Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՂԵՏԻ ԳՈՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱ ...

 

 

040.0682.251000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2000 թվականի N 682

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների (այսուհետև` քանդման ենթակա վթարային բնակելի տներ) բնակիչներին վերաբնակեցնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 12.10.06 թիվ 1559-Ն որոշում)

i

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման կարգը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու կարգը (կցվում է).

գ) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման և այդ տների քանդման ծրագիրը (կցվում է) ու նշված ծրագրի իրականացման պատասխանատու ճանաչել Երևանի քաղաքապետին:

3. Սահմանել, որ`

i

ա) պետական միջոցների հաշվին բնակարաններով ապահովվում են մինչև 2008 թվականի մարտի 1-ը բնակելի տների տեխնիկական վիճակի մասին տրված եզրակացությունների համաձայն քանդման ենթակա, ինչպես նաև տեխնիկական կամ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից ամրացման ոչ ենթակա բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակարաններում հաշվառված և փաստացի բնակվող վարձակալները, բնակելի տների բնակարանների սեփականատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից հաշվառված փախստականները և նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետի, Երևանի թաղային համայնքների ղեկավարների որոշումների կամ դատարանի` սահմանված կարգով ուժի մեջ մտած վճիռների հիման վրա բնակվող, ինչպես նաև մինչև 2006 թվականի հոկտեմբերի 12-ը անձնագրային հաշվառումներ ունեցող և փաստացի բնակվող, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բնակիչները:

Ընդ որում, ամրացման ոչ ենթակա բնակելի տների բնակիչների վերաբնակեցման և այդ տների քանդման տարեկան ծրագիրը ներկայացվում է սույն որոշման 5-րդ կետով սահմանված կարգով:

բ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծվում են մեկ այլ բնակարանի հատկացման կամ ֆինանսական աջակցության կամ դրամական փոխհատուցման տրամադրման միջոցով` սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կարգով սահմանված նորմերով:

Ընդ որում, բնակարանի հատկացման ժամանակ առաջնահերթությունը տրվում է վարձակալներին, սեփականատերերին և փախստականներին.

գ) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակարաններից դրանցում նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կարգադրությունների կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող, ինչպես նաև մինչև 2006 թվականի հոկտեմբերի 12-ը այդ բնակարաններում անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող ընտանիքների վերաբնակեցման պահին բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր են համարվում այն ընտանիքները, որոնք անօթևան են և իրենք կամ իրենց հետ համատեղ բնակվող անձինք (ծնողները, ամուսինը և երեխաները) վերջին հինգ տարվա ընթացքում չեն օտարել բնակելի տուն (բնակարան)` բացառությամբ այն դեպքերի, երբ օտարված բաժնեմասը չի գերազանցել բնակելի տան (բնակարանի) ընդհանուր մակերեսի մեկ քառորդը, որի հետևանքով արհեստականորեն չեն վատթարացրել իրենց բնակարանային պայմանները.

դ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձանց բնակարանային խնդիրները բնակարանի հատկացման միջոցով լուծելու ժամանակ շենքերի կառուցվածքում 4 և 5-սենյականոց բնակարանների բացակայության դեպքում 4-սենյականոց բնակարան ստանալուն հավակնող ընտանիքներին հատկացվում են 1 և 2-սենյականոց բնակարաններ, իսկ 5-սենյականոց բնակարան ստանալուն հավակնողին` 1 և 3-սենյականոց կամ երկու հատ 2-սենյականոց բնակարաններ:

(3-րդ կետը փոփ. 06.11.01 թիվ 1070, 12.10.06 թիվ 1559-Ն, 20.03.08 թիվ 294-Ն որոշումներ)

i

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեների նախագծերը կազմելիս քննարկել Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 5-ի «Վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցման հայեցակարգի մասին» N 130 որոշմամբ հավանության արժանացած` վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցման հայեցակարգի դրույթների համաձայն բնակելի շենքերի անձնագրավորման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հնարավորության հարցը:

i

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացների շրջանակներում սահմանված կարգով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ժամանակ ներկայացնել պետական միջոցների հաշվին քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման և այդ տների քանդման տարեկան ծրագիր` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Ծրագիրը պետք է ներառի ճշտված տեղեկատվություն քանդման ենթակա վթարային բնակելի տների` վերաբնակեցման ենթակա ընտանիքների թվի, կազմի և բնակեցման հիմքերի մասին:

Տարեկան ծրագրերի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին:

(5-րդ կետը փոփ. 12.10.06 թիվ 1559-Ն, 23.04.09 թիվ 424-Ն որոշումներ)

6. Սահմանել, որ`

i

ա) սույն որոշման գործողությունը տարածվում է պետական, համայնքային և հանրային բնակելի ֆոնդի Հայաստանի Հանրապետության օրենքով սեփականաշնորհման ոչ ենթակա վթարային, տեխնիկական կամ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից ամրացման ոչ ենթակա, ինչպես նաև մինչև 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ շահագործման ընթացքում քանդման ենթակա վթարային դարձած բնակարանային շինարարական կոոպերատիվ բնակելի տներում բնակվող բնակիչների վրա.

բ) պետական միջոցների հաշվին քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման տարեկան ծրագրերի իրականացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

(6-րդ կետը փոփ. 12.10.06 թիվ 1559-Ն, 20.03.08 թիվ 294-Ն որոշումներ)

i

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին` առաջարկությամբ քանդման ենթակա բնակելի տների բնակեցումից ազատված բնակարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում, հաշվառում և գույքային գործարքների պետական գրանցում:

(7-րդ կետը փոփ. 12.10.06 թիվ 1559-Ն, 20.03.08 թիվ 294-Ն, 23.04.09 թիվ 424-Ն որոշումներ)

i

8. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` տարեկան ծրագրերում ընդգրկված` քանդման ենթակա բնակելի տների բնակեցումից ազատված բնակարանների, ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքների ավարտման մասին տեղեկատվությունը և սահմանված կարգով տրված քանդման թույլտվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի` գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանումներ` բնակեցումից ազատված բնակարանների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման սահմանափակումները կիրառելու և քանդված բնակելի տների բնակարանների նկատմամբ նախկինում կատարված իրավունքների պետական գրանցումները դադարեցնելու նպատակով:

(8-րդ կետը լրաց. 20.03.08 թիվ 294-Ն, 23.04.09 թիվ 424-Ն որոշումներ)

 

ԾՐԱԳԻՐ

i

ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման

առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման

ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային

խնդիրների լուծման

(ծրագիրն ուժը կորցրել է 12.10.06 թիվ 1559-Ն որոշում)

 

---------------------------------------------------

հեղինակաների կողմից - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.10.2000
N 682
Որոշում