ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
27 հուլիսի 2000 թվականի N 31
6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում առողջապահական հաստատությունների մասնավորեցման ռազմավարության հայեցակարգին (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Երևան-2000
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներածություն
1. Առողջապահական հաստատությունների մասնավորեցման անհրաժեշտությունը,
նպատակները և խնդիրները
2. Առողջապահության համակարգում մասնավորեցման նախընթաց գործընթացի
համառոտ բնութագիրը
3. Մասնավորեցման նպատակով առողջապահական հաստատությունների ընտրության
սկզբունքները
4. Առողջապահական հաստատությունների մասնավորեցման միջոցով
առողջապահության ֆինանսավորման բարելավումը գնահատելու չափանիշները
5. Մասնավորեցման ենթակա առողջապահական հաստատություններին պետական
աջակցության անհրաժեշտությունը և ձևերը
6. Առողջապահության ոլորտում մասնավորեցման օրենսդրական նախադրյալները և
մասնավորեցման նախընտրելի ձևերը
7. Առողջապահության համակարգի կազմակերպությունների մասնավորեցման հետ
կապված հիմնախնդիրները
ՀԱՎԵԼՎԱԾ
Առողջապահական հաստատությունների մասնավորեցման միջազգային փորձը
Ներածություն
Առողջապահական հաստատությունների մասնավորեցման նկատմամբ ՀՀ առողջապահության նախարարության մոտեցումների ելակետային սկզբունքն այն է, որ, սկսած 2000-2001 թթ., ծրագրված ռազմավարական վերափոխումների տիրույթում մասնավորեցումը դիտվում է իբրև հնարավոր, սակայն ոչ հիմնական տարբերակներից (սցենարներից) մեկը: Առողջապահության համակարգում մասնավորեցման, այսինքն` պետական և մասնավոր հատվածների հարաբերակցության փոփոխման ժամանակ պետությունը չի կարող թույլ տալ շուկայական գործոնների ազդեցության տակ սոցիալական քաղաքականության նպատակների իրագործման ձախողումը` անկախ բժշկական ծառայությունների իրականացման բյուջետային ֆինանսավորման հնարավորություններից:
Առողջապահության ոլորտում մասնավորեցումը պետական մոտեցումների հիման վրա սոցիալապես պատասխանատու ձևով և հաջողությամբ իրագործելու համար ամենից առաջ անհրաժեշտ է համապատասխան հայեցակարգի մշակումը և հաստատումը:
Հայեցակարգի գործնական կիրառման ժամանակահատվածի սկիզբը 2000 թվականն է: Տարածքային առումով առողջապահական հաստատությունների մասնավորեցումը վերաբերելու է հիմնականում Երևան քաղաքին:
Կարևոր է նաև հստակ նշել, որ առողջապահության ոլորտում մասնավորեցումը չպետք է հետապնդի պետության համար ուղղակի ֆիսկալ արդյունքի ստացման նպատակով: Ընդհակառակը, հրատապ նշանակություն ունի խրախուսող պայմաններով մասնավորեցումը և դրա շնորհիվ առողջապահական հաստատությունների հետագա նորմալ գործունեության ապահովումը:
1. Առողջապահական հաստատությունների մասնավորեցման
անհրաժեշտությունը, նպատակները և խնդիրները
Առողջապահական հաստատությունների մասնավորեցման անհրաժեշտությունը պայմանավորված է տարաբնույթ և փոխադարձաբար կապված մի շարք գործոններով, որոնք դրսևորվում են ինչպես առողջապահության ոլորտում, այնպես էլ այլ բնագավառներում:
Այդ գործոնների մի մասը պայմանավորված է պետության ֆինանսական միջոցների անբավարարությամբ: Դեռևս մի քանի տարի առաջ ակնհայտ էր և ներկայումս էլ իրողություն է, որ միայն պետության ֆինանսական միջոցներով անհնար է ապահովել առողջապահական համակարգի նորմալ գործունեությունը և զարգացումը: Դրանից ելնելով` ներդրվեց վճարովի բուժօգնության և ծառայությունների մեխանիզմը, և այսօր նույնքան ակնհայտ է, որ առողջապահության պետական գերակշռող հատվածում շուկայական կոորդինացիայի մասնակի ներմուծումը նույնպես չի հասցնում առկա պրոբլեմների սկզբունքային լուծմանը: Հետևաբար, հասունացած է շուկայական կոորդինացիան (որը տնտեսական հիմնախնդիրները շուկայական կազմակերպման և ինքնակարգավորման ապակենտրոնացված եղանակներով լուծման` տնտեսական ինքնուրույնության, պահանջարկի և առաջարկի փոխազդեցության, ազատ գնագոյացման, մրցակցային մեխանիզմի գործողության օրգանական ամբողջությունն է) համապատասխան միջավայրում` մասնավոր հատվածում գործադրելու հիմնախնդիրը:
Գործոնների մյուս խումբը կապված է առողջապահության ոլորտում մասնավոր հատվածի ընդլայնման, շուկայական մեխանիզմների նորմալ գործողության նպատակահարմարության հետ: Այս մոտեցումը բխում է նաև երկրում իրականացվող տնտեսական վերափոխումների ընդհանուր ռազմավարական քաղաքականությունից և ուղղորդված է շուկայական տնտեսության և առողջապահության համակարգի փոխադարձ համապատասխանեցմանը:
Ընդհանուր առմամբ, մասնավորեցումը դրական դեր կարող է ունենալ առողջապահության ոլորտի ռազմավարական և ընթացիկ խնդիրների լուծման գործում, որոնք վերաբերում են առողջապահության կազմակերպման, ֆինանսավորման, կառավարման, բուժծառայությունների իրականացման, կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ օպտիմալացման հարցերին:
Առողջապահական հաստատությունների մասնավորեցման հիմնական նպատակներն են`
- առողջապահական համակարգի ֆինանսավորման բարելավումը` մասնավոր սեկտորի
կողմից կատարվող ներդրումների և բնակչության կողմից արվող ուղղակի
վճարների ստվերային շրջանառության կրճատման հաշվին լրացուցիչ
ֆինանսական ռեսուրսների ներգրավման միջոցով,
- առողջապահական հաստատությունների կողմից իրականացվող ծառայությունների
տնտեսական արդյունավետության բարձրացումը` նյութական, աշխատանքային,
ֆինանսական ռեսուրսների կառավարումը շուկայական կոորդինացիայի հիման
վրա կատարելագործելու միջոցով,
- բժշկական ծառայությունների տեսականու ընդլայնումը և որակի
բարձրացումը` առողջապահության համակարգում սեփականության
բազմաձևության և մրցակցային միջավայրի ապահովման միջոցով,
- առողջապահության ոլորտում աշխատողների զբաղվածության չափանիշների
բարելավումը,
- սպառողների համար բժշկական ծառայությունների ընտրության ազատության և
դրա ռեալ հնարավորությունների մեծացումը:
Առողջապահական հաստատությունների մասնավորեցման հիմնական խնդիրներն են`
- մասնավորեցման պրոցեսի համակողմանի և լիարժեք նախապատրաստությունը,
- առողջապահության ոլորտի ֆինանսավորման գործում պետության
պատասխանատվության շրջանակի համապատասխան նեղացումը և բյուջետային
միջոցների հասցեագրված հատկացումը առաջնային նպատակներին` ապահովելով
դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործումը,
- բուժօգնության և ծառայությունների իրականացման գործում պետական
մենաշնորհի թուլացումը,
- պետական քաղաքականության նպատակների իրագործման համար մասնավոր
նախաձեռնության դրսևորման և զարգացման խթանների ստեղծումը,
- առողջապահության ոլորտում մասնավոր ներդրումային ակտիվության
խրախուսումը և բարձրացումը:
2. Առողջապահության համակարգում մասնավորեցման նախընթաց
գործընթացի բնութագիրը
Մասնավորեցման հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջին անգամ փաստաթուղթ է ներկայացվել ՀՀ կառավարություն 1994 թ.: Հետագա տարիներին բնորոշ է եղել առողջապահության ոլորտում մասնավորեցման հայեցակարգային մոտեցումների պարբերական լրամշակումը:
Մասնավորեցման նախկինում մշակված հայեցակարգերում ամենից առաջ շեշտադրվել են այդ գործընթացի հիմնարար սկզբունքները` ելնելով առողջապահության ոլորտի առանձնահատկություններից և ռազմավարական նպատակներից: Այնուհետև առաջադրվել են մասնավորեցման նպատակները և խնդիրները, ինչպես նաև հստակեցվել են մի կողմից` մասնավորեցման ենթակա հաստատությունների ընտրության սկզբունքները, մյուս կողմից` այն առողջապահական հաստատությունները, որոնց մասնավորեցումը չի նախատեսվում:
Վերջին տարիներին երկու իրագործված մասնավորեցման քաղաքականությունն առողջապահության ոլորտն ընդգրկել է մյուս ճյուղերի համեմատությամբ խիստ փոքր չափով: Չնայած մինչև այժմ տեղի ունեցած մասնավորեցման քանակական (հարաբերական) ցածր ցուցանիշին, այդ պրոցեսն ուղեկցվել է նաև որակական զգալի տեղաշարժերով: Ընդհանուր առմամբ, հիմնականում մասնավորեցվել են առողջապահության համակարգի գործունեության ապահովման հարակից կառույցները (դեղատնային և բուժտեխսպասարկման գրեթե ողջ ցանցը), ֆունկցիոնալ առումով հարաբերականորեն առանձնացված ստոմատոլոգիական բուժօգնության հաստատությունների մի մասը, որոշ թվով առողջարաններ և այլն:
Հատկանշական է, որ Հայաստանի տնտեսության մեջ մասնավորեցման առաջին և, կարելի է ասել` հաջող փորձերից մեկը իրականացվել է առողջապահության համակարգում դեռևս 1991 թ.` «Դիագնոստիկա» կենտրոնի մասնավորեցմամբ (ներկայումս բաժնետոմսերի 31 %-ը դեռևս հանդիսանում է պետական սեփականություն):
Հարկ է նշել, որ առողջապահության համակարգում մասնավորեցման գործընթացի արդյունքները հիմնականում բնորոշվում են դրականորեն` հաշվի առնելով մասնավորեցված կազմակերպությունների արդյունավետ աշխատանքը:
Առողջապահության բուն համակարգի հաստատությունների ճնշող մեծամասնությունը ներկայումս հանդիսանում է պետական սեփականություն, և այդ իմաստով ոլորտում զգալի, առավել ևս մասշտաբային մասնավորեցում չի եղել: Այդուհանդերձ, տարբեր տարիների մասնավորեցման ծրագրերում ընդգրկվել են նաև առողջապահական հաստատություններ, որոնցից մի քանիսը մասնավորեցվել են, իսկ մյուսների գծով առկա են ակնհայտ տեղապտույտներ, ինչի հետևանքով համապատասխան օբյեկտները ծրագրից ծրագիր են տեղափոխվում:
ՀՀ պետական գույքի մասնավորեցման 1994 թ. (1995 թ.) ծրագրում առողջապահության ոլորտից որևէ հաստատություն չի նախատեսվել:
1996-1997 թթ. ծրագրի առաջադրանքներով առողջապահության համակարգի գծով սեփականաշնորհման ենթակա էին 116 հաստատություն: Նշված կազմակերպություններից 114-ը նախատեսվել էին սեփականաշնորհման և 2-ը` ապապետականացման: Ընդ որում, դրանցից 88-ը «Հայդեղագործություն» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ էին, 11-ը` ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ, 1-ը` բուժտեխսպասարկում իրականացնող կազմակերպություն, 7-ը` մանկական առողջարաններ, 7-ը` հիվանդանոցներ, կենտրոններ, ինստիտուտներ: 1996-1997 թթ. ծրագրում առողջապահական հաստատությունների թիվը կազմել է 28:
Սեփականաշնորհման 1996-1997 թթ. ծրագրում առողջապահության համակարգից ընդգրկված «փոքր» օբյեկտների (դեղատների) սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության որոշում է ընդունվել 1997 թ. մայիսի 13-ին (թիվ 134 որոշում): Որոշման ցանկում ներառվել են նաև թվով 80 դեղատուն` ծրագրով սահմանված բոլոր օբյեկտները: Առ 26/10/1999 թ. դրությամբ ՀՀ ԱՆ մասնավորեցած «փոքր» օբյեկտների ընդհանուր թիվը կազմում է 159 (ՀՀ սեփականաշնորհման նախարարության տվյալներով): Դրանցից 65-ը «Հայդեղագործություն» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ էին, 19-ը` կենտրոնական շրջանային դեղատներ, 55-ը` այլ դեղատներ, 1-ը` դեղապահեստ, 2-ը` միջհիվանդանոցային դեղատուն, 3-ը` վարձակալական ձեռնարկություն, 10-ը` տարածք և գույք, 4-ը` «Հայբուժտեխնիկա» ՊՁ-ի ԴՁ-ներ:
Պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թթ. ծրագրային առաջադրանքների կատարման ընդհանուր ցուցանիշները բավականին ցածր են. ՀՀ կառավարության որոշումներով մինչև այժմ (առ 23.06.2000 թ. դրությամբ) մասնավորեցվել են հետևյալ առողջապահական հաստատությունները` 1. Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության հանրապետական կենտրոնը, որն
ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է աշխատանքային կոլեկտիվին, 2. «Ծաղկաձոր» մանկական առողջարանը` բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ
մասնավորեցում, 3. Արտաշատի ստոմատոլոգիական ՊՁ-ն, 4. «Ջերմուկ» մոր և մանկան առողջարանը (ներկայումս բաժնետոմսերի 34%-ը
դեռևս հանդիսանում է պետական սեփականություն), 5. Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնը
աշխատավորական կոլեկտիվին ուղղակի վաճառքի ձևով (ներկայումս բաժնետոմսերի
34%-ը դեռևս հանդիսանում է պետական սեփականություն), 6. «Պրոկտոլոգիայի ԳՀԻ» ՊՓԲԸ-ն` վաճառքի մրցութային ձևով:
Արտածրագրային կարգով մասնավորեցվել են նաև հանրապետական ստոմատոլոգիական կենտրոնը, «հայբուժտեխնիկա» ՊՁ-ն, «Հայդեղագործություն» ՊՁ-ն, «Արաբկիր» մանկական կենտրոնը:
Վերը նշված բոլոր առողջապահական հաստատությունները գտնվել են ՀՀ ԱՆ ենթակայության տակ: Դրանից բացի, առողջապահության համակարգում մասնավորեցվել են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 4, 5, 7 ստոմատոլոգիական պոլիկլինիկաները:
Ներկայումս առողջապահության ոլորտի գծով մասնավորեցման ընթացիկ ծրագրում շարունակում են ընդգրկված մնալ թվով 20 առողջապահական հաստատություն, այդ թվում` 6 առողջարան, որից 5-ը` մանկական, տարաբնույթ 7 հիվանդանոց, որից 2-ը` մանկական, ստոմատոլոգիական 6 պոլիկլինիկա և մեկ բուժտեխսպասարկման կազմակերպություն: Դրանք են` 1. Մանկական առողջարան «Սոճուտ», 2. Մանկական առողջարան «Օձուն» (հանձնվել է Լոռու մարզպետարանի
ենթակայությանը), 3. Մանկական առողջարան «Սևան», 4. Մանկական առողջարան «Արագած», 5. Մանկական առողջարան «Արզնի» (մոտ է լուծարման սահմանագծին), 6. Մասիս ավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա, 7. Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, 8. Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ, 9. Հանրապետական կլինիկական ակնաբուժական հիվանդանոց, 10. Հանրապետական կլինիկական անձավաբուժական հիվանդանոց, 11. Բուժաշխատողների հանրապետական առողջարանային կենտրոն Սևանում, 12. Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց, 13. Հանրապետական մանկական օրթոպեդիկ հիվանդանոց, 14. «Տեխնոդենտ» («Արմադենտ») ՊՓԲԸ, 15-20. Երևան քաղաքի թիվ 1, 2, 3, 6, 8 և 9 ստոմատոլոգիական
պոլիկլինիկաները:
3. Մասնավորեցման նպատակով առողջապահական հաստատությունների
ընտրության սկզբունքները
Հաշվի առնելով առողջապահական հաստատությունների մասնավորեցման միջազգային փորձը և նկատի ունենալով առողջապահության միասնական համակարգի կենսական յուրահատուկ նշանակությունը` ՀՀ-ում առողջապահական հաստատությունների մասնավորեցման հետագա իրականացման պրոցեսում նպատակահարմար է կիրառել այն մոտեցումը, որի համաձայն` մասնավորեցման արդյունքում չպետք է խաթարվի առողջապահության համակարգի ֆունկցիոնալ ամբողջականությունը և կառավարելիության միասնականությունը առողջապահական տեսանկյունից:
Ֆունկցիոնալ ամբողջականությունն իրենից ներկայացնում է առողջապահության համակարգի կառուցվածքային օղակների և դրանց գործառույթների միջև հորիզոնական ինտեգրացիան, որն անհրաժեշտ է առաջնային և հիվանդանոցային բուժօգնության փոխկապակցված համակարգի ձևավորման և ամրապնդման համար: Կառավարելիության միասնականությունը դրսևորվում է ուղղահայաց ինտեգրացիայի միջոցով և անհրաժեշտ նախապայման է ոլորտում միասնական առողջապահական քաղաքականություն իրականացնելու համար: Առողջապահության բնագավառում կառավարելիության միասնականությունն ապահովվում` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: կառավարելիության միասնականությունը վերաբերում է այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են`
- բուժօգնության ստանդարտների և որակի վերահսկման համապետական համակարգի
ներդրումը,
- լիցենզավորումը,
- դեղային և տեխնոլոգիական քաղաքականությունը,
- առողջապահության տեղեկատվական համակարգի բարելավումը,
- բժշկական կրթական համակարգում վերափոխումները և այլն:
Առողջապահության համակարգի ֆունկցիոնալ ամբողջականությունը և կառավարելիության միասնականությունն ապահովելու նպատակով կարևորվում է առողջապահության ոլորտում պետության կարգավորիչ և վերահսկիչ ֆունկցիաների ուժեղացումը և կանոնակարգումը, հատկապես հակամենաշնորհային կարգավորումը, վճարովի բուժծառայությունների համակողմանի կանոնակարգումը, պարտադիր և կամավոր բժշկական ապահովագրության կազմակերպումն ու զարգացումը և այլն:
Առողջապահության բնագավառի առանձնահատկություններից բխում է հայեցակարգային հետևյալ մոտեցումը. մասնավորեցման ենթակա չեն առողջապահական այն հաստատությունները (կամ բժշկական օգնության այն տեսակները), որոնց գործունեությունն ունի համապետական նշանակություն: Սա կարող է լինել ըստ սեփականության ձևի առողջապահական հաստատությունների տարբերակման ելակետային չափանիշներից մեկը: Մասնավորեցման ենթակա առողջապահական հաստատությունների մեջ չեն ընդգրկվի`
- ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի մեծ մասը` հատկապես մարզերում
(սկզբնական շրջանում),
- հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կենտրոնները,
- ինֆեկցիոն հիվանդանոցները,
- դիսպանսերային համակարգը,
- արյան ծառայության կայանները և կենտրոնները,
- դատաբժշկական փորձաքննության համակարգը,
- բժշկական և դեղագործական գործունեության բնագավառում պետական
մասնագիտական լիցենզավորման կենտրոնները,
- շտապ բուժօգնության ենթահամակարգը,
- հիմնարար (ֆունդամենտալ) գիտական հետազոտություններ կատարող
ինստիտուտները (Առողջապահության ազգային ինստիտուտը, ՀՀ ԳԱ համակարգի
բժշկագիտական ինստիտուտները),
- բարձրագույն և միջնակարգ մասնագիտական պետական ուսումնական
հաստատությունները:
Հայաստանում առողջապահական պոտենցիալը ռեգիոնալ տեսակետից բաշխված է խիստ անհամաչափ, որից էլ բխում են առողջապահական հնարավորությունների էական տարբերությունները: Այդ կապակցությամբ հայեցակարգային իմաստ է ստանում նաև առողջապահական հաստատությունների մասնավորեցման ռեգիոնալ ասպեկտը: Առողջապահական հաստատությունների մասնավորեցումը Հայաստանում միատեսակ ռեգիոնալ ընդգրկում չի կարող ունենալ: Ռեգիոնալ կտրվածքով մասնավորեցման ենթակա առողջապահական հաստատությունների ցանկի կազմումն անհրաժեշտաբար պետք է ելնի այն ընդհանուր մոտեցումից, որը հստակ սահմանում է, թե որ բուժհաստատությունները ենթակա չեն մասնավորեցման: Հետևաբար, փոքր բնակավայրերում կարող են չլինել մասնավորեցման ենթակա առողջապահական հաստատություններ: Դրանով գյուղական վայրերում կպահպանվի բնակչության համար բժշկական օգնության որոշակի մատչելիությունը` պետական ֆինանսավորման միջոցով և կբացառվի մասնավոր ֆինանսավորումից չափազանց կախվածության ռիսկային հեռանկարը: Մասնավորեցման ենթակա առողջապահական հաստատություն լինելու հավանականության մեծացումն ուղղակի կապված է բնակավայրի չափի և բնակչության թվի, բազմաթիվ առողջապահական հաստատությունների առկայության հետ, որը հիմնականում վերաբերում է խոշոր բնակավայրերին:
Անհրաժեշտ է շեշտել, որ սկսած 2001 թ. առողջապահության ոլորտում մասնավորեցումը գլխավորապես ընդգրկելու է Երևան քաղաքի առողջապահական հաստատությունները: Մասնավորեցման ենթակա լինելու հիմնական սկզբունքը տարածքային և մասնագիտական առումով այլընտրանքային կարողությունների առկայությունն է: Այս չափանիշը բավարարելու դեպքում մասնավորեցման ենթակա կարող են լինել`
- բազմապրոֆիլ հիվանդանոցներ,
- նեղ մասնագիտացված հիվանդանոցներ,
- ծննդատներ,
- Երևան քաղաքում սահմանափակ թվով` 2-3 պոլիկլինիկաներ,
- առողջարաններ,
- ստոմատոլոգիական կենտրոններ:
Մասնավորեցման ենթակա առողջապահական հաստատությունների ընտրությունը, նպատակահարմար է կատարել հետևյալ չափանիշների համալիր հաշվառումով` 1. առողջապահական հաստատության առկա հզորությունները (մեծ, միջին, փոքր) և
դրանց բեռնվածության փաստացի մակարդակը (բարձր, միջին, ցածր), 2. առողջապահական հաստատության տեխնիկական հագեցվածության մակարդակը, 3. առողջապահական հաստատության կադրային ներուժը և աշխատավորական կոլեկտիվի
վերաբերմունքը մասնավորեցման նկատմամբ, 4. տվյալ առողջապահական հաստատության կտրվածքով ներդրումային ակտիվության
իրավիճակը և բնութագրերը (ներդրողի առկայություն, ներդրողի որոնում,
ներդրողի բացակայություն), 5. ներդրումային նախագծի հիմնական ուղղությունները` առողջապահական
ծառայությունների որակի բարձրացում, առողջապահական նոր ծառայությունների
կազմակերպում, նոր տեխնոլոգիաների ներդրում, կապիտալ նորոգում, կադրերի
վերապատրաստում, 6. առողջապահական հաստատության ֆինանսավորման ընդհանուր ծավալում վճարովի
ծառայությունների իրականացումից մուտքերի տեսակարար կշիռը (բարձր, միջին,
ցածր), 7. մրցակցային միջավայրի բնույթը` մրցակիցների առկայություն կամ
մենաշնորհայնություն:
4. Առողջապահական հաստատությունների մասնավորեցման միջոցով
առողջապահության ֆինանսավորման բարելավումը գնահատելու
չափանիշները
Մասնավորեցման ընդհանրացնող նպատակն առողջապահության բնագավառում արդյունավետության ցուցանիշների բարելավումն է: Այդ առումով հայեցակարգային մոտեցման ելակետն այն է, որ առողջապահության համակարգում վերջնական արդյունք է դիտվում հիվանդությունների կանխարգելումը և բուժումը, վերջին հաշվով` բնակչության հիվանդացության կրճատումը: Այդ արդյունքը կարող է ստացվել անհրաժեշտ որակով և մատչելիությամբ բժշկական ծառայությունների համապատասխան ծավալով: Այս չափանիշների կտրվածքով մասնավորեցումը սերտորեն առնչվում է համակարգի ծառայությունների սպառողին, առողջապահական հաստատություններին, վերջին հաշվով` պետությանը: Հետևաբար պահանջվում է համալիր մոտեցում` այն նպատակադրումով, որպեսզի հնարավորին չափ ճիշտ զուգորդվեն պետության, առողջապահության համակարգի և սպառողների շահերը (նպատակները) և դրանց իրագործման ռեսուրսային, ամենից առաջ ֆինանսական հնարավորությունները:
Առողջապահական հաստատությունների մասնավորեցումը դիտվում է որպես մասնավոր ներդրումների ներգրավման միջոցով առողջապահության ֆինանսավորման բարելավման ուղիներից մեկը: Առողջապահության համակարգի նորմալ գործունեությունը և զարգացումն ապահովելու տեսակետից մասնավոր ներդրումների ներգրավումը հրատապ անհրաժեշտություն է, քանի որ միայն պետական բյուջեից ֆինանսավորումը խիստ անբավարար է:
Առողջապահական հաստատությունների մասնավորեցման միջոցով առողջապահության համակարգի ֆինանսավորման բարելավման չափանիշներ կարող են լինել` 1. մասնավոր ներդրումների ներգրավումը, 2. ֆինանսական ընդհանուր հոսքերի ավելացումը, 3. պետական բյուջետային միջոցների հասցեագրված և արդյունավետ օգտագործումը, 4. կամավոր բժշկական ապահովագրության մասնավոր առևտրային համակարգի
ստեղծումը և դրա գործունեության ծավալումով մասնավոր հատվածի կողմից
առողջապահության համակարգի ֆինանսավորման խրախուսումը:
Մասնավորեցված առանձին առողջապահական հաստատությունների կտրվածքով ֆինանսավորման բարելավման չափանիշներ կարող են լինել`
- ֆինանսատնտեսական ինքնուրույնության մեծացումը,
- ներդրումային ակտիվության բարձրացումը,
- սեփական ներդրումների իրականացումը,
- ֆինանսական մուտքերի ավելացումը,
- ստացվող ուղղակի վճարումների լեգալացումը:
Բժշկական ծառայությունների սպառողի համար ֆինանսավորման բարելավման չափանիշներ կարող են լինել`
- ընտրության ռեալ հնարավորության ապահովումը,
- բժշկական ապահովագրության համակարգի առավելություններից օգտվելու
հնարավորությունը,
- վճարովի բուժծառայությունների մատչելիության մեծացումը,
- սպառողի ֆինանսական պաշտպանվածության ամրապնդումը:
5. Մասնավորեցման ենթակա առողջապահական հաստատություններին
պետական աջակցության անհրաժեշտությունը և ձևերը
Պետությունը մասնավորեցված առողջապահական հաստատություններին պետք է ցուցաբերի որոշակի աջակցություն: Առողջապահության ոլորտում հատկապես անթույլատրելի է այն պրակտիկայի շարունակումը, երբ որևէ բնագավառում մասնավորեցումն ուղեկցվում էր պետության վրայից պատասխանատվության ամբողջական թոթափումով` դրանից բխող բացասական հետևանքներով: Այդ աջակցության ձևերը կարող են լինել հիմնականում ոչ ֆինանսական բնույթի, ինչպիսիք են`
- պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը և զարգացումը, ինչպես
նաև մասնավոր (կամավոր) բժշկական ապահովագրության համակարգի
զարգացմանն ուղղված քաղաքականությունը, որը կնպաստի մասնավոր
աղբյուրներից ֆինանսավորման ավելացմանը և մասնավոր
բուժծառայությունների նկատմամբ պահանջարկի որոշակի աճին,
- առողջապահական հաստատություններին դեղերի և բժշկական մյուս պարագաների
պետական կենտրոնացված գնումների համակարգից օգտվելու իրավունքի
տրամադրումը,
- բժշկական անձնակազմի պատրաստմանը և վերապատրաստմանն օժանդակելը,
- տեղեկատվավերլուծական համակարգերի ստեղծումը, որոնք պետական և
մասնավոր հատվածների կտրվածքով անհրաժեշտ տվյալներ կապահովեն
ռեսուրսների բաշխման և աշխատանքի արդյունավետության վերաբերյալ,
- ստանդարտների մշակումը և ներդրումը,
- մեթոդական նյութերի տրամադրումը և այլն:
Ելնելով առողջապահության ուրույն սոցիալական դերից և առանձնահատկություններից, այդ ոլորտում մասնավորեցումն անհրաժեշտ է իրականացնել միայն հաջողության բարձր երաշխիքների առկայության դեպքում: Իսկ դրանք հնարավոր է ստեղծել պետության կողմից նաև ֆինանսական բնույթի աջակցության շնորհիվ` կարևորելով դրա անուղղակի ձևերը, ինչպես նաև վերապահված դեպքերում` ուղղակի ֆինանսական աջակցությունը: Այդպիսի մոտեցումը պատճառաբանվում է նրանով, որ նախատեսված լինեն սկզբունքորեն ամեն տիպի աջակցության ձևերը` հարկ եղած և հնարավոր դեպքերում կիրառելու համար: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է շեշտել ստորև շարադրված աջակցության ձևերին վերաբերող հետևյալ վերապահումը, դրանք պետք է գործադրվեն ոչ թե յուրաքանչյուր առանձին դեպքում կամ թվարկված բոլոր ձևերով, այլ խիստ տարբերակված մոտեցումով և անհրաժեշտ հիմնավորումների առկայության նպատակահարմարության և անհրաժեշտության հիմնավորման, ձևի ընտրության, ծավալի և տևողության որոշման հարցերը հետագայում կլուծվեն մասնավորեցման ենթակա առողջապահական առանձին հաստատությունների կտրվածքով` շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ և փոխհամաձայնությամբ:
Ֆինանսական բնույթի աջակցությունը նպատակահարմար է տրամադրել անուղղակի ձևերով, որոնցից են`
- մասնավորեցվող օբյեկտների իրատեսական գնահատումը,
- տարաժամկետ վճարումների հնարավորության ընձեռումը (առաջարկվում է
համապատասխան փոփոխություն կատարել գործող օրենքում: Հակառակ դեպքում`
համապատասխան լրացումն անհրաժեշտ է կատարել մասնավորեցման հաջորդ
ծրագրի մասին ՀՀ ընդունվելիք օրենքում),
- բյուջեի նկատմամբ պարտքերի հետաձգման կամ ներման պրակտիկայի կիրառումը
և այլն:
Առողջապահության ոլորտում նպատակահարմար է մասնավորեցման աստիճանական տարբերակը` սկզբում ընդգրկելով այն առողջապահական հաստատությունները, որոնք տնտեսական և սոցիալական առումով ավելի դյուրին է մասնավորեցնել (նկատի են առնվում գույքի համեմատաբար ոչ մեծ չափերը, դրա հիմնավորված գնահատման հնարավորությունը, նոր սեփականատիրոջ հարցում հստակությունը, բնագավառում ապակայունացնող ներգործության նվազագույն աստիճանը և այլն);
Առողջապահական հաստատությունների մասնավորեցումը շաղկապվում է նաև առողջապահության համակարգի կառուցվածքային բարեփոխմանը: Մասնավորեցումն ինքնին համակարգային բնույթի կառուցվածքային փոփոխություն է; Սակայն, դրանից բացի, անհրաժեշտ է դիտարկել կառուցվածքային մյուս ասպեկտները, ինչպիսիք են, օրինակ` ստացիոնար և ոչ ստացիոնար բուժման սեկտորների հարաբերակցությունը, կարողությունների բաշխվածությունը և օգտագործման արդյունավետությունը;
Կառուցվածքային հարցադրումը վերաբերում է նաև մասնավորեցման ենթակա առողջապահական կոնկրետ հաստատություններին, այսինքն` պետք է գնահատվեն դրանց ֆունկցիոնալ կարողությունները և բեռնվածության աստիճանը, նախատեսվեն օպտիմալացման ուղղությամբ անհրաժեշտ փոփոխություններ: Այդ առումով ՀՀ առողջապահության նախարարությունն իրավասու է կառուցվածքային ցանկացած փոփոխություններ իրականացնելու համակարգի հաստատությունների նկատմամբ` ելնելով ոլորտի յուրահատկություններից և խնդիրներից: Մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները և օրենքով նախատեսված սահմանափակումները կիրառվում են միայն մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների նկատմամբ:
Մասնավորեցման նախադրյալներից մեկը կարող է լինել առողջապահական տվյալ հաստատության հետագա զարգացման և գործունեության ծրագրի առկայությունն ու հիմնավորվածությունը: Դրան առնչվող հարցերի շարքում նպատակահարմար է նկատի ունենալ նաև գործունեության առողջապահական ուղղվածության պահպանման, ինչպես նաև նեղ առումով վերակողմնորոշման (վերապրոֆիլավորման) կարգավորման, ներդրումների իրականացման, բուժման որակական ստանդարտների, սոցիալական երաշխիքների:
Մեկ այլ մոտեցում կարող է լինել` առաջնահերթ մասնավորեցման տարբերակների ու ձևերի առաջարկումն առողջապահական հաստատություններին: Բացի դրանից, որպես մասնավորեցման նախապատրաստական փուլ, նպատակահարմար է կիրառել գույքի երկարաժամկետ վարձակալության տարբերակը:
Մասնավորեցման պատշաճ կազմակերպման և կառավարման առումով նպատակահարմար է մասնավորեցումը և շուկայական հարաբերությունների մյուս տարրերի ձևավորումն իրականացնել համընթաց կերպով: Առանձնապես դա վերաբերում է մրցակցային նորմալ միջավայրի ապահովմանը, քանի որ առանց մրցակցային մեխանիզմի ռեալ գործողության անհնար կդառնա ոլորտում արդյունավետության և որակի պարամետրերի բարելավումը, ինչն առանցքային հիմնախնդիր է:
6. Առողջապահության ոլորտում մասնավորեցման օրենսդրական
նախադրյալները և մասնավորեցման նախընտրելի ձևերը
ՀՀ գործող օրենսդրությունը մասնավոր բժշկական գործունեության նկատմամբ իրավական արգելքներ կամ սահմանափակումներ չի պարունակում: Դա նպաստավոր իրավական բազա է հանդիսանում առողջապահության ոլորտում մասնավոր հատվածի զարգացման համար` ինչպես պետական առողջապահական հաստատությունների մասնավորեցման, այնպես էլ մասնավոր նոր առողջապահական հաստատությունների ստեղծման ուղիներով:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի համաձայն (հոդված 1, կետ 2) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները կարող են լինել տարբեր կարգավիճակ ունեցող սուբյեկտներ` անկախ կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից: Մասնավոր առողջապահական հաստատությունների վրա լիարժեք տարածվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ընդհանուր իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը («Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք, հոդված 18, 19): Առողջապահական հաստատությունների մասնավորեցման հայեցակարգում ելակետ է ընդունվում գործող վերապահումը, որի համաձայն` առողջապահական հաստատությունները բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակներ ցուցաբերելու համար պետք է լիցենզավորվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստումը պահանջում է լիցենզավորվող գործունեության դեպքում իրականացնել լիցենզիաների վերանայում (»Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենք, հոդված 24, կետ 2), ինչն ուղղակիորեն վերաբերում է նաև առողջապահության համակարգին:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով (հոդված 25) ամրագրված կարգը նախատեսում է, որ պետական նպատակային ծրագրերի շրջանակներում երաշխավորված բյուջետային ֆինանսավորումն իրականացվում է` անկախ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կազմակերպաիրավական տեսակից և և սեփականության ձևից: Դրանով իսկ օրենքը չի բացառում նպատակային ծրագրերում առողջապահական մասնավոր հաստատությունների ընդգրկման հնարավորությունը: Հետևաբար, ՀՀ ԱՆ այս հարցում կարող է վարել ճկուն և նպատակասլաց քաղաքականություն` ելնելով իրավիճակային անհրաժեշտությունից, ֆինանսական հնարավորություններից և այլ հանգամանքներից:
Հաշվի առնելով առողջապահության ոլորտի առանձնահատկությունները` «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ձևերից հիմնականում նպատակահարմար է կիրառել պետական գույքի մասնավորեցումը մրցույթով (միջազգային մրցույթով), պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի ձևով` տվյալ կազմակերպության աշխատավորական կոլեկտիվին և տվյալ պետական գույքի վարձակալին, պետական գույքի մասնավորեցումը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, պետական գույքի մասնավորեցումը բաժնետոմսերի և փոխարկելի պարտատոմսերի թողարկմամբ և պետական գույքի օգտագործման իրավունքի փոխանցման ձևով մասնավորեցումը:
Առողջապահական հաստատությունների մասնավորեցումը մրցույթով թույլ է տալիս գնահատել մրցույթի մասնակիցների հնարավորությունները և հետագա գործունեության արդյունավետության աստիճանը: Մրցույթով մասնավորեցումը հնարավորություն է ստեղծում նախքան գույքի վաճառքը կատարել խորացված ուսումնասիրություն և վերլուծություն, որոշել նախօրոք սահմանված պայմաններն առավելագույն չափով բավարարող առաջարկ ներկայացրած մասնակցին: Սահմանված պայմանները հնարավորություն են տալիս ընտրել այն մասնակցին, որն ընկերության նկատմամբ ունի ավելի լայն ներդրումային հետաքրքրությունների շրջանակ, հեռանկարային առաջարկներ ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի ձևով աշխատավորական կոլեկտիվին հնարավորություն է ընձեռում առողջապահական հաստատությունում աշխատատեղերի պահպանման և հետագա գործունեության ապահովման համար: Պետական գույքի մասնավորեցման գործարքը կայանում է համեմատաբար արագ և ավելի նվազ ծախսերով:
Պետական գույքի մասնավորեցումը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ ստեղծում է մասնավորեցման գործընթացի մասնակիցների շրջանակի ընդլայնման հնարավորություն, այդ թվում` աշխատավորական կոլեկտիվի անդամների համար:
Պետական գույքի մասնավորեցումը նոր բաժնետոմսերի և փոխարկելի պարտատոմսերի թողարկմամբ լրացուցիչ ներդրումների ներգրավման բացառիկ հնարավորություն է ստեղծում այն առումով, որ մասնավորեցումից ստացվող միջոցներն ուղղվում են ընկերության հաշվին:
Պետական գույքի մասնավորեցման արդի փուլում ռազմավարական նշանակության չափանիշ է դիտվում այն, թե որ առողջապահական հաստատությունները պետք է մասնավորեցվեն նախապատրաստական աշխատանքների արդյունքում, այսինքն` մշակված զարգացման գործարար ծրագրի հիման վրա: Դրանից հետևում է, որ «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում պետք է առանձնացվեն մասնավորեցման այն ձևերը, որոնք նախապայմաններ դնելու հնարավորություն են տալիս (օրինակ` մասնավորեցումը մրցույթով), և բացառվեն այն ձևերը, որոնք այդպիսի հնարավորություն չեն ընձեռնում (օրինակ` մասնավորեցումն աճուրդով):
Այդպիսի մոտեցումն անհրաժեշտ է ծանրության կենտրոնը զանգվածային մասնավորեցման ծրագրից դեպի «կետային» մասնավորեցում տեղափոխելու համար, ինչը, բնականաբար, ենթադրում է մասնավորեցվող յուրաքանչյուր օբյեկտի համակողմանի նախապատրաստումը: Այլ կերպ ասած, մասնավորեցման անհրաժեշտության և արդյունավետության գնահատման հարցը դրվում է ոչ թե ընդհանրապես, այլ առանձին օբյեկտների կտրվածքով:
1998-2000 թթ. մասնավորեցման ծրագրում ընդգրկված առողջապահական հաստատությունների մասնավորեցման կոնկրետ մոտեցումների և լավագույն տարբերակների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության ընդհանուր դիրքորոշումն այն է, որ այդ ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտ է նախընտրել պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի ձևով` տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցումը մրցույթով: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է իրականացնել խթանող քաղաքականություն` մասնավորեցման գործընթացում աշխատավորական կոլեկտիվների ակտիվ մասնակցությունն ապահովելու նպատակով:
7. Առողջապահության համակարգի կազմակերպությունների
մասնավորեցման հետ կապված հիմնախնդիրները
Առողջապահության համակարգում մասնավորեցման նախընթաց գործընթացի փորձը վեր է հանում հիմնախնդիրներ, որոնք դանդաղեցնում և նույնիսկ խոչընդոտում են բուժկազմակերպությունների մասնավորեցման իրականացումը:
Այդպիսի հիմնախնդիրների շարքն են դասվում`
- աշխատավորական կոլեկտիվների վճարունակության անբավարար մակարդակը,
- պոլիկլինիկաների շենքային տարածքների պատկանելիությունն այլ սեփականատերերի (տեղական ինքնակառավարման մարմիններին): Այս հանգամանքը խոչընդոտում է բուժկազմակերպության հավեկշռում գտնվող և տեղակայման տարածքի համալիր մասնավորեցմանը,
- առողջապահական կազմակերպությունների և տնտեսության այլ ճյուղերի կազմակերպությունների գույքի գնահատման համահավասարեցված մեթոդների կիրառումը (հատկապես գնահատման ուղղիչ գործակիցների կիրառման պրակտիկան),
- պետական պատվերի թերֆինանսավորման արդյունքում ֆինանսատնտեսական ծանր վիճակում բուժկազմակերպությունների գտնվելը: Նշված վիճակը հեռանկարում նշանակում է, որ մասնավորեցված բուժկազմակերպությունն ի սկզբանե ելակետային անբարենպաստ տնտեսական պայմաններում պետք է ծավալի իր գործունեությունը,
- բուժկազմակերպությունների հիմնական միջոցների երբեմն ֆիզիկապես ու հատկապես բարոյապես մաշվածության առկայությունը: Նկատի ենք ունենում այն իրողությունը, որ, վերջին տասնամյակում հայտնվելով ֆինանսատնտեսական ծանր պայմաններում, բուժկազմակերպությունները չեն կարողացել առանձնացնել միջոցներ, որոնք կնպատակաուղղվեն վերազինմանը: Ավելին, հիմնականում դրվում է եղածը (արդեն իսկ երկար ժամանակ առկա օգտագործվող հիմնական միջոցները) հնարավորին չափ երկար շահագործելու, պահպանելու խնդիր:
Առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ենթակա են քննարկման հետևյալ առաջարկությունները`
. չակնկալելով ֆիսկալ արդյունք` մասնավորեցվող բուժկազմակերպությունների գույքի գնահատման տարբերակված մեթոդների մշակում և կիրառում` նպատակ ունենալով մասնավորեցման գործընթացում բարձրացնել աշխատավորական կոլեկտիվների մասնակցության մատչելիությունը,
. առանձին դեպքերում պետական գույքի օգտագործման իրավունքի փոխանցման ձևով բուժկազմակերպությունների մասնավորեցման իրականացում,
. պոլիկլինիկաների մասնավորեցումը համալիր կերպով իրականացնելու և հետմասնավորեցման բարդություններից խուսափելու նպատակով նրանց կողմից զբաղեցված տարածքները սեփականության իրավունքով իրենց փոխանցելու մասին համապատասխան որոշումների ընդունում,
. պետական պատվերի թերֆինանսավորման չափով առողջապահական պետական ընկերությունների (որոնք ենթակա են մասնավորեցման) կոլեկտիվների անդամներին բաժնետոմսեր հատկացնելու հնարավորության ընձեռումը,
. արտոնյալ վարկավորման մեխանիզմների կիրառումը,
. տարաժամկետ վճարումների նպաստավոր մեխանիզմների սահմանումը:
Առողջապահական հաստատությունների մասնավորեցման վերոհիշյալ հայեցակարգային մոտեցումների կիրառման և վերոհիշյալ հիմնախնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ կլինի կատարել մի շարք փոփոխություններ գործող օրենքներում և այլ իրավական ակտերում: Մասնավորապես`
- ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող ընկերություններին տարաժամկետ
վճարումների իրավունք ընձեռելու համար անհրաժեշտ է փոփոխություններ
կատարել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «ՀՀ
պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» ՀՀ
օրենքներում կամ համապատասխան դրույթներ նախատեսել մասնավորեցման
հետագա տարիների ծրագրերում,
- առողջապահական կազմակերպությունների մասնավորեցման ժամանակ տվյալ
աշխատավորական կոլեկտիվի առաջնահերթությունն ապահովելու նպատակով
անհրաժեշտ է փոփոխություններ կատարել «Պետական գույքի մասնավորեցման
(սեփականաշնորհման) մասին», «ՀՀ պետական գույքի մասնավորեցման
1998-2000 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքներում կամ համապատասխան
դրույթներ նախատեսել մասնավորեցման հետագա տարիների ծրագրերում,
- մասնավորեցվող ընկերություններին պարտավորությունների մասով
արտոնություններ տրամադրելու համար անհրաժեշտ է փոփոխություններ
կատարել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ
օրենքում, ինչպես նաև առանձին հարկատեսակների մասին օրենքներում,
- մասնավորեցվող ընկերություններին հարկային արտոնություններ տալու համար
անհրաժեշտ է փոփոխություններ կատարել առանձին հարկատեսակների մասին
օրենքներում,
- նոր բաժնետոմսերի և փոխարկելի պարտատոմսերի թողարկմամբ մասնավորեցումն
իրականացնելու համար անհրաժեշտ է ընդունել մասնավորեցման նշված ձևերը
կանոնակարգող ՀՀ կառավարության համապատասխան որոշումներ,
- հաշվեկշռային մեթոդով գույքի գնահատման ժամանակ տարածքային ուղղիչ
գործակիցների կիրառումը մասնավորեցվող առողջապահական
կազմակերպությունների նկատմամբ կիրառումը բացառելու համար անհրաժեշտ է
փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 1998 թ. մարտի 27-ի
«Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի
մասին» N 209 որոշման մեջ,
- մասնավորեցվող առողջապահական կազմակերպությունների գույքի գնահատման
ժամանակ տվյալ կազմակերպության ինտելեկտուալ ներուժի արժեքը հաշվի
առնելու նպատակով անհրաժեշտ է ընդունել վերջինիս գնահատումը
կանոնակարգող ՀՀ կառավարության համապատասխան որոշում:
Առողջապահական հաստատությունների համար ընդունված չափանիշներին և վերոհիշյալ հիմնախնդիրների լուծմանը համապատասխան` այդ ոլորտի կազմակերպությունները կընդգրկվեն մասնավորեցման ծրագրերում:
ՀԱՎԵԼՎԱԾ
Առողջապահական հաստատությունների մասնավորեցման միջազգային փորձը
Եվրոպական շատ երկրների կառավարություններ 80-ական թվականների վերջից ձեռնամուխ են եղել իրենց առողջապահության համակարգերի կառավարման կառուցվածքի վերանայմանը: Այն երկրներում, որտեղ պետությունն առողջապահության ոլորտում կենտրոնական դեր էր խաղում, ներկայումս վերանայվում է պետական առաջնության կանխավարկածը և, համապատասխանաբար, պետության առաջատար դերը: Պետական որոշ ֆունկցիաներ ապակենտրոնացվել են և փոխանցվել իշխանության ռեգիոնալ և (կամ) մունիցիպալ մարմիններին: Այլ ֆունկցիաներ փոխանցվել են մասնավոր հատվածին: Մյուս կողմից, մի շարք երկրներում, որոնցում պետական մարմիններն առողջապահության մեջ խաղում են պակաս նշանակալից դեր, առողջապահության համակարգի մի շարք հատվածներում պետական կարգավորման միջոցառումների թիվը նույնիսկ աճել է:
Վերափոխումների իրականացման գործընթացում կարևորվել են մասնավոր հատվածի համապատասխան դերը, իսկ մի շարք երկրներում` առողջապահական ծառայությունների ֆինանսավորման հարցերը: Որոշակի դեպքերում որոշում է ընդունվել ավելի լայն օգտագործել շուկայական բնույթի խթանները, սակայն պետական հատվածին թողնելով պետական (հասարակական) սեփականություն համարվող առողջապահական հաստատությունների կառավարման իրավունքը` զուգահեռաբար պահպանելով առողջապահական հաստատությունների տիրոջ և ղեկավարի ֆունկցիաները: Այդ համակցված մոտեցումը հայտնի է տարբեր անվանումներով` ներքին շուկա, պետական մրցակցություն, առողջապահության հաստատությունների շուկա և «քվազիշուկա»: Այդ տիպի պլանային շուկայի գործունեության կազմակերպումը կարևոր դեր է խաղացել առողջապահության ռեֆորմում` Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, ինչպես նաև կենտրոնաարևելյան Եվրոպայի և ԱՊՀ տարբեր երկրներում:
Տնտեսագետների մեծամասնության կարծիքով, անվերահսկելի շուկայական գործունեությունը տեղ չունի այնպիսի հանրային բարիքների տրամադրման ժամանակ, ինչպիսիք բժշկական ծառայություններն են: Հենց այդ պատճառով շուկայական մեխանիզմների օգտագործումը հաջող է եղել միայն այն ժամանակ, երբ դա հիմնվել է մանրակրկիտ մոնիտորինգի և գնահատման, ինչպես նաև հստակ նորմաների և ստանդարտների վրա, որոնք մշակվել են շուկայի մասնակիցների համար: Բանն այն է, որ առողջապահության այս կամ այն հատվածում խթանների առավել լայն օգտագործման մասին որոշումը ոչ թե նշանակում է, որ կառավարական մարմինները պետք է պակաս ջանքեր թափեն, այլ` որ այդ ջանքերն իրենց բնույթով ուրիշ պետք է լինեն: Իսկ որոշ հետազոտողներ էլ եզրակացություն են կատարել, որ անցումն առողջապահության անմիջական կառավարումից պայմանագրերի կնքման և շուկայական բնույթի մեխանիզմների օգտագործման նկատմամբ հսկողությանը` կառավարական մարմիններից պահանջում է ոչ պակաս, այլ ավելի մեծ իրազեկություն:
Եվրոպական շատ երկրներում առողջապահության ոլորտի վերափոխումների հիմնական էլեմենտը ապակենտրոնացումն է: Այն համարվում է բժշկական օգնության բարելավման, պահանջմունքների հաշվառումով ռեսուրսների ավելի օպտիմալ բաշխման ապահովման, գերակայությունների որոշման գործընթացում բնակչության ներգրավման, ինչպես նաև բնակչության առողջության վիճակում տարբերությունների նվազեցման արդյունավետ եղանակ:
Խոշոր և կենտրոնացված բյուրոկրատական ինստիտուտների գործունեության ցածր արդյունավետությամբ անբավարարվածությունը լայնորեն արտահայտվում է Եվրոպայի բոլոր մասերում: Գործնականում յուրաքանչյուր երկրում նշվել են կենտրոնացված համակարգի միևնույն թերությունները` ցածր արդյունավետությունը, տեխնոլոգիական և այլ նորամուծությունների ներդրման դանդաղ տեմպերը, ինչպես նաև թույլ արձագանքն արտաքին փոփոխություններին, որոնք ազդում են բնակչության առողջության և առողջապահության համակարգի վրա:
Ապակենտրոնացված հաստատություններն ունեն մի շարք առավելություններ: Կենտրոնացված հաստատությունների համեմատությամբ նրանք կարող են ավելի ճկուն լինել և ավելի արագ արձագանքել փոփոխվող հանգամանքներին և պահանջմունքներին: Նրանք կարող են ավելի արդյունավետ լինել, քան կենտրոնացված հաստատությունները, քանի որ տեղերում գտնվող աշխատողներն ընդունակ են ավելի արագ որոշել առաջացող հիմնահարցերը և հնարավորությունները: Նրանք կարող են լինել ավելի նորարարական, ապահովել աշխատողների ավելի մեծ նվիրվածություն և ավելի բարձր արտադրողականություն տեղերում:
Սակայն հաջող ապակենտրոնացման համար անհրաժեշտ են սոցիալական և մշակութային որոշակի պայմաններ. տեղերում վարչական և կառավարչական բավարար ներուժ, խնդրի լուծման ընտրված ուղու ճշտության հանդեպ վստահություն, միևնույն հիմնահարցի մի քանի մեկնաբանություններ ընդունելու պատրաստակամություն:
Ապակենտրոնացումը կարող է նաև ունենալ բացասական հետևանքներ, որոնցից են առողջապահության կառավարման կենտրոնական մարմինների դերի թուլացումը, անհավասարությունը բժշկական օգնության սպառման հարցում, քաղաքական խաղերը հօգուտ որոշակի շահագրգռված խմբերի, պետական հատվածի դիրքի և կարգավիճակի թուլացումը:
Մի շարք երկրների վերջին տարիների փորձը վկայում է, որ կան բնագավառներ, որոնցում որոշումների ընդունման ֆունկցիաները պետք չէ ապակենտրոնացնել: Կարելի է առանձնացնել չորս այդպիսի բնագավառ. առողջապահության ոլորտում քաղաքականության հիմնարար սկզբունքները, ռազմավարական որոշումները մարդկային ռեսուրսների զարգացման վերաբերյալ, կարգավորման այն միջոցառումները, որոնք վերաբերում են բնակչության անվտանգության ապահովմանը, բնակչության առողջության, ինչպես նաև առողջապահության ծառայությունների աշխատանքի մոնիտորինգը, գնահատումը և վերլուծությունը:
Մասնավորեցումը դիտվում է որպես ապակենտրոնացման ծայրահեղ ձև, որի դեպքում պետական բացառիկ լիազորությունները որոշումների ընդունման ոլորտում փոխարինվում են մասնավոր ընկերությունների իրավասություններով: Մասնավորեցման հիմնական առավելությունների թվին դասվում է շուկայական խթանների ներդրումը, որոնք նպաստում են առողջապահական հաստատությունների կառավարման արդյունավետության և որակի բարձրացմանը:
Բացի դրանից, դժվարին դրության մեջ գտնվող երկրների կառավարությունները մասնավորեցումը դիտում են որպես դեպի առողջապահության ոլորտ մասնավոր կապիտալի ներգրավման եղանակ, որի անհրաժեշտ ֆինանսավորումը պետական բյուջեից չի կարող ապահովվել միջոցների անբավարարության պատճառով:
Մյուս կողմից, մասնավորեցմանը բնորոշ են նաև լուրջ թերություններ: Մասնավոր հատվածում կառավարումը և ներդրված կապիտալը պահանջում են ֆինանսական հատույց, որպիսին համանմանորեն կարելի է ստանալ տնտեսության ուրիշ հատվածներում: Դա կարող է հանգեցնել առողջապահական ծառայությունների սոցիալական բնույթից հրաժարմանը և բժշկասանիտարական օգնության կարիք ունեցող հիվանդների և բնակչության այլ խոցելի խմբերի նկատմամբ գիտակցված խտրականության պրակտիկային: Մրցակցային հիմքի վրա մասնավոր ապահովագրության ներդրման ոչ վաղ անցյալի փորձն Իսրայելում, Ռուսաստանում, Չեխիայում և ավելի պակաս չափով Նիդեռլանդներում հաստատեց ԱՄՆ-ում կատարված այն դիտարկումը, որ ֆինանսական զորեղ խթանները մասնավոր ապահովագրողներին դրդում են ռիսկի խմբերի նկատմամբ խտրականության պրակտիկային: Որպեսզի մասնավորեցումը չխարխլի հանրային առողջության պահպանման քաղաքականության բուն հիմքերը, երկրների կառավարությունները պետք է մասնավորեցման մասին որոշումը զուգակցեն կենտրոնական կարգավորման մեխանիզմների ամրապնդմանն ուղղված միջոցառումներով:
Այն հարցը, թե, արդյո՞ք, ապակենտրոնացման առավելությունները գերակշռում են թերություններին, պետք է լուծվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ազգային քաղաքականությունը որոշող անձանց կողմից: Հազվադեպ չեն այն դեպքերը, երբ ապակենտրոնացման արմատական գործընթաց ձեռնարկած երկրները հետագայում կրկին կենտրոնացնում են առողջապահության համակարգի առանցքային բաղադրիչների նկատմամբ վերահսկողությունը, ինչպիսիք են առողջապահության ֆինանսավորումը և բժշկական ստանդարտների/նորմատիվների սահմանումը: Սակայն Արևմտյան Եվրոպայի երկրներում մասնավորեցումը ծայրահեղ հազվադեպ են դիտարկել որպես առողջապահության կենսունակ քաղաքականություն, իսկ կենտրոնաարևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներում մասնավորեցումն ընթանում է անհարթ, և դրա կապակցությամբ արտահայտվում են լուրջ մտավախություններ:
Համենայնդեպս, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կարծիքով, առողջապահության ոլորտում մասնավորեցումն, անկասկած, համարվում է առաջատար հիմնախնդիրներից մեկը, որը քննարկվում է զարգացող և մյուս երկրների առողջապահության նախարարությունների կողմից: ԱՀԿ-ի` առողջապահության էկոնոմիկայի գծով նպատակային խումբը գտնում է, որ մասնավորեցումը կարելի է սահմանել որպես մի գործընթաց, որի արդյունքում աճում է ոչ պետական կառույցների դերն առողջապահության ոլորտում ֆինանսավորման և (կամ) ծառայությունների իրականացման մեջ: Նրանք իրավացիորեն համարում են, որ անհրաժեշտ է զանազանել մասնավորեցման գործընթացը և պետական ու մասնավոր էլեմենտների զուգակցումը (համակշռումը) առողջապահության ոլորտում: Շատ երկրներում առողջապահության ոլորտում ծառայությունների ֆինանսավորմանը և իրականացմանը մասնակցում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածը, թեև դրանցից յուրաքանչյուրի մասնակցության հարաբերական բաժինը և նշանակությունը` կախված համակարգից, կարող են զգալիորեն տատանվել: Մասնավորեցումն ուղեկցվում է առողջապահության ոլորտում պետական և մասնավոր հատվածների դերի և պատասխանատվության շրջանակների փոփոխությամբ: Ըստ էության, մասնավորեցումն ընդգրկում է սեփականության իրավունքների փոխանցումը, որի դեպքում պետությունը մասնավոր սեփականատերերին է փոխանցում պետական գույքը:
Չեխիայում առողջապահական հաստատությունների մասնավորեցումն սկսվել է 1993 թ.: Ըստ որում, Չեխիայի Հանրապետության կառավարությունը պլանավորում էր մինչև 1996 թ. հիվանդանոցային առկա մահճակալների 70 %-ը փոխանցել ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կառույցներին: Մասնավորեցումը հիմնականում իրականացվել է արդեն հայտնի գնորդին (սեփականատիրոջը)` ուղղակի վաճառքի ձևով: Սեփականատերերն ընտրվել են մասնավորեցման համապատասխան հանձնաժողովի կողմից տրված երաշխավորագրերի հիման վրա: 1996 թ. տվյալներով, մասնավորեցման ենթակա առողջապահական հաստատությունների 66 %-ը մասնավորեցվել է ուղղակի վաճառքի ձևով: Նախքան մասնավորեցումն առողջապահական հաստատությունները դասակարգվել են երկու կարգի` հաշվի առնելով իրականացվող ծառայությունների բնույթը: Առաջինի մեջ ընդգրկվել են այն առողջապահական հաստատությունները, որոնց ծառայությունները մենաշնորհային բնույթ չունեն և դրանց կանոնակարգման կարիքը չկա: Երկրորդն ընդգրկում է այն առողջապահական հաստատությունները, որոնց ծառայությունները մենաշնորհային բնույթ ունեն: Մասնավորեցման գործընթացում ֆինանսական աջակցությունը կիրառելի է միայն երկրորդ կարգի համար: Դրա նպատակն անուղղակի աջակցության ցուցաբերումն է մասնավորեցված առողջապահական հաստատությունների արդիականացմանը: Ֆինանսական աջակցության հիմնական ձևերն են վարկերի տրամադրումը` վերադարձման հատուկ ժամկետներով, մասնակի փոխհատուցումը` առողջապահական հաստատության ոչ բարվոք վիճակի դեպքում և այլն: Խրախուսվում է նաև առողջապահության ֆինանսավորումը մասնավոր հատվածի կողմից` բժշկական ապահովագրության մասնավոր առևտրային համակարգերի ստեղծման ուղիով:
Հունգարիայում, չնայած քաղաքական տարաձայնություններին, մինչև 1989 թ. տարբեր ճանապարհներով մասնավորեցվել են առողջապահական հաստատություններ: 1990 թվականից հետո սեփականությունը ենթարկվել է երկու նշանակալից փոփոխության: Մի կողմից, առողջապահական այն հաստատությունները, որոնք հանդիսանում էին պետական սեփականություն, բայց գտնվում էին տեղական համայնքների սեփականություն: Մյուս կողմից, մասնավոր գործարարությունը թույլատրվեց և աջակցություն ստացավ: Արտասահմանյան և հունգարական ֆիրմաներն առաջնային դեր են խաղում ախտորոշման կենտրոնների ստեղծման և զարգացման ծրագրերի իրականացման գործում: Նախատեսվել է, որ առողջապահության ապահովագրական հաստատությունները պայմանագիր կնքեն մասնավոր կազմակերպությունների հետ, սակայն հայեցակարգ չմշակվեց գների և իրականացվող ծառայությունների շրջանակի վերաբերյալ: Հունգարիայում դեղատները համարվում են առողջապահության հաստատություններ: Դրանց մասնավորեցումն սկսվել է միայն 1995 թ., ըստ որում, արդեն 1997 թվականից դեղատները պատկանում են մասնավոր անձանց և տեղական ինքնակառավարման մարմիններին: Դեղատներին ներկայացվող պահանջները կախված չեն սեփականության բնույթից: Մասնավորեցման արդյունքում դեղորայքի և բժշկական սարքավորումների շուկան ենթարկվել է զգալի փոփոխությունների:
Առողջապահության ոլորտում մասնավորեցման հայեցակարգային մոտեցումներից մեկը դրա հնարավոր ներգործության քննարկումն է: Սեփականության փոխանցման հնարավոր հետևանքները դիտարկվում են առողջապահական ծառայությունների մատչելիության, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բժշկասանիտարական օգնության որակի կտրվածքով:
Մասնավոր հատվածի ֆինանսավորումից չափազանց մեծ կախվածությունը կարող է հանգեցնել, առողջապահական առողջապահական հաստատությունների մատչելիության առումով, արդարության սկզբունքի խախտմանը: Այդ իմաստով բացասական ազդեցություն կարող է ունենալ առողջապահության համակարգի ֆինանսավորման «փրկօղակի» պահպանման կարևորության թերագնահատումը` հատկապես գյուղական աղքատ շրջաններում: Անհրաժեշտ է նշել, որ առողջապահության մի քանի համակարգեր, որոնցում մասնավոր հատվածի մասնակցության բաժինը նշանակալից է, ինչպես Կանադայում և մի շարք եվրոպական երկրներում, մատչելիության չափանիշով մեծապես արդարացի են համարվում: Սակայն այդ համակարգերը գործում են բարձր պատասխանատվության և պետության կողմից հսկողության պայմաններում: Արդարության գործոնի հետ կապված հիմնահարցերն զգալիորեն սրվում են մասնավոր առևտրային հատվածի հարաբերական աճի պայմաններում` պետական հսկողության և կարգավորման բացակայության դեպքում:
Թև պետական գույքի փոխանցումը նվազեցնում է պետական հատվածի ֆինանսավորման բեռը, առկա է այն ռիսկը, որ անվերահսկելի մասնավորեցումը հանգեցնում է բժշկասանիտարական օգնության արժեքի աճին, քանի որ մասնավոր առողջապահական հաստատությունները ձգտում են առավելագույն եկամուտի ստացման: Արդյունավետությունը կարող է ավելի իջնել, եթե առողջապահական հաստատությունները շահագրգռված լինեն իրականացնել թանկարժեք բժշկասանիտարական օգնություն, որի անհրաժեշտությունը չկա (օրինակ, ոչ պետքական անալիզներ, թանկարժեք սարքավորման ավելորդ օգտագործում): Այդպիսի շահագրգռվածությունը հաճախ առաջանում է բժշկական ապահովագրության մասնավոր առևտրային համակարգերի կիրառման ժամանակ, երբ երրորդ կողմը` ապահովագրական ընկերությունը, փոխհատուցում է առողջապահական հաստատությունների ծախսերը` իրականացրած ծառայությունների վճարման հիման վրա:
Ընդհանրապես, մրցակցությունը և մասնավոր նախաձեռնությունը կարող են նպաստել ապրանքների և ծառայությունների որակի բարձրացմանը: Միևնույն ժամանակ, առողջապահության ոլորտում մասնավոր կառույցների կողմից իրականացվող բժշկասանիտարական օգնության որակը հաճախ հակասության մեջ է մտնում այնպիսի մրցակցող նպատակների հետ, ինչպիսիք են խնայողականութունը, արդարությունը և ռեսուրսների որոնումը: Այնպես, 80-ական թվականներին սկսված առողջապահության ռեֆորմը Չինաստանում հանգեցրեց մասնավոր հատվածի դերի արագ աճին` ինչպես ֆինանսավորման, այնպես էլ ծառայությունների իրականացման գործում: Առողջապահության գյուղական շատ հաստատություններ վաճառքի հանվեցին և վերափոխվեցին մասնավոր կլինիկաների: Սակայն Չինաստանում առողջապահության գյուղական հաստատությունների համակարգն ավերվեց արագ մասնավորեցման ընթացքում, և ներկայումս բանավեճ է գնում այն մասին, թե գյուղական վայրերում բնակվող սակավ ունևոր խավերի առողջության վատթարացումը որքանով կարող է հարուցված լինել մասնավորեցման քաղաքականությամբ: Վերջին տարիներին չինական կառավարությունը միջոցներ է ձեռնարկում բնակչության նշված մասի առողջության բարելավման ուղղությամբ:
Մասնավորեցման քաղաքականությունը չի նշանակում, որ առողջապահության ոլորտում պետության դերը պետք է լինի սահմանափակ: Իրականում պետական կառույցները մասնավորեցման ընթացքում պետք է թափ հավաքեն, հմտություններ զարգացնեն և փորձ կուտակեն, որպեսզի իրականացնեն այդ գործընթացի ղեկավարումը և վերահսկողությունը: Պետության մասնակցության պահանջը հիմնավորվում է սոցիալական այն նպատակով, որ առողջապահական ծառայությունները պետք է մատչելի մնան բնակչության բոլոր խմբերի համար: Դա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ մասնավոր հատվածն իր ձեռքն է վերցնում առավել շահութաբեր ծառայությունները` պետությանը թողնելով անհետաձգելի օգնության տրամադրումը, կադրերի պատրաստումը և սակավ ունևորներին բժշկական օգնության իրականացումը:
Արդյունաբերական զարգացման երկրներում ռեֆորմների ղեկավարման բնագավառում կուտակված փորձը ցույց է տվել, որ առողջապահության ոլորտում պետական և մասնավոր հատվածների դերի փոփոխությունների կառավարման ուղղությամբ կառավարության ջանքերի հաջողությունը, վերջին հաշվով, կախված կլինի քաղաքական և օրենսդրական բարենպաստ պայմանների առկայությունից, որոնք հստակ նշում են մասնավորեցման քաղաքականության նպատակները և խնդիրները: Այս պահանջն առողջապահության ոլորտի շրջանակներից դուրս է գալիս: Այդ բնագավառում փոփոխությունների կառավարումն անհնարին կլինի առանց նման պայմանների ստեղծման, առանց հստակ քաղաքական խնդիրների առաջադրման և առանց կարգավորող ճկուն մեխանիզմների առկայության:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հայաստանի Հանրապետությունում առողջապահական հաստատությունների
մասնավորեցման ռազմավարության հայեցակարգի կատարումն ապահովելու
համար անհրաժեշտ նորմատիվ ակտերի մշակման
.__________________________________________________________________________.
|NN |ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության|ՀՀ կառավարություն|Պատասխանատու կատարող|
|ը/կ |որոշումների նախագծերի |ներկայացնելու | մարմինները |
| |անվանումները |ժամկետը | |
|____|______________________________|_________________|____________________|
| 1 | ՀՀ օրենքների նախագծեր | | |
|____|______________________________|_________________|____________________|
|1.1.|«Պետական գույքի մասնավորեցման |2000 թ. հոկտեմբեր|ՀՀ առողջապահության |
| |(սեփականաշնորհման) մասին» | |նախարարություն |
| |ՀՀ օրենքում փոփոխություններ և | |ՀՀ պետգույքի |
| |լրացումներ կատարելու մասին» | |կառավարման |
| |ՀՀ օրենքի նախագիծ (ուղղակի | |նախարարություն |
| |վաճառքի ձևով մասնավորեցվող | |ՀՀ արդարադատության |
| |ընկերություններին տարաժամկետ | |նախարարություն |
| |վճարումների իրավունք ընձեռելու| | |
| |մասին) | | |
|____|______________________________|_________________|____________________|
|1.2.|«ՀՀ պետական գույքի |2000 թ. հոկտեմբեր|ՀՀ առողջապահության |
| |մասնավորեցման 1998-2000 | |նախարարություն |
| |թվականների ծրագրի մասին» ՀՀ | |ՀՀ պետգույքի |
| |օրենքում փոփոխություններ և | |կառավարման |
| |լրացումներ կատարելու մասին» | |նախարարություն |
| |ՀՀ օրենքի նախագիծ (ուղղակի | |ՀՀ արդարադատության |
| |վաճառքի ձևով մասնավորեցվող | |նախարարություն |
| |ընկերություններին տարաժամկետ | | |
| |վճարումների իրավունք ընձեռելու| | |
| |մասին) | | |
|____|______________________________|_________________|____________________|
|1.3.|«Պետական գույքի մասնավորեցման |2000 թ. հոկտեմբեր|ՀՀ առողջապահության |
| |(սեփականաշնորհման) մասին» | |նախարարություն |
| |ՀՀ օրենքում փոփոխություններ և | |ՀՀ պետգույքի |
| |լրացումներ կատարելու մասին» | |կառավարման |
| |ՀՀ օրենքի նախագիծ | |նախարարություն |
| |(առողջապահական | |ՀՀ արդարադատության |
| |կազմակերպությունների | |նախարարություն |
| |մասնավորեցման ժամանակ տվյալ | | |
| |աշխատավորական կոլեկտիվի | | |
| |առաջնահերթությունն ապահովելու | | |
| |մասին) | | |
|____|______________________________|_________________|____________________|
|1.4.|«ՀՀ պետական գույքի |2000 թ. հոկտեմբեր|ՀՀ առողջապահության |
| |մասնավորեցման 1998-2000 | |նախարարություն |
| |թվականների ծրագրի մասին» ՀՀ | |ՀՀ պետգույքի |
| |օրենքում փոփոխություններ և | |կառավարման |
| |լրացումներ կատարելու մասին» | |նախարարություն |
| |ՀՀ օրենքի նախագիծ | |ՀՀ արդարադատության |
| |առողջապահական | |նախարարություն |
| |կազմակերպությունների | | |
| |մասնավորեցման ժամանակ տվյալ | | |
| |աշխատավորական կոլեկտիվի | | |
| |առաջնահերթությունն ապահովելու | | |
| |մասին) | | |
|____|______________________________|_________________|____________________|
|1.5.|«Պետական գույքի մասնավորեցման |2000 թ. նոյեմբեր |ՀՀ առողջապահության |
| |(սեփականաշնորհման) մասին» | |նախարարություն |
| |ՀՀ օրենքում փոփոխություններ և | |ՀՀ ֆինանսների և |
| |լրացումներ կատարելու մասին» | |էկոնոմիկայի |
| |ՀՀ օրենքի նախագիծ | |նախարարություն |
| |(մասնավորեցվող առողջապահական | |ՀՀ պետգույքի |
| |ընկերություններին պետական | |կառավարման |
| |բյուջեի ունեցած | |նախարարություն |
| |պարտավորություններն | |ՀՀ արդարադատության |
| |աշխատավորական կոլեկտիվի | |նախարարություն |
| |անդամներին նոր բաժնետոմսերով | | |
| |և (կամ) փոխարկելի | | |
| |պարտատոմսերով մարելու մասին) | | |
|____|______________________________|_________________|____________________|
|1.6.|«Շահութահարկի մասին» ՀՀ |2000 թ. նոյեմբեր |ՀՀ առողջապահության |
| |օրենքում փոփոխություններ և | |նախարարություն |
| |լրացումներ կատարելու մասին» | |ՀՀ ֆինանսների և |
| |ՀՀ օրենքի նախագիծ | |էկոնոմիկայի |
| |(մասնավորեցման ժամանակ պետական| |նախարարություն |
| |պատվերի շրջանակներում | |ՀՀ պետական |
| |կատարված, սակայն պետական | |եկամուտների |
| |բյուջեից չֆինանսավորված | |նախարարություն |
| |բուժօգնության և | |ՀՀ պետգույքի |
| |ծառայությունների համար | |կառավարման |
| |հաշվարկված շահութահարկից | |նախարարություն |
| |ազատելու վերաբերյալ) | |ՀՀ արդարադատության |
| | | |նախարարություն |
|____|______________________________|_________________|____________________|
|1.7.|«Շահութահարկի մասին» ՀՀ |2000 թ. նոյեմբեր |ՀՀ առողջապահության |
| |օրենքում փոփոխություններ և | |նախարարություն |
| |լրացումներ կատարելու մասին» | |ՀՀ ֆինանսների և |
| |ՀՀ օրենքի նախագիծ | |էկոնոմիկայի |
| |(բուժօգնություն և սպասարկում | |նախարարություն |
| |իրականացնողներին ծառայության | |ՀՀ պետական |
| |այդ մասով շահութահարկից | |եկամուտների |
| |ազատելու վերաբերյալ) | |նախարարություն |
| | | |ՀՀ պետգույքի |
| | | |կառավարման |
| | | |նախարարություն |
| | | |ՀՀ արդարադատության |
| | | |նախարարություն |
|____|______________________________|_________________|____________________|
|1.8.|«Շահութահարկի մասին» ՀՀ |2001 թ. մարտ |ՀՀ առողջապահության |
| |օրենքում փոփոխություններ և | |նախարարություն |
| |լրացումներ կատարելու մասին» | |ՀՀ ֆինանսների և |
| |ՀՀ օրենքի նախագիծ | |էկոնոմիկայի |
| |(առողջապահական | |նախարարություն |
| |կազմակերպությունների համար | |ՀՀ պետական |
| |աշխատանքներ և | |եկամուտների |
| |ծառայություններ իրականացնող | |նախարարություն |
| |կազմակերպությունների համախառն | |ՀՀ արդարադատության |
| |եկամուտը նվազեցնելու | |նախարարություն |
| |վերաբերյալ) | | |
|____|______________________________|_________________|____________________|
|1.9.|«Շահութահարկի մասին» ՀՀ |2001 թ. փետրվար |ՀՀ առողջապահության |
| |օրենքում փոփոխություններ և | |նախարարություն |
| |լրացումներ կատարելու մասին» | |ՀՀ ֆինանսների և |
| |ՀՀ օրենքի նախագիծ (անհատույց | |էկոնոմիկայի |
| |կերպով (մարդասիրական օգնության| |նախարարություն |
| |կարգով) ստացվող ակտիվներն | |ՀՀ պետական |
| |առողջապահական | |եկամուտների |
| |կազմակերպությունների համախառն | |նախարարություն |
| |եկամտի կազմում չհաշվառելու կամ| |ՀՀ արդարադատության |
| |համախառն եկամտից նվազեցնելու | |նախարարություն |
| |վերաբերյալ) | | |
|____|______________________________|_________________|____________________|
| 2. |ՀՀ կառավարության որոշումների | | |
| |նախագծեր | | |
|____|______________________________|_________________|____________________|
|2.1.|«ՀՀ կառավարության 1998 թ. |2000 թ. հոկտեմբեր|ՀՀ առողջապահության |
| |մարտի 27-ի «Մասնավորեցվող | |նախարարություն |
| |պետական գույքի հաշվեկշռային | |ՀՀ պետգույքի |
| |մեթոդով գնահատման կարգի մասին»| |կառավարման |
| |N 209 որոշման մեջ | |նախարարություն |
| |փոփոխություններ կատարելու | |ՀՀ ֆինանսների և |
| |մասին» ՀՀ կառավարության | |էկոնոմիկայի |
| |որոշման նախագիծ | |նախարարություն |
| |(առողջապահական | |ՀՀ արդարադատության |
| |կազմակերպությունների գույքի | |նախարարություն |
| |գնահատման տարածքային ուղղիչ | | |
| |գործակիցների կիրառումը | | |
| |բացառելու վերաբերյալ) | | |
|____|______________________________|_________________|____________________|
|2.2.|«Առողջապահական |առողջապահական |ՀՀ առողջապահության |
| |կազմակերպությունների զբաղեցրած|կազմակերպություն-|նախարարություն |
| |տարածքը սեփականության |ների |ՀՀ տարածքային |
| |իրավունքով իրենց հանձնելու |մասնավորեցման |կառավարման |
| |մասին» ՀՀ կառավարության |ժամանակացույցին |նախարարություն |
| |որոշման նախագծեր |համապատասխան |ՀՀ պետգույքի |
| | | |կառավարման |
| | | |նախարարություն |
| | | |ՀՀ արդարադատության |
| | | |նախարարություն |
|____|______________________________|_________________|____________________|
|2.3.|«Մասնավորեցվող |առողջապահական |ՀՀ առողջապահության |
| |առողջապահական |կազմակերպություն-|նախարարություն |
| |ընկերություններին պետական |ների |ՀՀ ֆինանսների և |
| |բյուջեի ունեցած |մասնավորեցման |էկոնոմիկայի |
| |պարտավորությունները տվյալ |ժամանակացույցին |նախարարություն |
| |ընկերության աշխատավորական |համապատասխան |ՀՀ պետգույքի |
| |կոլեկտիվի անդամներին նոր | |կառավարման |
| |բաժնետոմսերով և (կամ) | |նախարարություն |
| |փոխարկելի պարտատոմսերով | |ՀՀ արդարադատության |
| |մարելու մասին» ՀՀ | |նախարարություն |
| |կառավարության որոշումների | | |
| |նախագծեր | | |
.__________________________________________________________________________.