https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20252.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
7 հոկտեմբերի 2021 թվականի N 252
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Արդյո՞ք այն օտարերկրյա գործուղման դեպքում, երբ առկա չեն գիշերավարձը հաստատող անհրաժեշտ փաստաթղթեր և աշխատակցին գիշերավարձի ծախսերի փոխհատուցումը կատարվում է N 2335-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված չափի 70%-ի սահմաններում, և միաժամանակ կատարված ծախսերը տարեկան կտրվածքով չեն գերազանցում ՀՀ հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափերը, այն է համախառն եկամտի 5%-ը, պետք է օրենքով սահմանված կարգով աշխատակցին գիշերավարձ վճարելիս որպես հարկային գործակալ հաշվարկել և ՀՀ պետական բյուջե վճարել եկամտային հարկ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին համապատասխան` հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի), ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս գործուղման դեպքում օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափերը չգերազանցող գումարների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:
Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը հաստատված է ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335 որոշման 1-ին հավելվածով: Նշված կարգի 11-րդ կետի 2-րդ պարբերությանը համապատասխան` գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել նույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը, բացառությամբ նույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է նույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի) սահմաններում գործուղման ծախսերի փոխհատուցման վճարները եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ: Մասնավորապես, ՀՀ տարածքից դուրս գործուղման դեպքում գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ