Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (2021-2026 ԹԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (2021-2026 ԹԹ.) 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2022 թվականի N 234-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (2021-2026 ԹԹ.) 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Պաշտպանություն և սահմանային անվտանգություն

 

Այս ոլորտում իրականացվել են հետևյալ քայլերը`

. Ռազմական սպառնալիքների կանխատեսվող մակարդակին պետության պաշտպանունակության մակարդակի համապատասխանեցման նպատակով սահմանվել է ռազմական գործողությունների հավանական բնույթը, կատարվել են կազմ-կառուցվածքային փոփոխություններ, զորքերին առաջադրվել են նոր խնդիրներ, կատարվել են համակողմանի ապահովման աշխատանքներ:

. Պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգի բարելավման նպատակով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների թվաքանակների ուսումնասիրությունից և վերլուծությունից հետո զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի կնքման և պայմանագրային զինվորական ծառայության անցնելու նվազագույն ժամկետը սահմանվել է 12 ամիս (նախկին 5 ամսվա փոխարեն):

. Զորահավաքային նախապատրաստության ոլորտի պլանավորման և վերահսկման մեխանիզմների արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է Հայաստանի Հանրապետության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի 2021-2025 թվականների հայեցակարգը: Միաժամանակ, անհրաժեշտ ռազմաուսուցված պահեստազորայիններով զինված ուժերի համալրման և պահուստում պատրաստված պահեստազորայինների կուտակման նպատակով պլանավորվել և անցկացվել են յոթնօրյա, տասնօրյա և եռամսյա վարժական հավաքներ, զինվորական վարժանքներ և զորավարժություններ: Դրանց շնորհիվ զորքերը համալրվել են անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով:

. Ռեսուրսների կառավարման և հաշվետվողականության բարձրացման մեխանիզմների կատարելագործման և կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացման նպատակով իրականացվել են Պաշտպանության նախարարության թեժ գծի և ազդարարման համակարգի կատարելագործման աշխատանքներ: Թեժ գծով քաղաքացիներից ստացված առերևույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ստորաբաժանմանը:

. Շարունակվել են մարտական դիրքերի կահավորման, կենցաղի և մարտական հերթապահության պայմանների բարելավման, ինչպես նաև զինծառայողների անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները: Մարտական հենակետերում և կարևոր ուղղություններում տեղադրվել են տեսադիտարկման համակարգեր: Հենակետերում, կրակային և մարտական դիրքերում կազմակերպվել ու բարելավվել է կապը, տեղադրվել են վերահաղորդիչ նոր կայաններ` հիմնականում նոր բնագիծ զբաղեցրած զորամիավորումների, զորամասերի, հետախուզության և հակաօդային պաշտպանության զորքերի ռադիոցանցերի ապահովման համար:

. Մշակվել և հաստատվել է Պաշտպանության նախարարության համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցառումների ծրագիրը:

. Անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման մակարդակի, կարգապահության, մարդու իրավունքների մակարդակի բարձրացման նպատակով Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունն ամենօրյա ռեժիմով պրոֆիլակտիկ և կանխարգելիչ միջոցառումներ է իրականացրել զորամասերում զինծառայողների միջև կանոնագրքային փոխհարաբերությունների խախտման դեպքերը բացառելու, ինչպես նաև զորամասերում հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ: Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումների կողմից 2021 թվականի ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բացահայտվել է 650 դեպք, որից 460-ը` հանցակազմ պարունակող:

. Հետպատերազմյան վիճակով պայմանավորված` 50-ից ավելի զորամասերում իրականացվել են ուսումնասիրություններ` անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա բացասաբար ազդող հանգամանքների վերաբերյալ:

. Թարմացվել է մարտական հենակետերի գույքը, բարձրացվել են զինծառայողներին հատկացվող բոլոր իրային միջոցների որակական հատկանիշները:

. Մարտական գործողությունների պլանավորման և վարման ձևերի վերանայման նպատակով լրամշակվում են «Օպերացիայի նախապատրաստման և վարման հիմունքները» ձեռնարկը, Օպերատիվ շտաբների ծառայության հրահանգը, նաև իրականացվում են աշխատանքներ «Ռազմական շինարարության և ԶՈՒ շինարարության հիմունքներ», «Ռազմական ռազմավարության հիմնադրույթներ», «Ռազմական և պետական կառավարման հիմունքներ», «Պատերազմների (ռազմական գործողությունների) հավանական բնույթի գնահատման մեթոդիկա» ձեռնարկները զինված ուժերում ներդնելու ուղղությամբ:

. Ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ընթացք են ստացել նոր բնագծերում թեթև մետաղական կարկասներով ՄՏՎ-ների կառուցման և հենակետերի կահավորման աշխատանքները: Տեղադրվել են երկտեղանի տնակներ` համալրված գույքով և կահույքով: Ընթանում են մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ:

. Ռազմական համագործակցության զարգացման բնագավառում 2021 թվականի ընթացքում`

- «Կուբինկայի (ՌԴ) «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում պատվիրակություն է մասնակցել ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 18-րդ նիստին, որի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերը,

- Մոսկվայում կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանն ուղղված` ՀԱՊԿ հովանու ներքո իրականացվող «ՊՐՈՔՍԻ-2021» մշտական գործողության ազգային շտաբների ղեկավարների և ներկայացուցիչների խորհրդակցությունը,

- պատվիրակություն է մասնակցել ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում անցկացված «ARMY-2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի միջոցառումներին,

- «Մարտական եղբայրություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակում Տաջիկստանում անցկացվել են` ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ` «Փոխգործակցություն-2021», ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների հետ` «Որոնում-2021» և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների` «Էշելոն-2021» զորավարժությունները, որոնց Հայաստանից մասնակցել է 9 սպաներից բաղկացած խումբ,

- «Մարտական եղբայրություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակում ՌԴ-ում անցկացվել է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հետ «Անքակտելի եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունը:

. Զինված ուժերում կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների իրականացման նպատակով կատարվել են զինված ուժերի բարեփոխումների ճանապարհային քարտեզով նախատեսված կառուցվածքային փոփոխություններ. վերանայվել է զորամիավորումների, միավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կազմ-կառուցվածքը:

. Կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ:

. Զինված ուժերի միասնական կառավարման ավտոմատացված համակարգի մշակման և ներդրման աշխատանքների շրջանակներում հաստատվել են համակարգի կոնցեպտը և իրականացման ճանապարհային քարտեզը:

. Սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման նպատակով զինված ուժերը համալրվել են ուղղաթիռներով, անօդաչու թռչող սարքերով, հրթիռահրետանային, հակատանկային, հրանետային, կապի, ինժեներական, հրաձգային, ռազմատեղագրական միջոցներով, զրահապատ մեքենաներով, ավտոմոբիլային տեխնիկայով, հակաօդային պաշտպանության, հրետանային ռադիոլոկացիոն կայաններով:

. Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացման նպատակով`

- 2021 թվականին բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով ծրագրի 384 մասնակցի հետ կնքվել են որակավորված հիփոթեքային վարկային պայմանագրեր: Հատկացվել է շուրջ 7,3 մլրդ դրամ հիփոթեքային վարկ,

- 340 զինծառայողի շուրջ 770 մլն դրամ գումարի չափով հատկացվել է պետական աջակցություն` ձեռք բերված բնակարանի 10% կանխավճարն անհատույց հատկացնելու միջոցով,

- 421 շահառուի համար (շուրջ 248 մլն դրամ) հատկացվել է պետական աջակցություն` վճարվելիք տոկոսներից 3% սուբսիդավորելու եղանակով:

Հայաստանի Հանրապետության հարավարևելյան սահմանի պահպանության ամրապնդման նպատակով Սյունիքի մարզի 8 գյուղերում մեկնարկել են Հայաստանի սահմանապահ զորքերի սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները: 2021 թվականի ընթացքում առաջին փուլով իրականացվել է նշված սահմանապահ ուղեկալների շինարարական աշխատանքների 50%-ը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի ընթացքում:

Հայաստանի սահմանապահ զորքերում 2021 թվականի ընթացքում`

. սահմանապահ զորքերում կազմակերպվել և իրականացվել է ժամկետային զինծառայողների նախնական զինվորական պատրաստումը,

. լավարկվել են սահմանապահ զորքերի բոլոր կազմերի զինծառայողների պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերը` սահմանային անվտանգության ապահովման նոր մարտահրավերներին համահունչ,

. իրականացվել է սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում,

. իրականացվել են կազմ-հաստիքային փոփոխություններ,

. իրականացվել են սահմանային ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման, ենթակառուցվածքների, ստորաբաժանումների տեղաշարժի նպատակով օգտագործվող սահմանային ճանապարհների կառուցման և վերանորոգման աշխատանքներ,

. սարքավորվել և կահավորվել են ժամանակավոր սահմանային կետեր և դիտարկման կետեր,

. ընտանի կենդանիների անցումը հարակից պետության տարածք կանխելու նպատակով սահմանին հարող տարբեր տեղամասերում կառուցվել են փշալարային արգելափակոցներ և ցանկապատեր,

. սահմանային շերտում տեղադրվել է նախազգուշացնող 55 վահանակ, 51 մոդուլային տնակ, տեղադրվել են տեսադիտարկման համակարգեր,

. սահմանապահ ստորաբաժանումները համալրվել են անօդաչու թռչող սարքերով, համակարգչային տեխնիկայով, տեսաձայնագրող սարքերով և մոնիթորներով, մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտոտեխնիկայով:

Կիբեռտիրույթում և տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման շրջանակներում ներդրվել են ցանցային անվտանգության ապահովման ծրագրատեխնիկական նոր միջոցներ:

2021 թվականի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործերով առգրավվել են տարբեր տրամաչափի 30538 փամփուշտ, տարբեր տեսակի 33 նռնակ, 50 պայթուցիչ, 7 գնդացիր, 72 ինքնաձիգ, 6 ատրճանակ, 6 սվին դանակ, 36 հրացան, 1 ինքնաշեն զենք, 1 տրատիլային խորանարդիկ, «ՌՊԳ» տեսակի հակատանկային 1 նռնականետ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից 2020-2022 թվականների ընթացքում բացահայտվել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 8 դեպք, որոնցով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված 8 քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավվել 26 անձինք: Հիշյալ քրեական գործերից 3 քրեական գործեր (6 անձանց նկատմամբ), մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան և գտնվում են դատաքննության փուլում, 2 քրեական գործեր միացվել են այլ գործերի, 2 քրեական գործերի վարույթը կասեցվել է, 1 քրեական գործով (20 անձանց նկատմամբ) նախաքննությունը շարունակվում է:

 

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում

 

2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ուղերձով:

Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Նիդերլանդների կոալիցիոն համաձայնագրում ներառվել է ցեղասպանություններին նվիրված հատված, որտեղ, ի թիվս այլ դրույթների, ներառված է Հայոց ցեղասպանության անհերքելի գիտական ապացույցների առկայությունը: 2021 թվականի փետրվարի 25-ին Նիդերլանդների խորհրդարանը ևս մեկ բանաձև է ընդունել` կոչ անելով կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

2021 թվականի նոյեմբերի 9-ին Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը առաջին ընթերցմամբ ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Փաստաթղթի հաջորդ` երկրորդ ընթերցումը նշանակվել է 2022 թվականի մարտի 18-ին:

 

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

2021 թվականի ընթացքում Կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը և դրանց հավասար հասանելիության ապահովմանը, մարդու ստեղծարար հմտությունների զարգացմանն ու իրացմանը, ինչպես նաև արտահանումը խթանող միջավայրի ձևավորմանը: Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար Կառավարությունը շարունակել է հետևողական ջանքեր գործադրել կապիտալի և ֆինանսական միջոցների, ենթակառուցվածքների ու ռեսուրսների հասանելիության բարձրացման ուղղությամբ:

2021 թվականին բարեփոխումներ են իրականացվել նաև ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում քայլեր են ձեռնարկվել նաև նորմատիվատեխնիկական բազայի արդիականացման, նախագծման, տեխնիկական հսկողության, անվտանգության, աուդիտի և շինարարության կարողությունների և գիտելիքների զարգացման ուղղությամբ:

2021 թվականին Կառավարության կապիտալ ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 217,8 մլրդ դրամ, իսկ դրանց կատարողականը գրանցել է վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշը` ճշտված պլանի նկատմամբ կազմելով 92,3%, իսկ տարվա համար սկզբնապես սահմանված պլանի նկատմամբ` 100%: 2021 թվականի կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24,7 մլրդ դրամով գերազանցել է 2019 թվականի և շուրջ 65,8 մլրդ դրամով 2018 թվականի նույն ցուցանիշը: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021 թվականի 92,3% կատարողականը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է. 2020 թվականին այն եղել է 84,9%, 2019 թվականին` 73,5%, իսկ 2018 թվականին 74,0%: Ընդ որում, 2022 թվականի համար Կառավարությունը նախատեսել է շուրջ 350 մլրդ դրամ կապիտալ ծախսեր, ինչը շուրջ 60% կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ներդրումների գծով ծախսերը:

Այս ցուցանիշի, իրականացված տնտեսական քաղաքականության արդյունքում 2021 թվականի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5,7%, տարեսկզբին կանխատեսված 3,2%-ի, 2020 թվականի 7,4% նվազման և 2019 թվականի 7,6% աճի համեմատ: Ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 35%, 2020 թվականի 29,8% և 2019 թվականի 41,4%-ի համեմատ, որը փաստում է, որ արտահանման վերականգնումը մեկնարկել է: Ընդ որում, արտահանումը 2021 թվականին ներմուծման նկատմամբ դրսևորել է առաջանցիկ աճ, որի շնորհիվ դրանց բացասական տարբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ կրճատվել և կազմել է -8% (2019-ի -13,4% և 2020-ի -10%-ի փոխարեն): Բացառությամբ գյուղատնտեսության ոլորտի, մյուս ոլորտներում գրանցվել է աճ: 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում մշակող արդյունաբերության աճը կազմել է 3,3%:

Ապրանքների արտահանման գծով 2021 թվականին 2020 թվականի համեմատ գրանցվել է 19,1% աճ, իսկ ոչ հանքահումքային ապրանքների արտահանման գծով` 18,45% աճ: Ապրանքային արտահանումն առաջին անգամ գերազանցել է 3 մլրդ դոլարի շեմը` ոչ ճգնաժամային 2019 թվականի նկատմամբ արձանագրելով դոլարային արտահայտությամբ 14,1% աճ:

2021 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է շուրջ 462,3 մլրդ դրամի ագրոպարենային արտադրանք: 2021 թվականին 2020 թվականի համեմատ արտահանված ագրոպարենային արտադրանքի ծավալն աճել է շուրջ 82 մլրդ դրամով կամ 21,6%-ով, իսկ ոչ ճգնաժամային 2019 թվականի նկատմամբ աճել է շուրջ 78 մլրդ դրամով կամ 20,2%-ով:

2021 թվականի ընթացքում Հայաստանի արտահանման ապահովագրական պետական ընկերությունն ստացել է Մուդիսի BA3 վարկանիշ: Այս ընկերությունը 2021 թվականի դրությամբ ապահովագրել է շուրջ 36 մլրդ դրամի արտահանման գործարք, որ 80%-ով ավելի է 2020 թվականի ցուցանիշի համեմատ:

2021 թվականի հունվար-սեպտեմբերին ընդամենն օտարերկրյա ներդրումների զուտ հոսքի ծավալը կազմել է 162,2 մլրդ դրամ, իսկ ուղղակի ներդրումներինը` 88 մլրդ դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի 13,8 մլրդ և -43,2 մլրդ դրամի, 2019 թվականի 98,4 մլրդ և -18,6 մլրդ դրամի համեմատ:

2021 թվականին Կառավարության կողմից մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրվել 20 ներդրումային ծրագրի: Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ներմուծել 61,3 մլրդ դրամի հումք և սարքավորում, իրականացնել 71 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 584 նոր աշխատատեղ:

Կառավարության հավանությանն է արժանացել «Մայլեռ» ներդրումային ծրագիրը: Արագածոտնի մարզում հիմնվում է բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր: Ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի 1500 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի սպասվելիք ծավալը շուրջ 30 մլրդ դրամ է:

2021 թվականի նոյեմբերից «Լիկվոր» ընկերությունը Հայաստանում արտադրում է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը:

2021 թվականի սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 15%-ի սեփականատերն է: Օտարերկրյա ներդրողների հետ համագործակցությամբ նախատեսվում է Հայաստանում ժամանակակից պղնձաձուլարան հիմնել:

 

Գյուղատնտեսություն

 

Կառավարության քաղաքականությունն ուղղվել է գյուղատնտեսության ոլորտի ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը:

2021 թվականի ընթացքում Կառավարության կողմից իրականացված օժանդակության ծրագրերի շնորհիվ ավելի քան 30 000 գյուղատնտեսական տնտեսություններ և կազմակերպություններ օգտվել են շուրջ 155 մլրդ դրամ ընդհանուր գումարի արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ ստանալու հնարավորությունից: Նախորդ տարվա համեմատ շուրջ 100 մլրդ դրամով ավելացել է գյուղատնտեսական համախառն արտադրանքը` կազմելով շուրջ 933 մլրդ դրամ: Տարվա արդյունքներով թարմ պտուղ/բանջարեղենի արտահանումն ավելացել է շուրջ 59 980 տոննայով և կազմել է շուրջ 206 542 տոննա` 2020 թվականի շուրջ 146 562 տոննայի համեմատ: Խիստ սակավաջրության պատճառով 2021 թվականի արդյունքներով գյուղատնտեսական ոլորտում արձանագրվել է 1,1% անկում, մասնավորապես` բուսաբուծական համախառն արտադրանքը կրճատվել է 3,1%-ով: Միաժամանակ, 17,5%-ով ավելացել է նաև ընդհանուր ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը` կազմելով շուրջ 911 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար` 2020 թվականի շուրջ 775 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի համեմատ:

2021 թվականին ոռոգման ջրի դիմաց գանձումների հանրագումարը կազմել է շուրջ 4,3 մլրդ դրամ, որը նախորդ տարիների համեմատ ամենաբարձր ցուցանիշն է: 2019 թվականին այն կազմել է շուրջ 4 մլրդ դրամ, 2020 թվականին` շուրջ 3,8 մլրդ դրամ:

2021 թվականին Կառավարությունը հաստատել է «Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը», որի շահառու կարող է հանդիսանալ գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղվող ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ, ով մինչև 3 հա հողատարածքում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգեր կիրառելու ներդրում կկատարի: Ծրագրի շահառուները 5 տարի շարունակ կստանան ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում:

2021 թվականին հաստատվել է 1456 հա ինտենսիվ այգեհիմնման հայտ, 2020 թվականի 518 հա համեմատ: Այգեհիմնման հայտերի քանակը 2021 թվականին 2020 թվականի համեմատ ավելացել է շուրջ 2,8 անգամ:

2021 թվականին կնքվել է գյուղատնտեսության ապահովագրության շուրջ 4300 պայմանագիր, 2020 թվականի շուրջ 1500-ի համեմատ:

2021 թվականի ողջ ընթացքում իրականացվել է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակներում 2021 թվականին տրամադրվել է 29487 միավոր վարկ, շուրջ 72,9 մլրդ դրամ ընդհանուր ծավալի, որոնց գծով սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 9,8 մլրդ դրամ:

Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով 2021 թվականի լիզինգային գործարքների ընդհանուր փաթեթի գումարը կազմել է շուրջ 3,2 մլրդ դրամ, սուբսիդավորման ընդհանուր գումարը` շուրջ 498 մլն դրամ:

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրով 2021 թվականին հաստատվել է 342 հայտ, շուրջ 10,6 մլրդ դրամի ընդհանուր գումարի, ձեռք է բերվել 776 միավոր սարքավորում, սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 967,5 մլն դրամ:

Աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 4000 պայմանագիր, ձեռք է բերվել 4050,4 տոննա բարձրորակ սերմ, և կատարվել է ցանք 13000 հա հողատարածքի վրա:

Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակներում կնքվել է 3736 պայմանագիր, ավելի քան 13000 հա հողատարածքի վրա 2021 թվականի գարնանը ցանք կազմակերպելու նպատակով:

Հացահատիկային մշակաբույսերի արտադրության խթանման նշված երկու ծրագրերով իրականացվել է ձեռքբերման գնի մինչև 70% սուբսիդավորում:

2021 թվականի ընթացքում գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հաստատվել է 274 հայտ, շուրջ 27,3 մլրդ դրամ ընդհանուր գումարի, սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 2,7 մլրդ դրամ:

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգի կիրառմամբ 10 շահառուի վարկի գումարի չբավարարող մասի համար տրամադրվել է շուրջ 5,4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք:

 

Հարկաբյուջետային քաղաքականություն, հարկային և մաքսային վարչարարություն

 

Բիզնես միջավայրի մրցունակության բարձրացման և պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովման նպատակով Կառավարությունը շարունակել է հարկային ոլորտի բարեփոխումները: Քայլեր են ձեռնարկվել ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Հարկային վարչարարության զարգացման շնորհիվ հնարավոր է եղել գերակատարել հարկային եկամուտների և պետական տուրքերի պլանը շուրջ 147 մլրդ դրամով: Ոլորտում վարչարարության բարելավման արդյունքում հնարավոր է եղել բարելավել հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 0,3 տոկոսային կետով և 2021-ին արձանագրել պատմական ամենաբարձր` 22,7 տոկոս հարկեր/ՀՆԱ մակարդակը:

Պղնձի և մոլիբդենի միջազգային բարենպաստ կոնյուկտուրայի կապակցությամբ փոփոխություններ են կատարվել այս երկու մետաղների արտահանման հարկման մեխանիզմում, որի շնորհիվ 2021 թվականի ընթացքում բյուջե մուտքագրվել է շուրջ 24,6 մլրդ դրամի լրացուցիչ հարկ, իսկ մինչև 2022 թվականի փետրվարը` շուրջ 33,9 մլրդ դրամ:

Եկամտային հարկի դրույքաչափի համահարթեցման Կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ 2021 թվականի դեկտեմբեր ամսին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 471, որը բացարձակ ռեկորդ է Հայաստանի` նախորդող շրջանի ողջ պատմության համար: 2020 թվականի նույն ամսվա համեմատ աշխատատեղերի աճը կազմել է 6,1%, 2019 թվականի նույն ամսվա համեմատ` 4,9%, 2018 թվականի նույն ամսվա համեմատ` 12,1%:

2021 թվականի եկամտային հարկի հավաքագրումները շուրջ 29 մլրդ դրամով կամ 7%-ով գերազանցել են 2020 թվականի, շուրջ 36 մլրդ դրամով կամ 9%-ով` 2019 թվականի, շուրջ 97 մլրդ դրամով կամ 27%-ով` 2018 թվականի հավաքագրումները` կազմելով շուրջ 458 մլրդ դրամ:

Բարձրացվել է հիփոթեքային վարկերի տոկոսները եկամտային հարկի հաշվին փոխհատուցելու համակարգի հասցեականությունը` նպատակ ունենալով բարձրացնել դրա ազդեցությունը տարածքային համաչափ զարգացման նպատակի իրագործման հարցում: Մասնավորապես, որդեգրվել է այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կընձեռի առաջիկա երեք տարիների ընթացքում բնակարանաշինական ծրագրերը Երևանի կենտրոնական գոտիներից աստիճանաբար տեղափոխել ծայրամասային գոտիներ, իսկ այնուհետև` մարզեր` դրանով նպաստելով հանրապետության մարզերում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմանն ու կյանքի որակի բարելավմանը:

2021 թվականի հարկ վճարողներին վերադարձված գումարը (հիփոթեքի տոկոս, շահաբաժին, ուսման վարձ) կազմել է շուրջ 32 մլրդ դրամ, որը շուրջ 14 մլրդ դրամով կամ 78%-ով ավելի է 2020 թվականին, շուրջ 20 մլրդ դրամով կամ 167%-ով` 2019 թվականին, շուրջ 27 մլրդ դրամով կամ 540%-ով` 2018 թվականին վերադարձված գումարներից:

Գործարկվել է հիփոթեքային վարկերի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման էլեկտրոնային հարթակը, որը թույլ է տալիս նախկինում շուրջ 15 օր տևող գործընթացն իրականացնել հաշված րոպեների ընթացքում:

Պետությունը չունի և 2021 թվականի ընթացքում հարկ վճարողներին պարտք չի ունեցել` վերջիններիս դիմումներով պահանջված վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մասով. ԱԱՀ դեբետային գումարների գծով վերադարձն իրականացվում է ամսական պարբերականությամբ: 2021 թվականին վերադարձվել է ռեկորդային չափով` շուրջ 146,3 մլրդ դրամի ԱԱՀ, որը շուրջ 26,1 մլրդ դրամով կամ 22%-ով ավելի է 2020 թվականին, շուրջ 18,3 մլրդ դրամով կամ 11%-ով պակաս է 2019 թվականին, շուրջ 59,6 մլրդ դրամով կամ 69%-ով ավելի է 2018 թվականին վերադարձված ԱԱՀ-ի դեբետային գումարներից: Հատկանշական է, որ 2019 թվականի համեմատությամբ անկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019 թվականի ընթացքում հարկ վճարողներին վերադարձված շուրջ 164,6 մլրդ դրամի ԱԱՀ-ի դեբետային գերավճարի գումարներից շուրջ 42 մլրդը մինչ 2017 թվականի 2-րդ կիսամյակն առաջացած գումարն է, որը Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխության շրջանակներում 2019 թվականի ընթացքում նույնպես վերադարձվեց հարկ վճարողներին (մինչ օրենսդրական փոփոխությունը վերադարձման ենթակա չէր): Այսինքն, եթե 2021 թվականին վերադարձված ԱԱՀ-ի դեբետային գերավճարի գումարների 2019 թվականի հետ համեմատությունը կատարվի առանց նշված շուրջ 42 մլրդ դրամի, ապա 2021 թվականի աճը` 2019 թվականի համեմատությամբ, նույնպես ակնհայտ է և գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը շուրջ 23,7 մլրդ դրամով կամ 19%-ով:

2021 թվականին մեկնարկեց բարեփոխված գույքային հարկերի կիրառումը, որի վերջնանպատակը համայնքների բյուջեների եկամուտների զգալի ավելացումը և տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական անկախության մակարդակի բարձրացումն է: Շուկայականին մոտարկված արժեքների հիման վրա գույքային հարկերի վճարումը հարկման արդարության արմատավորման ուղղությամբ Կառավարության քաղաքականության կարևոր բաղադրիչներից է: Մասնավորապես, բարեփոխման հիմքում ընկած` հարկման ուղղահայաց արդարության սկզբունքի տրամաբանությամբ` բարձրարժեք գույքի համար սահմանվել է պրոգրեսիվ հարկային բեռ` դրանով վերաիմաստավորելով գույքային հարկերի ինստիտուտը` որպես հասարակության եկամուտների վերաբաշխման կարևոր համակարգ:

2021 թվականի ընթացքում պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 3,2 տոկոսային կետով նվազել է` հասնելով 60,3%-ի: Կառավարությանը հաջողվել է պարտքը վերադարձնել կառավարման տեսանկյունից էականորեն ավելի ապահով միջակայք: Պարտքի բեռի նվազեցմանը զուգահեռ բարելավվել է նաև դրա կառուցվածքը` դրամային պարտքը կշիռը կանխատեսվող 27,9%-ի փոխարեն հասել է 28,8% մակարդակի:

 

Բարձր տեխնոլոգիաներ

 

2021 թվականին Կառավարությունը շարունակել է նպաստել նորարարական համակարգի զարգացմանը, ոլորտում ներգրավվածության բարձրացմանը, նորարարական գաղափարների առևտրայնացմանը, տեխնոլոգիական առաջընթացին և տեխնոլոգիական լուծումների լայն կիրառությանը տնտեսության ու հանրային ոլորտներում:

Կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում 2021 թվականի ընթացքում նորաստեղծ և կայացած տեխնոլոգիական ընկերություններին դրամաշնորհների տեսքով տրամադրվել է շուրջ 1 մլրդ դրամի պետական աջակցություն:

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի 3 բաղադրիչների շրջանակներում արտադրանքի զարգացման տարբեր փուլերում գտնվող 40 ստարտափների տրամադրվել է շուրջ 429 մլն դրամի դրամաշնորհ:

2021 թվականին գրանցվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում թողարկման 17,8% իրական աճ, որն ավելի քան 3 անգամով գերազանցել է տարվա ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման նպատակով տեխնոլոգիական ընկերությունների և բուհերի արդյունավետ համագործակցության խթանման համար 2021 թվականի ընթացքում իրագործվել է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը, որը հաջողությամբ ավարտել է 1690 քաղաքացի:

2021 թվականի ընթացքում իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրություն, կազմվել են թվայնացման գործընթացների և պահանջների նվազագույն պահանջների ստեղծման առաջարկություններ: Պետական փոխգործելիության հարթակում ներգրավվել են 24 պետական էլեկտրոնային շտեմարաններ, մշակվել է մետատվյալների ռեգիստրը:

Կիբեռանվտանգության ազգային գործակալության ստեղծման համատեքստում տեխնիկական առաջադրանքի ստեղծման խորհրդատվական ծառայությունների գնման հայտը կազմվել է, որի հիման վրա հայտարարվել է մրցույթ: Մրցույթով ընտրված ընկերության հետ կնքվել է պայմանագիր: Նախատեսվում է մշակել Կիբեռանվտանգության և տվյալագիտության ազգային կենտրոնի ստեղծման տեխնիկական առաջադրանքը:

2021 թվականին միջազգային ոլորտային ցուցահանդեսների մասնակցության շնորհիվ ստորագրվել է 6 պայմանագիր` շուրջ 231 մլն դրամ ընդհանուր արժողությամբ (որից 97,5%-ը` վաճառքի պայմանագրեր և 2,5%-ը` շահավետ պայմաններով ձեռքբերման պայմանագրեր):

 

Տրանսպորտ

 

2021 թվականին ակտիվ աշխատանքներ են տարվել նաև տրանսպորտային ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների շրջանակներում կազմակերպվել են Կոտայքի, Արարատի մարզերի և Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր երթուղիների միասնական օպերատորների ընտրության մրցույթները: Դրանց շնորհիվ 2022 թվականի կեսից Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր տրանսպորտային միջոցներով, Արարատի մարզը` 87, իսկ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանը` 46 նոր տրանսպորտային միջոցներով: Թվարկված միջոցառումներով 6,5 մլրդ դրամի ներդրումներ կիրականացվեն:

2021 թվականին ներդրվել է ավտոտրանսպորտի տեխնիկական զննության գործընթացի նոր համակարգ, որի շնորհիվ տեխնիկական զննման կտրոնների պահանջը փոխարինվել է վերահսկողության իրականացման էլեկտրոնային համակարգով: Տեխնիկական զննության նոր կարգավորումների միջոցով հնարավորինս կբացառվի իրական տեխնիկական զննություն չանցկացնելու արատավոր երևույթը, որի շնորհիվ էականորեն կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը:

2021 թվականին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Եվրոպական միության անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որով կապահովվի ավիափոխադրողների համար շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով:

Կառավարության որոշմամբ փոփոխվել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը, որի շնորհիվ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2021 թվականին իրականացվել է մոտ 5,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որով վերանորոգվել է օդանավակայանի վազքուղին, ընդլայնվել է ժամանման սրահը:

2021 թվականին կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրեր է ստացել երկու նոր ավիաընկերություն, որի շնորհիվ կավելանա Հայաստանից իրականացվող թռիչքների աշխարհագրությունը, ոլորտում կխթանվի մրցակցությունը:

2021 թվականի հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության և «Էյր Արաբիա» (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող «International Business Company (FZE)» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ավիաընկերություն: Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել շուրջ 4,7 մլրդ դրամ, իսկ «Էյր Արաբիա» ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով: Ավիաընկերության կառավարումն իրականացնելու է «Էյր Արաբիա» ընկերությունը, որը Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողն է: «Ֆլայ Արնա» (Fly ARNA) համատեղ ավիաընկերությունն արդեն իսկ ստեղծվել է և առաջիկայում թռիչքներ կիրականացնի:

Երևան քաղաքի համար շուրջ 100 ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել է «Երևանի ավտոբուսների ծրագիր» համաձայնագիրը, որի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 5 մլն եվրո դրամաշնորհ:

Երկաթգծի շարժակազմի արդիականացման շրջանակներում 2021 թվականին ձեռք են բերվել և շահագործման հանձնվել 27 ուղևորատար ժամանակակից և հարմարավետ նոր վագոններ և երկու նոր էլեկտրագնացքներ, իսկ ենթակառուցվածքների արդիականացման շրջանակներում կապիտալ վերանորոգվել է 9,5 կմ գիծ: 2021 թվականի արդյունքներով ներհանրապետական երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 2,6%-ով:

 

Ճանապարհաշինարարություն

 

2021 թվականի ընթացքում ոլորտում իրականացվել են շուրջ 565 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական, հանրապետական, տեղական և այլ նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել, վերանորոգվել ու կառուցվել են ևս 113 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ:

2021 թվականին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Գյումրի ճանապարհահատվածում իրականացվել է շուրջ 50 կմ երկշերտ ասֆալտապատում, որի շնորհիվ Թալին քաղաքը շրջանցող նորակառույց ճանապարհը բացվել է երթևեկության համար:

Հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված` բնակչության անվտանգությունն ու կենսական կարիքներն ապահովելու նպատակով 2021 թվականին Սյունիքի մարզում մեկնարկել են այլընտրանքային ճանապարհների կառուցման և վերակառուցման աշխատանքներ: Մասնավորապես, նախատեսվում է կառուցել` Լծեն-Տաթև (19,9 կմ), Որոտան Խոտ (10,3 կմ), Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) Բարձրավան (8,7 կմ), Տանձավեր Շուռնուխ (13,2 կմ), Կապան-Ճակատեն շրջանցիկ (7,8 կմ), Լծեն-Շամբ (6,19 կմ) և Վերին Խոտանանը շրջանցող (մոտ 11 կմ) շուրջ 77 կմ երկարությամբ ճանապարհներ, որոնց մասով 2021 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 41 կմ հողային պաստառի կառուցման աշխատանքներ:

 

Համայնքների ենթակառուցվածքների զարգացում

 

2021 թվականին Կառավարությունը շարունակել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացը, որը միտված է հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովելուն, բնակչության բարեկեցությունը բարելավելուն, ինչպես նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն:

2021 թվականին հաստատվել է թվով 678 սուբվենցիայի ծրագրային հայտ, որից շուրջ 620 ծրագրի շրջանակներում ավարտվել են աշխատանքների իրականացման մրցութային գործընթացները և սկսվել շինարարական աշխատանքներն ու գույքի և տեխնիկայի ձեռքբերման գործընթացները: 2021 թվականին իրականացվել են նաև 2020 թվականին սկսված, սակայն չավարտված ծրագրերը: Ընդհանուր առմամբ 2021 թվականին իրականացվել է շուրջ 605 սուբվենցիոն ծրագիր, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է շուրջ 13,7 մլրդ դրամ: Նշված 605 ծրագրերից`

- 251-ը 2019-2020 թվականներին հաստատված ծրագրերն են, որոնց համար ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է շուրջ 6,5 մլրդ դրամ,

- 354-ը` 2021 թվականին հաստատված ծրագրերն են, որոնց համար ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է շուրջ 7,1 մլրդ դրամ:

 

Էներգետիկա

 

2021 թվականին Կառավարության քաղաքականությունն ուղղված է եղել երկրի էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի և գազի հուսալի ու որակյալ մատակարարման ապահովմանը:

Շարունակվել են աշխատանքներն էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների ներդրման, ինչպես նաև երկրի վերականգնվող էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործման ուղղությամբ: 2021 թվականի ընթացքում ամբողջությամբ ավարտվել են 22 բազմաբնակարան և 2 հանրային շենքերի էներգախնայողության աշխատանքները (տանիքի վերանորոգում, լուսամուտների փոխարինում, աստիճանավանդակների վերանորոգում, արտաքին պատերի ջերմամեկուսացում): 2021 թվականի ընթացքում մեկնարկել և շարունակվում են 37 բազմաբնակարան շենքերի էներգախնայողության աշխատանքները:

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Երևանի շուրջ 70 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր, որը կնպաստի տվյալ շենքերի ներշենքային և բակային տարածքների արդիականացված լուսավորության ապահովմանը և վերելակների հոսանքի ծախսի ավելի քան 50%-ով նվազմանը: 2021 թվականին Երևանի 19 մանկապարտեզներում մեկնարկել և շարունակվում են արևային պանելների տեղադրման և ամբողջական ջերմամեկուսացման, ինչպես նաև ժամանակակից օդափոխման համակարգերի տեղադրման և ջեռուցման համակարգերի փոխարինման աշխատանքները:

Հայաստանը միջազգային էներգետիկ վարկանիշում` «Էներգետիկ տրիլեմայի ինդեքս 2021»-ում առաջընթաց է գրանցել 127 երկրների շարքում` զբաղեցնելով 53-րդ տեղը, 2020 թվականի 54-րդ և 2019 թվականի 60-րդ տեղերի համեմատ:

2022 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի գործարկման նպատակով 2021 թվականի ընթացքում մշակվել է անհրաժեշտ իրավական բազա: Շուկայի ազատականացման և շուկայում էլեկտրոնային առևտրի կազմակերպման ծրագիրն անցել է փորձարկման բոլոր փուլերը:

2021 թվականին շահագործման է հանձնվել «Արմփաուեր» 250 ՄՎտ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանը: Ծրագրի իրականացման համար ներդրվել է ավելի քան 250 մլն դոլար:

2021 թվականին ավարտվել են «Աշնակ» 220 կՎտ լարման ենթակայանի վերակառուցման աշխատանքները: Ներդրվել է մոտ 9,8 մլն ԱՄՆ դոլար:

«Մասդար» ընկերության կողմից Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային կայանի կառուցման ծրագրով 2021 թվականին «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ընկերության հետ ստորագրվել է Կառավարության աջակցության համաձայնագիրը: Կայանը շահագործման կհանձնվի 2023 թվականին, ներդրումների ծավալը կկազմի շուրջ 170 մլն դոլար:

Զգալիորեն աճել է ինքնավար արևային կայանների թիվը, մասնավորապես, 2022 թվականի հունվար ամսվա դրությամբ մինչև 500 կՎտ հզորություն ունեցող 6940 ինքնավար էներգաարտադրողներ (գումարային շուրջ 136.08 ՄՎտ հզորությամբ) կնքել են պայմանագրեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ, որը 2796-ով (59,8 ՄՎտ հզորություն) ավելի է 2021 թվականի հունվարի համեմատությամբ, ևս 518 ինքնավար էներգաարտադրողներ (գումարային շուրջ 11,5 ՄՎտ հզորությամբ) ստացել են տեխնիկական պայմաններ, որ 284-ով (3 ՄՎտ) ավելի է 2021 թվականի հունվարի համեմատությամբ:

2022 թվականի հունվարի դրությամբ ըստ տրամադրված լիցենզիաների` էլեկտրաէներգիա են արտադրում 27 արևային էլեկտրակայաններ` շուրջ 55,8 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ:

2022 թվականի հունվարի դրությամբ էլեկտրաէներգիա են արտադրում 2 հողմային էլեկտրակայաններ` գումարային շուրջ 2,89 ՄՎտ դրվածքային հզորությամբ, լիցենզիա է ստացել ևս 4 հողմակայան` 4,23 ՄՎտ դրվածքային հզորությամբ:

2021 թվականի ընթացքում Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը, վերանորոգվել է միջուկային վառելիքի պահման ավազանը, իրականացվել են նաև նորոգման այլ աշխատանքներ, որոնց շնորհիվ 1995 թվականից ի վեր առաջին անգամ թույլատրվել է 92% ջերմային հզորության փոխարեն 98% ջերմային հզորություն, և կայանի ժամային արտադրությունն ավելացել է մոտ 40 ՄՎտ-ով:

 

Շրջակա միջավայրի պահպանություն

 

2021 թվականին միջազգային կլիմայական օրակարգին համահունչ` Կառավարությունը հաստատել է «Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ 20212030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները», համաձայն որի Հայաստանը պարտավորվում է մինչև 2030 թվականն անտառածածկի ավելացում` Հայաստանի տարածքի 12.9% չափով, ինչպես նաև ջերմոցային գազերի 40% նվազեցում` 1990 թվականի արտանետումների մակարդակի համեմատ:

Կատարվել են շուրջ 215 հա անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ, որից շուրջ 151 հա` պետական բյուջեի ֆինանսավորմամբ, 2 տարվա ընդմիջումից հետո 5533 հա անտառներում իրականացվել է վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքար, մոտ 30-ով ավելացվել է թափուկ վառելափայտ ստացող անտառամերձ բնակավայրերի թիվը, որի շնորհիվ ազգաբնակչությանն անվճար տրամադրվել է 74331 խոր. մ թափուկ:

Ջրային ռեսուրսների պահպանության ուղղությամբ` սահմանվել է այն գետերի ցանկը, որոնց վրա արգելվել է նոր փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը, ինչպես նաև սահմանվել է պարտադիր պահանջ` ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների առցանց հսկողական համակարգի առկայության մասով:

2021 թվականին մեկնարկել է ԵՄ ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «ԵՄ Սևանի համար» («EU4Sevan») Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 5,7 մլն եվրո է: Ծրագիրը միտված է բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարումը, էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունները, կոյուղաջրերի մշակումը, ինչպես նաև ուժեղացնել

Սևանա լճի պաշտպանության համար իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում:

Շուրջ 132 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված տեխնիկայի շնորհիվ 2021 թվականին 4,18 հա տարածքի վրա իրականացվել են Սևանա լճի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներ:

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցվել և գործարկվել է ժամանակակից գերհզոր թվային տվյալների պահպանման համակարգ:

2021 թվականին ավտոմատ օդերևութաբանական կայանների ներդրմամբ արդիականացվել է Հայաստանում փաստացի գործող 46 օդերևութաբանական կայաններից 23-ը:

Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգվել է բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման համար գործող ԱԱՀ-ից ազատման արտոնության ժամկետը:

Սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակներում 2021 թվականի օգտագործման համար Կառավարության որոշմամբ սահմանվել է առավելագույնը 250 տոննա չափաքանակ: 2021 թվականի մարտի 25-ից սկսվել է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը: Կնքվել է 294 պայմանագիր 221066 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար, որն սկսվել է 2021 թվականի մայիսի 14-ից` որսի համար սահմանված և կահավորված կետերից: Փաստացի որսվել է 201521 կգ սիգ տեսակի ձուկ: Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ` սիգի արդյունագործական որսի չափաքանակն ավելացվել էր ևս 50 տոննայով, որի ժամկետը սահմանվել էր մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը: 2021 թվականի հոկտեմբերի 1-15-ը որս է իրականացրել 327 ձկնորս, և որսվել է 92785 կգ սիգ տեսակի ձուկ: Արագ արձագանքման խմբի կողմից իրականացվել է ամենօրյա հսկողություն Սևանա լճի ամբողջ երկայնքով` արդյունագործական որսը վերահսկելու, ինչպես նաև ապօրինի ձկնորսությունը կանխարգելելու նպատակով:

 

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

2021 թվականին Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահել մարդկային կապիտալի զարգացմանն առնչվող բոլոր ոլորտները:

Կառավարությունը շարունակել է քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը, նրանց սոցիալական իրավունքների լիարժեք իրականացմանը միտված քաղաքականությունը:

2021 թվականին գրանցվել է միջին ամսական աշխատավարձի աճ: Մասնավորապես, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների` մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը 2021 թվականին կազմել է 204,048 դրամ, այն 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 14,000 դրամով կամ 7.6%-ով, 2019 թվականի համեմատ` ավելի քան 21,000 դրամով կամ 12%-ով, 2018 թվականի համեմատ` 31,000 դրամով կամ 18%-ով:

Աշխատող քաղաքացիներին վճարված համախառն աշխատավարձը 2021 թվականին կազմել է 139,6 մլրդ դրամ, որը 2020 թվականի համեմատ ավելի է 15,7 մլրդ դրամով կամ 13%-ով, 2019 թվականի համեմատ` 25,2 մլրդ դրամով կամ 22%-ով, 2018 թվականի նկատմամբ` 38,7 մլրդ դրամով կամ 38%-ով:

Կառավարության 2021 թվականին ընդունած որոշումների համաձայն 2022 թվականի հունվարի 1-ից ավելանալու են 131767 շահառուների վճարվող գումարները, մասնավորապես`

- նվազագույն կենսաթոշակի չափը` 28,600 դրամ (2021 թվականին գործող 26,500 դրամի փոխարեն),

- պարտադիր ժամկետային (շարքային) զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը` 1-ին խմբի համար` 43,000 դրամ (2021 թվականին գործող 40,000 դրամի փոխարեն), 2-րդ խմբի համար` 33,000 դրամ (2021 թվականին գործող 30,000 դրամի փոխարեն), 3-րդ խմբի համար` 30,000 դրամ (2021 թվականին գործող 27,000 դրամի փոխարեն),

- պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը` 30,000 դրամ (2021 թվականին գործող 27,000 դրամի փոխարեն),

- ծերության, հաշմանդամության, կերակրողը կորցնելու նպաստ` 28,600 դրամ (2021 թվականին գործող 26,500 դրամի փոխարեն),

- հաշմանդամ երեխաների նպաստ` 37,000 դրամ (2021 թվականին գործող 26,500 դրամի փոխարեն),

- մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ` 28,600 դրամ (2021 թվականին գործող 26,500 դրամի փոխարեն):

2021 թվականին սկսվել է կենսաթոշակների և նպաստների` անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրումը, որը ենթադրում է նշված դրամական վճարների վճարում բացառապես անկանխիկ եղանակով: Բացառություն են կազմում միայն 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, ինչպես նաև 75 տարին լրացած շահառուները, որոնք իրենք են ընտրում իրենց համար հարմար վճարման եղանակը:

2021 թվականին երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 10 երեխա, ժամանակավոր խնամք իրականացնող կենտրոններից կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորվել է 48 երեխա: Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների այլընտրանքային խնամքի ձևերի զարգացմանը: 2021 թվականի 61 խնամատար ընտանիքում խնամք է ստացել 88 երեխա, որոնցից 9-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, որոնք խնամք են ստանում մասնագիտացված խնամատար ընտանիքներում: 2021 թվականի ընթացքում եղել է 22 որդեգրում, որոնցից 17-ը` ներպետական, 5-ը` արտերկիր:

Գենդերային քաղաքականության ոլորտում 2021 թվականին ապահովվել է պետական բյուջեի համաֆինանսավորմամբ բոլոր մարզերում և Երևանում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների և ապաստարանների գործունեության շարունակականությունը. 2021 թվականին ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններին է դիմել և օգնություն ստացել 1516 շահառու, իսկ ապաստարանների ծառայություններից օգտվել է 160 շահառու: Վերոգրյալ աջակցության կենտրոններն ընտանիքում բռնության ենթարկվածներին, բացի օրենսդրությամբ նախատեսված սոցիալ-հոգեբանական և իրավաբանական աջակցության տրամադրումից, ուղղորդել և աջակցել են նաև հմտությունների ձեռքբերման, կարողությունների զարգացման և կայուն աշխատանք գտնելու գործում. կայուն աշխատանքով է ապահովվել 88 կին:

2021 թվականին ընդունվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները: Համաձայն ընդունված օրենքների` վերափոխվում է հաշմանդամության գնահատման համակարգը. 2023 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում հաշմանդամության գնահատման նպատակով բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն կիրականացվի անձի ֆունկցիոնալության գնահատում, որը հնարավորություն կընձեռի իրականացնելու անձի կարիքների բազմակողմանի գնահատում և որոշելու յուրաքանչյուր անձի համար անհատական ծառայություններ:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի բարեփոխումների համատեքստում 2021 թվականի ապրիլի 1-ից գործարկվել է Միասնական սոցիալական ծառայությունը, որը հիմնված է սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա` նպատակ ունենալով բարձրացնելու սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, սոցիալական ծառայությունների որակը:

Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված ավելի քան 500 երիտասարդ ընդգրկվել է տնտեսական ակտիվությանն ուղղված ծրագրերում, որի շնորհիվ նրանց շուրջ 35%-ը ձեռք է բերել զբաղվածություն, այդ թվում` գյուղատնտեսական աշխատանքներով, 65%-ը ներգրավվել է ուսուցման և պրակտիկայի գործընթացներում:

Ենթաօրենսդրական իրավական ակտերով կարգավորվել է նաև միասնական սոցիալական ծառայության կողմից տնային այցելություններ կատարելու գործընթացը, և առաջին անգամ` նաև դրա դիմաց վճարման գործընթացը: 2021 թվականի ընթացքում կատարվել են շուրջ 33000 տնային այցելություններ, և դա իր ազդեցությունն է ունեցել նաև ընտանեկան նպաստների հասցեականության բարձրացման հարցում: 2019 թվականին ընտանեկան նպաստներ (ընտանեկան և սոցիալական նպաստ) են ստացել 86197, 2020 թվականին` 86927, իսկ 2021 թվականին` 82328 ընտանիքներ (յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի դրությամբ):

2021 թվականի ՀՀ պետական բյուջեով սահմանամերձ 23 համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի ամբողջական փոխհատուցման նպատակով հատկացվել է ավելի քան 1,1 մլրդ դրամ գումար:

Շարունակվել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների սպառած բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց նվազ սակագներով վճարելու գործընթացը: Այս կապակցությամբ յուրաքանչյուր ամիս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին են տրամադրվում շուրջ 68000 և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին` շուրջ 95000 անապահով ընտանիքների տվյալներ: Սպառած խմելու ջրի համար նվազ սակագներով վճարելու համար անապահով ընտանիքների տվյալները «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կտրամադրվեն սկսած 2022 թվականի հուլիսից, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից սահմանված նվազ սակագների տարբերության արդյունքում հաշվարկված գումարը կդիտարկվի որպես ընտանիքի կատարած կանխավճար: Այս արտոնությունից օգտվող անապահով ընտանիքների թիվը կանխատեսվում է, որ կլինի շուրջ 70000:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2022
N 234-Ա
Որոշում