https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20284.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
4 նոյեմբերի 2021 թվականի N 284
ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԵՏՊԱՀՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻԱՆՎԱԳ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ) ԳՈՒՄԱՐԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Աշխատակիցը մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի գնալը գործատուին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Օրենքով սահմանված կարգով իրականացվել է նպաստի հաշվարկը և դրա ամբողջական վճարումը: Նպատակային արձակուրդի կեսից աշխատակիցը դիմում է ներկայացրել նպատակային արձակուրդն ընդհատելու և աշխատանքի վերադառնալու համար: Նպաստի հետպահվող գումարն աշխատակիցը ցանկանում է վճարել ոչ թե աշխատավարձից պահումներով, այլ միանվագ: Խնդրում եմ պարզաբանել, թե ո՞ր ամսվա եկամտային հարկի հաշվարկում է գործատուն պարտավոր ներկայացնել նպաստի հետպահվող գումարը, եթե նպաստն ամբողջությամբ աշխատակցին վճարվել է հունիս ամսում, իսկ նպատակային արձակուրդի ընդհատումը, աշխատակցի կողմից նպաստի ավել գումարի միանվագ ետվճարումը կատարվել են սեպտեմբեր ամսին:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային գործակալները պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարների և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին փաստացի վճարված` «ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և մայրության նպաստների հանրագումարների դրական տարբերությունը:
«ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի`
- 6-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` նույն օրենքով սահմանված մայրության նպաստը վճարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ նույն օրենքի 22-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված դեպքերի,
- 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Նպաստի` ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին,
- 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում գործատուներից մեկի մոտ ընդհատվելու կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը վերսկսելու դեպքում վճարված մայրության նպաստը վերահաշվարկվում է, և ավել վճարված մայրության նպաստի գումարի հետպահումը կատարվում է ՀՀ կառավարության 14.07.2011թ. N 1024-Ն որոշման N 8 հավելվածով սահմանած կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվել է նույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մեծությունից:
Վերը նշված կարգի`
- 2-րդ կետի համաձայն` վարձու աշխատողին վճարված նպաստը վերահաշվարկում և ավելի վճարված նպաստի գումարի հետպահում կատարում է նպաստը հաշվարկող գործատուն, իսկ հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուի դեպքում` լիազոր մարմինը, նույն կարգով գործատուի համար սահմանված կարգով,
- 3-րդ կետի համաձայն` անձին ավելի վճարված նպաստի գումարն արձակուրդն ընդհատվելուց մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի վերջին օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար վճարված նպաստի գումարն է (հաշվի առնելով նպաստից հաշվարկված եկամտային հարկը),
- 4-րդ կետի համաձայն` գործատուն, վարձու աշխատողի համաձայնությամբ, վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից կատարում է ավելի վճարված նպաստի գումարի հետպահում, եթե վարձու աշխատողն ավելի վճարված նպաստի գումարը միանվագ չի վերադարձնում,
- 5-րդ կետի համաձայն` վարձու աշխատողին ավելի վճարված նպաստի դիմաց վճարվող աշխատավարձից պահվող գումարն արտացոլվում է գործատուի` վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատելու ներքին իրավական ակտում` վարձու աշխատողի դիմումի հիման վրա,
- 6-րդ կետի համաձայն` ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը չի կարող պակաս լինել հաշվարկված աշխատավարձի 20 տոկոսից,
- 8-րդ կետի համաձայն` գործատուն աշխատավարձից հետպահված գումարները, որպես եկամտային հարկի գումար, տվյալ ամսվա եկամտային հարկի հետ վճարում է ՀՀ պետական բյուջե` արձակուրդն ընդհատվելու ամսվա եկամտային հարկի հաշվետվության հետ միասին հարկային մարմին ներկայացնելով կարգի 4-րդ կետին վերաբերող տեղեկատվություն:
Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ ավել վճարված մայրության նպաստի հետպահված (այդ թվում` միանվագ վերադարձված) գումարը, որպես եկամտային հարկի գումար, գործատուն (հարկային գործակալը) արտացոլում է ավել վճարված մայրության նպաստի հետպահման ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկում և նույն ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հետ վճարում է պետական բյուջե` ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ