http://tvradio.am/wp-content/uploads/2021/10/156-21.pdf
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
13 հոկտեմբերի 2021 թվականի թիվ 156-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 70 000-ԻՑ ԱՎԵԼԻ ԸՆՏՐՈՂ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 11-րդ մասի և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 3-րդ և 11-րդ հոդվածի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 70000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը»` համաձայն հավելվածի:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Տ. ՀԱԿՈԲՅԱՆ
13 հոկտեմբերի 2021թ.
ք. Երևան
Հավելված
Հաստատված է
Հեռուստատեսության և
ռադիոյի հանձնաժողովի
2021 թվականի հոկտեմբերի 13-ի
թիվ 156-Ա որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 70 000-ԻՑ ԱՎԵԼԻ ԸՆՏՐՈՂ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ընդհանուր դրույթներ
1. Սույն մեթոդաբանությամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում 70000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների (այսուհետ` Ընտրություններ) նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների (այսուհետ` Հեռարձակողներ) կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման և Հեռարձակողների նախընտրական քարոզչության գործունեության արդյունքների հաշվարկման գործընթացը:
2. Սույն մեթոդաբանության նպատակն է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ոչ խտրական պայմանների և քաղաքացիների (ընտրողների) կողմից անկողմնակալ, ստուգված և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովումը:
Հեռարձակողների գործունեության` ընտրական օրենսդրության պահանջներին
համապատասխանությունը գնահատելու նպատակով իրականացվող մշտադիտարկում
3. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Հեռարձակողների հեռարձակած տեսալսողական ծրագրերի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրությանը համապատասխանության մշտադիտարկումն իրականացնում է հիմք ընդունելով հետևյալը.
1) տեսալսողական ծրագրերի և դրանց տեսագրությունների (ձայնագրությունների) ուղղակի դիտարկման արդյունքները.
2) տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյաններում մուտքագրված տվյալները և Հեռարձակողներից ստացված տեղեկատվությունը.
3) Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և (կամ) նրանց ներկայացուցիչների Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվությունը.
4) Հեռարձակողների կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրության խախտումների մասին զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները.
5) պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, քաղաքացիների կողմից Հանձնաժողով պաշտոնապես ներկայացրած տեղեկատվությունը:
4. Ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար և վճարովի կարգով տրամադրված եթերաժամի մշտադիտարկումն իրականացվում է հրապարակված վճարովի եթերաժամանակի սակագնի սահմանման և եթերաժամանակի տրամադրման կարգի` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Հեռարձակողների գործունեության ընտրական օրենսդրության պահանջների
ապահովման նպատակով գնահատումը նախընտրական
քարոզչության ժամանակահատվածում
5. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրական օրենսդրության պահանջների ապահովման նպատակով Հեռարձակողներն իրենց տեսալսողական հաղորդումներում ապահովում են.
1) փաստերի և կարծիքների միջև հստակ տարբերությունը.
2) հավաստի` ստուգված, անկողմնակալ և բարեխիղճ, փաստի կամ իրադարձության մասին տեղեկացումը.
3) կարծիքների անաչառության, կշռադատվածության և հակառակ տեսակետների ներկայացումը.
4) ներկայացված տեղեկություններում սխալների առկայության դեպքում` սեղմ ժամկետում միևնույն հաղորդման, իսկ հնարավորության բացակայության դեպքում` այլ հաղորդման ժամանակ այդ մասին իրազեկումը.
5) կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերի շուրջ իրենց տեսակետը հայտնող անձանց քաղաքական պատկանելությունը հաղորդավարների կողմից ներկայացումը.
6) տեսալսողական մեդիածառայությունն իր կողմից կազմակերպված և ներկայացված հեռուստաքվեարկման կամ հանրային կարծիքի սեփական հարցման ժամանակ հետևյալ պահանջների պահպանումը.
ա. չպետք է առաջարկվի փոխհատուցում հարցման մասնակիցներին.
բ. օգտատերերին քվեարկությանը կամ հարցմանը մասնակցելու հրավերը, ինչպես նաև արդյունքների ամփոփումը պետք է ուղեկցվեն հետևյալ տեքստային հաղորդագրությամբ. «Հեռուստաքվեարկությունը (հարցումը) որոշիչ չէ հանրային կարծիքի համար և հավասարազոր չէ սոցիալական հարցմանը»:
6. Լրատվական հաղորդումներում Հեռարձակողներն ապահովում են.
1) հավաստի և ստուգված նորություններ.
2) իրազեկումը` ներկայացված փաստերի անանուն կամ հավաստիությունը բավականաչափ չստուգված աղբյուրների վերաբերյալ.
3) ներկայացվող փաստերի և տվյալների էությանը հեռարձակվող վերնագրերի ու տեքստի վերաբերելի լինելը:
4) ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և թեկնածուների վերաբերյալ նախընտրական քարոզչության հետ չկապված հրապարակումների առավելագույն չեզոքությունը.
7. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրական օրենսդրության պահանջների ապահովման նպատակով Հանրային Հեռարձակողը (տեսալսողական ծրագիր) իր տեսալսողական ծրագրերում ապահովում է.
1) առնվազն մեկական, նախընտրական բանավեճ, որոնց մասնակցության հավասար պայմաններ են ապահովվում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար: Նախընտրական բանավեճի տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 90 րոպե.
2) անվճար եթերաժամերի և նախընտրական բանավեճերի ժամանակ հայերեն ժեստերի լեզվով թարգմանության ապահովում, ինչպես նաև եթերով նախընտրական քարոզչության հետ կապված տեսալսողական հաղորդումների տեսագրությունների հայերեն ենթագրերի ապահովում:
8. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Հեռարձակողների գործունեությունը և ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխանության մշտադիտարկման արդյունքում դիտարկողը գնահատում է`
1) հրապարակված վճարովի եթերաժամի սակագնի և հայտարարման ժամկետի օրենքի պահանջներին համապատասխանությունը.
2) մինչև Ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտը սակագնի անփոփոխությունը.
3) տրամադրվող եթերաժամանակի և դրա հեռարձակման ժամի համապատասխանությունը.
4) հանրային մուլտիպլեքսի` տվյալ մարզում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի եթերաժամից անվճար տրամադրվող եթերաժամանակի և դրա հեռարձակման ժամի համապատասխանությունը.
5) Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող տեսալսողական հաղորդումներում էկրանի վրա պարտադիր անընդմեջ «Նախընտրական քարոզչություն» լուսագրի հաղորդումներ սփռելը, իսկ լսողական հաղորդումների դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ դրա մասին հիշեցնելու համապատասխանությունը.
6) Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացրած նյութի հեռարձակելը մերժելու հիմքերի իրավաչափությունը, եթե Հեռարձակողները մերժել են այդ նյութի տեղադրումը (պատշաճ հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը):
9. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Հեռարձակողների կողմից հեռարձակված տեսալսողական ծրագրերը ուսումնասիրելիս, բացառությամբ Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներին անվճար և վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակի, դիտարկողը գնահատում է նաև`
1) Հեռարձակողների կողմից նախընտրական քարոզչական տեսալսողական և լրատվական հաղորդումներում սույն գնահատման մեթոդաբանության 5-ից 7-րդ կետերում սահմանված դրույթների պահպանումը.
2) Ընտրությունները լուսաբանողի, տեսալսողական հաղորդումներ վարողի, եթերում հանդես եկող Հեռարձակողի աշխատակցի Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակում ընդգրկված որպես թեկնածու գրանցված լինելու, ինչպես նաև աշխատանքային կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր ունեցող անձանց հանգամանքը, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածով սահմանված դեպքերի.
3) լրատվական թողարկումներում և քաղաքական հաղորդումներում Ընտրությունների նախընտրական քարոզչության միջոցառումների լուսաբանման գնահատականներից զերծ և անկողմնակալ լինելու հանգամանքը, հավասարության և ոչ խտրական սկզբունքի պահպանումը.
4) Ընտրություններին նախընտրական քարոզչություն իրականացնող հանրային ծառայության մեջ գտնվող անձի գործունեության լուսաբանման համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի պահանջներին, պաշտոնական և այլ գործունեության լուսաբանման տարանջատվածությունը.
5) Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներին Հեռարձակողների կողմից հեռարձակվող տեսալսողական հաղորդումներում և հաղորդաշարերում մասնակցության հավասար հնարավորություն ընձեռելու հանգամանքը.
6) Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ տեսալսողական հաղորդումներում և հաղորդաշարերում լրագրողի, տեսալսողական հաղորդումը վարողի, եթերում հանդես եկող Հեռարձակողի աշխատակցի անկողմնակալ լինելու հանգամանքը.
7) գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերում, տեսահոլովակներում, ձայնագրություններում, առևտրային գովազդում, Հեռարձակողի այնպիսի տեսալսողական հաղորդումներում, որոնք նվիրված չեն Ընտրությունների նախընտրական քարոզչության լուսաբանմանը, Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ նրանց ներկայացուցիչ չհանդիսացող անձի կողմից, այդ թվում` նաև ինտերակտիվ եղանակով, նախընտրական քարոզչություն իրականացնելու հանգամանքի առկայությունը (ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գործունեության, քաղաքական և (կամ) նախընտրական ծրագրերի հիշատակելը, ներկայացնելը, գնահատական հնչեցնելը, համեմատություն իրականացնելը, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների խորհրդանշանը և այլ խորհրդանիշերը չեն կարող նույնական կամ շփոթելու աստիճան նման լինել նույնական այլ գործող կուսակցությունների ու հասարակական այլ միավորումների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված կազմակերպությունների կամ կուսակցությունների խորհրդանշաններին և այլ խորհրդանիշերի, ինչպես նաև կողմ կամ դեմ քվեարկելու կոչով հանդես գալը).
8) Ընտրությունների մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին.
9) Հեռարձակողների կողմից տեսալսողական հաղորդումների ժամանակ սեփական էթիկական նորմերի պահպանումը.
10) Ընտրությունների քվեարկության օրը` մինչև ժամը 20:00-ն, ընտրողի տված քվեի մասին հարցման հրապարակման առկայության հանգամանքը.
11) Ընտրությունների նախընտրական քարոզչությանը վերաբերող տեսալսողական հաղորդումների ժամանակ առևտրային գովազդով ընդմիջելու սահմանափակման հանգամանքը:
12) Ընտրությունների քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչական նյութի տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձևով նախընտրական քարոզչության իրականացման առկայության հանգամանքը:
Մշտադիտարկման արդյունքում Հեռարձակողների նախընտրական քարոզչության
գործունեության արդյունքների հաշվարկման գործընթացը
10. Ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում և դրա ավարտից հետո հաշվարկվում են`
1) նախընտրական քարոզչության ընթացքում Ընտրություններին մասնակցող կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից յուրաքանչյուրին առանձին Հեռարձակողների կողմից անվճար և վճարովի կարգով տրամադրված ընդհանուր եթերային ժամանակը, այդ Հեռարձակողի տեսալսողական հաղորդումներին նրանց մասնակցության, ինչպես նաև նրանց նախընտրական քարոզչական գործունեության լուսաբանման տևողությունը.
2) նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին առանձին Հեռարձակողի կողմից անվճար և վճարովի կարգով տրամադրված ընդհանուր եթերային ժամանակը, Հեռարձակողի տեսալսողական հաղորդումներին նրանց մասնակցության, ինչպես նաև նախընտրական քարոզչական գործունեության լուսաբանման ընդհանուր տևողությունը.
3) նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից յուրաքանչյուրին բոլոր Հեռարձակողների կողմից անվճար և վճարովի կարգով տրամադրված ընդհանուր եթերային ժամանակը, տեսալսողական հաղորդումներին մասնակցության, ինչպես նաև նախընտրական քարոզչական գործունեության լուսաբանման ընդհանուր տևողությունը.
4) նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին բոլոր Հեռարձակողների կողմից անվճար և վճարովի կարգով տրամադրված ընդհանուր եթերային ժամանակը, տեսալսողական հաղորդումներին մասնակցության, ինչպես նաև նախընտրական քարոզչական գործունեության լուսաբանման ընդհանուր տևողությունը: