ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
28 սեպտեմբերի 2021 թվականի N 244
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Վարձու աշխատողը վերադառնալով ՌԴ ք. Մոսկվա մեկնած գործուղումից, որևէ ֆինանսական պահանջներ չի ներկայացրել կապված գիշերավարձի ծախսերի հետ, իսկ կազմակերպությունը չի վճարել սահմանված նվազագույն չափը` 70 տոկոսը: Այս պարագայում կազմակերպության կողմից չվճարված գումարը արդյոք կարող է համարվել ֆիզիկական անձի կողմից ընկերությանը ներված պարտավորություն:
Վարձու աշխատողը վերադառնալով ՌԴ ք. Մոսկվա մեկնած գործուղումից, ներկայացնում է գիշերավարձի ծախսերը հիմնավորող փաստաթուղթ, որը կազմել է 100 ԱՄՆ դոլար: Տվյալ դեպքում փաստաթղթերով հիմնավորված ծախսը սահմանված 70 տոկոս նվազագույն չափից պակաս է 136 ԱՄՆ դոլարով: Նշված պարագայում արդյոք կազմակերպությունը պարտավոր է աշխատակցին վճարել նաև նշված 136 ԱՄՆ դոլարը: Արդյոք նշված գումարը վճարելու դեպքը կհամարվի ֆիզիկական անձին տրված եկամուտ և կհարկվի եկամտային հարկով, և չվճարելու դեպքում արդյոք կազմակերպության համար կհամարվի ֆիզիկական անձի կողմից ներված պարտավորություն:
Վարձու աշխատողը վերադառնալով ՌԴ ք. Մոսկվա մեկնած գործուղումից, ներկայացնում է գիշերավարձի ծախսերը հիմնավորող փաստաթուղթ 600 ԱՄՆ դոլարի չափով, որը գերազանցում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափը 266 ԱՄՆ դոլարով, որը ևս վճարվել է կազմակերպության կողմից աշխատակցին: Արդյոք կազմակերպությունը հարկային առումով կարող է ճանաչել ծախս ամբողջ գումարը և արդյոք նշված 266 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը պետք է հարկվի եկամտային հարկով որպես ֆիզիկական անձին տրված եկամուտ:
Պատասխան
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` գործուղման մեկնած աշխատողներին երաշխավորվում է նրանց աշխատատեղի (պաշտոնի) և աշխատավարձի պահպանումը գործուղման ամբողջ ժամանակահատվածում, ինչպես նաև նրանց վճարվում է օրապահիկ, և հատուցվում են գործուղման հետ կապված ծախսերը (1-ին մաս): Այդ վճարումների նվազագույն չափը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պետական կամ համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի վճարման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է նաև հատուցման առավելագույն չափը (2-րդ մաս):
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 109-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում կողմերի միջև փաստացի առաջացած (առկա) պարտավորությունների` ամբողջությամբ կամ մասնակի զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ հարկային արտոնությունների և վճարների գծով տրվող արտոնությունների գումարների: Նույն կետի կիրառության իմաստով` պարտավորության զեղչումից ստացվող եկամուտ չի առաջանում, եթե զեղչվում է կողմերի միջև իրականացվող գործարքի արժեքը` մինչև կողմերի մոտ պարտավորությունների փաստացի առաջացման պահը,
- 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,
- 111-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անկախ նույն հոդվածի 1-ին մասի դրույթներից` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս թույլատրվում է առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցնել օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափը չգերազանցող, մասնավորապես, օրապահիկի` Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով տրվող հատուցման գումարները,
- 117-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով համախառն եկամտից գործուղման ծախսերի (մասնավորապես` օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային ծախսեր, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր) նվազեցման դրույթները,
- 117-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի կիրառության իմաստով` գործուղման ծախսեր են համարվում շահութահարկ վճարողին կամ նրա աշխատողին ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով գործուղելու դեպքում գործուղվողին նույն օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հատուցում տրամադրելու համար կատարվող ծախսերը,
- 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման օբյեկտը,
- 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն (1-ին կետ), ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն (2-րդ կետ),
- 147-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի), Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափերը չգերազանցող գումարների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:
ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման» կարգի`
- 9-րդ կետի համաձայն` գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը,
- 11-րդ կետի համաձայն` գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել նույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը, բացառությամբ նույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է նույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ: Գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին,
- 13-րդ կետի համաձայն` գիշերավարձի և օրապահիկի ծախսերը հատուցվում են նույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերով: Եթե գործուղման անհատական իրավական ակտով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ է սահմանվում, ապա գիշերավարձի ծախսերի հատուցումը կատարվում է փաստացի կատարված ծախսերի, այդ թվում` նաև ամրագրումը հաստատող փաստաթղթերի համաձայն,
- 19-րդ կետի համաձայն` գործուղման ծախսերի հատուցման գումարների հաշվարկները կատարվում են գործուղման մասին անհատական իրավական ակտի արձակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվարկների կատարման օրը ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան: Գործուղման ծախսերի հատուցման գումարների վերջնահաշվարկը կատարվում է գործուղման փաստացի ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, փոխանակումը հաստատող փաստաթղթով սահմանված փոխարժեքով, այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում` վերջնահաշվարկի կատարման օրը ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան, իսկ ծախսերը հաստատող փաստաթղթերն այլ տարադրամով ներկայացվելու դեպքում` տվյալ տարադրամի գծով ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Հաշվի առնելով վերը նշվածը` հայտնում ենք, որ.
1) շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ է համարվում կողմերի միջև փաստացի առաջացած (առկա) պարտավորությունների` ամբողջությամբ կամ մասնակի զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները,
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի) սահմաններում գործուղման ծախսերի փոխհատուցման վճարները եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ: Մասնավորապես, ՀՀ տարածքից դուրս գործուղման դեպքում գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ,
3) շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով համախառն եկամտից նվազեցվում են փաստաթղթերով հիմնավորված գիշերավարձի ծախսերն ամբողջությամբ` հաշվի առած ՀՀ հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները (չափերը):
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ