ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
30 սեպտեմբերի 2021 թվականի N 245
ԱՌԱՆՑ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԾԱԽՍԱԳՐՄԱՆ ԵՎ ԱԱՀ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Ընկերությունը տարածքի նախնական վարձակալության պայմանագիր է կնքել կառուցապատողի հետ: Վարձակալական պայմանագիր դեռևս չի կնքվել, հետևաբար նոտարական վավերացում և ՀՀ պետական կադաստրի կոմիտեում գրանցում չի ստացել, քանի որ կառուցապատողի մոտ որոշ հանգամանքներից ելնելով տարածքի ավարտական ակտը բացակայում է: Վարձատուն փաստացի տարածքը վարձակալության է տվել, և վարձակալը օգտվում է վարձակալած տարածքից: Վարձակալության համար վարձատուն ներկայացնում է վարձակալին հարկային հաշիվներ` ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան:
Արդյո՞ք տվյալ դեպքում ընկերությունը կարող է վարձատուից ստացված հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցել:
Արդյո՞ք տվյալ դեպքում ընկերությունը կարող է վարձատուից ստացված հաշվի հիման վրա շահութահարկի առումով կատարել նվազեցումներ համախառն եկամտից:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 55-րդ հոդվածով սահմանված են ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և դրանց ներկայացվող պահանջները: Մասնավորապես, նշված հոդվածի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` հաշվարկային փաստաթուղթը նույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող` հարկ վճարողի կողմից դուրս գրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան` ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը փաստաթղթավորելու համար կիրառվում են նույն հոդված 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը (հարկային հաշիվը, հաշիվ վավերագիրը),
- 56-րդ հոդվածին համապատասխան` կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր,
- 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի): Նույն կետի կիրառության իմաստով` ծառայության մատուցում է համարվում նաև ապրանքի` վարձակալության կամ օգտագործման տրամադրումը,
- 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարները: Մասնավորապես, նույն մասի 1-ին կետին համապատասխան` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում ՀՀ տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրսգրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք հաշվանցվում (պակասեցվում) են նույն կետով սահմանված կարգավորումներին համապատասխան,
- 72-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման սահմանափակումները, իսկ օրենսգրքի 73-րդ հոդվածով` պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը,
- 111-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:
Հաշվի առնելով վերոգրյալ կարգավորումները` հայտնում ենք, որ անկախ վարձակալական պայմանագրի պետական գրանցման և տարածքի ավարտական ակտի բացակայության հանգամանքներից`
1) կազմակերպությունը գույքի վարձակալության գործարքների մասով պարտավոր է դուրս գրել օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր.
2) գույքի վարձակալության գործարքների մասով կազմակերպության կողմից օրենսգրքով սահմանված կարգով դուրսգրված հաշվարկային փաստաթուղթը (այդ թվում` հարկային հաշիվը) հանդիսանում է վարձակալական վճարի գծով ծախսը հիմնավորող փաստաթուղթ.
3) գույքի վարձակալության գործարքների մասով վարձատուից ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով` հաշվի առնելով օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածներով սահմանված սահմանափակումներն ու առանձնահատկությունները:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ