https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20293.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
23 նոյեմբերի 2021 թվականի N 293
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
2021 թ.-ի հուլիսի 7-ին տեղի է ունեցել հրապարակային աճուրդ, որի արդյունքներով կազմակերպությունը գնել է 30.000 կգ քաշ ունեցող մետաղական ջարդոն: Կազմակերպությունը կատարել է համապատասխան վճարումը և նշված ապրանքը տրամադրվել է վերջինիս, սակայն գործարքի կողմ հանդիսացող պետական մարմնի կողմից դուրս չի գրվել համապատասխան հաշվարկային փաստաթուղթ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պետական մարմինները համարվու՞մ են կազմակերպություններ և պետք է դուրս գրվեր հաշվարկային փաստաթուղթ վերոնշյալ գործարքի մասով, թե՞ ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` հարկ վճարողը կազմակերպություն է կամ ֆիզիկական անձ (այդ թվում` անհատ ձեռնարկատեր, նոտար), որը օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն, իսկ նույն մասի 41-րդ կետի համաձայն` ապրանքի մատակարարումը ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց,
- 21-րդ հոդվածի համաձայն` օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպություններ են համարվում` Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության համայնքները` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված հիմնարկները, օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները, օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված մշտական հաստատությունները` անկախ օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով, որպես հարկ վճարող, հարկային մարմնում հաշվառված լինելու հանգամանքից, ներդրումային ֆոնդերը,
- 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաշվարկային փաստաթուղթը նույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող` հարկ վճարողի կողմից դուրս գրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է, մասնավորապես` ապրանքի մատակարարումից եկամտի ստացման իրավունք ձեռք բերելը (1-ին կետ) կամ ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը (2-րդ կետ): Ընդ որում, 1-ին կետի կիրառության իմաստով` օրենսգրքով սահմանված դեպքերում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված` անկախ հաշվարկային փաստաթղթի դուրս գրման հանգամանքից,
- 55-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված են իրականացվող գործարքների փաստաթղթավորման համար կիրառվող համապատասխան հաշվարկային փաստաթղթերը: Մասնավորապես, օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը կիրառվում են ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը, իսկ օրենսգրքով սահմանված դեպքերում` նաև հարկի գումարի պակասեցումները, ինչպես նաև ձեռք բերված ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար,
- 55-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված են հարկային հաշվում և հաշիվ վավերագրում (այդ թվում` ճշգրտող) պարտադիր ներառման ենթակա տվյալները,
- 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ նույն մասով սահմանված դեպքերի (հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի, ինչպես նաև այն հաշվարկային փաստաթղթերի, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, Կառավարության սահմանած դեպքերի, երբ հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել Կառավարության սահմանած կարգով),
- 56-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում` ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում` ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին, բացառությամբ նույն հոդվածի 8-րդ և 8.1-ին մասերով սահմանված դեպքերի,
- 56-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման և չեղարկման կարգերը սահմանում է Կառավարությունը: ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1257-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված է հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը:
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները և այն հանգամանքը, որ պետական մարմինը օրենսգրքի իմաստով համարվում է կազմակերպություն, ներկայացված դեպքում ապրանքի մատակարարման գործարքի մասով գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետական մարմնի կողմից օրենսգրքի 55-րդ և 56-րդ հոդվածներով սահմանված կարգով պետք է դուրս գրվի համապատասխան հաշվարկային փաստաթուղթ:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ