https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20309.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
18 դեկտեմբերի 2021 թվականի N 309
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունը զբաղվում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա ենթակետով սահմանված գործունեությամբ և 2016 թ.-ի սեպտեմբերի 25-ին ստացել է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ` հավաստագիր: Հավաստագրի գործողության ժամկետը այդ ժամանակ սահմանվել է 25.09.2016 թ.-ից մինչև 01.01.2020 թ.-ը: Այնուհետև, համաձայն կատարված օրենսդրական փոփոխության, մինչև 2018 թվականի փետրվարի 1-ը տրամադրված հավաստագրերը գործում են դրանց տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով, իսկ 2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը գործում են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Արդյոք հաշվի առնելով վերոգրյալը, կազմակերպությունը կարող է ինքնուրույնաբար տվյալ փաստի բացահայտման օրվանից հարկերը հաշվարկել 22% դրույքաչափով` 10%-ի փոխարեն և եկամտային հարկի վերահաշվարկներ չկատարել: Եթե պետք է վերահաշվարկել հարկերը, ապա սեպտեմբեր ամսվա համար եկամտային հարկը պետք է հաշվարկվի 10%, թե՞ 22% դրույքաչափով` հաշվի առնելով, որ 25.09.2021 թ.-ին է լրացել հավաստագրի գործողության ժամկետը:
Պատասխան
«Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի`
- 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային արտոնությունները տրամադրվում են հավաստագրված անձանց` ՀՀ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված չափով և նույն օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում,
- 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` մինչև 2018 թվականի փետրվարի 1-ը նույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են դրանց տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով, իսկ 2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը գործում են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
ՀՀ հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից (01.01.2018թ.) ուժը կորցրած է ճանաչվել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը, բացառությամբ այդ օրենքի 10-րդ հոդվածի 1.1-ին մասով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալներին վերաբերող դրույթների, որոնք գործում են հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև բացառությամբ նույն օրենքի 8.2-րդ հոդվածով նախատեսված դրույթների:
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին (մինչև 01.01.2018թ. գործող խմբագրությամբ) և 10-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետին համապատասխան` հարկվող օբյեկտը, դա ստացման ենթակա` հաշվեգրված հարկվող եկամուտն է (տվյալ դեպքում` աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները): «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին հաշվարկվող (վճարվող) աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:
Հաշվի առնելով վերը նշվածը, հայտնում ենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավաստագրի գործողության ժամկետի ավարտը ներառող հաշվետու ամսվա և հետագա հաշվետու ամիսների համար հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով:
Ընդ որում` ՀՀ հարկային օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկ վճարողի (Օրենսգրքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի, անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում` նաև ծնողի կամ խնամակալի) կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, նույն հոդվածով սահմանված կարգով, կարող են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ