ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունվարի 2022 թվականի N 14-Ն
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների (այսուհետ` ինքնակամ կառույց) հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ պատվիրատուի համաձայնության ձևը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. Ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառելու նպատակով` սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով ներկայացվում և Կադաստրի կոմիտեի կողմից հաշվառվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում սահմանված ժամկետներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի 5
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի հունվարի 5-ի
N 14-Ն որոշման
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգում կիրառվող ներքոնշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) ինքնակամ կառույց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կառույցը` անկախ դրա ավարտվածության աստիճանից.
2) չափագրող` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի որակավորման վկայական ստացած անձ.
3) պատվիրատու` ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով չափագրողին դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին.
i
4) հաշվառման փաթեթ` հաշվառողի կողմից Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանին, սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերին համապատասխան կազմված կամ ձեռքբերված փաստաթղթեր.
5) առցանց չափագրման գրասենյակ` www.e-cadastre.am կայքէջում ներդրված առցանց էլեկտրոնային հարթակ, որի միջոցով չափագրողը ներբեռնում է հաշվառման փաթեթը:
2. Կադաստրի կոմիտեում չհաշվառված ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով պատվիրատուն դիմում է չափագրողին:
3. Չափագրողը հողամասի հանութագրման, ինքնակամ կառույցի չափագրման և արդյունքների փաստաթղթավորման աշխատանքներն իրականացնում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանի պահանջներին համապատասխան: Ընդ որում` եթե ինքնակամ կառույցն իրականացվել է տարբեր սեփականատերերին պատկանող հողամասերում, ապա հաշվառման փաթեթը կազմվում է յուրաքանչյուր սեփականատիրոջ մասով առանձին:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտական փաստաթղթերին կցվում են նաև կառույցի հարկայնությունը և բոլոր կողմերը հստակ արտացոլող` նվազագույնը 4, իսկ առավելագույնը 6 գունավոր լուսանկար:
5. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված աշխատանքները կատարելուց և փաստաթղթերը կազմելուց հետո չափագրողը հաշվառման փաթեթը համաձայնեցնում է պատվիրատուի հետ:
6. Պատվիրատուի կողմից չափագրման փաթեթի բոլոր տվյալները ստուգելուց հետո հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում պատվիրատուն և չափագրողը կազմում և ստորագրում են N 2 հավելվածով սահմանված համաձայնագիրը:
7. Համաձայնագիրը ստորագրվելուց հետո չափագրողը հաշվառման փաթեթը ներբեռնում է առցանց չափագրման գրասենյակ:
8. Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է կարճ հաղորդագրության միջոցով (sms):
9. Ինքնակամ կառույցը հաշվառելուց հետո առցանց չափագրման գրասենյակում ներբեռնված հաշվառման փաթեթը ենթակա չէ խմբագրման:
10. Սույն կարգի իմաստով որպես ինքնակամ կառույց Կադաստրի կոմիտեում հաշվառված է համարվում նաև այն շինությունը, որը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում սահմանված վերջնաժամկետներում պետական գրանցման համար ներկայացված, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի գույքագրման փաստաթղթերում կամ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում արտացոլված է որպես ինքնակամ կառույց:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի հունվարի 5-ի
N 14-Ն որոշման
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
_______________________________ ____________________________________
(համաձայնագիրը կազմելու վայրը) (համաձայնագիրը կազմելու տարին, ամիսը
և ամսաթիվը)
Ես` __________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, բնակության հասցեն, անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տրամադրման տարին, իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու դեպքում` նաև իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, պաշտոնը, բջջային հեռախոսահամարը)
Հաստատում եմ, որ __________________________________________________ -ի
(հաշվառողի անունը, հայրանունը, ազգանունը)
կողմից կազմված հաշվառման փաթեթը համապատասխանում է ____________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
(ինքնակամ կառույցի իրականացման տարին, առկայության դեպքում` հասցեն)
կառուցված ինքնակամ կառույցի որակական և քանակական տվյալներին:
_____________________________ ______________________
_____________________________ ______________________
(պատվիրատուի ստորագրությունը, (չափագրողի ստորագրությունը,
անունը և ազգանունը) անունը և ազգանունը)
*Սույնով հավաստում եմ, որ կարդացել եմ համաձայնագիրը և տեղյակ եմ, որ ինքնակամ կառույցը հաշվառելուց հետո առցանց չափագրման գրասենյակում ներբեռնված հաշվառման փաթեթը իմ կողմից համաձայնեցված է և վերջնական է:
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունվարի 2022 թվական: