Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (2021-2026 ԹԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (2021-2026 ԹԹ.) 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2022 թվականի N 234-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (2021-2026 ԹԹ.) 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Առողջապահություն

 

Կառավարության գերակա քաղաքականությունը 2021 թվականին ուղղված է եղել հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցմանը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը, բնակչության համար դեղերի հասանելիության ընդլայնմանը, ինչպես նաև առողջապահության էլեկտրոնային ամբողջական համակարգի ներդրմանը:

2021 թվականին մանկական մահացության (մինչև 1 տարեկան) ցուցանիշը 2020 թվականի համեմատ նվազել է 8,1%-ով և կազմել 6,8%, մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 2,5%-ով և կազմել 8,0%:

2021 թվականին մեկնարկել են Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի, Սյունիքի մարզի Սիսիանի ԲԿ-ի, Կոտայքի մարզի Չարենցավանի ԲԿ-ի, Արագածոտնի մարզի Թալինի ԲԿ-ի վերակառուցման և Ծաղկահովտի ԱԿ-ի, Արարատի մարզի Մասիսի ԲԿ-ի, Վայոց ձորի մարզային նոր հիվանդանոցի կառուցման աշխատանքները:

Հաստատվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի դրամաշնորհային ծրագիրը, ըստ որի` Վանաձորի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի շենքը, ՀՎԿԱԿ Արմավիր և Արարատ մասնաճյուղերը վերակառուցվելու են: Շարունակվել են Մարտունու ԲԿ-ի շենքի կառուցման նպատակով 2020 թվականին մեկնարկած շինարարական աշխատանքները:

Պետական պատվերի շրջանակում երեխաներին տրամադրվող դեղորայքային փաթեթն ընդլայնվել է, որը նպաստել է առողջացման ցուցանիշների և կյանքի որակի բարելավմանը:

2021 թվականին պետական բյուջեից կենտրոնացված կարգով 10 հիվանդության և 199 679 շահառուների համար ձեռք է բերվել 58 անվանում դեղ: 2020 թվականի ընթացքում 10 հիվանդության և 179 712 շահառուների համար ձեռք էր բերվել 49 անվանում դեղ:

Քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում մեկնարկել է նոր` կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որի շրջանակներում 2021 թվականին հետազոտվել է 6961 կին:

Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել, համաձայն որի` Հայաստանը միացել է Եվրոպական միության «EU Digital COVID Certificate» համակարգին, և միմյանց հավաստագրերը դարձել են փոխադարձ ճանաչելի:

Վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրների հայտնաբերման նպատակով 15 տարեկան 6317 աղջիկ (տվյալ տարիքային խմբի 40,3%) անցել են որովայնի օրգանների և վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն:

Կատարվել է 33 շահառուի արհեստական սերմնավորում, գրանցվել է 17 հղիություն և մեկ ծննդաբերություն: Կատարվել է 393 շահառուի արհեստական բեղմնավորում, գրանցվել է 171 հղիություն, ծնվել է 74 երեխա:

Կառավարության հետևողական գործողությունների շնորհիվ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, իսկ 2022 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտնում դրանց օգտագործման արգելքը հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում:

 

Կրթություն

 

2021 թվականին Կառավարությունը շարունակել է բարեփոխումները` միտված ներառական կրթական միջավայրի ստեղծմանը, կրթության բովանդակության և կրթական ծրագրերի արդիականացմանը, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացմանն ու վերազինմանը, «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդմանը:

2021 թվականին պետության կողմից շուրջ 11 մլրդ դրամ ընդհանուր ծավալով ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցում է տրամադրվել բարձրագույն կրթության բոլոր աստիճաններում տարբեր խմբերի ավելի քան 24 հազար ուսանողների:

2021 թվականին հանրակրթության ոլորտում հաստատվել և Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցներում գործողության մեջ փորձարկվում են հանրակրթության նոր պետական չափորոշիչն ու առարկայական ծրագրերը` ներառելով նաև լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծումը: Նոր կրթական չափորոշիչը հիմնված է կարողունակության վրա` շեշտելով գիտելիքի, հմտության, արժեքի և դիրքորոշման համադրված ուսուցման անհրաժեշտությունը: Չափորոշչով սահմանվել են ութ հիմնական կարողունակությունները, որոնք արտացոլում են պետության պահանջը դպրոցից: Դրան համահունչ` 2021 թվականի մայիսին ընդունվել է նաև նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որի տրամաբանության ներքո մշակվել են նախադպրոցական կրթական ծրագրերը, որոնք ներկայումս փորձարկման փուլում են:

Գործարկվել է հանրակրթական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված նոր` կամավոր ատեստավորման ծրագիրը, որի շնորհիվ 996 մասնակիցների 47,6% ստանում են 30-50% հավելավճար` ապահովելով ուսուցիչների համար մեկ դրույքի հաշվարկով համախառն աշխատավարձի միջինը 45 հազար դրամով աճ: Ծրագիրը շարունակական է:

2021 թվականին մեկնարկել է կրթական ծառայությունների տեղորոշման և հասանելի որակյալ կրթության ապահովման նոր մոդելի նախագծումը Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար, որն իր բնույթով կրթական ծառայությունների կազմակերպման և որակի ապահովման ամբողջությամբ նոր մոտեցում է:

Էապես մեծացել են հանրակրթությանն ուղղված կապիտալ ծախսերը. միայն 2021 թվականի ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել շուրջ 63 դպրոց. ևս ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են իրականացվել: Այդ նպատակներով պետական բյուջեի հատկացումները կազմել են ավելի քան 4 մլրդ դրամ` 2020 թվականի 2,7 մլրդ-ի համեմատ:

Կառավարության ծրագրով մեկնարկել է «300 դպրոց 500 մանկապարտեզ» խորագրով կապիտալ բնույթի մեծածավալ ծրագիրը, որի շրջանակներում միայն 2022 թվականի ծրագրում ներառված է 73 դպրոց և 10 մանկապարտեզ: 2021 թվականին սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել են 27 մանկապարտեզի կառուցման և նորոգման աշխատանքները, այդ թվում` 8 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման աշխատանքները: Ընդ որում` 4 մանկապարտեզի կառուցման, 3 մանկապարտեզի հիմնանորոգման և 7-ի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին:

Երևանի քաղաքապետարանն իրականացրել է 8 մանկապարտեզի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ, նախագծվել են 16 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները:

2022 թվականի համար սուբվենցիոն ծրագրերի իրականացման ձևաչափում արվել են փոփոխություններ, որոնցով խթանվում է նախադպրոցական կրթությանն ուղղված ծրագրերի իրականացումը: Ստացվել է 58 հայտ` 173 մանկապարտեզի կառուցման/ վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և բարեկարգման նպատակով:

2021 թվականին հանրակրթական հաստատություններում ստեղծվել են ընդհանուր 349 բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ, առկա է ինժեներական լաբորատորիայի 942 խումբ:

2021 թվականին շարունակվել է նաև դպրոցների համակարգչային համալրումը. 280 դպրոց ստացել է պրոյեկտոր և դյուրակիր համակարգիչ:

Վեց բուհերում ստեղծվել են շուրջ 1,2 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ գերժամանակակից լաբորատոր ենթակառուցվածքներ:

Ժամանակակից սարքավորումներով համալրում է կատարվել նաև գիտության ոլորտում. 2021 թվականին գիտական կազմակերպություններին և բուհերին մրցութային հիմունքներով հատկացվել են աննախադեպ մեծ ծավալի` շուրջ 1,3 մլրդ դրամ դրամաշնորհներ գիտական սարքերի ձեռքբերման համար:

2021 թվականին մարզային դպրոցներում բացակա ուսուցիչների խնդիրը լուծելու նպատակով` «E-school Armenia» նախագծի շրջանակում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի համաֆինանսավորմամբ, ընտրված 17 մենթոր դպրոցների ուսուցիչները 8 մարզի 48 դպրոցում իրականացրել են 88 առարկայի (654 ժամ) հեռավար դասավանդում: Մարզային դպրոցներում ծրագրի շրջանակում հեռավար դասերին մասնակցել է 2335 աշակերտ:

2022 թվականի հունվարի դրությամբ ամբողջ հանրապետությունում հանրակրթության ոլորտում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության համակարգին:

 

Գիտություն

 

2021 թվականին Կառավարությունը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել գիտության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացումը և երիտասարդ կադրերի ներգրավումը, ինչպես նաև գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:

2021 թվականին Կառավարության նախաձեռնությամբ գիտության ոլորտի 2022 թվականի ֆինանսավորումն աննախադեպ չափով ավելացել է` կազմելով 25,1 մլրդ դրամ, որը 82,8%-ով ավելի է 2021 թվականին ոլորտին հատկացված ֆինանսավորումից: Հարկ է նշել, որ պաշտպանության բնագավառում գիտական և գիտահետազոտական ծրագրերին ուղղված 2022 թվականի ֆինանսավորումը ևս ավելացել է` կազմելով շուրջ 5,2 մլրդ դրամ, որը 14%-ով կամ շուրջ 0,6 մլրդ դրամով ավելի է 2021 թվականին ոլորտին հատկացված ֆինանսավորումից և շուրջ 348%-ով կամ 4 մլրդ դրամով ավելի է փաստացի կատարողական ցուցանիշից:

Առավել մրցունակ գիտական կադրերի հետազոտությունների աջակցության, ինչպես նաև երիտասարդ գիտաշխատողների ներգրավման և փորձի փոխանցման նպատակով 2021 թվականին կազմակերպվել են մրցութային 6 ծրագրեր, որոնց շնորհիվ ֆինանսավորման են երաշխավորվել 343 թեմաներ, որոնց 2022 թվականին կհատկացվի 6,6 մլրդ դրամ ընդհանուր գումար:

2021 թվականին Կառավարության որոշմամբ սահմանվել է գիտաշխատողների աշխատավարձերի սանդղակավորումը, համաձայն որի` գիտաշխատողների ատեստավորում իրականացրած կազմակերպություններում 2022 թվականի հունվարի 1-ից տեղի են ունեցել աշխատավարձերի հետևյալ բարձրացումները.

Լաբորանտ` 67 հազարից` 102 հազար դրամ, աճը` 52%:

Ավագ լաբորանտ` 76 հազարից` 110 հազար դրամ, աճը` 44%:

Կրտսեր գիտաշխատող` 85 հազար 800-ից 120 հազար դրամ, աճը` 40%:

Ավագ գիտաշխատող` 99 հազարից 200 հազար դրամ, աճը` 102%:

Առաջատար գիտաշխատող` 114 հազար 300-ից 250 հազար դրամ, աճը` 118%:

Գլխավոր գիտաշխատող` 138 հազար 100-ից 367 հազար 100 դրամ, աճը` 165%:

Գիտական խմբի ղեկավար` 129 հազար 100-ից 230 հազար դրամ, աճը` 78%:

Գիտական ստորաբաժանման ղեկավար` 141 հազար 400-ից 350 հազար դրամ, աճը` 147%:

2021 թվականի ընթացքում ատեստավորում է անցել 3278 գիտաշխատող. 2022 թվականին ոլորտում աշխատավարձային ֆոնդն ավելացվել է շուրջ 2,6 մլրդ դրամով: Ատեստավորման գործընթացը շարունակական է լինելու:

 

Սպորտ

 

Հանրապետությունում առողջ ապրելակերպի խթանման նպատակով կազմակերպվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի և կրոսավազքի մրցաշարերը, որոնց մասնակցել են շուրջ երեք հազար մարդ:

2021 թվականին իրավական ակտերում կատարված փոփոխությունների շնորհիվ 2022 թվականից աճել են ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին և միջազգային մրցաշարերում բարձր արդյունքների հասած մարզիկներին պատվովճարներին և անվանական թոշակներին ուղղված գումարները` պայմանավորված ինչպես պատվովճար ստացող չեմպիոնների ցանկում նոր շահառուների ընդգրկմամբ, այնպես էլ տրամադրվող պատվովճարների և պարգևավճարների չափի ավելացմամբ: Պարգևատրվել են նաև ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները:

Մարզիկներին և մարզիչներին տրվող անվանական թոշակների ընդհանուր գումարը 2021 թվականի 157 մլն-ից աճել է շուրջ 4 անգամ` 2022 թվականին կազմելով շուրջ 625 մլն դրամ, իսկ մարզիկների պատվովճարների ընդհանուր գումարը 147 մլն-ից դարձել է 166 մլն դրամ: Այսպիսով` պատվովճարների և պարգևավճարների ընդհանուր գումարը 335 մլն-ից 2022 թվականի հունվարի 1-ից դարձել է 882 մլն դրամ:

2021 թվականին ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանը 2022 թվականին կհյուրընկալի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

 

Մշակույթ

 

2021 թվականին ընդլայնվել է աշակերտների շրջանում կրթամշակութային նպատակային ծրագրերի շրջանակը, այդ թվում` «Դասարան + Դասական», «Քո արվեստը դպրոցում», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «Բաժանորդային համակարգի ծրագիր», «Քույր-դպրոցներ», «Մեկնարկ» և այլ ծրագրերը (շուրջ 175 մլն դրամ ընդհանուր բյուջեով), որոնց մասնակցել են ավելի քան 330 հազար մանուկներ և պատանիներ:

2021 թվականին իրականացվել են գրահրատարակչության, մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի զարգացմանը և հանրահռչակմանն ուղղված ավելի քան 1 մլրդ դրամ բյուջեով դրամաշնորհային 181 ծրագրեր, որոնց մեջ առաջնահերթություն է տրվել նաև ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական կարողությունների դրսևորմանը և կատարելագործմանը:

2021 թվականին իրականացվել են շուրջ 701,4 մլն դրամի կապիտալ ներդրումներ` ուղղված մշակութային հաստատությունների և պատմամշակութային ժառանգության ոլորտի 26 օբյեկտների պահպանմանը, նյութատեխնիկական և գույքային բազայի արդիականացմանը:

Պատմամշակութային անշարժ հուշարձանների ուսումնասիրման, ամրակայման և վերականգնման աշխատանքների առավել արդյունավետ իրականացման նպատակով ավելացվել են պետության կողմից հատկացված միջոցները` կազմելով ավելի քան 350 մլն դրամ և ընդգրկելով 25 հուշարձան:

Հավելյալ 227 մլն դրամ է հատկացվել «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնմանն ու հարակից տարածքների բարեկարգմանը: Հայաստանի ազգային պատկերասրահում 2021 թվականին տեղադրվել է ժամանակակից օդափոխության համակարգ:

Արդիականացվել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի լուսաձայնային համակարգը, ինչպես նաև Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին հատկացվել է շուրջ 168 մլն դրամ` նորակառույց շենքի գույքի և նյութատեխնիկական բազայի ձեռքբերման նպատակով: 2022 թվականին այդ նպատակով հատկացումները կավելանան և կկազմեն շուրջ 750 մլն դրամ:

 

ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

 

2021 թվականին Կառավարության կողմից նախաձեռնված և իրականացված բարեփոխումների առանցքային ուղղություն է եղել արդարադատության ոլորտը: Կառավարությունն առավելագույն ջանքեր է գործադրել` ապահովելու երկրում օրինականության ամրապնդումը, քաղաքացիների համար վստահելի և որակյալ արդարադատության ապահովումը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացումը:

 

Ընտրական իրավունք և ինստիտուցիոնալ ժողովրդավարություն

 

Կառավարությունը 2021 թվականին շարունակել է իրականացնել ընտրական իրավունքի արդյունավետ իրացմանն ու ընտրական գործընթացի բարելավմանն ուղղված բարեփոխումները: Կառավարությունն առավելագույն ջանքեր է գործադրել Հայաստանում ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման հիմքերն ամրապնդելու ուղղությամբ:

 

Մարդու իրավունքներ

 

2021 թվականին Կառավարության քաղաքականությունն ուղղված է եղել մարդու իրավունքների համապարփակ պաշտպանությանը բոլոր բնագավառներում: Կառավարությունը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել օրենքի առջև բոլորի հավասարության երաշխավորման, խտրականության դրսևորումների կանխման, ինչպես նաև իրավունքների իրագործման ապահովման աշխատանքները:

Ընդունվել են քրեական ու քրեական դատավարության նոր օրենսգրքերը, օրենսդրությամբ ներդրվել են` 1) համաձայնեցման վարույթը, որը թույլ է տալիս առաջադրված մեղադրանքն ընդունելու դեպքում համաձայնության գալ նշանակվող պատժի, վնասի հատուցման, հանցավոր ծագում ունեցող գույքը վերադարձնելու հարցերի շուրջ, 2) համագործակցության վարույթը, որը թույլ է տալիս բացահայտել նոր հանցանքները` մեղմ պատիժ ստանալու կամ առհասարակ պատժից ազատվելու ակնկալիքով, և 3) մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը, որը հնարավորություն է տալիս իրականացնել քննություն այն դեպքերում, երբ մեղադրյալները խուսափում են դրանից և այն տանում փակուղի:

Ընդունված քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանվել են կալանքին այլընտրանք հանդիսացող` տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները, որոնց կիրառումը հնարավոր կդառնա 2023 թվականի հունվարի 1-ից: Քրեական նոր օրենսգրքով էլ սահմանվել է ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող` ազատության սահմանափակում պատժատեսակը, որի կիրառումը հնարավոր կդառնա 2023 թվականի հուլիսի 1-ից:

Խոշտանգումների կանխարգելման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների շուրջ 20 տոկոսում հարցաքննությունների սենյակներում տեղադրվել են տեսաձայնագրման սարքեր, իսկ ելքերում և մուտքերում տեղադրվել են տեսահսկման համակարգեր:

Վիճակագրական տվյալների համադրման արդյունքներով ամրապնդվել են Եվրոպայի խորհրդի տարեկան քրեական վիճակագրության շրջանակներում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գրանցված դրական արդյունքները: 2021 թվականի տարեվերջին 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությունը ԵԽ ինդեքսի հենքով կազմում է շուրջ 40%` փաստելով գերբեռնվածության խնդրի իսպառ վերացման մասին: 2021 թվականի տարեվերջի դրությամբ Հայաստանում եղել է ազատությունից զրկված 2128 անձ, 2020 թվականի սկզբի` 2221 անձի, 2019 թվականի սկզբի` 2266 անձի և 2018 թվականի սկզբի` 3536 անձի համեմատ:

 

Դատաիրավական բարեփոխումներ

 

2021 թվականին Կառավարությունը շարունակել է դատաիրավական ոլորտի զարգացման և արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքները:

2021 թվականի ընթացքում վարչական մի շարք տիպի գործերով ներդրվել է գրավոր պարզեցված ընթացակարգ, որը հնարավորություն կտա առավել սեղմ ժամկետներում և օպտիմալ իրականացնել վարչական արդարադատությունը: Գործարկման փուլում են գտնվում կատարողական վարույթների ավտոմատ մակագրման և բռնագանձման գործիքները:

2021 թվականի արդյունքներով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձված կատարողական ծախսերն առաջին անգամ և ավելի քան 650 մլն դրամով գերազանցել են ծառայության պահպանության համար պետական բյուջեով նախատեսված ծախսերը: Ծառայության կողմից 2021 թվականի ընթացքում բռնագանձված ընդհանուր գումարը կազմել է շուրջ 41 մլրդ` 2020 թվականի շուրջ 31 մլրդ-ի, 2019 թվականի շուրջ 35 մլրդ-ի և 2018 թվականի շուրջ 28 մլրդ-ի համեմատ:

2021 թվականի ողջ ընթացքում Կառավարությունը, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, շարունակել է ոստիկանության բարեփոխումների իրականացումը, որի շրջանակներում իրականացվել են հանցավորության դեմ պայքարում ոստիկանության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվել ոստիկանական գործող մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման ուղղությամբ:

Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատման ճանապարհին Կառավարության համար կարևորագույն բարեփոխումներից մեկը Պարեկային ծառայության հիմնադրումն է:

2021 թվականի հուլիսի 7-ին հաջողությամբ գործարկվել է Երևան քաղաքի գունդը: 2021 թվականի նոյեմբերին մեկնարկել է Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայողների թեկնածուների հնգամսյա ուսուցման գործընթացը, իսկ 2022 թվականի ապրիլից մեկնարկելու է Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ոստիկանության ծառայությունը:

 

Կոռուպցիայի դեմ պայքար

 

Կառավարությունը 2021 թվականին շարունակել է հակակոռուպցիոն և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգերի ստեղծմանը և զարգացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ամբողջականացման նպատակով ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն, մեկնարկել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների նշանակման գործընթացը: Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ տարբեր ատյաններում դատավորների թիվն ավելացել է 29-ով:

Հայտարարագրման համակարգի բարելավմամբ ներդրվել է ծախսերը և փաստացի տիրապետվող գույքը հայտարարագրելու պահանջ:

Ստեղծվել է իրական շահառուների բաց և հանրամատչելի ռեեստր, իրական սեփականատերերի բացահայտման պահանջ է սահմանվել Հայաստանում գործող բոլոր իրավաբանական անձանց համար` փուլ առ փուլ:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2021 թվականի ընթացքում քննված 553 քրեական գործերից 200-ը եղել են կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված քրեական գործեր, որոնցից 53-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով (կաշառք ստանալը), 36-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 16-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (փողերի լվացում), իսկ մնացածը` այլ հոդվածներով:

2021 թվականին կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով վարույթում գտնվող 200 քրեական գործերից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 11 քրեական գործեր` 57 անձի նկատմամբ, որոնցից 25-ը պաշտոնատար անձինք են եղել, կարճվել են 14 քրեական գործեր, այլ մարմին ուղարկվել են 118 քրեական գործեր, իսկ 53-ը փոխանցվել են 2020 թվականից: Վերը նշված քրեական գործերով 20 կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողների լիազորությունների կասեցման համար միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից 14-ը բավարարվել է:

 

ԱՅԼ ՓԱՍՏԵՐ

 

. Առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվել է Հայաստանի ողջ տարածքի օդային լուսանկարահանում, ինչը հիմք է դառնում կադաստրային քարտեզների ուղղման համար: Օդային լուսանկարահանումը կկիրառվի ինքնակամ կառույցների բացահայտման, քաղաքաշինական պլանավորման, բազային քարտեզագրական շերտերի ստեղծման և թարմացման, ինչպես նաև մի շարք այլ գործընթացներում:

. 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մշակվել է 490 բնակավայրի ընդգրկմամբ 44 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ:

. 2021 թվականին Կառավարությունը շարունակել է աշխատանքներ իրականացնել զբոսաշրջության ոլորտի ինստիտուցիոնալացման, երկրի ճանաչելիության բարձրացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ակտիվացման ուղղությամբ: 2021 թվականին ընդունվել է որոշում ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:

. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ իրականացվող` «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» (ընդհանուր արժեքը` 11 մլն եվրո, որից 5,5 մլն եվրո` վարկ, 5,5 մլն եվրո` դրամաշնորհ) շրջանակներում 2021 թվականին իրականացվել են Հրազդան համայնքում հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում փոխաբեռնման կայանների կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի աշնանը:

. ՀՀ Ազգային ժողովը 2021-ի նոյեմբերին ընդունել է Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատվել են. ոչ աշխատանքային են մնացել դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

. Կառավարությունը մշակել է շատ կարևոր` կանխիկ միջոցների շրջանառությունը սահմանափակող` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը, որը 2022 թվականի հունվարին ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Կանխիկի շրջանառության կրճատումը կունենա թե՛ հակակոռուպցիոն, թե՛ ֆիսկալ և թե՛ քաղաքակրթական նշանակություն: 2022 թվականի հուլիսի 1-ից տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման, ծառայության մատուցման 300 հազար դրամը գերազանցող գործարքները, ինչպես նաև` բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի ու փոխառությունների տրամադրումն իրականացվելու են բացառապես անկանխիկ: Նույն ամսաթվից սկսած` բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերն ու փոխառությունները տրամադրվելու են միայն անկանխիկ: Օրենքով սահմանված ժամանակացույցին համապատասխան` վճարումների առանձին տեսակների համար նույնպես (աշխատավարձ, կենսաթոշակ, ֆիզիկական անձանց միջև կատարվող գործարքներ և այլն) սահմանվել են անկանխիկ իրականացնելու պահանջներ: Աստիճանաբար ընդլայնելով անկանխիկ գործարքների ծավալը և կիրառությունը` Կառավարությունը նպատակ ունի բարձրացնելու քաղաքացիների գույքային պաշտպանվածության, տնտեսական գործարքների հաշվառելիության և թափանցիկության, ինչպես նաև տնտեսական կյանքի մասնակիցների հաշվետվողականության աստիճանը: Կառավարությունը շարունակելու է կանխիկ դրամական միջոցների շրջանառությունը կրճատելու քաղաքականությունը:

. Պետական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն ապահովելու նպատակով Կառավարության կողմից 2021 թվականին գործարկվել են Իջևան և Գյումրի քաղաքների քաղաքացիական կենտրոնները, որոնց շնորհիվ քաղաքացիները հնարավորություն են ստացել մեկ վարչական տարածքում օգտվելու 5 պետական մարմինների ավելի քան 110 ծառայություններից (Արդարադատության նախարարություն` 4 հիմնական ծառայություններ (Քաղաքացիական կացության ակտերի գրանցում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Ազգային արխիվ), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` միասնական սոցիալական ծառայություն, Կադաստրի կոմիտե, Պետական եկամուտների կոմիտե, Ոստիկանություն` Անձնագրերի և վիզաների վարչություն):

. Քրեակատարողական համակարգում վարչարարությունը կրճատելու, համակարգի գործունեությունը թափանցիկ և հաշվետու դարձնելու նպատակով ներդրվել և բոլոր քրեակատարողական հիմնարկներում ամբողջությամբ շահագործման է հանձնվել e-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգը: 2021 թվականին վերափոխվել է պրոբացիայի շահառուների քրեածին կարիքների գնահատման գործիքը, որը թույլ է տալիս առավել հասցեական միջամտություն ունենալ հանցանքին նպաստող գործոնների չեզոքացմանը` հասնելով կրկնահանցագործության ռիսկի իրական նվազեցմանը: Պրոբացիայի ծառայությանը տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, ազատության սահմանափակում պատժատեսակի կատարման համար անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության միջոցներով զինելու նպատակով 2021 թվականին սկսվել և 2022 թվականին վերջնականացվել են 200 միավոր էլեկտրոնային հսկողության շղթայի, 150 միավոր տնային կալանքի վերահսկման սարքի, ծրագրային ապահովման, ինչպես նաև սերվերային համալիրի գնման նախապատրաստական աշխատանքները:

. Արդյունավետ, ճշգրիտ, թիրախային և պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով 2021 թվականին շարունակվել են 2018 թվականից մեկնարկած տեսչական մարմինների շենքային, գույքային և նյութատեխնիկական հագեցվածության ապահովմանն ուղղված աշխատանքները: 2021 թվականին բացի շենքային և գույքային ապահովումից, ձեռք են բերվել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշեռքներ, չափիչ սարքեր, վառելիքի ստուգման չափանոթներ, վառելիքի ծծմբի տեսակարար կշիռը որոշող լաբորատոր սարքավորում, թանկարժեք մետաղների անալիզատոր և վերահսկողության համար անհրաժեշտ այլ միջոցներ, որոնց կիրառումը էականորեն կնվազեցնի մեկ ստուգման վրա ծախսվող միջոցները և ժամանակը` միաժամանակ ապահովելով վերահսկողության օբյեկտիվությունը:

. 2021 թվականին գործարկվել են բոլոր տեսչական մարմինների կայքէջերը և թեժ գծերը: 2021 թվականից տեսչական մարմինները, ըստ ոլորտների, մեկ հարթակում հրապարակում են նաև ստուգումների ստուգաթերթերը, որը հնարավորություն է տալիս տնտեսավարողներին ինքնաստուգման եղանակով գնահատելու իրենց գործունեության համապատասխանությունը սահմանված նորմերին, կանոններին և խախտումներ հայտնաբերելու դեպքում ուղղելու դրանք` չսպասելով տեսչական մարմինների վարչական միջամտությանը:

. Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակապահովմանն ուղղված պետական ծրագրի ավարտական փուլի համար 2018-2021 թվականներին հատկացվել է շուրջ 5,7 մլրդ դրամ` 553 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար (դրանով ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունները կհամարվեն կատարված): Զուգահեռաբար շարունակվում է երկրաշարժից հետո տեղադրված (կառուցված) ոչ հիմնական շինությունների հիմնախնդրի կանոնակարգման գործընթացը:

. 2021 թվականին «իԳործ» ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի 19 մարմիններում ներգրավվել են աշխարհի 14 երկրից ժամանած 48 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ:

. 4 փուլով կազմակերպվել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որին մասնակցել են 24 երկրից ժամանած շուրջ 400 սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ:

. Repat Armenia հիմնադրամի հետ համատեղ` իրականացվել է լիբանանահայության զբաղվածության աջակցության ծրագիրը, որին մասնակցել են շուրջ 600 լիբանանահայեր և 30 ընկերություններ:

. 2021 թվականի տարեվերջի դրությամբ բանկային համակարգի ակտիվները կազմել են շուրջ 7,1 տրլն դրամ, կապիտալը` շուրջ 918 մլրդ դրամ, վարկերը` շուրջ 3,7 տրլն դրամ, ավանդները (ցպահանջ և ժամկետային)` շուրջ 3,6 տրլն դրամ:

- Ակտիվները 2021 թվականի ընթացքում ավելացել են շուրջ 394 մլրդ դրամով կամ 5.9%-ով, իսկ 2018 թվականի համեմատ` շուրջ 2,1 տրլն դրամ կամ 42.1%:

- Վարկերը 2021 թվականի ընթացքում նվազել են 213,4 մլրդ դրամով կամ 5.5%-ով, իսկ 2018 թվականի համեմատ աճը կազմել է շուրջ 766 մլրդ դրամ կամ 26.1%:

- Ավանդները (ցպահանջ և ժամկետային) 2021 թվականի ընթացքում ավելացել են շուրջ 288 մլրդ դրամով կամ 8,6%-ով, իսկ 2018 թվականի համեմատ աճը կազմել է շուրջ 889 մլրդ դրամ կամ 32,6%:

- Կապիտալը 2021 թվականի ընթացքում ավելացել է շուրջ 40 մլրդ դրամով կամ 4,5%-ով, 2018 թվականի համեմատ աճը կազմել է շուրջ 170 մլրդ դրամ կամ 22,6%:

. 2021 թվականի ողջ ընթացքում շարունակվել են դեռևս 2018 թվականին մեկնարկած հետևողական աշխատանքները հանրային ծառայությունների մատուցման հետ կապված անարդյունավետ ծախսերի կրճատման ուղղությամբ: Արդյունքում, 2021 թվականի վերջին 2018 թվականի համեմատ կորուստները նվազել են`

- խմելու ջրի մասով` 5.9 տոկոսային կետով (ինչը համարժեք է 63,3 մլն խոր. մ)` կազմելով 73,7%,

- բնական գազի մասով` 1,3 տոկոսային կետով (ինչը համարժեք է 16,1 մլն խոր. մ)` կազմելով 4%,

- էլեկտրաէներգիայի մասով` 1.1 տոկոսային կետով (ինչը համարժեք է 60.1 մլն կՎտ ժամ)` կազմելով 8.1%:

Այս ուղղությամբ աշխատանքները լինելու են անընդհատ և շարունակական:

 

* * *

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է կենտրոնացած մնալ անվտանգային մարտահրավերների կառավարման վրա, ինչն առաջնային խնդիր է` առավել ևս աշխարհաքաղաքական բախումների նոր փուլի մեկնարկի համատեքստում: Ինչպես 1988 թվականի Ղարաբաղյան շարժումը աշխարհաքաղաքական տեղաշարժերի նախաբանը դարձավ, նույնպիսի համատեքստ ունի նաև 2020 թվականի Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը: Աշխարհաքաղաքական գլոբալ շարժերի այս շրջանում Կառավարությունը շարունակելու է նվիրված մնալ տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարությանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2022
N 234-Ա
Որոշում