Սեղմել Esc փակելու համար:
«2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱԴՐԲԵՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2022 թվականի N 462-Լ

 

«2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

(Խ-193-09.03.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի

Երևան

 

«2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

(Խ-193-09.03.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«2020 թվականի Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին» օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է հետևյալը.

Նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորումներ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման և գործունեության վերաբերյալ:

Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է օրենքի կարգավորման առարկան, որի համաձայն. «Սույն օրենքով սահմանվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալների, պատճառների, պայմանների և հետևանքների, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, ուսումնասիրություն իրականացնելու, զեկույցներ ներկայացնելու համար ստեղծվող հանձնաժողովի (այսուհետև` Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով կամ Հանձնաժողով) կազմավորման և գործունեության, լիազորությունների, ինչպես նաև Հանձնաժողովի անդամների առաջադրման, նշանակման և գործունեության հետ կապված հարաբերությունները:»

Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում են Հանձնաժողովի ստեղծման և գործունեության նպատակն ու խնդիրները: Մասնավորապես, նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Հանձնաժողովի խնդիրներն են ուսումնասիրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին (այսուհետև` պատերազմ) առնչվող դեպքերն ու իրադարձությունները: Այդ թվում.

1) Բացահայտել և ամբողջացնել պատերազմի քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական նախադրյալները, արտաքին քաղաքականության երկկողմ և բազմակողմ հարաբերությունների, բանակցային գործընթացի ձախողման, ինչպես նաև հայկական կողմի անհաջողությունների պատճառներն ու պայմանները,(...)

16) Սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել զեկույցներ Ազգային ժողովին և հանրությանը:»:

Այս առումով, հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն.

«1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

2. Քննիչ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը որոշում է Ազգային ժողովը: Քննիչ հանձնաժողովում նախագահում է պահանջը ներկայացնող պատգամավորներից մեկը:

3. Քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հանձնաժողովին տրամադրել հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանց տրամադրումն օրենքով արգելված չէ:

4. Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:

5. Քննիչ հանձնաժողովների գործունեության մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով:»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` օրենք) 7-րդ գլխով նախատեսված են քննիչ հանձնաժողովի ստեղծման, գործունեության և իրավասությունների վերաբերյալ կարգավորումներ:

Համաձայն հիշյալ կարգավորումների` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Օրենքի 21-26-րդ հոդվածներով առկա են կարգավորումներ Քննիչ հանձնաժողովի գործունեության, գործունեության սահմանափակումների, հանձնաժողով հրավիրված անձանց իրավունքների և պարտականությունների, հանձնաժողովի կողմից ներկայացվող զեկույցի և հանձնաժողովի լիազորությունների ժամկետի վերաբերյալ:

Մասնավորապես, օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` Քննիչ հանձնաժողովը կարող է իր`

1) անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ` առանց որոշման, գրավոր դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց` պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ.

2) որոշմամբ դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց` հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար` պատվիրելով փորձաքննություններ, և ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները.

3) որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:

Քննիչ հանձնաժողովի պահանջած տեղեկությունները և եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն գրավոր դիմումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում:»

Օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու և բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաև պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին:

Օրենքի 25-րդ հոդվածի համաձայն` քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:

Վերը թվարկված կարգավորումների հիման վրա 2022 թվականի փետրվարի 10-ին ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով, որի քննության առարկան է.

«1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները,

2. Արձանագրված անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները,

3. Պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը,

4. Զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին,

5. Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն,

6. Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն,

7. Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը:»:

Վերոշարադրյալ նորմերի բովանդակությունից պարզ է դառնում, որ նախագծով նախատեսվող մարմնի, այն է` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալների, պատճառների, պայմանների և հետևանքների, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, ուսումնասիրություն իրականացնելու, զեկույցներ ներկայացնելու համար ստեղծվող հանձնաժողովի և 2022 թվականի փետրվարի 10-ից գործող Քննիչ հանձնաժողովի առարկան, նպատակն ու խնդիրներն ըստ էության նույնանում են:

Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ նախագծով առաջարկվող ստեղծվելիք հանձնաժողովը բացի կազմակերպաիրավական վիճակից, մյուս հատկանիշներով նույնանում է Ազգային ժողովում արդեն իսկ գոյություն ունեցող քննիչ հանձնաժողովի հետ:

Առկա պայմաններում, միևնույն գործառույթն իրականացնող երկու մարմինների առկայությունն առաջ կբերի մի շարք խնդիրներ: Նախ, չի ապահովվի իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ երկու մարմինների կողմից կարող են ընդունվել միմյանց հակասող ակտեր: Բացի այդ, Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առկայության պայմաններում նոր հանձնաժողովի ստեղծումը կասկածի տակ կդնի քննիչ հանձնաժողովի գործունեությունը:

Միևնույն գործառույթի իրականացման հնարավորությունը երկու տարբեր մարմինների կողմից կարող է վտանգել դրանց անկախությունն ու ինքնուրույնությունը, ինչպես նաև գործունեության արդյունավետությունը, քանի որ հնարավոր է ստեղծվեն իրավիճակներ, երբ երկու մարմինների կողմից միաժամանակյա ներկայացված պահանջներն օբյեկտիվորեն հնարավոր չլինի կատարել դրանց հասցեատերերի կողմից:

Բացի այդ, որոշակի գործառույթ իրականացնող մարմնի առկայության դեպքում ընդհանրապես իմաստազրկվում է նույն գործառույթն իրականացնելու համար նոր մարմնի ստեղծումը:

Այս առումով, հարկ է նաև նշել, որ Սահմանադրական դատարանն իր 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-1176 որոշմամբ արձանագրել է հետևյալը. «օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության` մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ: Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում:»:

Այսպիսով` վերոշարադրյալ իրավական նորմերի վերլուծության և Սահմանադրական դատարանի դիրքորոշման հաշվառմամբ գտնում ենք, որ նախագծով սահմանվող հարաբերությունները կարգավորող իրավանորմեր արդեն իսկ սահմանված են Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, որոնց կարգավորումների արդյունքում էլ ստեղծվել է Քննիչ հանձնաժողովը, ուստի այս առումով գտնում ենք, որ պարզ չէ նախագծի ընդունման օբյեկտիվ անհրաժեշտությունը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ ներկայացված նախագիծն իր նպատակադրումներով և բովանդակային ընդգրկմամբ հակասում է Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մասին:

Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ փաթեթում ներառված մյուս նախագծերին անդրադարձ չի կատարվել` հաշվի առնելով նախագծի վերաբերյալ սույն առաջարկության անխզելի կապը փաթեթում ներառված մյուս նախագծերի հետ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք ձեռնպահ մնալ նախագծերի փաթեթի ընդունումից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.04.2022
N 462-Լ
Որոշում