https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20263.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
19 հոկտեմբերի 2021 թվականի N 263
ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Հիփոթեքային վարկի միջոցով ձեռք է բերվել գնման իրավունքով բնակարան` անմիջապես կառուցապատողից: Բնակարանի կառուցումը դեռևս ավարտված չէ և բնակարանը չունի ավարտական ակտ: Բնակարանի սեփականատերը ցանկանում է վերը նշված բնակարանի նկատմամբ ունեցած գնման իրավունքը զիջել մեկ այլ անձի, ով հանդիսանում է վարձու աշխատող: Ձեռք բերելով տվյալ բնակարանի գնման իրավունքը` գնորդը կարո՞ղ է օգտվել ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի գումարների վերադարձման իրավունքից:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի`
- 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները,
- 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով,
- 6-րդ մասին համապատասխան` նույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:
«Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման» կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017 թ.-ի N 1321-Ն որոշմամբ: Նշված կարգի`
- 2-րդ կետի համաձայն` նույն կարգի գործողությունը տարածվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերող, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան (այդ թվում` ավտոկայանատեղի, եթե այն ՀՀ կառավարության սահմանած կարգով կցված է բնակարանին) ձեռք բերող, կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերող, կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների (այսուհետ` վարկառու) վրա` վերջիններիս կողմից նույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային մարմին ներկայացվելու դեպքում,
- 5-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն, ի թիվս այլ փաստաթղթերի, հարկային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռքբերված (բերվող) լինելու մասին,
- 8-րդ կետը սահմանում է եկամտային հարկի վերադարձման մասին դիմումի մերժման հիմքերը, մասնավորապես` դիմումը մերժվում է, եթե չեն ներկայացվել Կարգի 5-7-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի`
- 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն,
- 436-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
- 441-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Կողմերն իրավունք ունեն սահմանելու, որ իրենց կնքած պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիր կնքելն իրենց միջև ծագած հարաբերությունների նկատմամբ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, օրենքով կամ պայմանագրով կարող է նախատեսվել, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով դադարում են կողմերի պարտավորությունները: Պայմանագիրը, որում բացակայում է նման պայմանը, գործում է մինչև դրանով որոշված պարտավորության կատարման ավարտը,
- 466-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով,
- 468-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից,
- 470-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը /վաճառողը/ պարտավորվում է մյուս կողմին /գնորդին/ որպես սեփականություն հանձնել /գույք/ ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար /գինը/:
Օրենսդրական վերոնշյալ կարգավորումներից հետևում է, որ պայմանագիրն իրավաբանական փաստ է, որն իր գործողությամբ առաջացնում է իրավական հետևանքներ և որը դադարում է այլ իրավաբանական փաստերի արդյունքում, ինչպիսիք են պայմանագրով պարտավորությունների կատարումը, պայմանագրի լուծումը և այլն:
Պայմանագիրը փոփոխելու վերաբերյալ համաձայնությունը ևս պայմանագիր է` ուղղված կոնկրետ իրավական հետևանքի առաջացմանը, այն է` կողմերի միջև պայմանագրով սահմանված պարտավորությունների փոփոխմանը:
Միաժամանակ, օրենսգրքի`
- 397-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա,
- 399-րդ հոդվածի համաձայն` սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Մասնավորապես, նոր պարտատիրոջն են անցնում պարտավորության կատարումն ապահովող, ինչպես նաև պահանջի հետ կապված այլ իրավունքները` ներառյալ չվճարված տոկոսների նկատմամբ իրավունքը,
- 570.1 հոդվածի 9-րդ մասի համաձայն` անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով անշարժ գույք գնելու իրավունքը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների նկատմամբ գնորդի իրավունքներով հանդերձ կարող է հատուցմամբ կամ անհատույց օտարվել, գրավադրվել կամ փոխանցվել այլ անձի համընդհանուր իրավահաջորդության հետևանքով` իրավունքների և պարտականությունների առկա ծավալով, այդ մասին տեղեկացնելով կառուցապատողին:
Հաշվի անելով վերոգրյալը` հայտնում ենք, որ այն դեպքերում, երբ ֆիզիկական անձը մեկ այլ ֆիզիկական անձից ձեռք է բերում նոր կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան գնելու իրավունք, որն էլ հետագայում հիմք է հանդիսանում շենքը կառուցապատողից բնակարան ձեռք բերելու համար, իրավունքը ձեռք բերող ֆիզիկական անձի նկատմամբ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի դրույթները կիրառելի են: Հետևաբար` նոր կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան գնելու իրավունքը պահանջի զիջման հիմքով ձեռք բերելու դեպքում վարկառու ֆիզիկական անձը կարող է օգտվել ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի գումարների վերադարձման իրավունքից` օրենսդրությամբ սահմանված բոլոր պայմաններն ապահովված լինելու դեպքում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ