https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20286.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
18 նոյեմբերի 2021 թվականի N 286
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ԴՈԼԱՐՈՎ ԳՈՒՄԱՐԸ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Անհատ ձեռնարկատերը ծառայություն է մատուցել արտասահմանյան ընկերությանը, ինչի դիմաց վարձատրությունը ստացել է դոլարով` Ա/Ձ-ի բանկային դոլարային հաշվին: Արդյո՞ք տվյալ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի Ա/Ձ-ի հաշվին առկա դոլարով գումարը նույնությամբ, առանց դրամի փոխարկելու, փոխանցել իր անձնական հաշվեհամարին, թե՞ պետք է փոխանցումն իրականացվի դրամով:
Պատասխան
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի`
- 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է ՀՀ-ում արժութային գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման և օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաև կարգավորում է ՀՀ-ում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ,
- 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները (ներառյալ ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները), իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները ընդունվում և իրականացվում են ՀՀ դրամով, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:
«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի` անհատ ձեռնարկատիրոջ արտարժութային բանկային հաշվից արտարժույթի փոխանցումը ֆիզիկական անձի անձնական արտարժութային բանկային հաշվին չի հանդիսանում գործարք, հետևաբար` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված արտարժույթով գործարքների իրականացման սահմանափակումները կիրառելի չեն:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ