդունելիության պայմաններ, բողոքարկման ժամկետ սահմանելիս պետք է գերակայեն դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքները,

- դատական ակտի պատճառաբանվածությունը, ըստ որի ընդունվում կամ մերժվում է անձի դիմումը, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման իրավունքը մատչելիության իրավունքի իրացման երաշխիքներ են,

- օրենսդրական կանոնակարգումը չի կարող սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն առաջացնել անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, արդյունքում չապահովելով դատարանի մատչելիության իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բացահայտելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բովանդակությունը, ընդգծել է, որ դատավարության մասնակիցները պետք է ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (BELES AND OTHERS v. THE CZECH REPUBLIC, Application no. 47273/99,12.11.2002), իսկ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր համարվող դատարանի մատչելիության իրավական սկզբունքի խախտում կարող է առկա լինել, երբ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակվի այնչափ, որ սահմանափակվի անձի դատական պաշտպանությունից գործնականում օգտվելու իրավունքը (Sialkowska v. Poland, Application no. 8932/05, 22.03.2007): Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հնարավոր է համարում սույն իրավունքի սահմանափակումը` շեշտադրելով, որ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (De Geouffre de la Pradelle v. France, Application no. 12964/87, 16.12.1992, Stanev v. Bulgaria, App. No. 36760/06, 17.01.2012):

4.2.2. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում դիմողի բարձրացրած օրենսդրական բացով պայմանավորված սահմանադրաիրավական խնդիրը հանգում է սնանկության վարույթն ամբողջապես կամ պարտապանի նկատմամբ գրանցված որևէ պահանջի մասով, այդ թվում` կատարման գործողությունները, կասեցնելու միջնորդություն հարուցելու օրենսդրական հիմքերի բացակայության հիմնախնդրին:

Քննության առարկա Օրենքի վերլուծությունը թույլ է տալիս հանգել այն եզրակացության, որ պարտապանը սնանկության վարույթի և ոչ մի փուլում զրկված չէ դատական կարգով պարտատիրոջ դիմումի (սնանկության վարույթի հարուցման փուլում) կամ պահանջի հիմքում ընկած վճիռը, դատավճիռը, վարչական ակտը, գործարքը վիճարկելու հնարավորությունից, ընդ որում` կախված այն հանգամանքից, թե սնանկության վարույթի որ փուլում է պարտապանը վիճարկում պարտատիրոջ պահանջի հիմքերը` սնանկության գործի քննության ընթացքը ստանում է այլ ելք, մասնավորապես.

1. այն դեպքում, երբ պարտապանը դատական կարգով վիճարկում է վճարային պարտավորության հիմքում դրված վճիռը, դատավճիռը, գործարքը կամ վարչական ակտը պարտապանին սնանկ ճանաչելու հարցի քննության փուլում, այսինքն` դատավարական նորմերին համապատասխան ապացուցում է, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, ապա տվյալ պարագայում պահանջը, ըստ էության, դառնում է վիճելի, որպիսի պայմաններում բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանը կարող է մերժել սնանկության դիմումը,

2. այն դեպքում, երբ պարտապանը դատական կարգով վիճարկում է վճարային պարտավորության հիմքում դրված վճիռը, դատավճիռը, գործարքը կամ վարչական ակտը պահանջատիրոջ կողմից պահանջի քննության փուլում, ապա տվյալ պարագայում կիրառելի են Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումները,

3. այն դեպքում, երբ պարտապանի կողմից վիճարկվում է արդեն իսկ գրանցված պահանջի հիմքում ընկած վճիռը, դատավճիռը, գործարքը կամ վարչական ակտը, ապա տվյալ պարագայում պարտապանի արդար դատաքննության իրավունքի իրացումը չպետք է խոչընդոտի սնանկության վարույթի այլ մասնակիցների ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքի իրացմանը:

Թեև պարտապանն ինքն է ընտրում իր իրավունքի իրացման ժամանակը, սակայն դա չի կարող բացասական հետևանքներ ունենալ սնանկության վարույթի այլ մասնակիցների վրա, առավել ևս այն պայմաններում, երբ պարտապանը երբևէ զրկված չի եղել իրացնել տվյալ իրավունքը: Բացի դրանից, քննարկվող փուլում սնանկության վարույթի կասեցման հնարավորություն նախատեսվելու դեպքում օրենսդրորեն հնարավորություն է ընձեռվելու պարտապաններին արհեստականորեն ձգձգել սնանկության գործի քննությունը` կասեցնելով դրա ամբողջ ընթացքը կամ սնանկության գործով կառավարչի գործողությունները: Ավելին, տվյալ փուլում պարտատիրոջ պահանջի հիմքերը վիճարկելը և սնանկության գործի վարույթը կասեցնելու ցանկությունն ինքնին կարող են վկայել պարտապանի` գործի քննությունը հետաձգելու, գույքի վաճառքը կասեցնելու, պարտատիրոջ պահանջի բավարարումը սառեցնելու և այլ ոչ իրավաչափ նպատակների մասին:

Ավելին, օրենսդիրն Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով հնարավորություն է ընձեռել ոչ միայն պարտապանին, այլև սնանկության գործով կառավարչին և պարտատերերին յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնել պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, որն օրենքով սահմանված կարգով քննության առարկա է դառնում Սնանկության դատարանում: Հիշյալ փուլում ևս պարտապանը կարող է այլ դատարանում վիճարկել պարտատիրոջ պահանջի հիմքերը, որպիսի պայմաններում պարտապանի արդար դատաքննության իրացման համար օրենսդրական ընթացակարգերն ու կառուցակարգերը երաշխավորվում են:

Նման պայմաններում, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումն արդար դատաքննության և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ենթադրյալ հակասության երաշխավորման տեսանկյունից սահմանադրականության խնդիր չեն առաջացնում:

4.3. Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասը հռչակում է.

«1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»:

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերը հռչակում են.

«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

(...)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի»:

4.3.1. Սահմանադրության 10-րդ հոդվածի ուժով սահմանադիրը ոչ միայն ճանաչում է սեփականության իրավունքը, այլև շեշտադրում պետության պարտավորությունը` ապահովել տվյալ իրավունքի արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորել տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը: Սահմանադրության 10-րդ հոդվածի տրամաբանությամբ Սահմանադրության 60-րդ հոդվածն ամրագրում է սեփականության իրավունքի բովանդակությունը կազմող այն իրավազորությունների ամբողջությունը, որոնք պատկանում են սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի` այդպիսով ուրվագծելով խնդրո առարկա սահմանադրական իրավունքի իրականացման սահմանները:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում բացահայտել և պարզաբանել է սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունն ու բնույթը, մասնավորապես` 2012 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-1009 որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ սեփականության իրավունքը ճանաչելով որպես յուրաքանչյուրի հիմնական իրավունք, բացահայտվում է այդ իրավունքի բովանդակությունը, այն է` իր սեփականությունը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իրավազորությունները` միաժամանակ որպես դրանց իրացման նախապայման սահմանելով սեփականատիրոջ հայեցողությունը: Սահմանադրական այս նորմում «իր հայեցողությամբ» ձևակերպման շեշտադրմամբ սեփականության իրավունքի իրացման հիմքում դրվել է սեփականատիրոջ հստակ արտահայտված կամքը, վերջինս դիտարկվում է որպես սեփականության իրավունքի իրացման պարտադիր նախապայման, և սեփականության իրացման գործընթացում վճռորոշ դերակատարություն է հաղորդվում անձի կամաարտահայտությանը: Այս դրույթի բովանդակությունը հանգում է նրան, որ գույքային իրավունքների իրացումը պետք է իրականացվի սեփականության անձեռնմխելիության և պայմանագրային ազատության սկզբունքների հիման վրա, որոնք ենթադրում են, ի թիվս այլնի, քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարություն և գույքային ինքնուրույնություն:

Սահմանադրական դատարանը, 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման շրջանակում անդրադառնալով սեփականության իրավունքի թույլատրելի սահմանափակումներին, նշել է. «Սահմանադրության 43 հոդվածը սեփականության իրավունքը չի դիտարկում որպես այդ հոդվածի հիմքերով սահմանափակվող իրավունք: Առկա է իրավունքների սահմանափակման այն առանձնահատուկ դեպքը, երբ Սահմանադրությունն է որոշում տվյալ իրավունքի սահմանափակման չափանիշն ու սահմանները` դա չվերապահելով նույնիսկ օրենսդրի իրավասությանը: Այն կարող է, նախ` իրականացվել օրենքով նախատեսված դեպքերում բացառապես դատական կարգով սեփականությունից զրկելու միջոցով` որպես պատասխանատվությունից բխող հարկադիր գործողություն: Երկրորդ` «սեփականության օտարման» միջոցով, որը «սեփականության զրկումից» էապես տարբեր այլ ինստիտուտ է և պետք է իրականացվի Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի հիմքերով»:

Հիշատակված ՍԴՈ-1009 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ սեփականության իրավունքի թույլատրելի սահմանափակման նշված երկու դեպքերի համար բնորոշ ընդհանրական տարրն այն է, որ երկու դեպքում էլ սեփականատիրոջ հայեցողությունը, կամքն այլևս առաջնային և վճռորոշ չեն, քանի որ այս դեպքերում առաջնայնություն են ստանում տվյալ իրավիճակում պաշտպանության նախապատվություն ունեցող այլ շահեր:

Սահմանադրական դատարանը փաստել է նաև. «...Սահմանադրությունը թույլատրում է բացառապես երկու դեպք, այն է` 31-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերը, երբ սեփականատիրոջ կամքն առաջնային չէ, և սեփականության իրավունքի իրացումը չի բխում սեփականատիրոջ հայեցողությունից: Հետևաբար, ցանկացած այլ դեպքում սեփականության իրավունքի իրացման գործընթացում միջամտությունը սեփականատիրոջ հայեցողությանը, սեփականատիրոջ գույքի տնօրինումն առանց այդ հայեցողության հստակ արտահայտման և դրսևորման չի կարող համարվել իրավաչափ և կհանդիսանա սեփականության իրավունքի խախտում»:

Սահմանադրական դատարանը 2010 թվականի հուլիսի 13-ի ՍԴՈ-903 որոշմամբ սահմանել է. «ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը նախատեսում է սեփականության իրավունքի իրականացման սահմանափակման միմյանցից տարանջատվող չորս հանգամանք.

ա) սեփականության իրավունքի իրականացման սահմանափակում` շրջակա միջավայրին վնաս պատճառելու, այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը խախտելու արգելքով (31-րդ հոդվ. 1-ին մասի երկրորդ նախադասություն),

բ) սեփականազրկում (31-րդ հոդվ. 2-րդ մաս),

գ) սեփականության հարկադիր օտարում հասարակության և պետության կարիքների համար (31-րդ հոդվ. 3-րդ մաս),

դ) հողի սեփականության իրավունքի սահմանափակում` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար»:

Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտել է նաև իրավական դիրքորոշումներ «սեփականությունից զրկելու» ինստիտուտի առնչությամբ (ՍԴՈ-903, ՍԴՈ-1073, ՍԴՈ-1142): Մասնավորապես, վերոգրյալ ՍԴՈ-903 որոշման մեջ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով «սեփականությունից զրկելու» բնութագրիչ տարրերին, մասնավորապես արձանագրել է. «... սահմանադրական դատարանը գտնում է, որ սեփականությունից զրկելու ինստիտուտին բնորոշ են հետևյալ հիմնական պարտադիր տարրերը.

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում սեփականատիրոջ կամքին և համաձայնությանը հակառակ տվյալ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի անհատույց դադարեցում,

- սեփականությունից զրկումը կիրառվում է որպես պատասխանատվության միջոց,

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում տվյալ գույքի նկատմամբ սեփականատիրոջ ունեցած` տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավազորությունների միաժամանակյա և լիակատար դադարում` առանց շարունակականության երաշխավորման»:

4.3.2. Սնանկության իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ նախատեսվում են սեփականության իրավունքի իրավաչափ միջամտության առանձին դրսևորումներ: Նման իրավակարգավորումը պայմանավորված է այն օբյեկտիվ հանգամանքով, որ սնանկության վարույթը հարուցվում է պարտավորական իրավահարաբերությունների մասնակիցների կողմից իրենց ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով, որպիսի պայմաններում վերջիններս պատասխանատվություն են կրում իրենց գույքով:

Սահմանադրական դատարանը կարևորում է սնանկության ինստիտուտի դերը տնտեսական իրավահարաբերությունների կայունության, տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց պարտավորությունների պատշաճ կատարման երաշխավորման տեսանկյունից: Միաժամանակ, սնանկության վարույթի առջև դրված խնդիրների կենսագործման նպատակով օրենսդրի կողմից ներդրվել են համապատասխան իրավական կառուցակարգեր, որոնք առանձին դեպքերում սահմանափակում են սնանկության վարույթի մասնակիցների, և հատկապես` պարտապանի, սեփականության իրավունքը:

Սահմանադրական դատարանը 2017 թվականի հունվարի 31-ի ՍԴՈ-1340 որոշմամբ արձանագրել է. «... ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն, ըստ որի`

- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, որից բխում է, որ օրենքը պետք է բավարարի իրավական օրենքին ներկայացվող` Սահմանադրական դատարանի որոշումներում բազմիցս արտացոլված, պահանջները,

- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով,

- սեփականության իրավունքի սահմանափակումը պետք է համապատասխանի որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքներին և չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ նշված պայմանների առկայությունն անհրաժեշտ է իրավունքն իրավաչափորեն սահմանափակելու համար»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով սեփականության իրավունքի սահմանափակման հիմնախնդրին, արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, հռչակելով սեփականության իրավունքը, միաժամանակ նախատեսում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն ի շահ հանրության, եթե այդ սահմանափակումը նախատեսված է օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով, և ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար (Beyeler v. Italy, judgment 5 January 2000, §98, §107; Sporrong and Lonnroth v. Sweden, judgment of 23 September 1982, §61, §69): James and others v. The United Kingdom գործով

(Application no. 8793/79, 21.02.1986) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ մասնավոր անձանց պայմանագրային և գույքային իրավունքները կարգավորող իրավական համակարգի արդարությունը հանրային խնդիր է, և հետևապես, այդպիսի արդարություն հաստատելուն ուղղված օրենսդրական միջոցները կարող են համարվել «ի շահ հանրության», նույնիսկ եթե դրանք ներառում են սեփականության իրավունքի հարկադիր փոխանցում մեկ անհատից մյուսին, իսկ Handyside v UK գործով (Application no. 5493/72, 07.12.1976) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է սահմանափակվի միջամտության օրինականության և նպատակահարմարության վերահսկմամբ:

Գործող իրավակարգավորումները թույլ են տալիս Սահմանադրական դատարանին արձանագրել, որ սնանկության վարույթն ինքնին պարտապանի սեփականության իրավունքի իրացման նկատմամբ պետության օրինական վերահսկողության սահմանման ընթացակարգ է, որի շրջանակներում օրենսդիրը թույլատրում է կիրառել որոշակի սահմանափակումներ: Ավելին, դատարանի որոշմամբ պարտապանի նկատմամբ գործունեության դադարեցման վարույթ սկսելուց հետո պարտապանի գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքները կասեցվում են: Ստացվում է` սնանկության վարույթի հարուցման փուլից սկսած մինչև պարտապանի գույքի վաճառքի փուլն օրենսդիրը նախատեսում է պարտապանի սեփականության իրավունքի որոշակի սահմանափակումների իրավական համապատասխան մեխանիզմներ, իսկ գույքի վաճառքի փուլում` սեփականությունից զրկման ինստիտուտի կիրառում` իբրև պատասխանատվության միջոց:

Սույն գործով դիմող Զոյա Վարդանի Մկրտչյանը, հաշվառվելով որպես անհատ ձեռնարկատեր, ինքնուրույն, իր ռիսկով իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, ուստի ստանձնած պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:

Գործում առկա դատավարական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատարանի որոշմամբ պարտապանի նկատմամբ սկսվել է գործունեության դադարեցման վարույթ, ինչը ենթադրում է, որ կասեցվել են պարտապանի գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքները, որպիսի ընթացակարգի նպատակը պարտապանի գույքի վաճառքի գործընթաց սկսելու օրենսդրի իրավաչափ նպատակն է:

Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճը հանգում է սնանկության վարույթն ամբողջությամբ կամ պահանջի բավարարմանն ուղղված գործողությունները կասեցնելու իրավական մեխանիզմների բացակայության խնդրին, որպիսի պայմաններում, դիմողի պնդմամբ, սահմանափակվում է պարտապանի սեփականության իրավունքը, իսկ պարտապանի գույքի վաճառքի դեպքում` հանգեցնելու է նաև վերջինիս սեփականությունից զրկելուն, մինչդեռ առկա իրավակարգավորումները թույլ են տալիս եզրակացնել, որ Սնանկության դատարանի որոշմամբ պարտատիրոջ պահանջի հաստատումից հետո պահանջի հիմքերը վիճարկելն ինքնին վկայում է պարտապանի կողմից հետապնդվող ոչ իրավաչափ նպատակի մասին, ուստի համապատասխան օրենսդրական կառուցակարգերի բացակայությունը որևէ կերպ չի կարող դիտարկվել իբրև պարտապանի սեփականության իրավունքի խախտում: Ավելին, պարտապանը պարտատիրոջ պահանջի քննության փուլում զրկված չէ ինչպես սնանկության դատարանում առարկություն ներկայացնելու հնարավորությամբ պահանջի գրանցման դեմ, այնպես էլ այլ դատարանում վիճարկելու պահանջի հիմքերը, որպիսի պայմաններում, բնականաբար, քանի դեռ առկա չի լինի օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատական ակտ, պարտատիրոջ պահանջի կատարմանն ուղղված որևէ գործողություն, այդ թվում` պարտապանի գույքի վաճառք, չի կարող իրականացվել:

Վերոշարադրյալի հիման վրա, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթի ամբողջական կամ առանձին պահանջի կատարման գործողությունների կասեցման օրենսդրական հիմքերի բացակայությունը, քննության առարկա հարցի համատեքստում սեփականության իրավունքի երաշխավորման տեսանկյունից խնդրահարույց չէ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

23 սեպտեմբերի 2021 թվականի

ՍԴՈ-1610

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 27 սեպտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
23.09.2021
N ՍԴՈ-1610
Որոշում