https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20290.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
19 նոյեմբերի 2021 թվականի N 290
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ 80 ՏՈԿՈՍԻՑ ՑԱԾՐ ԳՆՈՎ (ԱՌԱՆՑ ԱԱՀ-Ի) ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՕՏԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ 80 ՏՈԿՈՍԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՓԱՍՏԱՑԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԻ ԴՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Իրավաբանական անձի կողմից ֆիզիկական անձին անշարժ գույքի կադաստրային արժեքից ցածր արժեքով գույք օտարելու դեպքում ֆիզիկական անձի համար ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այնուհետ նույն մասում` շենք) օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից (այնուհետ նույն կետում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով: 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած` անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող` անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված` անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսից (այնուհետ նույն կետում` հաշվարկային արժեք) ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի (հաշվարկային արժեքի) և փաստացի հատուցման գումարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը` որպես ներված պարտավորություն, գործարքի կատարման օրը ներառվում է նոր սեփականատիրոջ եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարողը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում նոր սեփականատիրոջ մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Ընդ որում, ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքից (հաշվարկային արժեքից) ցածր գնով (առանց ԱԱՀ-ի) օտարելու դեպքում`
ա. օտարող ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի (հաշվարկային արժեքի) չափով, որից նվազեցվում է օտարման օրն ընդգրկող ամսվա 1-ի դրությամբ տվյալ շենքի հաշվեկշռային արժեքը, ինչպես նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկեր,
բ. գնորդ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար շենքի սկզբնական արժեքը որոշվում է կադաստրային արժեքով (հաշվարկային արժեքով), իսկ շենքի կադաստրային արժեքի (հաշվարկային արժեքի) և փաստացի ձեռքբերման գնի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը` որպես ներված պարտավորություն, ներառվում է համախառն եկամտի մեջ,
- 147-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի համաձայն` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և (կամ) 2-րդ կետերով շահութահարկ վճարողների համար հաշվարկվող եկամտի և փաստացի հատուցման գումարի (առանց ԱԱՀ-ի) կամ վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ կազմակերպության կողմից անշարժ գույքը անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ցածր գնով (առանց ԱԱՀ-ի) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի օտարվելու դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի և անշարժ գույքի փաստացի ձեռքբերման գնի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերության մասով ֆիզիկական անձի համար եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ