https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20267.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
21 հոկտեմբերի 2021 թվականի N 267
ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունը, որը պետական գրանցում է ստացել 2021 թվականին, զբաղվում է բացառապես բեռնափոխադրման ծառայությունով: 2021 թվականին ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ ներկայացրել է հայտարարություն: Բեռնափոխադրումներ իրականացնում է ինչպես ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից, այնպես էլ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից: Կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերվում վառելիք: Տվյալ դեպքում արդյո՞ք ոչ ռեզիդենտ կազմակերպությունից վառելիքի համար ստացած ՀԴՄ կտրոնները և (կամ) հաշիվ-վավերագրերը հանդիսանում են ռեզիդենտ կազմակերպության հարկման բազան որոշելու համար ծախս հիմնավորող փաստաթղթեր:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,
- 55-րդ հոդվածի 13-րդ մասի համապատասխան` ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերվող ապրանքների, ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների գծով առաջացող ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով, եթե դրանցում առկա են նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-10-րդ կետերում (բացառությամբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար 9-րդ կետի «ա» ենթակետի և 10-րդ կետի «ա» ենթակետի) նշված` հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները: Կառավարությունը կարող է սահմանել նույն մասով սահմանված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ:
ՀՀ կառավարության 09.04.2020թ. N 547-Ն որոշման հավելվածով սահմանված` ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերվող ապրանքների, ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների մասով կատարված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգի 2-րդ կետի համաձայն` ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռքբերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների (բացառությամբ այն աշխատանքների և (կամ) ծառայությունների, որոնց կատարման և (կամ) մատուցման վայրը ՀՀ հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետությունը) գծով ծախսերը ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերով չփաստաթղթավորելու դեպքում կարող են փաստաթղթավորվել ձեռքբերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց ապրանքներ ձեռք բերող, աշխատանքներ ընդունող և (կամ) ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից կատարված` անկանխիկ եղանակով վճարումը հիմնավորող փաստաթղթով և ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից դուրս գրված` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման փաստը հիմնավորող փաստաթղթով:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ՀՀ-ից դուրս ձեռք բերվող վառելիքի գծով ծախսերը կարող են փաստաթղթավորվել օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված` հաշվարկային փաստաթուղթ չհամարվող որևէ երկկողմանի փաստաթղթով, եթե այդ փաստաթղթով հիմնավորվում է, որ վառելիք ձեռք բերողը հանդիսանում է տվյալ հարկ վճարողը:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերոնշյալ ծախսերը կարող են փաստաթղթավորվել նաև ՀՀ կառավարության 09.04.2020թ. N 547-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետին համապատասխան` վառելիքը ձեռք բերող հարկ վճարողի կողմից կատարված` անկանխիկ եղանակով վճարումը հիմնավորող փաստաթղթով և ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից դուրս գրված` ապրանքի մատակարարման փաստը հիմնավորող փաստաթղթով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ