ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 դեկտեմբերի 2021 թվականի N 1394-Ա
ՊԱՂԵՍՏԻՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ` ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ ՄՈՒԻՆ ԽՈՒՐԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2021 թվականի դեկտեմբերի 11-14-ը Պաղեստինի Պետության` եկեղեցիների հարցերով նախագահական բարձրագույն կոմիտեի ղեկավար Մուին Խուրիի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`
1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.
3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` վերոհիշյալ պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության և այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը (992.000 դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի 7
Երևան