Միասնական կայք` 07.03.22-20.03.22
Հայաստանի Հանրապետության Համաձայնեցված է
ֆինանսների նախարարություն Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի հետ
___________ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ ___________ Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
11 մարտի 2022 թվական 11 մարտի 2022 թվական
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ N 1
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ (ԲԱԺՆԵՏՈՄՍԻ, ԲԱԺՆԵՄԱՍԻ, ՓԱՅԱԲԱԺՆԻ) ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ԵՎ ՎԱՎԵՐԱՑՎԱԾ` ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏՈՎ ՈՐՊԵՍ ՇԱՀԱԲԱԺԻՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Պաշտոնական պարզաբանում տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կազմակերպությունում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ձեռքբերած մասնակցի համար այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու ֆինանսական տարվան նախորդող ֆինանսական տարիների գործունեության արդյունքներով գոյացած` չբաշխված շահույթների բաշխումից ստացվող եկամուտները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին կետի 32-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կողմից կնքված և վավերացված` կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին միջազգային համաձայնագրերի (այսուհետ` Համաձայնագրեր) կիրառության իմաստով որպես շահաբաժին կամ այլ եկամուտ որակելու հարցում առաջացել են տարընկալումներ:
Մասնավորապես,
1) Համաձայնագրերի` շահաբաժինների հարկմանը վերաբերող հոդվածների համաձայն` Համաձայնագրերի իմաստով շահաբաժին է համարվում, մասնավորապես, բաժնետոմսից (բաժնեմասից, փայաբաժնից) կամ պարտապահանջ չհամարվող` շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից ստացվող եկամուտը,
2) Համաձայնագրերի համաձայն` Համաձայնագրերի կիրառության իմաստով այլ եկամուտ են համարվում Համաձայնագրերի մյուս հոդվածներում չնշված եկամուտները,
i
3) Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի համաձայն` շահաբաժին է համարվում կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) կամ համատեղ գործունեությունից, որպես շահույթի բաշխում (այդ թվում` միջանկյալ բաշխում), մասնակցի ստացած կամ ստացման ենթակա եկամուտը:
i
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.
Համաձայնագրերի` շահաբաժինների հարկմանը վերաբերող հոդվածների, ինչպես նաև Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի կիրառության իմաստով կազմակերպությունում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) դիմաց կամ պարտապահանջ չհամարվող` շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, որպես շահույթի բաշխում (այդ թվում` միջանկյալ բաշխում), մասնակցի ստացած եկամուտը համարվում է շահաբաժին` ներառյալ նաև այն դեպքում, երբ այդ եկամուտը ստացվել է մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու ֆինանսական տարվան նախորդող ֆինանսական տարիների գործունեության արդյունքներով գոյացած` չբաշխված շահույթների հաշվին:
Պաշտոնական հրապարակման օրը` 16 մարտի 2022 թվական: