Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

Ք. Երևան

    29 նոյեմբերի 2021 թ.                        ԲԴԽ-84-Ո-Կ-24

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

 

Բարձրագույն դատական խորհրդի

    նախագահի պաշտոնակատար                       Գ. Ջհանգիրյանի,

 

մասնակցությամբ`

    անդամներ                                    Գ. Բեքմեզյանի,

                                                Դ. Խաչատուրյանի,

                                                Մ. Մակյանի,

                                                Լ. Մելիքջանյանի,

                                                Ա. Մխիթարյանի,

                                                Ս. Չիչոյանի,

                                                Վ. Քոչարյանի,

 

    Արդարադատության նախարարի տեղակալ            Ե. Թումանյանցի,

 

Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ  Գ. Հարությունյանի,

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

    իրավասության դատարանի դատավոր               Զ. Նախշքարյանի,

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի դատավորի

    ներկայացուցիչներ                            Ս. Սահակյանի,

                                                Ռ. Մելիքյանի,

 

    քարտուղարությամբ`                           Ա. Շիլաջյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի` «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նաշխքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 22-ի N 71-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Գևորգ Գյոզալյանի կողմից Արդարադատության նախարարին (այսուհետ` նաև Նախարարի) 16.07.2021թ. ներկայացված հաղորդումը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարի 23.07.2021 թվականին թիվ 59-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի (այսուհետ` նաև Դատավոր) նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ:

Նախարարի 22.09.2021 թվականի թիվ 71-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Նախարարը, վկայակոչելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` նաև Օրենք) 71-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 28-րդ և 29-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը նշել է, որ Դատավորը կանխակալ վերաբերմունք ունենալով գործով հայցվորի օրինական ներկայացուցչի նկատմամբ, որպիսի պայմաններում Օրենքի 71-րդ հոդվածի իմաստով պարտականություն է ունեցել գործով հայտնել ինքնաբացարկ, 14.12.2020 թվականին կայացված որոշմամբ (այսուհետ` Որոշում) մերժել է թիվ ԵԴ/7486/02/20 քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը, որպիսի պայմաններում դատավարական իրավունքի նորմի խախտումը հանգեցրել է Դատավորի կողմից դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու, ինքնաբացարկ հայտնելու հիմքի առկայության դեպքում ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնների խախտման, ինչպես նաև Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ:

Նախարարը միջնորդությամբ նշել է. «Առկա փաստական հանգամանքների համաձայն` Դատավորը վերոնշյալ լրատվական կայքերին տրված հարցազրույցների շրջանակներում, նաև հանդիպման ժամանակ որոշակի գնահատականներ, դիրքորոշումներ է հնչեցրել, իր անհամաձայնությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության, նրա կողմից արված որոշակի կոչերի, արտահայտությունների վերաբերյալ (Դատավորը կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետի 19.05.2019 թվականի կոչը վտանգել է երկրի սահմանադրական կարգը, այն սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություն է, միջամտություն է դատական իշխանության գործառույթներին, «դռների տակ վնգստալու» վերաբերյալ արտահայտությունն իր համար վիրավորական է և այլն):

Գործով հայցադիմումին կից ներկայացված` հայցվորի ծննդյան վկայականի պատճենի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ հայցվորը հայց ներկայացնելու պահին, (ինչպես և այժմ) եղել է անչափահաս (ծնվել է 2007 թվականին), ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը հայցվորի հայրն է:

Օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն` անչափահասի (...) անունից դատարանում հանդես է գալիս նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը (որդեգրողը), հոգաբարձուն կամ խնամակալը:

Այսինքն, քննարկվող դեպքում գործով հայցվորը դատարանում հանդես է եկել իր օրինական ներկայացուցիչների միջոցով:

Փաստաբանի կողմից ներկայացված` Բացարկի միջնորդության համաձայն` դրա իրավական հիմքում դրվել է Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կարգավորումը (դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի ներկայացուցչի նկատմամբ) և բացարկ հայտնելը պայմանավորվել է նրանով, որ փաստաբանի համոզմամբ` վերը նշված կայքերին տրված հարցազրույցների ընթացքում, ինչպես նաև Հանդիպման ժամանակ հայցվորի օրինական ներկայացուցչի գործունեության վերաբերյալ հնչեցրած գնահատականները, քաղաքական հայտարարությունների հետ անհամաձայնությունը, դրանցից վիրավորվելը վկայում են, որ Դատավորը կանխակալ վերաբերմունք ունի հայցվորի օրինական ներկայացուցչի նկատմամբ, ինչը չի կարող չազդել գործի ելքի վրա:

Որոշման մեջ նշված հիմնավորումների համաձայն` մերժման հիմքում, ընդհանուր առմամբ, դրվել է այն հանգամանքը, որ Դատավորի կողմից հնչեցրած բոլոր արտահայտությունները, որոնք իրենց բնույթով ապաքաղաքական են, չեն վերաբերում, չեն որակում, չեն բնութագրում գործով հայցվորի օրինական ներկայացուցչի անձը, հետևաբար, չեն կարող դիտվել որպես կանխակալ վերաբերմունքի դրսևորում որպես կողմ հանդես եկող անձի օրինական ներկայացուցչի նկատմամբ: Հանդիպման ժամանակ հնչեցրած արտահայտությունը վերաբերել է օրինական ներկայացուցչի` որպես վարչապետի կողմից կատարված արտահայտություններին, մինչդեռ, Գործով թեև անձը նույնական է, սակայն հանդես չի գալիս ի պաշտոնե, այլ օրենքի ուժով հանդիսանում է անչափահաս հայցվորի օրինական ներկայացուցիչ»:

Միաժամանակ Նախարարը միջնորդությամբ նշել է, որ Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգավորման, Եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո ուսումնասիրելով բացարկի միջնորդությամբ ներկայացված փաստարկները, Որոշմամբ Դատավորի կողմից ներկայացված հիմնավորումները` գտնում է, որ դրանք ինքնին բավարար չեն փարատելու Դատավորի կողմից կանխակալ վերաբերմունքի առկայության վերաբերյալ կասկածները: Ավելին, կասկածների` ողջամիտ լինելու վերաբերյալ օրենսդրական պահանջի իմաստով փաստաբանի կողմից հնչեցրած կասկածը ողջամիտ է, ապացույցներով փաստարկված և արդյունքում` օբյեկտիվորեն արդարացի, որպիսի պայմաններում վերոհիշյալ հանգամանքներն օբյեկտիվորեն կարող էին ողջամիտ կասկածներ հարուցել Դատավորի` հայցվորի օրինական ներկայացուցչի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու մասին: Հետևաբար, առկա է եղել Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմք, ինչը վկայում է Դատավորի կողմից Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջի խախտում թույլ տալու մասին:

Միջնորդությամբ Նախարարը նշել է. «Ինչ վերաբերում է Որոշմամբ Դատավորի կողմից նշված այն փաստարկին, որ իր դիրքորոշումները, գնահատականները չեն որակել, չեն բնութագրել գործով հայցվորի օրինական ներկայացուցչի անձը, հանդիպման ժամանակ իր կողմից արված արտահայտությունը վերաբերել է Նիկոլ Փաշինյանի` որպես վարչապետի կողմից կատարված արտահայտություններին, իսկ Գործով թեև անձը նույնական է, սակայն հանդես չի գալիս ի պաշտոնե, այլ օրենքի ուժով հանդիսանում է անչափահաս հայցվորի օրինական ներկայացուցիչ, հետևաբար, դա չի կարող դիտվել որպես կանխակալ վերաբերմունքի դրսևորում, գտնում եմ, որ նշված հիմնավորումը չի կարող համարվել բավարար ինքնաբացարկ հայտնելու հիմքի բացակայությունը հաստատված համարելու համար, քանի որ Որոշմամբ Դատավորը չի ներկայացրել որևէ երաշխիք, որը կվկայեր, որ Դատավորի կողմից Նիկոլ Փաշինյանի` որպես ՀՀ վարչապետի նկատմամբ ունեցած վերաբերմունքն որևէ ազդեցություն չի ունենա Նիկոլ Փաշինյանի` որպես հայցվորի անունից դատարանում հանդես եկող օրինական ներկայացուցչի մասնակցությամբ Գործի ելքի վրա:

Ավելին, հաշվի առնելով Դատավորի կողմից հարցազրույցների ընթացքում, ինչպես նաև հանդիպման ժամանակ հնչեցրած գնահատականները, դիրքորոշումներն, անկողմնակալ դիտորդի մոտ ևս կարող էին ողջամիտ կասկածներ առաջանալ, որ Դատավորի կողմից Նիկոլ Փաշինյանի` որպես ՀՀ վարչապետի նկատմամբ ունեցած վերաբերմունքը ուղղակիորեն անդրադարձ կունենա Նիկոլ Փաշինյանի` որպես հայցվորի անունից դատարանում հանդես եկող օրինական ներկայացուցչի մասնակցությամբ Գործի ելքի վրա, ինչը հիմնավորապես չեզոքացնելն ու փարատելը կոնկրետ դեպքում չի հաջողվել»:

Բացի այդ Նախարարը նշել է, որ Դատավորը բացարկի միջնորդությունը մերժելու արդյունքում խախտել է Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված` ինքնաբացարկի հիմքի առկայության դեպքում ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնը: Թիվ ԵԴ/7486/02/20 քաղաքացիական գործով Դատարանի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքի առկայության պայմաններում ինքնաբացարկ չհայտնելը վարկաբեկում է դատական իշխանությունը: Դատարանի նման վարքագծի դրսևորումը կասկած է հարուցում նաև Դատարանի անաչառության նկատմամբ, դրանով իսկ նվազեցնում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Նախարար միջնորդությամբ մասնավորապես նշել է, որ Դատավորը կանխակալ վերաբերմունք ունենալով գործով հայցվորի օրինական ներկայացուցչի նկատմամբ, որպիսի պայմաններում Օրենքի 71-րդ հոդվածի իմաստով պարտականություն է ունեցել գործով հայտնել ինքնաբացարկ, Որոշմամբ մերժել է հայցվորի ներկայացուցչի կողմից նշված հիմքով ներկայացված միջնորդությունը: Արդյունքում խախտվել են Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված` դատավորի կողմից դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու, ինքնաբացարկ հայտնելու հիմքի առկայության դեպքում ինքնաբացարկ հայտնելու պահանջները:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը չի ներկայացրել բացատրություն Նախարարին:

Դատավորի և ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանի ու Ռուբեն Մելիքյանի կողմից Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական վարույթի քննության ընթացքում ներկայացվել է դիրքորոշում, որով հայտնվել է, որ ամբողջությամբ առարկում են Նախարարի կողմից ներկայացված միջնորդության դեմ և կարծում են, որ այն ենթակա է մերժման` ինչպես բովանդակային, այնպես էլ ընթացակարգային հիմնավորումներով:

Մասնավորապես դիրքորոշման մեջ նշված է, որ Դատավորը չի խախտել Օրենքի 69-րդ և 71-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունը` հայտնելու ինքնաբացարկ, քանի որ օբյեկտիվորեն առկա չեն եղել այնպիսի հանգամանքներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող էին ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Մասնավորապես, դատավորը կանխակալ վերաբերմունք չի ունեցել որպես կողմ հանդես եկող անձի օրինական ներկայացուցչի` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Դատավորը չի ունեցել կանխակալ վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, և սահմանված չափանիշների հիման վրա` անկողմնակալ դիտորդի մոտ չէր կարող առաջանալ նրա անաչառության մեջ ողջամիտ կասկած: Դատավորը, օգտվելով Դատավորի խոսքի ազատության իրավունքից, քննադատության է ենթարկել գործադիր իշխանությանը` դատական իշխանության նկատմամբ որոշակի միջամտություն իրականացնելու համար: Այդ քննադատության ողջամտությունը լրացուցիչ հիմնավորման կարիք չունի: Այդ քննադատությանը չի կրել անձնավորված բնույթ, այլ ունեցել է հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցի քննարկմանը դատավորի դիտանկյունից մասնակցություն ունենալու բնույթ: Այդ քննադատությունն ինքնին չէր կարող ողջամիտ կասկած հարուցել, թե իբր Դատավորն ունի կանխակալ վերաբերմունք կոնկրետ անձանց նկատմամբ:

Ավելին, այդ հարցը քննարկման առարկա արդեն իսկ դարձել է անկողմնակալ դիտորդի` Վերաքննիչ դատարանի առջև, որը օրինական ուժ ստացած վճռով անդրադարձել է մեկ այլ գործով, բայց նույն հիմքով Դատավորի հայտնած ինքնաբացարկի միջնորդությանը, և չի համաձայնել այն մոտեցմանը, որ ինքնաբացարկի հիմքեր առկա էին: Թիվ ԵԴ/45831/02/19 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, երեք դատավորի կազմով, իր 16.07.2021թ. որոշմամբ սահմանել է.

«(I) ... բողոքաբերը Դատարանին, ի թիվս այլնի, վերագրել է նաև դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող խախտում, մասնավորապես այն փաստարկմամբ, որ սույն գործով նախագահող դատավորը ապաքաղաքականացված չէ: (...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ որպես դատարանի անաչառությունն ապահովող կառուցակարգ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է ինքնաբացարկի և բացարկի ինստիտուտը, որի հիմքերն ամրագրված են Օրենքում: Մասնավորապես` Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ինքնաբացարկ հայտնելու հիմքերից` «դատավորի` որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի առկայության» հիմքին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտությունը բավարար է արձանագրելու համար, որ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով:

Քննարկվող դեպքում հայցվորի ներկայացուցչի ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել, հիմքում ըստ էության դրվել է այն հանգամանքը, որ նախագահող դատավորն ապաքաղաքականացված չէ, որպիսի փաստով պայմանավորված կանխակալ վերաբերմունք ունի դատավարության մասնակցի նկատմամբ:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ միջնորդությամբ նշված հանգամանքները չեն բխում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված հիմքերից, մասնավորապես դրանք չեն կարող դիտվել դատավորի անաչառության մասին ողջամտորեն կասկած հարուցող, ինչպես նաև դատավորի կողմից դատավարության մասնակիցներից մեկի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու մասին վկայող փաստ, քանզի դրանք հանդիսանում են բողոքաբերի սուբյեկտիվ ընկալումների ու մեկնաբանությունների արդյունքը, ուստի հայտնված ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքում, միջնորդությունն իրավացիորեն մերժվել է»:

Այսպիսով, ըստ անկողմնակալ դիտորդի` Դատավորը չի ունեցել ինքնաբացարկ հայտնելու պարտականություն` Օրենսգրքի ներքո: Ավելին, ինքնաբացարկ չհայտնելով, Դատավորը անշեղորեն առաջնորդվել է Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված իր պարտականությամբ, այն է` «քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը», և իր «գլուխն ազատելով»` դրանց քննությունը չթողնել իր գործընկերներին: Դատավորը առաջնորդվել է նշված կանոնով` ոչ միայն դրա` օրենքի իր անձնական ընկալման շրջանակներում, այլև հենց Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված իրավական դիրքորոշումների շրջանակներում, որոնք ձևավորվել են 08.05.2019 թվականի ԲԴԽ-24-Ո-Կ-07 որոշման շրջանակներում` հենց նույն Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ներքո: Խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել դատավորին` հենց ինքնաբացարկ հայտնելու համար` ձևավորելով որոշակի իրավական դիրքորոշումներ, և Դատավորի համար լիովին կանխատեսելի էին, որ ինքնաբացարկ հայտնելու դեպքում նա մեծ հավանականությամբ կենթարկվի կարգապահական պատասխանատվության` օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու իր պարտականությունը խախտելու և հանրային հնչեղություն ունեցող գործից ազատվելու համար:

Բացի այդ, դիրքորոշմամբ արտահայտել են այն կարծիքը, որ Դատավորը չի խախտել Օրենքի 71-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունը` հայտնելու ինքնաբացարկ, քանի որ օբյեկտիվորեն առկա չեն եղել այնպիսի հանգամանքներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող էին ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

Ինչպես նաև դատավորին բացարկ հայտնելիս դրանում որևէ նոր հանգամանք չի մատնանշվել, որը հայտնի չլիներ Դատավորին մինչև միջնորդություն ներկայացնելը: ՈՒստի վերագրվող խախտման օրը չի կարող լինել բացարկի մերժման օրը, այլ, առավելագույնը, առաջին նիստի օրը` 23.04.2020 թվականին: Մինչդեռ համաձայն Օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել` ... 2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով` խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո, ...»: Վարույթը հարուցվել է 23.07.2021 թվականին, այսինքն` ժամկետի խախտմամբ:

Դատավորը չի խախտել Օրենքի 69-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունը` զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

Արդարադատության նախարարության հակառակ պնդումները ինքնուրույն փաստական հիմնավորումներից զուրկ են և բացառապես հիմնվում են Դատավորի կողմից իբրև ինքնաբացարկ հայտնելու պարտականությունը խախտելու փաստարկման վրա: Նման պայմաններում այդ մերկապարանոց պնդումներին հակափաստարկելու լրացուցիչ անհրաժեշտություն չեն տեսնում:

Դատավորի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է միջնորդություն կարգապահական գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ սույն գործով կարգապահական վարույթը հարուցվել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Բադասյանի կողմից այն պայմաններում, երբ վերջինիս անձնական գործով Դատավորը կայացրել է Ռ. Բադասյանի կողմից ներկայացված հայցը մերժելու որոշում, ինչը հիմքեր է տալիս ենթադրելու, որ Ռ. Բադասյանը եղել է շահագրգիռ սույն վարույթի հարուցման համար: Որպես հիմնավորում հղում է արվել դատավոր Արման Հովհաննիսյանի գործով կայացված Բարձրագույն դատական խորհրդի 02.09.2021 թվականի որոշմանը:

Դատավորի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է միջնորդություն վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ վարույթ հարուցող մարմնի կողմից խախտվել են Օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժամկետները:

Դատավորի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է միջնորդություն վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ փաստաբան Գևորգ Գյոզալյանը լիազորված չի եղել Շուշան Փաշինյանի անունից հաղորդում ներկայացնելու:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

4.1 Դատավորը հարցազրույց(1) է տվել «news.am» լրատվական կայքին (կայքում տեղադրվել է 21.05.2019 թվականին), որի շրջանակներում լրագրողի հարցերին ի պատասխան հայտնել է հետևյալը.

____________________

1 https://news.am/arm/news/513956.html

 

- Լրագրող` «Ի՞նչ արդյունք ունեցավ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու երեկվա գործողությունը, որն իշխանությունները խաղաղ ակցիա էին համարում:»:

- Դատավոր` «Հայաստանի Հանրապետության վարչապետի երեկվա կոչը վտանգեց մեր երկրի սահմանադրական կարգը: Այն որևէ առնչություն չուներ այն հայտարարության հետ, որը Փաշինյանն արեց ժամը 12-ին կառավարությունում: Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործողությունը որևէ տրամաբանական կապ չունի այդ հայտարարության հնչեցման հետ: Մի՞թե անհրաժեշտ էր դատարանների վարչական շենքերը փակել, որպեսզի 10-20 հոգով հավաքվեին նի՞ստ անեին, որպեսզի վարչապետը հայտարարություն տարածեր կամ «լա՞յֆ» մտներ, դրա համար անհրաժեշտ էր դատարանների աշխատանքը կազմալուծե՞լ:»:

- Լրագրող` «Այդ դեպքում ըստ Ձեզ ի՞նչ նպատակ էր հետապնդում դատարանների շրջափակումը:»:

- Դատավոր` «Կարծում եմ, այդ քայլն ինքնանպատակ էր, այլ բացատրություն ես չեմ տեսնում: Այն հանգամանքը, որ աշխատանքային կես օր դատարանների աշխատանքը կազմալուծված է եղել, դրա միակ արդյունքն այն էր, որ բազմաթիվ քաղաքացիների չհաջողվեց իրացնել արդար դատաքննության իրավունքը: Գաղտնիք չէ, որ քաղաքացիները ամիսներով սպասում են իրենց դատական նիստին, և հարյուրավոր քաղաքացիների իրավունքներն այդ օրը ոտնահարվեցին: Անվիճելի է, որ այդ քայլը միջամտություն է դատական իշխանության գործառույթներին գործադիր և նաև օրենսդրի կողմից: Պատգամավորներ էին կանգնած դատարանների մուտքերի մոտ և արգելում էին դատավորների մուտքն իրենց աշխատավայր, ինչն աննախադեպ և աննպատակ էր:»:

- Լրագրող` «Ինչո՞ւ հենց երեկ որոշվեց նման ակցիա իրականացնել և ո՞րն էր, ըստ Ձեզ, վարչապետի ելույթի հրատապության պատճառը:»:

- Դատավոր` «Ես դա այլ կերպ չեմ կարող մեկնաբանել, քան պայմանավորել դատավոր Դավիթ Գրիգորյանի` Քոչարյանի գործով կայացված որոշման հետ, ես այլ առիթ չեմ տեսնում: Գործադիր իշխանության կողմից դատական իշխանության գործերին միջամտելն ի՞նչ հետևանք կարող է ունենալ իրավական պետության համար: Այդ քայլով վտանգվում է երկրի պետականության և սահմանադրականության հարցը, սա շատ մեծ խնդիր է: Սահմանադրությամբ ամրագրված է իշխանությունների տարանջատման սկզբունքը. այդ դրույթի իմաստն այն է, որ գործադիրն ու օրենսդիրը չկարողանան միջամտել դատական իշխանության գործերին, սակայն երեկվա վարչապետի հայտարարությունը չի կարող այլ կերպ մեկնաբանվել, քանի միջամտություն:»:

4.2 Դատավորը հարցազրույց(2) է տվել նաև «armdaily.am» լրատվական կայքին

(կայքում տեղադրվել է 29.07.2019 թվականին), որի շրջանակներում նշել է. «Դատավորները պետք է բարձրաձայն հայտարարեն իրենց անհամաձայնությունը դատական իշխանության անկախությանը միջամտելու և դատավորներին նման աննախադեպ ճնշման ենթարկելու փորձերին, ինչպես նաև հաստատեն իրենց աջակցությունը դատավոր Դ. Գրիգորյանին և ցանկացած դատավորի, ով կենթարկվի իր մասնագիտական գործունեության հետ կապված հետապնդման: Ես դեռևս հույս ունեմ, որ դատավորների միությունը կհայտնի իր դիրքորոշումը: (...) Ես ծանոթ չեմ ԲԴԽ-ի որոշման հիմքերին և բովանդակությանը, բայց չմոռանանք, որ ԲԴԽ նորացված կազմի կեսը ներկայում գործող դատավորներ են և առանց իրենց ձայների հնարավոր չէր լինի նման որոշման կայացումը: Խորհրդի այս քայլը հաստատել է, որ ցանկացած դատավորի կողմից գործադիր իշխանության ոչ հաճո դատական ակտը թիրախավորում է տվյալ դատավորին և Խորհուրդը, որ պետք է երաշխավորեր դատավորին նման երևույթների դեպքում, ներկայումս օժանդակում է դրանց: Սա խայտառակություն է ոչ միայն նախաձեռնողների, այլ նաև ՀՀ պետականության համար:»:

______________

2 https://armdaily.am/?p=57989&l=am

 

4.3 Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ 18.09.2019 թվականին տեղի ունեցած հանդիպման (այսուհետ` Հանդիպում) ժամանակ Դատավորը նշել է(3). «Ինձ վիրավորում է, երբ ասում են, թե ես դռների տակ վնգստում եմ:»:

________________

3 https://news.am/arm/news/534183.html

 

4.4 «lurer.com» կայքում(4) հրապարակված` 18.09.2019 թվականի ելույթում Դատավորը նշել է. «Ես գտնում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարությունները, որոնք հնչում են ամենուրեք, նվաստացնում են յուրաքանչյուր դատավորի արժանապատվությունը, նվաստացնում են ամբողջ դատական համակարգը: Ես նվաստանում եմ, որ բարձրագույն դատական խորհրդի անդամը ասում է` մի քիչ կոպիտ է ասվել, բայց իրականություն է: Ես ուզում եմ հասկանալ` միայն ինձ է վիրավորե՞լ: Ինձ վիրավորում է, երբ ասում են` տերեր եմ ման գալիս պատերի տակ: Ինձ միջամտում է իմ անկախությանը որպես դատավոր, երբ ես նման արտահայտությունների թիրախ եմ դառնում:»:

_______________

4 https://lurer.com/?p=336758&l=am

 

4.5 20.03.2020 թվականին Դատարանի վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/7486/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Շուշան Փաշինյանի (ներկայացուցիչ` փաստաբան Գ. Գյոզալյան) ընդդեմ Նարեկ Սամսոնյանի` զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:

4.6 Գործով հայցադիմումին կից ներկայացված` հայցվորի ծննդյան վկայականի պատճենի համաձայն` հայցվորը ծնվել է 20.07.2007 թվականին, հայրը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանը, մայրը` Աննա Հակոբյանը:

4.7 Գործն ընդհանուր հայցային կարգով քննելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին 26.03.2020 թվականի որոշմամբ նախնական դատական նիստ է հրավիրվել 23.04.2020 թվականին, ժամը 14:00-ին:

4.8 09.12.2020 թվականին փաստաբանի կողմից Դատարանին ներկայացվել է բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն` Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով: Մասնավորապես, ներկայացուցչի համոզմամբ`

- Դատավորը պաշտպանելով կոնկրետ քաղաքական ուղղություն` հրապարակայնորեն արտահայտվել է, որ վիրավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունից, Նիկոլ Փաշինյանի գործողությունների արդյունքում վտանգված է պետականությունը:

- Դատավորը ներկայացրել է մի քաղաքական դիրքորոշում, որը քարոզվում է ՀՀ երկրորդ նախագահի թիմի կողմից, ընդ որում, Դատավորն իր արտահայտություններն օգտագործում է այդ քաղաքական քարոզչության շրջանակներում:

- վերը նշված կայքերին տրված հարցազրույցների ընթացքում, ինչպես նաև Հանդիպման ժամանակ հայցվորի օրինական ներկայացուցչի գործունեության վերաբերյալ հնչեցված սուբյեկտիվ գնահատականները, քաղաքական հայտարարությունների հետ անհամաձայնությունը, դրանցից վիրավորվելը վկայում են, որ Դատավորը կանխակալ վերաբերմունք ունի հայցվորի օրինական ներկայացուցչի նկատմամբ, ինչը չի կարող չազդել գործի ելքի վրա:

4.9 Դատավորը 14.12.2020 թվականի որոշմամբ մերժել է բացարկի միջնորդությունը: Մասնավորապես, վկայակոչելով Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը ((...) դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումների ժամանակ արտահայտած կարծիքները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում:)` Դատարանը նշել է, որ չկա իր կողմից արված այնպիսի արտահայտություն, որն իրենից ներկայացնում է քաղաքական դիրքորոշում, որը հնարավոր է մեկնաբանել այս կամ այն քաղաքական ուժի կամ գործող իշխանություններին աջակցող և չկա որևէ խոսք այդ արտահայտություններում, որը հնարավոր լիներ որևէ կոնտեքստում մեկնաբանել քաղաքական: Նշված բոլոր արտահայտություններն իրենցից ներկայացնում են փաստերի արձանագրում: Արդյունքում, այդ արտահայտություններն ապաքաղաքական են, չեն վերաբերում, չեն որակում, չեն բնութագրում գործով հայցվորի օրինական ներկայացուցչի անձը, հետևաբար, չեն կարող դիտվել որպես կանխակալ վերաբերմունքի դրսևորում որպես կողմ հանդես եկող անձի օրինական ներկայացուցչի նկատմամբ: Հանդիպման ժամանակ հնչեցված արտահայտությունը վերաբերել է օրինական ներկայացուցչի` որպես վարչապետի կողմից կատարված արտահայտություններին, մինչդեռ, գործով թեև անձը նույնական է, սակայն հանդես չի գալիս ի պաշտոնե, այլ օրենքի ուժով հանդիսանում է անչափահաս հայցվորի օրինական ներկայացուցիչ:

4.10 14.12.2020 թվականի բացարկի մերժման որոշմամբ անդրադառնալով 18.09.2019 թվականին Բարձրագույն դատական խորհրդի հետ հանդիպման ժամանակ իր արտահայտած հետևյալ մտքին` «Ինձ վիրավորում է, երբ ասում են, թե ես դռների տակ վնգստում եմ», ապա որոշմամբ Դատավորն ընդունել է, որ հնչեցված արտահայտությունը վերաբերվել է ՀՀ վարչապետի կողմից կատարված արտահայտություններին:

4.11 Դատավորի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է միջնորդություն կարգապահական գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ սույն գործով կարգապահական վարույթը հարուցվել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Բադասյանի կողմից այն պայմաններում, երբ վերջինիս անձնական գործով Դատավորը կայացրել է Ռ. Բադասյանի կողմից ներկայացված հայցը մերժելու որոշում, ինչը հիմքեր է տալիս ենթադրելու, որ Ռ. Բադասյանը եղել է շահագրգիռ սույն վարույթի հարուցման համար: Որպես հիմնավորում հղում է արվել դատավոր Արման Հովհաննիսյանի գործով կայացված Բարձրագույն դատական խորհրդի 02.09.2021 թվականի որոշմանը:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Նախարարի տեղակալի և ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի և վերջինիս ներկայացուցիչների դիրքորոշումները, ինչպես նաև ներկայացված միջնորդությունը` կարգապահական վարույթը կարճելու մասին, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`

1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:

Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ներկայացված միջնորդության մեջ, որպես Դատավորի կողմից թույլ տրված խախտման հիմքեր ներկայացված են Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1) արդյո՞ք վարույթ հարուցող մարմնի կողմից խախտվել են Օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վարույթ հարուցելու ժամկետները,

2) արդյո՞ք Նախարարը իրավունք ուներ վարույթ հարուցելու որոշում կայացներ փաստաբան Գևորգ Գյոզալյանի դիմումի հիման վրա,

3) արդյո՞ք թիվ ԵԴ/7486/02/20 քաղաքացիական գործով առկա է եղել Դատավորի ինքնաբացարկ հայտնելու որևէ հիմք,

4) արդյո՞ք թիվ ԵԴ/7486/02/20 քաղաքացիական գործով բացարկի միջնորդությունը մերժելով Դատավորի կողմից թույլ է տրվել Օրենքով նախատեսված վարքագծի կանոնի խախտում,

5) արդյո՞ք թույլ տրված խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե` վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, և դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:

Ելնելով այն հանգամանքից, որ վարույթի ընթացքի համար Օրենսգրքով նախատեսված ժամկետների խախտումն անվերապահ վարույթի կարճման հիմք է, այն դեպքում, երբ դատավորը հայտնում է իր համաձայնությունն այդ հիմքով վարույթը կարճելու համար, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով Դատավորի կողմից արվել է հայտարարություն ժամկետների խախտման մասին` Բարձրագույն դատական խորհուրդը նախ և առաջ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Նախարարի կողմից վարույթի հարուցման ժամկետների պահպանման հարցին:

Ներկայացված դիրքորոշմամբ Դատավորը և վերջինիս ներկայացուցիչները նշել են. «Դատավորին բացարկ հայտնելիս, դրանում որևէ նոր հանգամանք չի մատնանշվել, որը հայտնի չլիներ Դատավորին մինչև միջնորդություն ներկայացնելը: Ուստի վերագրվող խախտման օրը, այլ, առավելագույնը, առաջին նիստի օրը` 23.04.2020 թվականին: Մինչդեռ համաձայն Օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ կարող է հարուցվել` ... 2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով` խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո, ...»: Վարույթը հարուցվել է 23.07.2021 թվականին, այսինքն` ժամկետի խախտմամբ»:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ վարույթ հարուցելու ժամկետների խախտման հիմքով վարույթը կարճելու միջնորդությունն անհիմն է այն հիմնավորմամբ, որ բացարկ հայտնելը հանդիսանում է կողմի իրավունքը, այլ ոչ թե պարտականությունը, հետևաբար կողմը այն կարող է իրացնել ցանկացած պահի: Տվյալ դեպքում բացարկ ներկայացվել է գործի քննության ընթացքում 09.12.2021 թվականին, իսկ Դատարանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է 14.12.2021 թվականին:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցելու համար Օրենքով նախատեսված ժամկետները խախտված չեն, քանի որ կարգապահական վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել թիվ ԵԴ/7486/02/20 քաղաքացիական գործով 14.12.2020 թվականին կայացված բացարկի միջնորդության մերժման որոշումը, հետևաբար հենց այդ ամսաթիվն էլ հանդիսանում է խախտումը կատարելու մեկ տարվա ժամկետի սկիզբը: Նախարարի կողմից վարույթը հարուցվել է 23.07.2021 թվականին, այսինքն պահպանվել են Օրենքով նախատեսված ժամկետները:

Կապված Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական վարույթի քննության ընթացքում Դատավորի և վերջինիս ներկայացուցիչների կողմից ներկայացված վարույթի կարճման միջնորդության հետ այն հիմքով, որ Գևորգ Գյոզալյանը լիազորված չի եղել Շուշան Փաշինյանի անունից Նախարարին հաղորդում ներկայացնել և Նախարարը իրավունք չի ունեցել վարույթ հարուցելու, ապա Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը: (...)

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն:

Վերոնշյալ իրավական նորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ցանկացած անձի (որին հնարավոր է նույնականացնել) կողմից տրված հաղորդումը, անկախ այն հանգամանքից, արդյո՞ք անձը լիազորված է եղել դիմելու Նախարարին կարգապահական վարույթ հարուցելու համար, թե ոչ:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի և վերջինիս ներկայացուցիչների կողմից բերված այն փաստարկը, որ հայցվոր Շուշան Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը ներկայացված լիազորագրով լիազորված չի եղել դիմելու Նախարարին, ուստի Նախարարը իրավունք չի ունեցել նման պայմաններում վարույթ հարուցելու` անհիմն է, քանի որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթ, համաձայն վարույթ հարուցելու որոշման հանդիսացել է փաստաբան Գևորգ Գյոզալյանի, և ոչ թե Շուշան Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի դիմումը:

Ինչ վերաբերում է սույն որոշմամբ բարձրացված մյուս հարցադրումներին, ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն` դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:

Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը ենթակա է արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:

Օրենսդիրը, ամրագրելով յուրաքանչյուրի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության լիարժեք իրականացումը, սահմանել է նաև այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, որպիսի հանգամանքը դատարանի անկողմնակալության ապահովման կարևորագույն երաշխիք է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) իր բազմաթիվ որոշումներում բացահայտել է դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները: Այսպես` Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ չափանիշն է, որը վերաբերում է քննվող գործի կապակցությամբ տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին, իսկ երկրորդը` օբյեկտիվ չափանիշը, վերաբերում է առաջարկվող այն երաշխիքներին, որոնք պետք է բավարար լինեն դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար:

Սուբյեկտիվ չափանիշի համաձայն` դատարանի կամ դատավորի անկողմնակալությունը հանդես է գալիս որպես կանխավարկած, հետևաբար, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, դատավորը համարվում է սուբյեկտիվորեն անկողմնակալ: Հակառակ դրան` օբյեկտիվ անկողմնակալությունը կախված է արտաքին գործոններից, և այս դեպքում դատավորի վարքագիծը երկրորդական նշանակություն է ստանում: Մասնավորեցնելով օբյեկտիվ չափանիշը` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել` արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ դատարանն անկողմնակալ չէ (տե՛ս, օրինակ, Piersack v. Belgium գործով Եվրոպական դատարանի 01.10.1982 թվականի վճիռը, կետ 30, Grieves v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 16.12.2003 թվականի վճիռը, կետ 69, Kyprianou v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը, կետեր 118, 121, Nicholas v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 09.01.2018 թվականի վճիռը, կետեր 49, 53, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետ 45):

Օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից Եվրոպական դատարանը կարևորել է նաև կոնկրետ գործի քննությանը դատավորի ունեցած դերը, դատավորի կողմից իրականացված գործողությունների շրջանակն ու բնույթը և գտել է, որ դատավորի կողմից գործի նյութերին պարզապես ծանոթ լինելը չի հանգեցնում վերջինիս անաչառության վերաբերյալ ծագած կասկածների ողջամտությանը (տե՛ս, Morel v. France գործով Եվրոպական դատարանի 18.10.2000 թվականի վճիռը, կետ 45, Fazli Fazli Aslaner v. Turkey գործով Եվրոպական դատարանի 07.07.2014 թվականի վճիռը, կետ 31): Վերադաս դատարաններում նույնիսկ երկու այլ դատավորների հետ գործի քննությունն իրականացնող և գործի քննությունը նախագահող դատավորը չպետք է քննի իր իսկ որոշման դեմ ներկայացված բողոքները (տե՛ս De Haan v. the Netherlands գործով Եվրոպական դատարանի 26.08.1997 թվականի վճիռը, կետ 51): Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես` դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի` դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն (տե՛ս, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետեր 47, 51):

Եվրոպական դատարանն անդրադարձել է նաև «անկողմնակալության» հարցին, մասնավորապես նշելով, որ այս պահանջի մասով գոյություն ունի երկու ասպեկտ: Նախ, դատարանը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարմունքից կամ կանխակալությունից: Երկրորդ, այն պետք է նաև օբյեկտիվորեն անկողմնակալ լինի, այն է` պետք է ապահովի բավարար երաշխիքներ` բացառելու ցանկացած օրինաչափ կասկած այդ առումով: Անկախության և օբյեկտիվ անկողմնակալության հասկացությունները սերտորեն կապված են, և դատարանը դրանք հաճախ միասին է դիտարկում (տե՛ս Ֆինդլեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [Findlay v. the United Kingdom], 25 փետրվարի 1997 թվական, § 73, Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույցներ 1997-I, Բրուդնիկան և այլոք ընդդեմ Լեհաստանի [Brudnicka and Others v. Poland], գանգատ թիվ 54723/00, § 38, ՄԻԵԴ 2005-II):»:

Դատավորների վարքագծի Բանգալորյան սկզբունքների համաձայն դատավորը պարտավոր է իր ծառայական պարտականություններն իրականացնել առանց նախապատվության, կողմնակալության կամ խտրականության: Դատական նիստի ժամանակ և դատարանի շենքից դուրս դատավորն իր վարքագծով պետք է նպաստի հանրության, իրավաբանի մասնագիտության ներկայացուցիչների և դատավարության կողմերի վստահության պահպանմանն ու բարձրացմանը դատավորի և դատական համակարգի անաչառության հանդեպ: Դատավորը պետք է հնարավորինս իրեն այնպես պահի, որպեսզի նվազագույնի հասցնի դատական նիստը վարելու կամ դատական գործի վերաբերյալ որոշում կայացնելու համար բացարկի հիմք հանդիսացող դեպքերը: Դատավորը պետք է ձեռնպահ մնա նաև հրապարակային կամ այլ մեկնաբանություններից, որոնք կարող են ազդել անձի կամ խնդրի արդար դատաքննության վրա:

Համաձայն նույն սկզբունքների` Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել կամ երբ անկողմնակալ դիտորդին թվում է, թե նա ի վիճակի չէ տվյալ գործով անաչառ որոշում կայացնել:

Եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ երբ դատավարության մասնակիցներից որևէ մեկը կասկածի տակ է դնում դատարանի անկողմնակալությունը, ապա վերջինս նաև պետք է ներկայացնի բավարար հիմքեր դատարանի անկողմնակալության մասին ողջամիտ կասկածը հիմնավորելու համար, հակառակ դեպքում վերջինիս կողմից վկայակոչված հանգամանքները չեն կարող դատարանի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ կասկածը հաստատելու հիմք հանդիսանալ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ համաձայն սույն կարգապահական վարույթի նյութերի, թիվ ԵԴ/7486/02/20 քաղաքացիական գործով հայցվոր Շուշան Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի կողմից ներկայացվել է բացարկի միջնորդություն այն հիմնավորմամբ, որ հայցվոր Շուշան Փաշինյանի օրինական ներկայացուցիչ է հանդիսանում Նիկոլ Փաշինյանը, իսկ թիվ ԵԴ/7486/02/20 քաղաքացիական գործը քննող Դատավորը հնարավոր է դրսևորի կանխակալ վերաբերմունք սույն գործի քննության ընթացքում, քանի որ Դատավորի կողմից տրված մի քանի հարցազրույցներում քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված արտահայտությունների, իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես եկող Նիկոլ Փաշինյանը նույնանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Դատարանը մերժել է միջնորդությունը վկայակոչելով Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը ((...) դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումների ժամանակ արտահայտած կարծիքները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում:): Դատարանը նշել է, որ չկա իր կողմից արված այնպիսի արտահայտություն, որն իրենից ներկայացնում է քաղաքական դիրքորոշում, որը հնարավոր է մեկնաբանել այս կամ այն քաղաքական ուժի կամ գործող իշխանություններին աջակցող և չկա որևէ խոսք այդ արտահայտություններում, որը հնարավոր լիներ որևէ կոնտեքստում մեկնաբանել քաղաքական: Նշված բոլոր արտահայտություններն իրենցից ներկայացնում են փաստերի արձանագրում: Արդյունքում, այդ արտահայտություններն ապաքաղաքական են, չեն վերաբերում, չեն որակում, չեն բնութագրում գործով հայցվորի օրինական ներկայացուցչի անձը, հետևաբար, չեն կարող դիտվել որպես կանխակալ վերաբերմունքի դրսևորում որպես կողմ հանդես եկող անձի օրինական ներկայացուցչի նկատմամբ: Հանդիպման ժամանակ հնչեցված արտահայտությունը վերաբերել է օրինական ներկայացուցչի` որպես վարչապետի կողմից կատարված արտահայտություններին, մինչդեռ, գործով թեև անձը նույնական է, սակայն հանդես չի գալիս ի պաշտոնե, այլ օրենքի ուժով հանդիսանում է անչափահաս հայցվորի օրինական ներկայացուցիչ:

Բացարկի միջնորդությունը մերժելու որոշմամբ Դատավորն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի հետ հանդիպման ժամանակ իր կողմից հնչեցված «իրեն վիրավորում է, երբ ասում են, թե ինքը դռների տակ վնգստում է», արտահայտությունը վերաբերել է ՀՀ վարչապետի կողմից կատարված արտահայտություններին: Դատավորը նաև որոշմամբ նշել է, որ հնչեցված արտահայտությունը վերաբերել է օրինական ներկայացուցչի` որպես վարչապետի կողմից կատարված արտահայտություններին, մինչդեռ, գործով թեև անձը նույնական է, սակայն հանդես չի գալիս ի պաշտոնե, այլ օրենքի ուժով հանդիսանում է անչափահաս հայցվորի օրինական ներկայացուցիչ:

Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում ինչպես Որոշման մեջ, այնպես էլ վարույթի ընթացքում Դատավորի կողմից բերված այն փաստարկները, համաձայն որոնց իր կողմից հնչեցրած բոլոր արտահայտությունները, որոնք իրենց բնույթով ապաքաղաքական են, չեն վերաբերում, չեն որակում, չեն բնութագրում հայցվոր Շուշան Փաշինյանի օրինական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի անձը, հետևաբար, չեն կարող դիտվել որպես կանխակալ վերաբերմունքի դրսևորում որպես կողմ հանդես եկող անձի օրինական ներկայացուցչի նկատմամբ և վերոհիշյալ հանգամանքներն իրեն չեն խոչընդոտել գործով անկողմնակալ լինելու առումով: Ավելին Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը քննելու մասին որոշման մեջ արձանագրելով, որ նշված արտահայտություններով բարձրաձայնել է իր կարծիքը, այնուհետև նշելով, որ նշված բոլոր արտահայտություններն իրենցից ներկայացնում են փաստերի արձանագրում, դրանով իսկ իր կարծիքը բարձրացրել է փաստի աստիճանին, ինչը չի կարող դիտվել որպես անաչառության դրսևորում: Դատավորի կողմից թիվ ԵԴ/7486/02/20 քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը մերժելով Դատավորն ըստ էության անկողմնակալության հարցը գնահատել է իր տեսանկյունից և ոչ թե անկողմնակալ դիտորդի: Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորը պարտավոր էր նշված որոշման կայացման ժամանակ ուշադրություն դարձնել ոչ թե, կամ ոչ միայն, իր կողմից անձանց նույնացնելու հանգամանքին, այլ, հատկապես, անկողմնակալ դիտորդի տեսանկյունից անձանց նույնացվելն ընկալվելուն:

Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ»:

Նշված հոդվածի, ներկայացված բացարկի միջնորդության և Դատավորի կողմից ներկայացված բացատրությունների համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է հետևյալ հարցերի պարզաբանումը`

ա/ ո՞ր հանգամանքները կարող են կասկած հարուցել գործով դատավորի անաչառության վերաբերյալ,

բ/ արդյո՞ք դատավորը թիվ ԵԴ/7486/02/20 գործով տեղյակ է եղել այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող էին ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ,

գ/ ո՞վ կարող է հանդիսանալ անկողմնակալ դիտորդ,

դ/ արդյո՞ք անկողմնակալ դիտորդը կարող է տարանջատել օրինական ներկայացուցիչ հանդես եկող Նիկոլ Փաշինյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից հրապարակայնորեն արված արտահայտությունները (տես սույն որոշման 4.1-ից 4.4 կետերը) ակնհայտ են դարձնում դատավորի բացասական/քննադատական վերաբերմունքը գործադիր, օրենսդիր իշխանությունների և այդ իշխանությունների կողմից կատարվող գործողությունների վերաբերյալ, որոնք առնչվում են դատական իշխանությանը: Ինչպես բացարկի միջնորդության քննության ժամանակ, այնպես էլ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիսացել է գործադիր իշխանության ղեկավարը: Ինչպես նշվեց, բացարկի միջնորդությունը մերժելու որոշմամբ Դատավորն արձանագրել է, որ իրեն վիրավորում է, երբ ասում են, թե ինքը դռների տակ վնգստում է, ընդունելով, որ հնչեցված արտահայտությունը վերաբերվել է ՀՀ վարչապետի կողմից կատարված արտահայտություններին:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վերոգրյալի համատեքստում ակնհայտ է, որ Դատավորի կողմից կատարված արտահայտությունները հանգամանքներ են, որոնք կարող են կասկած հարուցել Դատավորի անաչառության մասին և դրանց մասին վերջինս տեղյակ է եղել:

Անդրադառնալով անկողմնակալ դիտորդի հարցին, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ «անկողմնակալ դիտորդ» արտահայտությունն արդեն իսկ հուշում է, որ գործով անկողմնակալ կարող է լինել այն սուբյեկտը, որն որևէ անմիջական առնչություն չունի տվյալ գործի հետ, գործի լուծումն որևէ կերպ չի կարող ազդել վերջինիս իրավունքների և պարտականությունների վրա: Բառարանային բացատրությամբ «անկողմնակալ դիտորդը» բառակապակցությունն ունի հետևյալ մեկնաբանությունը` (...) Անկողմնակալ դիտորդ է համարվում այն անձը, ով անմիջականորեն ներգրավված չէ որոշակի իրավիճակում, հետևաբար, կարող է արդար կարծիք կամ որոշում հայտնել դրա վերաբերյալ(5) (...): Վերոգրյալի համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ անկողմնակալ դիտորդ կարող է լինել ցանկացած սուբյեկտ, բացի գործը քննող դատավորից և դատավարության մասնակիցներից:

________________

5 https://www.collinsdictionary.com/dictionary/english/impartial-

observer

 

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է նաև, որ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից հիմնավոր չեն Դատավորի այն եզրահանգումները, որ որպես օրինական ներկայացուցիչ հանդես եկող Նիկոլ Փաշինյանը չի նույնանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Դեռ ավելին, թիվ ԵԴ/7486/02/20 գործը լինելով հրապարակային, բազմիցս քննարկվելով մամուլում հասանելի է անկողմնակալ դիտորդի համար: Գործի փաստերից ակնհայտ է, որ վիճելի իրավահարաբերության առարկան քաղաքացի Նարեկ Սամսոնյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վերջինիս դուստր Շուշան Փաշինյանի հասցեին արված արտահայտություններն են (տե՛ս թիվ ԵԴ/7486/02/20 գործով վճիռը), ինչը ակնհայտ է դարձնում, որ անկողմնակալ դիտորդի համար վարչապետ Նիկոլ Փաշինյան և ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյան սուբյեկտները նույնական են:

Բանգալորյան սկզբունքները հստակ սահմանում են, որ դատավորի վարքագիծն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից պետք է անթերի լինի: Դատավորի գործողությունները և վարքագիծը պետք է ամրապնդեն ժողովրդի հավատը հանդեպ դատական համակարգի ազնվությունն ու անկաշառելիությունը: Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ պետք է իրականացվի հասարակության համար տեսանելի ձևով:

Ելնելով վերոգրյալից, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից բացարկի միջնորդությունը մերժելով խախտվել են Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, այն է` Դատավորը քննել և լուծել է գործը, չնայած առկա են եղել ինքնաբացարկ հայտարարելու անվերապահ հիմքեր և բացարկի միջնորդությունը մերժելով Դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, քանի որ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից գործը շարունակել է քննվել ոչ անաչառ դատավորի կողմից:

Բարձրագույն դատական խորհուրդը, չնայած արձանագրային որոշմամբ մերժել է Դատավորի և վերջինիս ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը կարգապահական գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ սույն գործով կարգապահական վարույթը հարուցվել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Բադասյանի կողմից այն պայմաններում, երբ Ռ. Բադասյանի կողմից ներկայացված անձնական գործով Դատավորը կայացրել է հայցը մերժելու որոշում, ինչը հիմքեր է տալիս ենթադրելու, որ Ռ. Բադասյանը եղել է շահագրգիռ սույն վարույթի հարուցման համար, այդուհանդերձ սույն որոշման հիմնավորման տեսանկյունից կարևոր է համարում անդրադառնալ նաև այդ միջնորդությանը:

Որպես միջնորդության հիմնավորում հղում է արվել դատավոր Արման Հովհաննիսյանի գործով կայացված Բարձրագույն դատական խորհրդի 02.09.2021 թվականի որոշմանը: Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ այդ հիմքով վարույթները չեն նույնանում: Դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի պարագայում Նախարարը գործի քննության ընթացքում հանդես էր եկել որպես կողմ, իսկ տվյալ դեպքում մատնանշվել է առանձին քաղաքացիական գործ, որտեղ քաղաքացի Ռուստամ Բադասյանը հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքացի Նարեկ Մալյանի, որն էլ Դատարանի կողմից մերժվել է: Բացի այդ, Բարձրագույն դատական խորհուրդը կարևոր է համարում նշել, որ Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական վարույթի քննության հիմք է հանդիսանում ոչ թե Նախարարի կողմից վարույթ հարուցելու 23.07.2021 թվականի որոշումը, այլ Արդարադատության նախարարի` «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նաշխքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 22-ի N 71-Ա որոշումը, որը ստորագրվել է ոչ թե Ռ. Բադասյանի այլ նախարար Կարեն Անդրեասյանի կողմից:

Բարձրագույն դատական խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ վերոնշյալ միջնորդության համատեքստում հերքվում է նաև Դատավորի բացարկի մերժման որոշման մեջ արված այն պնդումը, որ Բարձրագույն դատական խորհրդի հետ հանդիպման ժամանակ հնչեցված արտահայտությունը վերաբերել է օրինական ներկայացուցչի` որպես վարչապետի կողմից կատարված արտահայտություններին, մինչդեռ, գործով թեև անձը նույնական է, սակայն հանդես չի գալիս ի պաշտոնե, այլ օրենքի ուժով հանդիսանում է անչափահաս հայցվորի օրինական ներկայացուցիչ: Եթե Դատավորը գործի վարույթը կարճելու վերոգրյալ միջնորդության մեջ նույնացնում է Ռ. Բադասյան ֆիզիկական անձին Ռ. Բադասյան նախարարի պաշտոնակատարի հետ, ապա պարտավոր էր իր վարույթում գտնվող և իր կողմից լուծման ենթակա բացարկի միջնորդության մեջ նույնացնել նաև Ն. Փաշինյան վարչապետին Ն. Փաշինյան ներկայացուցչի հետ, ինչը չի կատարել:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի պատճառաբանությունների և կարգապահական վարույթի առնչությամբ տված բացատրության վերլուծությունից բխում է, օրենքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս Դատավորը վարքագծի կանոնների խախտումները թույլ է տվել կոպիտ անփութությամբ, ինչը հիմք է հանդիսանում վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը կարգապահական խախտում թույլ տալու պահին կարգապահական տույժ չի ունեցել: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, նախկինում առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ: Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք, Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով, Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ դատավորի կողմից ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում ինքնաբացարկ չհայտնելը կամ բացարկի միջնորդությունը մերժելը շատ ավելի բացասական է անդրադառնում հանրության կողմից դատական իշխանության անաչառության և անկախության ընկալման վրա, քան առանց բավարար հիմքերի ինքնաբացարկ հայտնելը:

Վերոգրյալ իրավանորմերի լույսի ներքո Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումը ուղղակի և մեծապես վտանգել է դատարանի որպես անաչառ ինստիտուտի հանրային ընկալումը, անվստահություն է առաջացրել Սահմանադրությամբ և Օրենքով ամրագրված դատական իշխանության անկախության և անաչառության հիմնարար սկզբունքների նկատմամբ:

Ելնելով վերագրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը,

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին հայտարարել խիստ նկատողություն:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական խորհրդի

    նախագահի պաշտոնակատար                  Գ. Ջհանգիրյան

 

    Անդամներ`                              Գ. Բեքմեզյան

                                           Դ. Խաչատուրյան

Հատուկ կարծիք եզրափակիչ

    մասի վերաբերյալ                        Մ. Մակյան

                                           Լ. Մելիքջանյան

 

ԴԵՄ Հատուկ կարծիք պատճառաբանական և

    եզրափակիչ մասերի վերաբերյալ            Ա. Մխիթարյան

 

    ԴԵՄ                                    Ս. Չիչոյան

                                           Վ. Քոչարյան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 6 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
29.11.2021
N ԲԴԽ-84-Ո-Կ-24
Որոշում