https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20283.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
4 նոյեմբերի 2021 թվականի N 283
ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունը զբաղվում է ձկների բուծմամբ և ձկնկիթի արտադրությամբ: Ձկնկիթի արտադրությունը իրականացվում է 2 եղանակով`
1. Բնական ճանապարհով դուրսբերում: Այս տարբերակով ձկնկիթի դուրսբերումը ձկան միջից տեղի է ունենում այն ժամանակ, երբ ձկնկիթը բավարար չափով լինում է հասունացած և արդեն դառնում է անհրաժեշտություն դրա դուրս բերումը, քանի որ, առանց այդ հասունացած ձկնկիթի դուրս բերելու տեղի է ունենում ձկան հետագա աճի կանգ և ձկան անկումը այդ վիճակում դառնում է անխուսափելի: Ձուկը բնական պայմաններում ձկնկիթը դուրս է բերում ինքնուրույն, իսկ արհեստական ավազանների մեջ դա հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով արհեստական պայմաններում ձկնկիթի դուրսբերումը իրականացվում է մարդկային միջամտությամբ` կիթի եղանակով: Կիթի ժամանակ բոլոր ձկները ցանցի միջոցով բռնվում են և հատ առ հատ իրականացվում է ձկնկիթի դուրսբերում, որից հետո ձուկը վերադարձվում է ավազան և վերականգնվելուց հետո շարունակում է աճել: Այստեղ ևս տեղի է ունենում ձկան քաշի կորուստ և որոշակի անկում:
2. Ձկնկիթի դուրսբերումը ձուկը մորթելու եղանակով: Այս տարբերակով ձկնկիթի դուրսբերումը իրականացվում է այն ժամանակ, երբ ձուկը տարվում է մաքրման, որի ժամանակ դուրս է բերվում նաև մինչև վերջ չհասունացած ձկնկիթը:
Արդյո՞ք բնական եղանակով ձկնկիթի արտադրությունը, այսինքն առանց ձկան մորթման, ՀՀ հարկային օրենսգրքի իմաստով համարվում է գյուղատնտեսական արտադրանք:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ժէ» ենթակետի համաձայն` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում նույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Նույն մասի կիրառության իմաստով` գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես` ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը,
- 39-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` օրենսգրքի կիրառության իմաստով աշխատանքների կամ ծառայությունների բնորոշումն իրականացվում է ՀՀ-ում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. «ՀՀ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 03.06.2009թ. N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության դասակարգչի`
- A (ԷՅ) «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 03.2 «Ձկնաբուծություն» խումբը ներառում է ձկների, խեցեմորթների, կակղամորթների, կոկորդիլոսների, ալիգատորների, երկկենցաղների, ջրային այլ կենդանիների և մարմինների բուծումը ոչ բնական միջավայրում, կիրառելով բուծման և աճեցման հատուկ մշակված մեթոդներ և պաշտպանելով գիշատիչներից` քանակը բարձրացնելու նպատակով: Ձկնատնտեսություններում, անազատության պայմաններում աճեցվում և իրացվում են տարբեր չափսերի կենդանի ձկներ և այլ ջրային կենդանիներ` մանրաձկներից, նորածին ջրային կենդանիներից մինչև հասուն վիճակը,
- C (ՍԻ) «Մշակող արդյունաբերություն» բաժնի 10 «Սննդամթերքի արտադրություն» հատվածի 10.2 «Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում» խմբի 10.20.0 ենթադասը ներառում է մասնավորապես` ձկան սուկիի, ձկնկիթի, ձկնկիթի փոխարինիչների և ձկներից, խեցեմորթներից ու կակղամորթներից այլ մթերքի արտադրությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ձկնաբուծությամբ զբաղվող շահութահարկ վճարող կազմակերպության կողմից որպես ձկնաբուծության արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներ շահութահարկի վճարումից ազատվում են կենդանի ձկների և այլ ջրային կենդանիների իրացումից ստացվող եկամուտները, իսկ որևէ ձևով մշակված ու պահածոյացված ձկնեղենի և ձկնկիթի իրացումը չի համարվում գյուղատնտեսական արտադրանքի իրացում, հետևաբար` այդ իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ 10 տոկոսը գերազանցելու դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով:
Միաժամանակ, հիմք ընդունելով նույնաբովանդակ հարցի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության դիրքորոշումը, հայտնում ենք նաև, որ ձկների մայրերին կթելու եղանակով չվերամշակված ձկնկիթի ստացումը կարող է դասվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգչի «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի «03. Ձկնորսություն և ձկնաբուծություն» հատվածին: Հետևաբար, ձկնաբուծությամբ զբաղվող շահութահարկ վճարող կազմակերպության կողմից ձկների մայրերին կթելու եղանակով ստացվող չվերամշակված ձկնկիթի իրացումից ստացվող եկամուտների մասով կիրառելի է ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված արտոնությունը:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ