Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 365-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԱՐԱԴ/0006/16/19

    Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0006/16/19    2021 թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

    Դատավորներ`        Տ. Նազարյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) դիմումի` Ստավրոպոլի շրջանի Միներալնիե Վոդիի քաղաքային դատարանի 12.09.2018 թվականի դատական ակտը ճանաչելու և Հայաստանի Հանրապետությունում կատարման թույլատրելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2020 թվականի որոշման դեմ Լիպարիտ Գրիգորյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ճանաչել Ստավրոպոլի շրջանի Միներալնիե Վոդիի քաղաքային դատարանի 12.09.2018 թվականի դատական ակտը և թույլատրել դրա կատարումը Հայաստանի Հանրապետությունում:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.11.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.02.2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 14.11.2019 թվականի որոշումը վերացվել է, և կայացվել է նոր որոշում` դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիպարիտ Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի 53-րդ և 59-րդ հոդվածները, ՌԴ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 113-115-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ, 200-րդ, 346-րդ, 353-355-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՌԴ դատական ակտը չի համապատասխանում 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնևում ընդունված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» կոնվենցիայի 59-րդ հոդվածի «գ» կետով սահմանված և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխում տեղ գտած 354-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներին, քանի որ ՌԴ դատարանը դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրեն պատշաճ չի ծանուցել, որի հետևանքով ինքը զրկվել է դատավարությանը մասնակցելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՌԴ դատարանի կողմից տրված տեղեկանքը և դատական ակտում կատարված գրառումը չեն կարող հանդիսանալ վերաբերելի պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ ինքը պատշաճ ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ՌԴ դատական ակտի ճանաչումը և դրա կատարման թույլատվությունը Հայաստանի Հանրապետությունում ենթակա է մերժման, քանի որ ինքը չի մասնակցել դատավարությանն այն պատճառաբանությամբ, որ իրեն կամ իր լիազորված անձին պատշաճ կարգով և ժամանակին չեն հանձնել դատարան ներկայանալու ծանուցագիր:

Վերաքննիչ դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.02.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.11.2019 թվականի «ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանի Միներալնիե Վոդիի քաղաքային դատարանի դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և հարկադիր կատարումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վերաքննիչ դատարանը 21.02.2020 թվականին որոշում է կայացրել Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարելու` Դատարանի 14.11.2019 թվականի որոշումը վերացնելու և նոր որոշում կայացնելու` դիմումը բավարարելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 105-108).

2) նշված որոշումը կայացնելուց հետո գործը զեկուցող դատավոր Հարություն Ենոքյանն իր կնիքով չի կնքել որոշման յուրաքանչյուր էջը. միայն որոշման եզրափակիչ մասն է կնքված բողոքը քննած դատավորներ Հարություն Ենոքյանի, Տարոն Նազարյանի և Գագիկ Խանդանյանի կողմից ու ստորագրված (հատոր 2-րդ, գ.թ. 105-108):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմք` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտի յուրաքանչյուր էջը կնքված չլինելու պատճառաբանությամբ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքին` անկախ այդ մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից:

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: (...)

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածը վերնագրված է հետևյալ կերպ` «Առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը»:

Տվյալ դեպքում սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի և 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով հանդիսանում է եզրափակիչ դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման յուրաքանչյուր էջը կնքվում է գործը զեկուցող դատավորի կնիքով, իսկ որոշման եզրափակիչ մասն ստորագրում և կնքում են բողոքը քննած դատավորները:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործը զեկուցող դատավորը պարտավոր է վերաքննիչ դատարանի կողմից կայացված եզրափակիչ դատական ակտի յուրաքանչյուր էջը կնքել իր կնիքով, իսկ բողոքը քննած դատավորները, այդ թվում նաև` գործը զեկուցող դատավորը, պարտավոր են ստորագրել և կնքել այդ դատական ակտի եզրափակիչ մասը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կողմից, դատական ակտը կայացրել է այն դատավորը, որը տվյալ գործը քննող դատարանի կազմում ընդգրկված չէ, դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը, դատական ակտը չունի պատճառաբանական մաս, ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և այն բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի` իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք:

Գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ: Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետևանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն:

Օրենսդիրը, ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, միևնույն ժամանակ ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը: Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը` այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ` այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե` ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձևական:

Այդպիսի խախտում է, օրինակ, դատական ակտն ստորագրված կամ կնքված չլինելը, որի դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք` անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից:

Այսինքն` եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ, ապա անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, ՀՀ վճռաբեկ դատարանը պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը` այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ` այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե` ոչ:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 14.11.2019 թվականի որոշմամբ` «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումը` Ստավրոպոլի շրջանի Միներալնիե Վոդիի քաղաքային դատարանի 12.09.2018 թվականի դատական ակտը ճանաչելու և դրա կատարումը Հայաստանի Հանրապետությունում թույլատրելու մասին, մերժվել է:

Վերաքննիչ դատարանը 21.02.2020 թվականին եզրափակիչ դատական ակտ` որոշում է կայացրել Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարելու` Դատարանի 14.11.2019 թվականի որոշումը վերացնելու և նոր որոշում կայացնելու` դիմումը բավարարելու մասին: Նշված որոշումը կայացնելուց հետո գործը զեկուցող դատավոր Հարություն Ենոքյանն իր կնիքով չի կնքել որոշման յուրաքանչյուր էջը. միայն որոշման եզրափակիչ մասն է կնքված բողոքը քննած դատավորներ Հարություն Ենոքյանի, Տարոն Նազարյանի և Գագիկ Խանդանյանի կողմից ու ստորագրված:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիպարիտ Գրիգորյանը` դրանում որպես բողոք բերելու հիմքեր նշելով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի 53-րդ և 59-րդ հոդվածները, ՌԴ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 113-115-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ, 200-րդ, 346-րդ և 353-355-րդ հոդվածները խախտված լինելը, ինչպես նաև պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.02.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.11.2019 թվականի «ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանի Միներալնիե Վոդիի քաղաքային դատարանի դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և հարկադիր կատարումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմանը:

Այսինքն` Լիպարիտ Գրիգորյանը վճռաբեկ բողոքում չի նշել Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերը նշված դատավարական իրավունքի նորմի խախտման և Վերաքննիչ դատարանի դատական ակտի անվերապահ բեկանման հիմքի մասին:

Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է Վերաքննիչ դատարանի դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ Վերաքննիչ դատարանի 21.02.2020 թվականի որոշման յուրաքանչյուր էջը գործը զեկուցող դատավոր Հարություն Ենոքյանն իր կնիքով չի կնքել` թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասի խախտում:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը` Դատարանի 14.11.2019 թվականի որոշման դեմ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը քննելու նպատակով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.05.2021
N ԱՐԱԴ/0006/16/19
Որոշում