https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20256.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
14 հոկտեմբերի 2021 թվականի N 256
ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Հարկման ընդհանուր համակարգում գործող ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձը սույն թվականի հունիս ամսին իրականացրել է «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծում: Ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագիրը գրանցվել է 30.06.2021 թ.-ին, ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները վճարվել են 01.07.2021 թ.-ին: Տվյալ դեպքում հարկ վճարողի մոտ ո՞ր հաշվետու ժամանակաշրջանում է առաջանում ԱԱՀ-ի գումարների հաշվանցման իրավունքը:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները, որոնք հաշվանցվում (պակասեցվում) են նույն կետով սահմանված կարգավորումներին համապատասխան: Մասնավորապես, օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են` ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, բացառությամբ նույն կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերի:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման (պակասեցման) մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ