Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՑԻԵՆ ...

 

03.07.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 մարտի 2022 թվականի N 15-Ն

 

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ

(COVID-19) ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.11-րդ հոդվածը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2022 թվականի մարտի 16-ի

N 15-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Առողջության առաջնային պահպանման հաստատությունները (այսուհետ` ԱԱՊ հաստատություն), կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կասկածելի դեպք հայտնաբերելիս, Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանի հավելված 1-ով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում:

3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ` ՊՇՌ) մեթոդաբանությամբ հետազոտությունը կամ հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստերը:

(3-րդ կետը փոփ. 26.06.2024 թիվ 198-Ն հրաման)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 26.06.2024 թիվ 198-Ն հրաման)

5. ԱԱՊ հաստատության կողմից Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում ստեղծվում է համապատասխան ուղեգիր` ընտրելով թեստավորման ենթակա շահառուների խումբը:

6. Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգով ԱԱՊ հաստատությունը հետևում է ուղեգրված դեպքի լաբորատոր հետազոտության արդյունքին:

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 26.06.2024 թիվ 198-Ն հրաման)

8. ԱԱՊ հաստատության սպասարկող ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում հաստատված COVID-19 պացիենտի հետ, ճշտում է գանգատները, ուղեկցող հիվանդությունները և ելնելով հաստատված COVID-19 պացիենտի գանգատներից, որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա որոշում է կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության մասին:

9. Հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելությունը ԱԱՊ մասնագետների կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան: Նշված գործընթացն իրականացվում է յուրաքանչյուր հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելության ժամանակ:

(9-րդ կետը փոփ. 26.06.2024 թիվ 198-Ն հրաման)

10. Հոսպիտալացման հիմնավորման դեպքում ԱԱՊ բժիշկը 8603, 011 860303 հեռախոսահամարներով կապ է հաստատում պացիենտների տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի (այսուհետ` Խումբ) հետ և վերջիններիս հետ քննարկում հոսպիտալացման ցուցումները:

11. Խումբը տրամադրում է խորհրդատվություն ԱԱՊ բժշկին և հոսպիտալացման հիմնավորված ցուցումների առկայության դեպքում` ուղղորդում համապատասխան կազմակերպություններ:

12. Հաստատված COVID-19 պացիենտի հոսպիտալացման համար ԱԱՊ բժշկի կողմից իրականացվում է էլեկտրոնային ուղեգրում և կանչ է տրվում շտապ բժշկական օգնության ծառայությանը` պացիենտին համապատասխան հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխելու համար:

13. ԱԱՊ հաստատության աշխատաժամերից դուրս և ոչ աշխատանքային օրերին հաստատված COVID-19 պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում պացիենտը կամ ընտանիքի անդամը կանչ է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը: Տվյալ դեպքում պացիենտը հոսպիտալացվում է, եթե առկա է մարմնի ջերմաստիճանի բարձրացում >38.5 oC 3 օրից ավելի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 22/րոպե:

14. Հիվանդանոցային կազմակերպությունից դուրս գրվելուց հետո COVID-19 պացիենտի նկատմամբ ԱԱՊ մասնագետի կողմից սահմանվում է հետհիվանդանոցային բժշկական հսկողություն` մինչև 14 օր ժամկետով, որից հետո, հաշվի առնելով պացիենտի օբյեկտիվ վիճակը, անձը համարվում է աշխատունակ:

15. Չհոսպիտալացված պացիենտները ախտանշաններ ունենալու դեպքում ինքնամեկուսանում են 10 օր, իսկ ախտանշանների բացակայության դեպքում` 5 օր` բժշկական հսկողությամբ, բժշկի կողմից իրազեկվելով վարակի տարածման կանխարգելման և COVID-19 ախտանշանների մասին:

(15-րդ կետը փոփ. 26.06.2024 թիվ 198-Ն հրաման)

16. ԱԱՊ բժիշկը տրամադրում է խորհրդատվություն հաստատված COVID-19 պացիենտին և պացիենտի հետ բնակվող անձանց` տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ` համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանի հավելվածով 1-ով հաստատված ուղեցույցի:

17. Անախտանիշ ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները` սույն հրամանի հավելվածի 15-րդ կետով սահմանված դեպքերում, հանվում են բժշկական հսկողությունից, որի վերաբերյալ համապատասխան նշում է արվում Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում:

18. Թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հանվում են բժշկական հսկողությունից` սույն հրամանի հավելվածի 15-րդ կետով սահմանված դեպքերում` ինչի վերաբերյալ համապատասխան նշում է արվում Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում:

19. Հաստատված COVID-19 պացիենտների հետ բնակվող անձանց վարումն իրականացվում է Առողջապահության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 3939-Ա հրամանով հաստատված ալգորիթմով:

20. ԱԱՊ հաստատությունում բուժվող COVID-19 միջին ծանրության ընթացքով (թոքաբորբ առանց հիպօքսիայի) պացիենտները մշտադիտարկվում են մինչև կլինիկական նշանների հետ զարգացում (մարմնի ջերմաստիճանի նորմալացում, շնչառական անբավարարության նշանների բացակայություն` ըստ արյան թթվածնով հագեցվածության SpO2>96%) գումարած 3 օր:

21. ԱԱՊ հաստատությունում բուժվող COVID-19 միջին ծանրության ընթացքով (թոքաբորբ առանց հիպօքսիայի) պացիենտների թոքաբորբի դինամիկան գնահատելու համար` ըստ անհրաժեշտության կրկնակի ռենտգենագրաֆիան կամ համակարգչային շերտագրությունն (ՀՇ) իրականացվում են ամբուլատոր պայմաններում` ախտանիշների հետզարգացումից 1-2 ամիս հետո:

22. Կասկածելի դեպքերում (ըստ դեպքի ստանդարտ բնորոշման), երբ դեռ ստացված չէ ՊՇՌ թեստի պատասխանը, սակայն պացիենտի մոտ առկա են հոսպիտալացման ցուցումներ (մարմնի ջերմաստիճանի բարձրացում >38.5 oC 3 օրից ավելի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 22/րոպե), ԱԱՊ կամ շտապ բժշկական օգնության բժիշկը կապ է հաստատում տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի հետ, որոնց հետ համաձայնեցնելով պացիենտը տեղափոխվում է կասկածելի դեպքերի համար նախատեսված բժշկական կենտրոն:

23. Հաստատված COVID-19 բոլոր անախտանիշ և թեթև ընթացքով պացիենտների, ինչպես նաև միջին ծանրության ընթացքի (թոքաբորբ առանց հիպօքսիայի) բարդությունների զարգացման ռիսկը բարձրացնող ուղեկցող հիվանդությունների/վիճակների (քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն, լյարդի ցիռոզ) բացակայության դեպքում մինչև 60 տարեկան պացիենտների բժշկական հսկողությունն իրականացվում է տնային պայմաններում:

24. Թեթև կլինիկական ընթացքին հիմնականում բնորոշ է սուբֆեբրիլ ջերմություն, հազ, թուլություն և գլխացավ, սակայն հնարավոր են նաև հետևյալ կլինիկական դրսևորումները` ցավ բկանցքում, հարբուխ, փսխում, լուծ, հոտառության կորուստ (անօսմիա, 30-60%), համի կորուստ, շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ):

25. Միջին ծանրության ընթացքի (թոքաբորբ առանց հիպօքսիայի) նշաններն են.

1) բարձր ջերմություն, սովորաբար 38 oC-ից բարձր,

2) շնչառական ախտանիշներ,

3) թոքաբորբի պատկեր ռադիոլոգիական տվյալներով:

26. Թեթև և միջին ծանրության կլինիկական ընթացքի դեպքում մեծահասակների մոտ շնչառության հաճախությունը` <30/րոպե, արյան թթվածնով հագեցվածությունը` SpO2>93%:

27. Թեթև և միջին ծանրության կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտների մոտ կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից` ստորին շնչուղիների ախտահարման պատճառով: Ընդ որում, թեթև ձևերը շուրջ 10-15% դեպքերում հարաճում են ծանրի, ուստի բոլոր պացիենտները պետք է մշտադիտարկվեն:

28. Տնային պայմաններում բժշկական հսկողության տակ գտնվող պացիենտը հիվանդության ողջ ընթացքում ԱԱՊ մասնագետներին հայտնում է իր առողջական վիճակի մասին տվյալներ, իսկ գանգատներ ի հայտ գալու դեպքում` ևս հայտնում է դրանց մասին:

29. Ըստ բժշկական ցուցումների, ԱԱՊ հաստատությունում իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, այդ թվում` արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով, արյան կենսաքիմիական հետազոտություն (գլյուկոզ, ալանինամինոտրանսֆերազ, ասպարտատամինոտրանսֆերազ, կրեատինին, պրոթրոմբինային ժամանակ/ինդեքս, C-ռեակտիվ սպիտակուց (CRP)), թոքերի ռենտգենաբանական հետազոտություն:

30. Թոքաբորբերի դեպքում իրականացվում է խորխի մանրէաբանական հետազոտություն (ցանքս)` հասանելիության պարագայում:

31. Թեթև կլինիկական ընթացքի դեպքում (առանց նշված ռիսկի գործոնների և առանց շնչառության խանգարման), հնարավոր է դեղամիջոցների հեռահար նշանակում պացիենտին ԱԱՊ բժշկի կողմից (պարացետամոլը սովորական դեղաչափով կարող է նախընտրելի լինել որպես ցավազրկող/ջերմիջեցնող սիմպտոմատիկ բուժում):

32. COVID-19 թեթև ընթացքի դեպքում հակաբիոտիկային թերապիա կամ կանխարգելում չի իրականացվում:

33. Կասկածելի կամ հաստատված միջին ծանրության COVID-19 պացիենտներին չեն նշանակվում հակաբիոտիկներ, քանի դեռ չկա բակտերիալ վարակի կլինիկական կասկած (օրինակ` նեյտրոֆիլեզ և/կամ խորխի քանակի ավելացում կամ խորխի բնույթի փոփոխություն և/կամ ռադիոլոգիական տվյալներով բլթային թոքաբորբ և/կամ խորխի կամ արյան մանրէաբանական հետազոտության արդյունքները):

34. Բակտերիալ վարակի կլինիկական կասկածի դեպքում արտահիվանդանոցային թոքաբորբի հակաբիոտիկաթերապիան պետք է իրականացվի` համաձայն Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 10-ի թիվ 1529-Լ հրամանով սահմանված հակաբիոտիկների ընտրության չափանիշների:

35. Չհոսպիտալացված պացիենտներին համապատասխանաբար նշանակվում են առաջնային/հիմնական հասանելիության հակաբիոտիկները (օր.` ամօքսիցիլին կամ ամօքսիցիլին+քլավուլանաթթու)` դիտարկվող և պահուստային հակաբիոտիկների փոխարեն:

36. Էմպիրիկ հակաբիոտիկաթերապիայի տևողությունը պետք է լինի որքան հնարավոր է կարճ, սովորաբար` 5-7 օր, նախապատվությունը տալով պերօրալ նշանակմանը:

37. Հիմնվելով մանրէաբանական հետազոտության արդյունքների վրա (հասանելիության պարագայում)` պետք է վերանայվի հակաբիոտիկաթերապիան դադարեցնելու կամ փոփոխելու անհրաժեշտությունը:

38. Թեթև և միջին ծանրության ընթացքի դեպքում պետք է խուսափել կորտիկոստերոիդների նշանակումից:

39. Ասթմատիկ պացիենտների դեպքում ինհալացիոն կորտիկոստերոիդները չպետք է դադարեցվեն, բացի այդ, դրանք հակացուցված չեն ասթմատիկ նոպայով պացիենտների շրջանում:

40. Հակակոագուլյանտային թերապիան իրականացվում է COVID-19 հոսպիտալացված պացիենտներին:

41. Եթե պացիենտը ստացել է հակակոագուլյանտային թերապիա մինչև COVID-19, ապա դա պետք է շարունակվի:

42. COVID-19 պացիենտների հոսպիտալացման ցուցումներն են.

1) COVID-19 և հղիությունը (COVID-19-ի հետևյալ ախտանշաններից որևէ մեկի առկայություն` ջերմություն` 37,5 oC-ից բարձր, արյան թթվածնով հագեցվածությունը SpO2

2) COVID-19 միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպօքսիայի) և 60-ից բարձր տարիքը,

3) COVID-19 միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպօքսիայի) և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն, լյարդի ցիռոզ,

4) COVID-19 ծանր թոքաբորբով, որի նշաններն են.

բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի ստորև նշված նշանների մեկ կամ մեկից ավել առկայությունը.

ա. շնչառության հաճախություն` >/=30/րոպե (մեծահասակներ),

բ. արյան թթվածնով հագեցվածությունը SpO2

գ. 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ,

5) COVID-19 կրիտիկական վիճակները (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և/կամ բազմաօրգանային անբավարարություն, թրոմբոէմբոլիզմ):

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 մարտի 2022 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
16.03.2022
N 15-Ն
Հրաման