Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ             ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

    2021 թվականի հոկտեմբերի 5-ի         2021 թվականի հոկտեմբերի 8-ի

    N 483-Ն                             N 2056-Ն

    ք. Երևան                            ք. Երևան

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՊՈՍՏԻԼԻ ՁԵՎԱՆՄՈՒՇԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ, «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՊՈՍՏԻԼ» ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳՈՐԾԱԾԵԼՈՒ, ՏՎՅԱԼՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՊՈՍՏԻԼ» ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՎՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ

 

Սահմանել`

1. Պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու համար դիմում ներկայացնելու կարգը, ապոստիլի ձևանմուշը, տեսակները, վավերապայմանները և ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը գործածելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու ժամկետները և կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական շտեմարանը վարելու, օգտագործելու և տեխնիկական ապահովումն իրականացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, 4-րդ ենթակետի «բ», «գ», «դ», «ե» և «զ» պարբերություններում, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 24-րդ ենթակետերում նշված մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացումը իրականացվելու է 2022 թվականի փետրվարի 1-ից:

6. Սույն հրամանով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում, 16-րդ ենթակետի «ա», «բ» և «զ» պարբերություններում, 18-րդ, 25-րդ և 26-րդ ենթակետում նշված մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացումը իրականացվելու է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից:

7. Սույն հրամանով հաստատված N 1 հավելվածի 19-րդ կետով` էլեկտրոնային կնիքով և ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու համար առցանց դիմումները ընդունելու էլեկտրոնային հարթակը գործածվելու է 2023 թվականի հուլիսի 1-ից:

(7-րդ կետը փոփ. 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

 

    ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ         ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՏԱՐՈՂ

 

    Ք. ԳՐԻԳՈՐՅԱՆ                        Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

 

Հավելված N 1

Արդարադատության նախարարի

2021 թվականի հոկտեմբերի 5-ի

N 483-Ն և

Արտաքին գործերի նախարարի

2021 թվականի հոկտեմբերի 8-ի

N 2056-Ն համատեղ հրամանի

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՊՈՍՏԻԼԻ ՁԵՎԱՆՄՈՒՇԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՎՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու համար դիմում ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են ապոստիլի ձևանմուշը, տեսակները, վավերապայմանները և ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթերի ցանկը:

 

2. ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

2. Արդարադատության նախարարության կողմից ապոստիլով վավերացվում են.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կողմից աշխատանքի ընդունելու, աշխատանքից ազատելու մասին որոշումները, կարգադրությունները, հրամանները, աշխատակիցներին տրված աշխատանքի վայրի, զբաղեցրած պաշտոնի, աշխատած ժամանակահատվածի, աշխատավարձի վերաբերյալ տեղեկանքները, վերը նշված մարմինների աշխատակազմերի (այդ թվում` կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների) կողմից քաղաքացիներին և իրավաբանական անձանց դիմումների քննարկման արդյունքում տրամադրվող գրավոր պատասխանները:

2) Արդարադատության նախարարության կողմից տրված` երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացությունը, միջպետական որդեգրման վկայականը:

3) Առողջապահության նախարարության կողմից տրված`

ա. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտման) անհնարինության և բուժումն օտարերկրյա պետություններում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողովի դրական կամ բացասական եզրակացությունը,

բ. պատշաճ մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն ունենալու մասին տեղեկանքը (certificate of good standing),

գ. կորոնավիրուսի (քովիդ) համավարակի և ռազմական դրությամբ պայմանավորված Առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքներում ընդգրկվածության, մասնակցության վերաբերյալ տեղեկանքը,

դ. արտահանման հավաստագիրը,

ե. թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտահանման հավաստագիրը,

զ. մարդու արյան և դրա բաղադրամասերի արտահանման լիցենզիան,

է. թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների արտահանման լիցենզիան:

4) Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ՓԲԸ), պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ՊՈԱԿ), բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից տրված փաստաթղթերը, մասնավորապես.

ա. «Ակադ. Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված` հետբուհական մասնագիտական կրթության մասին դիպլոմը, դիպլոմի ներդիրը, կրթական ծրագիրը, ակադեմիական (առաջադիմության) տեղեկագիրը, կատարելագործման, կարճաժամկետ մասնագիտացման և կրեդիտավորված դասընթացների վկայականները, հիգիենիկ եզրակացությունը,

բ. բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից տրամադրված` դուրսգրման Էպիկրիզը, Ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից, երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից, հղիի և ծննդկանի անհատական քարտից, նորածնի վարման քարտից քաղվածքները, հղիության ընթացքի վերաբերյալ տեղեկանքը, փոխանակման քարտը, նորածնի փոխանակման քարտը, ծննդաբերության պատմագրից քաղվածքը, նորածնի մահվան էպիկրիզը, պտղի ներարգանդային զարգացման արատների ու անկանոնությունների ախտորոշման և վարման կոնսիլիումի եզրակացությունը, ծննդյան և մահվան մասին բժշկական վկայականը,

գ. «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրամադրված` մարդու իմունային անբավարարության վիրուսի նկատմամբ հակամարմինների հետազոտություն հավաստագիրը,

դ. «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի, թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն կողմից տրամադրված` թմրաբանական հաշվառման վերաբերյալ տեղեկանքը,

ե. հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից տրամադրված` հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց հաշվառման մեջ գտնվելու վերաբերյալ տեղեկանքը, հոգեկան առողջության վերաբերյալ եզրակացությունը,

զ. «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված` փորձագետի եզրակացությունը, մահվան մասին բժշկական վկայականը:

5) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից տրված.

ա. կենսաթոշակի վկայականը, կենսաթոշակի (նպաստի) տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքը,

բ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծրագրերի շահառու հանդիսանալու (չհանդիսանալու) մասին տեղեկանքը,

գ. տեսաներածված աշխատանքային գրքույկի պատճենը,

դ. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը (Միասնական սոցիալական ծառայություն),

ե. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացի աշխատողների համար աշխատանքի թույլտվությունը:

6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված.

ա. իրավաբանական անձանց տրամադրված` նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման, տարրական հանրակրթական ծրագրի իրականացման, հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման, միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացման, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման, միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման, բակալավրի կրթական ծրագրի իրականացման և մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիաները,

բ. մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը, մշակութային արժեքների փորձաքննությունն անցկացնող փորձագետի հավատարմագրման վկայագիրը, նվագարանի վկայականը

7) Պաշտպանության նախարարության կողմից տրված ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիաները, վերջնական օգտագործողի հավաստագիրը:

8) Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության և դրա տարածքային ստորաբաժանումների կողմից տրված նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկը, զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկը, զինվորական գրքույկը, քաղաքացու զինվորական հաշվառման վերցված լինելու մասին տեղեկանքը:

9) Պաշտպանության նախարարության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից տրված դուրսգրման Էպիկրիզը, Ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, ամբուլատոր բժշկական քարտից, հսկողության ամբուլատոր քարտից քաղվածքները, մահվան մասին բժշկական վկայականը,

10) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթերը (վկայական, ատեստատ, դիպլոմ, ներդիր) և դրանց հիման վրա կազմված տեղեկանքները, կրթական ծրագրերը, ակադեմիական (առաջադիմության) տեղեկագրերը,

11) Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված.

ա. թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան,

բ. Հայաստանի Հանրապետություն ալմաստների արտահանման ժամանակ Քիմբերլի գործընթացի հավաստագրերը,

գ. երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման մեկանգամյա, անհատական և ընդհանուր թույլտվությունները,

դ. վերջնական օգտագործողի և ներմուծման հավաստագրերը,

ե. Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 3808, բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման մեկանգամյա լիցենզիան,

զ. Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների` բացառությամբ շաքարի ճակնդեղի)` նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ եզրակացությունները,

է. Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման և գրանցման հավաստագրերը,

ը. թանկարժեք քարերի կամ թանկարժեք մետաղների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման (ներմուծման) համար տրամադրվող պետական վերահսկողության ակտերը:

12) Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված.

ա. բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունը,

բ. վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունը,

գ. «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով (այսուհետ` ՍԻԹԵՍ) կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և ներմուծելու թույլտվությունները (հավաստագրեր), այդ թվում` ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների արտահանման թույլտվությունը (հավաստագիր),

դ. ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների վերարտահանման թույլտվությունը (հավաստագիր),

ե. ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների ներմուծման թույլտվությունը (հավաստագիր),

զ. անազատ պայմաններում բուծված թառափազգիների տեսակների նմուշների արտահանման թույլտվությունը (հավաստագիր),

է. օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման (առաքման) մեկանգամյա լիցենզիան,

ը. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա, և լիցենզիայի ներդիրները,

թ. վտանգավոր թափոնների արտահանման և ներմուծման մեկանգամյա լիցենզիաները,

ժ. թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի ներմուծման մեկանգամյա լիցենզիաները,

ի. շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը,

լ. վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր և վայրի բույսերից դեղաբուսական հումք, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում-արտահանման մեկանգամյա լիցենզիան:

խ. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում- արտահանման մեկանգամյա լիցենզիան:

13) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և տարածքային կառավարման մարմինների, համայնքապետարանների (Երևան քաղաքի վարչական շրջանների) կողմից տրված`

ա. աշխատանքի ընդունելու, աշխատանքից ազատելու մասին որոշումները, կարգադրությունները, հրամանները, աշխատակիցներին տրված աշխատանքի վայրի, զբաղեցրած պաշտոնի, աշխատած ժամանակահատվածի, աշխատավարձի վերաբերյալ տեղեկանքները, վերը նշված մարմինների աշխատակազմերի (այդ թվում` կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների) կողմից քաղաքացիներին և իրավաբանական անձանց դիմումների քննարկման արդյունքում տրամադրվող գրավոր պատասխանները,

բ. խնամակալություն, հոգաբարձություն, պատրոնաժ սահմանելու մասին որոշումները, երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացությունը, խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունները, որոշումները, ակտերը,

գ. կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրերը,

դ. ընտանիքի կազմի, մշտական բնակության վայրի կամ փաստացի բնակության վայրի մասին տեղեկանքները,

ե. քաղաքացիների կամ իրավաբանական անձանց գրավոր դիմումի հիման վրա մարզպետարանի կամ համայնքի արխիվում առկա փաստաթղթերի պատճենները,

զ. մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ենթակայության բժշկական հաստատությունների կողմից տրված դուրսգրման Էպիկրիզը, ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից, երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից, հղիի և ծննդկանի անհատական քարտից, նորածնի վարման քարտից քաղվածքները, հղիության ընթացքի վերաբերյալ տեղեկանքը, փոխանակման քարտը, նորածնի փոխանակման քարտը, ծննդաբերության պատմագրից քաղվածքը, նորածնի մահվան էպիկրիզը, պտղի ներարգանդային զարգացման արատների ու անկանոնությունների ախտորոշման և վարման կոնսիլիումի եզրակացությունը, ծննդյան և մահվան մասին բժշկական վկայականը,

է. Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված` արտերկրում հուղարկավորված հայրենակիցների աճյունը ծննդավայրում հուղարկավորելու կամ վերահուղարկավորում իրականացնելու վերաբերյալ առարկություն չունենալու մասին գրությունը:

14) Կադաստրի կոմիտեի կողմից տրված.

ա. քարտեզագրողի, հեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի) և հողաշինարարի որակավորման վկայականը,

բ. գնահատողի որակավորման վկայականը:

15) Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված.

ա. կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, մշտական հաստատությունների, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման վերաբերյալ տեղեկանքը,

բ. ֆիզիկական անձանց անհատական հաշվի քաղվածքը,

գ. (գ պարբերությունն ուժը կորցրել է 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

դ. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտի կողմից վճարված հարկերի մասին տեղեկանքը,

ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքը,

զ. (զ պարբերությունն ուժը կորցրել է 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

է. (է պարբերությունն ուժը կորցրել է 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

ը. հարկ վճարողի դիմումի հիման` վրա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների, դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված գումարների և միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ տեղեկանքը,

թ. պետական եկամուտների կոմիտեի ստուգումների արդյունքում կազմված ակտերը և ուսումնասիրությունների արդյունքում կազմված արձանագրությունները:

16) Ոստիկանության կողմից տրված.

ա. անձի քաղաքացիության կամ քաղաքացիության բացակայության մասին տեղեկանքները (Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն),

բ. անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկանքը (Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն),

գ. բնակչության պետական ռեգիստրում անձի վերաբերյալ առկա տեղեկությունների մասին տեղեկանքը կամ գրությունը (Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն և տարածքային ստորաբաժանում),

դ. քարտադարաններում և արխիվային փաստաթղթերում առկա` անձի անձնական տվյալների, դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը կամ գրությունը (Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն և տարածքային ստորաբաժանում),

ե. անձի օրինական բնակությունը կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկանքը (Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն և տարածքային ստորաբաժանում),

զ. տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը (Ճանապարհային ոստիկանության ծառայություն)

17) Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերը, դրանց քաղվածքները:

18) Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված.

ա. իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ պարունակող միասնական պետական գրանցամատյանից տրվող քաղվածքները,

բ. իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի գրանցման և հաշվառման (այդ թվում` փոփոխությունների) արդյունքում տրամադրվող քաղվածքները կամ տեղեկանքները,

գ. շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ քաղվածքները:

19) Ազգային արխիվի կողմից տրված.

ա. աշխատանքային ստաժի, աշխատավարձի չափի, սոցապ վճարումների, կրթության, ներկայացուցչական մարմիններում ընտրվելու, պարգևատրումների, պատվավոր կոչումների, զինվորական ծառայություն, պարտիզանական և դիմադրության շարժումներին մասնակցության, համակենտրոնացման ճամբարներում գտնվելու, բռնադատվածության, անշարժ գույքի (կալվածք, հողամաս, գործարան, տուն, բնակարան, ավտոտնակ և այլն), բնակարանի կամ հողամասի սեփականաշնորհման պահին գրանցված անձանց քանակի վերաբերյալ տեղեկանքներ, քաղվածքներ կամ վավերացված լուսապատճեններ,

բ. Օրենսդիր, գործադիր մարմինների որոշումները, դատական մարմինների որոշումները կամ վճիռները, նոտարական գործարքները, կազմակերպության, բնակավայրերի կամ այլ անվանումների անվանափոխության, կենսագրական բնույթի (ազգության, ծննդի, ամուսնության, մահվան, անվան փոփոխման, որդեգրման, գաղթի, հայրենադարձության) տեղեկանքները:

20) քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականները, տեղեկանքները,

21) նոտարի գործառույթներից բխող գործողությունների արդյունքում կազմված փաստաթղթերը (վավերացված, հաստատված փաստաթղթերը, վկայագրերը և այլն)

22) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների կողմից տրված.

ա. ավարտական փաստաթղթերը (վկայական, ատեստատ, դիպլոմ, ներդիր) և դրանց հիման վրա կազմված տեղեկանքները, կրթական ծրագրերը, ակադեմիական (առաջադիմության) տեղեկագրերը,

բ. աշակերտների, ուսանողների, ուսումնառողների ուսումնական հաստատություն ընդունվելու, ուսումնառելու, ավարտելու, ուսումնառության ժամանակահատվածի, ուսանողական պրակտիկա անցնելու վերաբերյալ տեղեկանքները:

23) Բարձրագույն որակավորման կոմիտեի տրամադրված գիտական աստիճանի վկայագիրը, գիտական կոչման դիպլոմը, դրանց տրամադրման մասին տեղեկանքը:

24) պրոբացիայի շահառուին տրամադրվող պատժի կամ վերահսկողության ժամկետի ավարտի մասին տեղեկանքը:

25) Առողջապահության նախարարության, Պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, Կադաստրի կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Հայաստանի Հանրապետության դատարանների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների, Կենտրոնական բանկի, Նոտարական պալատի, Քրեակատարողական ծառայության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Ազգային արխիվի, Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների կողմից տրված աշխատանքի ընդունելու, աշխատանքից ազատելու մասին որոշումները, կարգադրությունները, հրամանները, աշխատակիցներին տրված աշխատանքի վայրի, զբաղեցրած պաշտոնի, աշխատած ժամանակահատվածի, աշխատավարձի վերաբերյալ տեղեկանքները,

26) Սույն կետի 25-րդ ենթակետում նշված մարմինների և կազմակերպությունների կողմից (այդ թվում` կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատարանների, կողմից քաղաքացիներին և իրավաբանական անձանց դիմումների քննարկման արդյունքում տրամադրվող գրավոր պատասխանները:

(2-րդ կետը փոփ. 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

3. Արտաքին գործերի նախարարության կողմից վավերացվում են

1) Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդման, հետախուզման և դատվածության բացակայության մասին տեղեկանքները,

2) Սույն հավելվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերը, որոնք ապոստիլով վավերացնելու համար ներկայացվել են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին:

 

3. ԱՊՈՍՏԻԼԻ, ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Ապոստիլը հավաստում է պաշտոնական փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի, նրա ստորագրության, փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

5. Յուրաքանչյուր փաստաթուղթ վավերացվում է մեկ ապոստիլով: Այն դեպքում, երբ պաշտոնական փաստաթղթի բնօրինակին կցված է այդ փաստաթղթի` նոտարական կարգով հաստատված պատճենը կամ թարգմանությունը, ապա ապոստիլով վավերացվում է դրանցից մեկը` դիմողի ցանկությամբ:

6. Ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթը մեկից ավելի էջից կազմված լինելու դեպքում, այն ապոստիլով վավերացնելու համար համարվում է ընդունված որպես մեկ փաստաթուղթ: Մեկից ավելի էջերից բաղկացած փաստաթուղթը բովանդակային իմաստով պետք է լինի փոխկապակցված, ավարտուն միտք պարունակող, էջերի բովանդակությունը` միմյանց լրացնող: Հնարավորության դեպքում` էջերը պետք է լինեն ամրացված այնպես, որ հնարավոր չլինի փոփոխել, խախտել փաստաթղթի ամբողջականությունը, էջերի հերթականությունը` առանց կարված մասը և դրված կնիքը վնասելու:

7. Ապոստիլը «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ պատրաստվող էլեկտրոնային ձևաթուղթ է համաձայն Ձև 1-ի:

8. Ապոստիլի բոլոր տողերը լրացվում են ձևաթղթի սյունակների համապատասխան` համապատասխանաբար հայերեն և անգլերեն լեզուներով: Սույն կետում նշված տողերը լրացվում են պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող աշխատակցի կողմից` «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի և դրանում առկա տվյալների միջոցով:

9. Ապոստիլի վրա «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով զետեղվում է պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող մարմնի ապոստիլի վավերացման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ վերջինիս հանձնարարությամբ` ստորաբաժանման աշխատակցի (լիազորությունների պատվիրակում) էլեկտրոնային ստորագրությունը (ՓիԴիԷֆ ֆորմատով, սքանավորված):

10. Ապոստիլի 9-րդ տողում «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դրվում է պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող մարմնի ապոստիլի վավերացման համար պատասխանատու ստորաբաժանման Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով էլեկտրոնային (ՓիԴիԷֆ ֆորմատով, սքանավորված) կնիքը:

11. Ապոստիլի վրա զետեղվում է «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող 16 նիշանոց հսկիչ համարը (tracking number) և արագ արձագանքման ծածկագիրը (QR code):

(11-րդ կետը փոփ. 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

12. Ապոստիլի իսկությունը կարող է ստուգվել սույն հավելվածի 11-րդ կետում նշված հսկիչ համարը մուտքագրելով պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում` www.e-verify.am, կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:

(12-րդ կետը փոփ. 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

13. Սույն հավելվածի 12-րդ կետում նշված տարբերակով ապոստիլի իսկության ստուգման ժամանակ արտացոլվում է ապոստիլով վավերացված պաշտոնական փաստաթղթի ՓիԴիԷֆ ֆորմատը, հաշվի առնելով սույն հավելվածի 32-րդ և 33-րդ կետերով փաստաթուղթը էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրելու պահանջները, և էլեկտրոնային ապոստիլը: Ապոստիլի ստորին հատվածում արտացոլվում է նաև ապոստիլով վավերացվող փաստաթղթի էջերի ամբողջական քանակը:

 

4. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

14. Պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին դիմումը (Ձև 2) պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) Դիմումի հասցեատեր հանդիսացող մարմնի անվանում,

2) Դիմումատուի անուն, ազգանուն, հասցե, պետությունը, որտեղ ներկայացվելու է ապոստիլով վավերացված պաշտոնական փաստաթուղթը,

3) Ապոստիլով վավերացման համար ներկայացված փաստաթղթի անվանում,

4) Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

5) դիմումի քննարկման գործընթացի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն,

6) դիմումատուի հեռախոսահամար` անհրաժեշտության դեպքում հետադարձ կապ հաստատելու համար, էլեկտրոնային փոստի հասցե` ապոստիլը նշված հասցեին ստանալու ցանկության դեպքում: Սույն հավելվածի 20-րդ կետով նախատեսված դեպքերում էլեկտրոնային հարթակի միջոցով առցանց դիմում ներկայացնելիս դիմողի բնակության կամ հաշվառման հասցեի փոխարեն նշվում է էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև դիմումում նշվում է էլեկտրոնային փաստաթղթի 16 նիշանոց հսկիչ համարը:

(14-րդ կետը փոփ. 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

15. Ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթուղթը պետք է տրամադրված լինի տվյալ փաստաթուղթը կազմելու և տրամադրելու իրավասություն ունեցող մարմնի կամ անձի կողմից:

16. Պաշտոնական փաստաթուղթը պետք է տրամադրված լինի այն տրամադրող անձի պաշտոնավարման ժամանակահատվածում:

17. Պաշտոնական փաստաթուղթը պետք է համապատասխանի այն տրամադրելու ժամանակահատվածում սահմանված ձևանմուշին և հաստատված տվյալ ժամանակահատվածում գործող կնիքով կամ դրոշմակնիքով, ինչպես նաև այն պետք է նախատեսված լինի քաղաքացիներին տրամադրելու համար:

18. Փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու դիմումները ընդունվում են Արդարադատության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից` սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված նախապայմանների համաձայն: Դիմումների ընդունման, պատասխանների տրամադրման աշխատանքային ժամերը որոշվում են սույն կետում նշված մարմինների կողմից:

19. Փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու դիմումը ներկայացվում է առցանց` դիմումների ընդունման համար նախատեսված էլեկտրոնային հարթակի միջոցով` սույն հավելվածի 20-րդ կետի նախապայմաններով կամ առձեռն` ներկայանալով սույն հավելվածի 18-րդ կետում նշված մարմիններին` ըստ այդ մարմինների կողմից ապոստիլով վավերացվող փաստաթղթերի տեսակների կամ սույն հավելվածի 23-րդ կետում նշված օպերատորներին: Առցանց դիմումները ընդունվում են միայն Արդարադատության նախարարության և Արտաքին գործերի նախարարության կողմից: Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ընդունվել նաև սույն հավելվածի 68-րդ կետով սահմանված եղանակով:

20. Դիմումները ընդունվում են առցանց` էլեկտրոնային հարթակի միջոցով, այն դեպքում, եթե ապոստիլով վավերացվում է էլեկտրոնային կնիքով և ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթուղթը, որի էլեկտրոնային բնօրինակը հասանելի է «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգին: Սույն կետում նշված վավերապայմանների որևէ մեկի բացակայության դեպքում պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու դիմումները ընդունվում են առձեռն:

(20-րդ կետը փոփ. 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

21. Պաշտոնական փաստաթղթի սքանավորված, լուսանկարված տարբերակը սույն հավելվածի իմաստով էլեկտրոնային փաստաթուղթ չի համարվում:

22. Պաշտոնական այն փաստաթղթերը, որոնց էլեկտրոնային տարբերակը տրամադրելու իրավասությամբ օժտված են պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող մարմինները և որոնց ձեռք բերման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է այդ մարմիններին դիմում ներկայացնելու առցանց եղանակ, կարող են, դիմողի ցանկությամբ, վավերացվել ապոստիլով համապատասխան փաստաթուղթը ստանալու մասին առցանց դիմումում այդ մասին նշված լինելու դեպքում, եթե համապատասխան առցանց համակարգը ընձեռում է նման հնարավորություն: Սույն կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը առցանց եղանակով ստանալու էլեկտրոնային դիմումը պետք է պարունակի փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու մասին գրառում կատարելու համապատասխան բաժին:

23. Պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու դիմումները (Ձև 9) կարող են ընդունվել դիմողից նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված օպերատորների կողմից` առձեռն:

24. Ապոստիլով վավերացնելու համար պաշտոնական փաստաթուղթը առձեռն տրամադրելու համար դիմում ներկայացնելիս դիմողը ներկայանում է սույն հավելվածի 18-րդ կետում նշված մարմիններին` հաշվի առնելով 2-րդ և 3-րդ կետերի նախապայմանները, և 23-րդ կետերում նշված օպերատորներին:

25. Սույն հավելվածի 24-րդ կետով սահմանված դեպքում դիմողի կողմից ներկայացվում է դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, տրամադրվում է ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթղթի բնօրինակը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման հավաստումը:

26. Սույն հավելվածի 20-րդ կետում նշված դեպքերում առցանց դիմում ներկայացնելու պարագայում դիմումին կցվում է դիմողի անձը հաստատող փաստաթղթի սքանավորված տարբերակը կամ լուսանկարը, պետական տուրքի վճարման հավաստումը: Ապոստիլով վավերացվում է այն էլեկտրոնային փաստաթուղթը, որի հսկիչ համարը նշվել է դիմողի կողմից: Դիմողի կողմից էլեկտրոնային փաստաթղթի հսկիչ համարի սխալ լրացման հետևանքով, որի արդյունքում վավերացվում է մեկ այլ փաստաթուղթ, փաստաթղթի ապոստիլով վավերացման համար պատասխանատու մարմինը պատասխանատվություն չի կրում: Նման պարագայում ծառայությունը համարվում է մատուցված, իսկ պաշտոնական այն փաստաթղթի ապոստիլով վավերացումը, որը չի իրականացվել դիմողի կողմից հսկիչ համարը սխալ լրացված լինելու պատճառով, ապահովվում է դիմողի կողմից ներկայացված նոր դիմումի հիման վրա սույն հավելվածում սահմանված կարգով:

(26-րդ կետը փոփ. 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

27. Ապոստիլով վավերացնելու համար պաշտոնական փաստաթուղթը առձեռն տրամադրելու դեպքում դիմումը (Ձև 2) լրացվում է սույն հավելվածի 18-րդ կետում նշված մարմինների աշխատակիցների կողմից «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Դիմողի ստորագրությունը ապահովվում է էլեկտրոնային սարքավորման միջոցով և, վերբեռնելով «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, արտացոլվում է դիմումի մեջ: Դիմումը ստորագրելուց հետո Դիմողին տրամադրվում է դիմումի ծանուցում (Ձև 3)` դիմումի համարի, ընդունման ամսաթվի, պատասխանը ստանալու նախնական ամսաթվի մասին տեղեկություններով կամ այն ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին:

28. Առցանց ներկայացված դիմումը ընդունելու դեպքում դիմողի էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվում է սույն հավելվածի 27-րդ կետում նշված ծանուցումը:

29. Սույն հավելվածի 23-րդ կետում նշված օպերատորի կողմից լրացվում է դիմում (Ձև 9) և ներկայացվում է դիմողին` ստորագրության: Օպերատորի կողմից ընդունված դիմումը, դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթղթի բնօրինակը և պետական տուրքի վճարման հավաստումը փոստային ծառայության միջոցով ուղարկվում է Արդարադատության նախարարություն կամ Արտաքին գործերի նախարարություն` ըստ ապոստիլով վավերացվող փաստաթղթի տեսակի:

30. Օպերատորի կողմից ուղարկված դիմումը մուտքագրվում է «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որպես նոր դիմում, որի համար դիմողի ստորագրությունը չի պահանջվում` հիմք ընդունելով օպերատորի կողմից ներկայացված դիմողի կողմից ստորագրված դիմումը:

(30-րդ կետը փոփ. 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

31. Ապոստիլով վավերացնելու ենթակա բնօրինակ փաստաթուղթը և պետական տուրքի վճարման հավաստումը սքանավորվում է դիմում ընդունող սույն հավելվածի 18-րդ կետում նշված մարմինների աշխատակիցների կողմից և մուտքագրվում է «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ: Սույն կետում նշված փաստաթղթերը մուտքագրվում են յուրաքանչյուրի համար առանձնացված բաժիններում:

32. Մեկից վեց էջերից բաղկացած պաշտոնական փաստաթուղթը սքանավորվում և մուտքագրվում է պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ ամբողջությամբ:

33. Յոթ և ավել էջերից բաղկացած փաստաթուղթ ներկայացնելու դեպքում սքանավորվում և պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ է մուտքագրվում տվյալ փաստաթղթի առաջին և վերջին հատվածների էջերից` ընդհանուր թվով վեց էջ, այնպես, որ արտացոլվեն պաշտոնական փաստաթուղթը ստորագրող անձի տվյալները, ստորագրությունը և կնիքը:

34. Դիմումում նշվում է ներկայացված փաստաթղթի էջերի ամբողջական քանակը:

35. Սույն հավելվածի 20-րդ կետում նշված վավերապայմանների առկայությամբ Էլեկտրոնային փաստաթղթերը վերբեռնվում են այդ փաստաթղթերը ստեղծած համապատասխան էլեկտրոնային կառավարման համակարգերից «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ ամբողջությամբ, առանց դրանց սքանավորման` դիմողի կողմից նշված հսկիչ համարի միջոցով: Սույն կետում նշված` փաստաթղթի վերբեռնումը իրականացվում է, եթե այդ համակարգը համակցված է «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգին և դրա էլեկտրոնային բնօրինակը հասանելի վերջինիս:

(35-րդ կետը փոփ. 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

36. «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ դիմումի և ապոստիլով վավերացվող փաստաթղթի մուտքագրումը հաստատելուց հետո, դիմումն ընդունող աշխատակցի կողմից էլեկտրոնային համակարգի միջոցով այն ուղարկվում է պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող աշխատակցին:

37. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի աշխատակցի կողմից ընդունված դիմումը Էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվում է Արտաքին գործերի նախարարություն` ապոստիլով վավերացնող աշխատակցին:

38. Մինչև սույն հավելվածի 24-րդ կետով նախատեսված դիմումը լրացնելը այն ընդունող աշխատակցի կողմից նախապես ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով:

39. Այն դեպքում, երբ պաշտոնական փաստաթղթերի նախնական ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ ներկայացվող փաստաթղթերը լիարժեք չեն կամ չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված պահանջներին, ապա աշխատակցի կողմից դիմում չի լրացվում, իսկ ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են դիմողին` առաջարկելով լրացնել դրանք կամ ապահովել փաստաթղթի` ապոստիլով վավերացման համար անհրաժեշտ վավերապայմանները (ընթեռնելի ստորագրություն, կնիք կամ դրոշմակնիք, փաստաթուղթը ստորագրած մարմնի կամ անձի տվյալներ):

40. Եթե սույն հավելվածի 39-րդ կետում նշված դեպքերում, աշխատակցից անհրաժեշտ խորհրդատվություն ստանալուց հետո դիմողը պնդում է ընդունել իր կողմից ներկայացվող պաշտոնական փաստաթուղթը, ապա աշխատակցի կողմից ապահովվում է սույն հավելվածով դիմումի ընդունման և ուսումնասիրության համար նախատեսված ընթացակարգը: Տվյալ դեպքում աշխատակցի կողմից զգուշացվում է, որ ներկայացվող փաստաթղթի ապոստիլով վավերացումը կարող է մերժվել:

41. Դիմում լրացնելիս դիմողի անձը հաստատող փաստաթղթի, ապոստիլով վավերացվող փաստաթղթի բնօրինակի և պետական տուրքի վճարման հավաստման առկայությունը պարտադիր է, որի բացակայության դեպքում «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմում չի լրացվում և չի մուտքագրվում: Սույն կետում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում դիմողը կարող է ներկայացնել հասարակ գրավոր դիմում, որը ուսումնասիրվում և պատասխանը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում:

42. Սույն հավելվածի 23-րդ կետում նշված օպերատորների կողմից ներկայացված դիմումներում դիմողի ստորագրության բացակայության, դիմումը թերի, կամ ոչ պարզ լրացված լինելու, դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենի, ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթի բնօրինակի, պետական տուրքի վճարման հավաստման բացակայության և տեխնիկական այնպիսի խնդիրների դեպքում, որոնք չեն առնչվում պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար նախատեսված վավերապայմանների գնահատման հետ, դիմումը չի մուտքագրվում «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ: Նշված դեպքում ներկայացված փաստաթղթերը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են համապատասխան օպերատորին` նշելով պատճառների մասին:

43. Սույն հավելվածի 20-րդ կետում նշված փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու առցանց դիմումները ինքնաշխատ կերպով մուտքագրվում են «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ և ընթացիկ հերթական համարի ներքո հասանելի են դառնում անմիջապես պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող աշխատակցին:

(43-րդ կետը փոփ. 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

44. Առցանց դիմում ներկայացնելու դեպքում վճարումը կատարվում է առցանց` հարթակում առաջարկվող վճարային համակարգի միջոցով: Դիմում լրացնելիս ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի հսկիչ համարը նշելուց հետո դիմողին հնարավորություն է ընձեռվում դիտել փաստաթուղթը, որը ինքնաշխատ վերբեռնվում է այն ստեղծած էլեկտրոնային համակարգից և կցվում է դիմումին: Փաստաթղթի հսկիչ համարը սխալ նշվելու հետևանքով այլ փաստաթուղթ վերբեռնվելու դեպքում դիմողը հնարավորություն ունի ուղղել հսկիչ համարը ճիշտ փաստաթուղթ վերբեռնելու նպատակով: Դիմումի լրացման ընթացքը չի համարվում ավարտված և այն չի մուտքագրվում «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, եթե լրացված չեն պարտադիր լրացման ենթակա սյունակները, կցված չէ անձը հաստատող փաստաթուղթը, չի կատարվել վճարումը, նշված չէ հսկիչ համարը կամ հսկիչ համարի միջոցով չի վերբեռնվել էլեկտրոնային փաստաթուղթը: Դիմումին կցված անձը հաստատող փաստաթուղթ կցված չլինելու կամ այն ընթերցելու անհնարինության դեպքում դիմումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է էլեկտրոնային համակարգի միջոցով (Ձև 5)` պահանջվող փաստաթուղթը կրկին կցելու և ապոստիլով վավերացնող մարմնին ներկայացնելու նպատակով: Նշված դեպքում դիմումը համարվում է ընդունված այն կրկին ներկայացնելու պահից, կրկնակի վճարում և էլեկտրոնային փաստաթղթի վերբեռնում չի պահանջվում:

(44-րդ կետը փոփ. 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

45. Էլեկտրոնային փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու մասին դիմում կարող է ներկայացվել նաև սույն հավելվածի 18-րդ կետում նշված մարմիններին` առձեռն տարբերակով: Նշված դեպքում դիմողի կողմից նշվում է էլեկտրոնային փաստաթղթի հսկիչ համարը` փաստաթուղթը «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրելու համար: Փաստաթղթի հսկիչ համարը սխալ հայտնելու հետևանքները կրում է դիմողը: Դիմողի կողմից տրամադրված հսկիչ համարով փաստաթուղթը չհայտնաբերելու դեպքում դիմումը չի մուտքագրվում, որի մասին տեղեկացվում է դիմողին:

(45-րդ կետը փոփ. 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

46. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու դիմումները քննարկվում և ապոստիլով վավերացվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հավելվածի 49-րդ կետերում նշված դեպքերի:

47. Պաշտոնական փաստաթուղթը ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնեական դիրքի տվյալների, փաստաթղթում առկա ստորագրությունների, կնիքների կամ դրոշմակնիքների իսկությունը ստուգվում է ապոստիլի էլեկտրոնային միասնական շտեմարանում առկա (պաշտոնապես ստացված) տվյալների հետ համեմատելու միջոցով:

48. Պաշտոնական փաստաթղթի, այդ թվում դրանում առկա գրառումների իսկության ստուգումը իրականացվում է հիմք ընդունելով տվյալ փաստաթուղթը կազմելու, տրամադրելու համար հիմք հանդիսացող համապատասխան իրավական ակտերը:

49. Էլեկտրոնային միասնական շտեմարանում պաշտոնական փաստաթուղթը ստորագրած անձի, նրա պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի տվյալների, ստորագրության, կնիքի (դրոշմակնիքի) նմուշի բացակայության դեպքում պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող մարմնի կողմից հարցում է կատարվում համապատասխան մարմին կամ անձին` անհրաժեշտ նմուշները և տեղեկությունները ստանալու նպատակով: Հարցումը կատարվում է դիմումը մուտք լինելուց 1 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված դեպքերում Արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտ տեղեկությունները ստանալու համար հարցում է կատարում Արդարադատության նախարարությանը` «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:

50. Այն դեպքում, երբ վաղեմության կամ այլ պատճառներով անհնարին է լինում ձեռք բերել պաշտոնական փաստաթուղթը ստորագրած անձի, նրա պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները, ստորագրության, կնիքի (դրոշմակնիքի) նմուշները, ապա, փաստաթղթի իսկությունը կասկած չհարուցելու դեպքում, պաշտոնական փաստաթղթի ապոստիլով վավերացումը կատարվում է տվյալ փաստաթղթի 2-րդ տողում նշելով «պաշտոնատար անձի կողմից» («an official») բառերը, 3-րդ տողում` փաստաթուղթը տրամադրող անձի կամ մարմնի ընդհանուր անվանումը, օրինակ «ՔԿԱԳ տարածքային բաժնի վարիչ», «առաջին ատյանի դատավոր», «նոտար», 4-րդ տողում` «համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժին», «դատարան», «նոտար»:

51. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու ժամկետը երկարաձգելու օրենսդրությամբ սահմանված հիմքերի դեպքում ապոստիլով վավերացնելու ժամկետը երկարաձգվում է, որի մասին տեղեկացվում է դիմողին էլեկտրոնային փոստի հասցեով (Ձև 7), կամ հաղորդագրությամբ, կամ հեռախոսազանգով դիմումը ընդունելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

52. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չեն հաշվարկվում այն ապոստիլով վավերացնելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ, այդ թվում` այն կազմող անձի ստորագրության, պաշտոնեական դիրքի, կնիքի (դրոշմակնիքի) նմուշերը ստանալու համար հարցումներ կատարելու ժամանակահատվածը:

53. Այն դեպքում, երբ դիմողը չի համաձայնվում պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար սահմանված ժամկետի երկարաձգման հետ, դիմողին են վերադարձվում ներկայացված փաստաթղթերը` առանց ապոստիլի վավերացման իր դիմումի հիման վրա: Սույն կետում նշված դեպքում դիմողին տրամադրվում է գրություն (Ձև 8) վճարված պետական տուրքի դիմած ծառայություն մատուցված չլինելու մասին: Սույն կետում նշված փաստաթղթերը դիմողին վերադարձվում են դիմումը ներկայացնելու եղանակով:

54. Սույն հավելվածի 23-րդ կետում նշված օպերատորների կողմից դիմումի ներկայացման կամ վերջիններիս պատասխանը ուղարկելու ժամկետը չի հաշվարկվում պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ժամկետում:

55. Ապոստիլով վավերացնելու համար ներկայացված իսկությանը չհամապատասխանող, կեղծ փաստաթղթերը դիմողին չեն վերադարձվում` նշելով պատճառների մասին, որի մասին դիմողին տեղեկացվում է դիմումը ներկայացնելու եղանակով: Սույն կետում նշված փաստաթուղթ հայտնաբերելու մասին տեղեկացվում է Ոստիկանությունը:

56. Այն դեպքում, երբ բնօրինակ պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող աշխատակցի կողմից ուսումնասիրության արդյունքում չեն հայտնաբերվում պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացումը մերժելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերը, ներկայացված փաստաթուղթը վավերացվում է ապոստիլով:

57. Ապոստիլով վավերացնելու դեպքում դիմողին այդ մասին տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով (Ձև 4), որին ուղարկվում է ապոստիլի իսկության ստուգման 16 նիշանոց հսկիչ համարը և արագ արձագանքման ծածկագիրը, ինչպես նաև ապոստիլով վավերացված փաստաթղթի սքանավորված տարբերակը և էլեկտրոնային ապոստիլը` հաշվի առնելով սույն հավելվածի 13-րդ կետի պահանջները: Առձեռն դիմում ներկայացնելու դեպքում դիմողին, իր ցանկությամբ, տրամադրվում է պաշտոնական փաստաթղթի պատճենը (մեկից ավել էջերի դեպքում` առաջին էջը) և այն ապոստիլի արտատպված տարբերակը, որով վավերացվել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Դիմողին է վերադարձվում է նաև պաշտոնական փաստաթղթի բնօրինակը:

(57-րդ կետը փոփ. 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

58. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացումը մերժելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում պաշտոնական փաստաթղթի ապոստիլով վավերացումը մերժելու, ներկայացված պետական տուրքի վճարման հավաստմամբ ծառայություն մատուցված չլինելու մասին դիմողին տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով (Ձև 6): Սույն կետում նշված դեպքում նշված տեղեկությունները տրամադրվում են գրությամբ` հաստատված էլեկտրոնային ստորագրությամբ և էլեկտրոնային կնիքով: Առձեռն դիմում ներկայացնելու դեպքում դիմողին, իր ցանկությամբ, գրությունը տրամադրվում է նաև առձեռն: Պաշտոնական փաստաթղթի ապոստիլով վավերացումը մերժելու մասին տեղեկացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

59. Սույն հավելվածի 58-րդ կետում նշված դեպքում դիմողին են վերադարձվում պաշտոնական փաստաթղթի բնօրինակը, պետական տուրքի վճարման հավաստումը:

60. Առձեռն դիմում ներկայացնելիս դիմողի կողմից էլեկտրոնային փոստի վերաբերյալ տեղեկություններ տրամադրված չլինելու պարագայում դիմողը սույն հավելվածի 57-րդ և 58-րդ կետերով նախատեսված` պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացված լինելու կամ վավերացումը մերժելու մասին էլեկտրոնային փոստով չի տեղեկացվում: Էլեկտրոնային փոստի բացակայության դեպքում դիմումի քննարկման արդյունքների մասին դիմողը կարող է տեղեկանալ ներկայանալով պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացրած մարմնին: Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացված լինելու տեղեկությունները, ապոստիլը, պաշտոնական փաստաթղթի բնօրինակը կամ վավերացումը մերժելու դեպքում` մերժման գրությունը, սույն հավելվածի 59-րդ կետում նշված` վերադարձման ենթակա փաստաթղթերը փոստային առաքման միջոցով դիմողին չեն տրամադրվում:

61. Սույն հավելվածի 57-րդ և 58-րդ կետերը վերաբերում են նաև առցանց և օպերատորների միջոցով ներկայացված դիմումներին: Օպերատորի միջոցով ներկայացված դիմումներում դիմողի Էլեկտրոնային փոստի հասցեի բացակայության դեպքում պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացված լինելու կամ վավերացումը մերժելու մասին էլեկտրոնային փոստով չի տեղեկացվում:

62. Օպերատորների միջոցով ներկայացված պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու դեպքում փոստային ծառայության միջոցով վերջիններիս են ուղարկվում պաշտոնական փաստաթղթի բնօրինակը, այն հաստատող ապոստիլի արտատպված տարբերակը, իսկ ապոստիլով հաստատումը մերժելու դեպքում` ապոստիլի վավերացումը մերժելու մասին գրությունը պետական տուրքի վճարման հավաստմամբ ծառայություն մատուցված չլինելու մասին տեղեկություններով, պաշտոնական փաստաթղթի բնօրինակը, պետական տուրքի վճարման հավաստումը` դիմողին փոխանցելու նպատակով:

63. Սույն հավելվածի 46-րդ կետում նշված ժամկետում չի հաշվարկվում, սույն հավելվածի 22-րդ կետում նշված էլեկտրոնային փաստաթղթեր ստանալու համար ներկայացված դիմումի քննարկման համար նախատեսված ժամկետը: Սույն կետում նշված պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում հայցվող էլեկտրոնային փաստաթուղթը պատրաստելու օրը:

64. Այն դեպքերում, երբ պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելուց հետո պարզվում է, որ այն կեղծ է, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն փաստաթղթի կեղծ լինելու հիմնավորմամբ և պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում տվյալ ապոստիլի 16 նիշանոց հսկիչ համարի և ծածկագրի ներքո զետեղվում է «նշված ծածկագրով որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել» բառերը հայերեն և անգլերեն լեզուներով: Սույն կետում նշված տեղեկությունները հասանելի են լինում տվյալ պաշտոնական փաստաթղթի իսկությունը ստուգող անձանց: Փաստաթղթի կեղծ լինելու մասին տեղեկացվում է Ոստիկանությանը:

(64-րդ կետը փոփ. 31.08.2022 թիվ 521-Ն և 15.09.2022 թիվ 2269-Ն համատեղ հրաման)

65. Այն դեպքերում, երբ դիմողը, մինչև պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելը, ցանկություն է հայտնում հետ վերցնել դիմումը և տրամադրված փաստաթղթերը, ապա «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրված դիմումը չեղարկվում է: Դիմողին են վերադարձվում պաշտոնական փաստաթղթի բնօրինակը, պետական տուրքի վճարման հավաստումը և պետական տուրքի վճարման հավաստմամբ ծառայություն մատուցված չլինելու մասին տեղեկանքը:

66. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելուց հետո ապոստիլը դիմողի ցանկությամբ չի չեղարկվում, ծառայությունը համարվում է մատուցված և չի վերադարձվում պետական տուրքի վճարման հավաստումը:

67. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող աշխատակցի կողմից ապոստիլի բաժինները լրացնելուց տեխնիկական սխալ թույլ տալու դեպքում այդ տվյալները ենթարկվում են շտկման և անհրաժեշտ փոփոխման:

68. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու մասին սույն հավելվածով նախատեսված դիմումը` լրացված և ստորագրված տարբերակով կարող է ներկայացվել նաև փոստային ծառայության միջոցով` կցելով սույն հավելվածի 25-րդ կետում նշված փաստաթղթերը: Սույն կետում նշված դեպքում փոստային ծառայության ծախսերը, այդ թվում հետադարձ նամակի ստացման, դրա հետ կապված ծառայության մատուցման, ինչպես նաև ծրարի և փաստաթղթերի կորստյան ռիսկերը կրում է դիմողը: Սույն կետում նշված փոստային ծառայությունը պետք է ներառի դիմումի քննարկման արդյունքում տրամադրվող փաստաթղթերը պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող մարմնից ստանալու ծառայությունը: Փոստային նման ծառայության բացակայության դեպքում դիմումի քննարկման պատասխանը տրամադրվում է առձեռն:

69. Սույն հավելվածի 68-րդ կետում նշված դեպքում փաստաթղթերով ծրարները ընդունվում են Արդարադատության նախարարության կամ Արտաքին գործերի նախարարության կողմից: Պատասխան նամակները հանձնվում են փոստային ծառայության աշխատակցին գերատեսչությունների տարածքում: Պատասխան նամակների պատրաստ լինելու մասին գերատեսչության կողմից տեղեկացվում է դիմողին վերջինիս կողմից նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով:

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Արդարադատության նախարարություն
05.10.2021
N 483-Ն
Համատեղ հրաման