https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20279.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
3 նոյեմբերի 2021 թվականի N 279
ԱՊՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱԱՀ-Ի ՀԵՏԱՁԳՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունը 2018 թ.-ի օգոստոսի 2-ի ՀՀ կառավարության որոշման համաձայն ստացել է ներմուծված հումքի (5402 ԱՏԳ ԱԱ) գծով ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման արտոնություն` 3 տարի ժամկետով, որի ժամկետը լրանում է 2021 թ.-ի օգոստոս ամսին: 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքում կատարված փոփոխության համաձայն վերոնշյալ դասակարգչով ներմուծված հումքը ազատվել է ԱԱՀ-ի վճարումից: Տվյալ դեպքում կազմակերպությունը վճարելու՞ է հետաձգված ԱԱՀ-ի գումարը, թե՞ ազատվում է այն վճարելու պարտավորությունից:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կառավարության որոշմամբ ընտրված ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքով
(29.06.2001թ., ՀՕ-195) սահմանված է ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից: Միաժամանակ, «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (04.03.2021թ., ՀՕ-85) 1-ին հոդվածի համաձայն` «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի ցանկում լրացվել է ԱՏԳ ԱԱ 5402 ծածկագրին դասվող ապրանքատեսակը: Ընդ որում նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող ներմուծումների վրա:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ գրությամբ ներկայացված դեպքում կազմակերպության կողմից ներմուծումը կատարվել է մինչև «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (04.03.2021թ., ՀՕ-85) ուժի մեջ մտնելը
(օրենքն ուժի մեջ է մտել 28.03.2021թ.), հայտնում ենք, որ վերոնշյալ օրենքի դրույթները կիրառելի չեն գրությամբ ներկայացված ներմուծման նկատմամբ:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ