https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20285.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
4 նոյեմբերի 2021 թվականի N 285
ՄԻԵՎՆՈՒՅՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԴՄ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ-ում հաշվառված կազմակերպության առևտրի իրականացման կետում հայտնաբերվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտում, ինչի համար կազմակերպությունը տուգանվել է 150.000 ՀՀ դրամի չափով: Այնուհետև մեկ տարվա ընթացքում նույն կազմակերպությանը պատկանող հանրային սննդի կետում նույնպես հայտնաբերվել է ՀԴՄ կիրառության կանոնների խախտում: Տվյալ դեպքում կազմակերպության համար կսահմանվի տուգանք ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, թե՞ նույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի`
- 3-րդ մասի համաձայն` հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների (բացառությամբ նույն հոդվածի 5.1-ին մասում նշված դեպքի) խախտմամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է`
1) 150 հազար դրամի չափով, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի,
2) 600 հազար դրամի չափով` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով,
- 4-րդ մասի համաձայն` հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է`
1) տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ շրջիկ առևտրի կետում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 300 հազար դրամից, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի, և կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է հինգ օրով,
2) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից, և նրա գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է հինգ օրով,
- 7-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերում խախտումը կրկնելու համար սահմանված տուգանքները կիրառվում են հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության տեսակի և գործունեության այլ տեսակների համար առանձին: Նույն խախտումը կրկնելը համարվում է երկրորդ և ավելի անգամ կատարված խախտում, եթե կատարված խախտումը վերաբերում է սույն մասում նշված` գործունեության նույն տեսակին:
Հաշվի առնելով այն, որ խախտումը կրկնելու համար սահմանված տուգանքները կիրառվում են հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության տեսակի և գործունեության այլ տեսակների համար առանձին, հայտնում ենք, որ եթե հարկ վճարողի կողմից ՀԴՄ կիրառության կանոնների առաջին խախտումը կատարվել է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից տարբերվող գործունեության մասով, իսկ մեկ տարվա ընթացքում արձանագրվել է ՀԴՄ կիրառության կանոնների խախտում նաև հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով, ապա կիրառելի է ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված պատասխանատվության միջոցը:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ