Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ՄԱՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԵՎ ՇԱՀՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

28 սեպտեմբերի 2021 թվականի N 243

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Հարկման ընդհանուր համակարգում գործող ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձը Գերմանիայի ռեզիդենտ կազմակերպությունից սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա ներմուծում է ֆիրմային արտադրության գարեջուր և իրականացնում է մեծածախ վաճառք ՀՀ տարածքում` մատակարարելով սրճարաններին: Պայմանագրով սահմանվում է, որ նշված ապրանքների հետ միասին մատակարարը, որպես գովազդային նյութեր մատակարարելու է նաև բաժակներ, ստենդներ և այլ նյութեր` ֆիրմայի ապրանքանիշով: Նշված գովազդային նյութերը տրամադրվում են անվճար, որպես ՀՀ տարածքում գովազդի և բրենդի ճանաչելիությունն ապահովող միջոց: ՀՀ ռեզիդենտ ընկերությունը նույնպես իր գնորդներին /սրճարաններին/ անվճար հիմունքներով տրամադրելու է նշված գովազդային նյութերը:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են /շահութահարկի և ԱԱՀ-ի գծով/ առաջացնում ՀՀ ռեզիդենտ ներմուծող իրավաբանական անձի մոտ բրենդի ճանաչելիությունն ապահովող բաժակների և այլ գովազդային նյութերի անվճար ստացման և գնորդ-սրճարաններին անվճար տրամադրման գործառույթները:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն` ակտիվի սկզբնական արժեք է համարվում ակտիվի ձեռքբերման գնի (անհատույց ստացման դեպքում` ստացվող ակտիվի գնի, իսկ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրման դեպքում` կողմերի պայմանավորվածությամբ որոշված գնի, որը ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով), կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում` չփոխհատուցվող և օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումարը` դրամական արտահայտությամբ,

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի համաձայն` ապրանքի մատակարարումը ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց,

- 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը,

- 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց ԱԱՀ-ի,

- 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը: Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանված է գործարքի իրական արժեքի որոշման առաջնահերթության հիմքերը,

- 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների անհատույց ստացված ակտիվները: Նույն կետով սահմանված դեպքում ակտիվները (բացառությամբ դրամական միջոցների և հողամասերի) եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից («ա» ենթակետ): Ակտիվների սկզբնական արժեքները, եթե նույն կետի «ե» ենթակետով այլ բան սահմանված չէ, որոշվում են այդ ակտիվների ստացման գործարքներին վերաբերող փաստաթղթերում նշված արժեքների հիման վրա, իսկ այդ փաստաթղթերում արժեք նշված չլինելու դեպքում` դրանք ստացող շահութահարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական գների հիման վրա (»դ» ենթակետ),

- 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,

- 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում անհատույց տրամադրած ակտիվները, անհատույց կատարված աշխատանքները կամ անհատույց մատուցված ծառայությունները, ներած պարտավորությունները, բացառությամբ օրենսգրքի 120-րդ հոդվածով և 123-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքերի:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` գովազդ է համարվում տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կողմից ապրանքների անհատույց մատակարարման գործարքները ենթակա են ԱԱՀ-ով հարկման օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգավորումներին համապատասխան: Միաժամանակ հայտնում ենք, որ ապրանքների անհատույց մատակարարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:

Շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով անհատույց ստացված ակտիվները եկամուտ են համարվում օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Միաժամանակ, անհատույց տրամադրած ակտիվները համախառն եկամտից ենթակա չեն նվազեցման:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
28.09.2021
N 243
Իրազեկման թերթիկ