041.0714.231000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2000 թվականի N 714
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումները կազմակերպելու և 2001 թվականին տոնակատարությանը մասնակցող զբոսաշրջիկներին Երևան քաղաքում ընդունելու, սպասարկելու և ծառայություններ մատուցելու հետ կապված հարցերի լուծման նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Երևանի քաղաքապետին` մինչև 2000 թվականի դեկտեմբերի 30-ը ավարտել մայրաքաղաքի հիմնական պողոտաների և հրապարակների արտաքին լուսավորության ցանցի վերականգնման աշխատանքները` այն նախապատրաստելով երկարացված ռեժիմով աշխատանքի համար:
2. Երևանի քաղաքապետին`
ա) մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը ուսումնասիրել մայրաքաղաքի հիմնական պողոտաներում գովազդային վահանակների տեղադրման հնարավորությունները և թույլատրել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի կողմից երաշխավորված ոչ պետական գովազդային ընկերություններին տեղադրել քրիստոնեության թեմայով գովազդային վահանակներ.
բ) 2000 թվականի դեկտեմբերի 1-ից ապահովել ներքաղաքային տրանսպորտի միջոցով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների գովազդումը.
գ) մինչև 2000 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովել ոչ պետական սպասարկման ոլորտի օբյեկտների կողմից Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների թեմատիկայի գովազդումը` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի կողմից տրամադրվող պլակատների միջոցով.
դ) մինչև 2000 թվականի դեկտեմբերի 25-ը ավարտել մայրաքաղաքի ճարտարապետական, մշակութային և հասարակական կարևորագույն նշանակություն ունեցող շենքերի լուսավորության աշխատանքները` համաձայն Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից երաշխավորված ցանկի.
ե) մինչև 2000 թվականի դեկտեմբերի 30-ը պատվիրել և մայրաքաղաքի փողոցներում, զբոսայգիներում ու պուրակներում տեղադրել նոր, տարբեր չափերի աղբարկղեր,
զ) մինչև 2001 թվականի մարտի 1-ը մշակել և իրականացնել մայրաքաղաքի բանուկ հատվածներում, այգիներում, հասարակական և մշակութային նշանակության շենքերին հարող տարածքներում հասարակական զուգարանների տեղադրման և շահագործման ծրագիրը.
է) մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը մշակել և իրականացնել մայրաքաղաքի առանձին շենքերի ու արձանների ճարտարապետական լուսավորության ծրագիրը.
ը) մինչև 2001 թվականի ապրիլի 20-ը ավարտել մայրաքաղաքի հրապարակների, զբոսայգիների, փողոցների շատրվանների ու դեկորատիվ ջրավազանների բարեկարգման և վերագործարկման աշխատանքները.
թ) մինչև 2001 թվականի ապրիլի 30-ը ապահովել մայրաքաղաքի սպասարկման օբյեկտներին հարող տարածքների բարեկարգումը և ձևավորումը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանն ու Երևանի քաղաքապետին`
ա) մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը կարգավորել ու հստակեցնել մայրաքաղաքի ուղևորատար տրանսպորտի երթուղային ցանցը և հաստատել Երևանի տարածքում միջքաղաքային ու միջմարզային ուղևորատար տրանսպորտի կայանատեղերը.
բ) մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը հստակեցնել ներքաղաքային ավտոբուսների, երթուղային տաքսիների, էլեկտրատրանսպորտի կանգառների սխեման: Բոլոր կանգառներում և միջմարզային ուղևորատար ավտոտրանսպորտի կայաններում տեղադրել երթուղիների ցուցատախտակներ.
գ) մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը մայրաքաղաքում տեղադրել լրացուցիչ հեռախոսային ավտոմատ կետեր: Վերանայել տեղադրված հեռախոսային ավտոմատ կետերի տեղաբաշխումը, ապամոնտաժել օգտագործման համար ոչ պիտանի ավտոմատ կետերը և բարեկարգել դրանց տեղադրման համար օգտագործված տարածքները:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Երևանի քաղաքապետին` մինչև 2001 թվականի ապրիլի 15-ը մայրաքաղաքի տարածքում ամբողջովին նորացնել ճանապարհային երթևեկության նշանները, փողոցների նշագծերը, տեղադրել մայրաքաղաքի տեսարժան վայրերի և կարևոր նշանակության կրթական, հոգևոր, մշակութային օջախների բազմալեզու ուղեցույցներ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված նախահաշվի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ: