040.0723.081100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2000 թվականի N 723
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՈՒԴԻՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով նախատեսված պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին 2000 թվականին ֆինանսավորման ենթակա ծախսերում ներառված սեփականաշնորհման միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ նախատեսված աշխատանքները կազմակերպելու և հատկացված միջոցների բաշխումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով նախատեսված ծրագրերի ֆինանսական և տեխնիկական աուդիտ անցկացնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Մրցութային հանձնաժողովին`
ա) համապատասխան կազմակերպության ընտրության նպատակով 10-օրյա ժամկետում հայտարարել մրցույթ` ֆինանսավորումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով հաստատված «Սեփականաշնորհման միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.
բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին տրամադրելու նպատակով մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ աուդիտորական կազմակերպության կողմից պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի մասին:
3. Սահմանել, որ մրցույթում հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության կողմից ուսումնասիրման և գնահատման ենթակա հարցերը պետք է ներառեն առնվազն հետևյալ սկզբունքային դրույթները`
ա) սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին կատարված ծախսերի նախահաշիվների կազմման և իրականացված աշխատանքների, մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների տեխնիկական բնութագրերի սահմանման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
բ) սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին ձեռք բերված ապրանքների և ծառայությունների պետական պատվերի բաշխման (գնումների) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
գ) ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համապատասխանությունը պայմանագրերով նախատեսված պայմաններին, այդ թվում` նաև տեխնիկական բնութագրերին ու ապրանքների ձեռքբերման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակացույցին.
դ) սեփականաշնորհումից առաջացած միջոցների հատուկ հաշվից վճարումների իրականացման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
ե) սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին նախանշված` նպատակների իրականացման համար կատարված ծախսերի արդյունավետությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
նոյեմբերի 8-ի N 723 որոշմամբ
ԿԱԶՄ
մրցութային հանձնաժողովի
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Մարկոսյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի
առաջին տեղակալ
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման և
քաղաքաշինության գործունեությունը
համակարգող նախարարի տեղակալ
Ս. Ղոնախչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
տնտեսագիտական վարչության պետի տեղակալ
Ս. Ադամյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության
միջազգային հարաբերությունների վարչության
պետ
Ա. Նորեկյան - ՀՀ կենտրոնական բանկի ներքին աուդիտի
վարչության պետ (համաձայնությամբ)
Ռ. Աբգարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության պետական բյուջեի ծախսերի
վերահսկողության վարչության պետի տեղակալ
(հանձնաժողովի քարտուղար)