https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20249.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
4 հոկտեմբերի 2021 թվականի N 249
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Հաշվետու հարկային տարվա ընթացքում ռեզիդենտ շահութահարկ վճարողը` գործունեության առանձնահատկությունից ելնելով, համախառն եկամուտ չի ունեցել, սակայն կատարել է վարչական և ֆինանսական ծախսեր, որոնք վերաբերում են տվյալ հարկային տարվան: Համախառն եկամտի բացակայության պայմաններում տվյալ հարկային տարվան վերաբերող նշված ծախսերը, որպես նվազեցումներ ենթակա՞ են հաշվառման (կատարման), թե ոչ (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դրանք ներառվում են (կապիտալացվում են) ակտիվի սկզբնական արժեքի մեջ): Այսինքն, համախառն եկամտի բացակայության պայմաններում շահութահարկ վճարողի հարկային տարվա գործունեության արդյունքներով փաստացի առաջացած հարկային վնասը ենթակա է հայտարարագրման (շահութահարկի հաշվարկում արտացոլման), թե ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի համաձայն` ձեռնարկատիրական ծախս է համարվում կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի նվազումը կամ պարտավորության աճը, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների նվազեցմանը, բացառությամբ օրենսգրքի 112-րդ հոդվածով սահմանված ծախս չհամարվող տարրերի,
- 53-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 8-րդ մասի կիրառության իմաստով` գործունեության վերսկսում չի համարվում վարչական ծախսերի կատարումը, այդ թվում` վարձակալական վճարների կամ տոկոսների վճարումը կամ բաժանորդագրային հիմունքներով ստացվող ծառայությունների (մասնավորապես, հանրային ծառայությունների կամ կոմունալ ծառայությունների կամ համակարգչային ծրագրերից, տվյալների բազաներից, արտոնագրերից, լիցենզիաներից, ծանուցումներից, թույլտվություններից, առևտրային նշաններից, ապրանքային նշաններից, հեղինակային իրավունքներից և համանման այլ իրավունքներից օգտվելու ծառայությունների) համար վճարումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում նույն կետում նշված ծախսերի հայտարարագրման համար անհրաժեշտ` օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները,
- 110-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողների և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները` օրենսգրքի նույն բաժնով սահմանված կարգով և չափով,
- 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,
- 121-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով` շահութահարկ վճարողի գործունեության հետ կապված վարչական ծախսերը, իրացման ծախսերը, ոչ արտադրական բնույթի այլ ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն հարկային տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են (4-րդ կետ), ֆինանսական ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն հարկային տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են, բացառությամբ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դրանք ներառվում են (կապիտալացվում են) ակտիվի սկզբնական արժեքի մեջ (5-րդ կետ):
Հաշվի առնելով վեր նշված կարգավորումները` հայտնում ենք, որ շահութահարկ վճարողի գործունեության հետ կապված վարչական ծախսերը, իրացման ծախսերը, ոչ արտադրական բնույթի այլ ծախսերը, ֆինանսական ծախսերը (բացառությամբ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դրանք ներառվում են (կապիտալացվում են) ակտիվի սկզբնական արժեքի մեջ) համախառն եկամտից նվազեցվում են այն հարկային տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են: Ընդ որում, նշված ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաև համախառն եկամտի բացակայության դեպքում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ