Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵ ...

 

 

110.0186.300600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

30 հունիսի 2000 թվականի թիվ 186-Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2000 թվականի ընդունելությունը կազմակերպելու և իրականացնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2000 թվականի ընդունելության կանոնները:

2. Նախարարության իրավաբանական բաժնին` սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել պետական գրանցման` ՀՀ արդարադատության նախարարություն:

3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Փոլանդյանին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 186-Մ

ՀՐԱՄԱՆՈՎ

ԿՈԴ` 110

 

ԿԱՆՈՆՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

1. Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի 9-րդ կետի համաձայն, նախարարության կանոնադրության 1-ին և 2-րդ կետերի պահանջներին և 5-րդ կետի «լ» ենթակետին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները` քոլեջները և ուսումնարանները, միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ` ՄՄՈՒՀ), մրցութային հիմունքով ընդունելություն են կատարում ըստ առկա (ստացիոնար) և հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների հատկացված տեղերի` պետական պատվերով կամ վճարովի հիմունքով (այլ պատվերով), նախարարության` ըստ մասնագիտությունների ընդունելության քննությունների հաստատած ցանկի և պայմանների:

3. ՄՄՈՒՀ կարող են դիմել հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, մասնագիտական տեխնիկական (պրոֆտեխնիկական), միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք:

4. ՄՄՈՒՀ-ում ընդունելությունը պետական պատվերով ուսուցմամբ տեղերում կատարվում է ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա` սույն Կանոններով սահմանված մրցույթի պայմանների համաձայն:

5. Ընդունելությունը վճարովի ուսուցմամբ տեղերում, անկախ կրթական ծրագրի իրականացման ձևից, կատարվում է առանց քննությունների` նախարարության կողմից ըստ մասնագիտությունների միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) որպես մրցութային սահմանված գնահատականների հիման վրա, բացառությամբ նախարարության կողմից սահմանված արվեստի, մարզական, բժշկական մասնագիտությունների, ինչպես նաև բուհական քոլեջների և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրի:

6. Օտարերկրյա պետությունների քաղաքացիների ընդունելությունը ՄՄՈՒՀ-ներ կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 1997 թվականի մարտի 17-ի թիվ 40-Մ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին կարգով»:

7. Դիմորդի փաստաթղթերն ընդունվում են տվյալ ուսումնական հաստատությունում`

ա) պետական պատվերով տեղերի համար`

- արվեստի և մարզական մասնագիտությունների գծով` 2000 թվականի հուլիսի 3-ից մինչև 2000 թվականի հուլիսի 15-ը,

- բժշկական ՄՄՈՒՀ-ներում` 2000 թվականի հուլիսի 3-ից մինչև հուլիսի 15-ը,

- գյուղատնտեսական ՄՄՈՒՀ-ներում` 2000 թվականի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 14-ը,

- մյուս մասնագիտությունների գծով` 2000 թվականի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 7-ը,

- բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար` 2000 թվականի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 28-ը,

բ) վճարովի ուսուցմամբ տեղերի համար`

- արվեստի և մարզական մասնագիտությունների գծով` 2000 թվականի հուլիսի 3-ից մինչև 2000 թվականի հուլիսի 15-ը,

- բժշկական ՄՄՈՒՀ-ներում` 2000 թվականի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 7-ը,

- գյուղատնտեսական ՄՄՈՒՀ-ներում` 2000 թվականի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 28-ը,

- մյուս մասնագիտությունների գծով` 2000 թվականի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը,

- բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար` 2000 թվականի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 28-ը:

8. Դիմորդը ՄՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է`

ա) դիմում,

բ) կրթության մասին փաստաթղթի բնագիրը Կամ պատճենը,

գ) չորս լուսանկար (3x4 չափսի),

դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական` մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ ՀՀ ՆԳ բաժինների կողմից տրված 9-րդ ձև),

ե) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

զ) ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ:

9. ՄՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովը պարտավոր է դիմորդին և նրա ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել ուսումնական հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:

Դիմորդի ընդհանուր պատրաստվածությանը, մասնագիտական կողմնորոշվածությանը ծանոթանալու, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն ապահովելու նպատակով` ՄՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովը դիմորդի հետ անցկացնում է զրույց:

10. ՄՄՈՒՀ-ի դիմորդը` ընդունելության կազմակերպման և անցկացման համար, տվյալ ուսումնական հաստատությունում նախապես վճարում է 1000 (հազար) դրամ:

Անկախ քննություններին մասնակցելուց և ընդունելության արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

Հաստատության ընդունող հանձնաժողովի առանձին անձանց կարող է ազատել վերոնշյալ վճարից:

11. Ընդունելության քննությունները կազմակերպվում են 2000 թվականի օգոստոսի 10-ից օգոստոսի 22-ը, արվեստի և մարզական մասնագիտությունների գծով` 2000 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 5-ը:

Բժշկական ՄՄՈՒՀ-ներում ընդունելության քննությունները պետական պատվերով ուսուցմամբ տեղերի համար կազմակերպվում են 2000 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 25-ը, վճարովի ուսուցմամբ տեղերի համար` 2000 թվականի օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 20-ը:

Ընդունելության քննությունները կազմակերպվում են ըստ հաստատության հաստատած ժամանակացույցի:

12. Ընդունելության քննություններն անց են կացվում ուսումնական հաստատություններում` առարկայական քննող հանձնաժողովների կողմից, գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա` նախարարության հաստատած համապատասխան ծրագրերի շրջանակներում:

ՄՄՈՒՀ-ի մասնաճյուղում քննություններն անց են կացնում ՄՄՈՒՀ-ի առարկայական քննող հանձնաժողովները:

13. ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով 2000 թվականին հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով` անձնական գործերի հետ մեկտեղ, դիմորդի ցանկությամբ համարվում է ՄՄՈՒՀ-ում տվյալ առարկայի ընդունելության քննության գնահատական, եթե նա չի ցանկանում տվյալ առարկայից հանձնել ընդունելության քննություն:

14. Ոչ հայկական դպրոցի շրջանավարտները «Հայոց լեզու» (գրավոր) և «Հայոց լեզու և գրականություն» (բանավոր) առարկաների քննությունը հանձնում են այդ դպրոցների համար հաստատված ծրագրով:

Կրթության մասին փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է «Ռուսաց լեզու» առարկայով: Բացառություն են կազմում «Թարգմանչություն և գործավարություն» , «Թարգմանչություն և մաքսավարություն» , «Թարգմանչություն և արխիվավարություն» , «Թարգմանչական գործ» , «Աշխատանք» , «Դասավանդում տարրական դասարաններում» , «Նախադպրոցական կրթություն» , «Սոցիալական մանկավարժություն» , «Հայոց և օտար լեզուների դասավանդում» , «Գրադարանային գործ» , «Գործավարություն և արխիվավարություն» , «Զբոսաշրջիկություն» մասնագիտությունները, որոնց գծով դիմորդը պարտադիր հանձնում է ընդունելության քննություն «Հայոց լեզու» առարկայից` հայկական դպրոցի համապատասխան ծրագրով:

15. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին, այն հայտնելուց հետո մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը, իսկ բանավոր քննության գնահատականը` քննող հանձնաժողովի նախագահին` առանց քննասենյակից դուրս գալու:

16. Ընդունելության քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

17. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացրած դիմորդին չի թույլատրվում հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները ուսումնական հաստատությունում չեն ավարտվել:

18. Ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների` տվյալ ուսումնական հաստատությունում:

19. Պետական պատվերով ուսուցմամբ տեղերի համար մրցույթին մասնակցում է տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր քննություններից դրական միավորներ ստացած դիմորդը: Առաջին հերթին ընդունվում է մրցութային քննություններից ստացած գնահատականների առավելագույն գումար ունեցող դիմորդը:

Նշված գումարների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է`

ա) ըստ քննությունների ցանկով սահմանված հաջորդականության` քննական առարկաներից առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա` ոչ մրցութային առարկաներից առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա` միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին:

բ) մանկավարժական և բժշկական մասնագիտությունների համար` համապատասխան կազմակերպություններում մասնագիտական աշխատանքի առավել տևական ստաժ ունեցող դիմորդին:

20. Սույն Կանոնների 5-րդ կետով սահմանված`  առանց քննությունների ընդունելության դեպքում վճարովի ուսուցմամբ տեղում առաջին հերթին ընդունվում է տվյալ ուսումնական հաստատության անվճար ուսուցման մրցույթով չանցած դիմորդը` ըստ ներկայացրած հայտերի, ապա միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների առավելագույն գումար ունեցող դիմորդը:

Նշված գումարների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է` ըստ սահմանված հաջորդականության` մրցութային առարկաներից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդներին, ապա` մյուս առարկաների գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին:

Դիմորդի ցանկությամբ, մրցութային առարկաների գնահատականներ կարող են համարվել տվյալ կամ այլ պետական ՄՄՈՒՀ-ում կամ ԲՈՒՀ-ում համապատասխան առարկաներից տվյալ տարում հանձնած ընդունելության քննությունների միավորները:

21. ՄՄՈՒՀ-ներում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանված են ՀՀ կառավարության 27.08.1999թ. «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» հ. 545 որոշմամբ:

22. Մրցույթի արդյունքները հրապարակվում են ուսումնական հաստատության տվյալ մասնագիտության քննությունների ավարտից հետո 2 օրվա ընթացքում:

23. Պետական պատվերով ուսուցման տեղերում մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2000 թվականի օգոստոսի 25-ը, արվեստի և մարզական մասնագիտությունների գծով` մինչև 2000 թվականի օգոստոսի 8-ը:

Բժշկական ՄՄՈՒՀ-ներում պետական պատվերով ուսուցման տեղերում մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2000 թվականի հուլիսի 28-ը:

Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2000 թվականի օգոստոսի 25-ը:

Գյուղատնտեսական մասնագիտությունների գծով հեռակա ուսուցմամբ մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2000 թվականի դեկտեմբերի 28-ը:

24. Պետական պատվերով ուսուցման տեղերում ընդունելության մրցույթով չանցած դիմորդը անվճար ուսուցման տեղերում ընդունվածների հրամանագրումից հետո երկու օրվա ընթացքում կարող է ներկայացնել դիմում` տվյալ մասնագիտության վճարովի ուսուցմամբ տեղերում ընդունելության մրցույթին մասնակցելու համար:

25. Վճարովի հիմունքով ուսուցմամբ տեղերում մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է սույն Կանոնների 7-րդ կետում նշված փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո 2 օրվա ընթացքում: Հրամանագրված դիմորդի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

26. Թափուր տեղերի առկայության դեպքում ՄՄՈՒՀ մրցութային հիմունքով կարող է ընդունվել ընթացիկ տարում տվյալ ՄՄՈՒՀ-ի այլ մասնագիտության, ինչպես նաև այլ պետական ՄՄՈՒՀ-ի կամ ԲՈՒՀ-ի մրցույթով չանցած այն դիմորդը, որը մինչև 2000 թվականի օգոստոսի 30-ը ներկայացնում է համընկնող քննական առարկաներից ստացած միավորների մասին սահմանված ձևի տեղեկանք:

27. Ընդունելության հետ առնչվող կամ քննությունների ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում սույն կանոններով, կարգավորվում են համապատասխան նորմատիվ փաստաթղթերով, ՀՀ կրթության և գիտության նախարարության կամ տվյալ ուսումնական հաստատությունը կառավարող պետական լիազորված մարմնի որոշումներով` համաձայնեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:

28. Սույն կանոնների իրականացումը վերահսկում է նախարարությունը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                   «30»         06           2000 Թ.

                    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 110000  

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
30.06.2000
N 186-Մ
Հրաման