https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20271.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
27 հոկտեմբերի 2021 թվականի N 271
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Ֆիզիկական անձը 2021 թ.-ին վաճառել է իրեն պատկանող ավտոմեքենան և ձեռք է բերել մեկ այլ մեքենա, որը նվիրատվությամբ հանձնել է «Ա» կազմակերպությանը: Տվյալ դեպքում որևէ հարկային պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 142-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` օրենսգրքի 7-րդ բաժնի կիրառության իմաստով` օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված` ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է) հաշվառման հաշվեգրման մեթոդով, իսկ նույն մասի 1-4-րդ կետերում չնշված եկամուտների մասով` հաշվառման դրամարկղային մեթոդով,
- 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Նույն կետի կիրառության իմաստով` նույն կետի «ա» ենթակետի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո` 365 օրվա ընթացքում,
- 150-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` գույքի օտարումից հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ նույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքում ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից (այդ թվում` նաև այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի) ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ`
- ֆիզիկական անձի կողմից ավտոմեքենան ձեռք բերելուց հետո 365 օրվա ընթացքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի օտարվելու դեպքում, որպես ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում, առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` 1% դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից,
- ֆիզիկական անձի կողմից ավտոմեքենան ձեռք բերելուց 365 օր հետո անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի օտարվելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում, իսկ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի օտարվելու դեպքում առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափով,
- ֆիզիկական անձի կողմից ավտոմեքենան հարկային գործակալին հատուցմամբ օտարվելու դեպքում առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` 10% դրույքաչափով, իսկ նվիրատվությամբ տրամադրվելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ