Սեղմել Esc փակելու համար:
«ԽԱՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԽԱՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2022 թվականի թիվ 75-Ա

 

«ԽԱՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ նաև` Հանձնաժողով) 2022 թվականի մարտի 1-ի նիստում, քննարկելով «Խաք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Վարույթի ընթացքի հակիրճ նկարագրությունը.

Հանձնաժողովը 2022 թվականի հունվարի 3-ին ««Խաք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» թիվ 2-Ա որոշմամբ (այսուհետ նաև` թիվ 2-Ա որոշում) հարուցել է վարույթ (այսուհետ նաև` Վարույթ):

Հանձնաժողովը 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 42-Ա որոշմամբ կիրառել արագացված վարույթ:

 

2. Ընկերության դիրքորոշումը.

Ընկերությունը 2022 թվականի հունվարի 28-ին Հանձնաժողով է ներկայացրել գրություն` հայտնելով, որ Ընկերության կողմից արտադրված «Արարատյան» անվանումով, 20% յուղայնությամբ, 400 գրամ քաշով թթվասերում (այսուհետ նաև` Ապրանք) հնարավոր է առկա է եղել չնչին քանակությամբ բուսական յուղ, ինչը տեղի է ունեցել Ընկերության մասնագետի մեղքով` իրար են խառնվել թթվասերային մթերք 20%-ի հումքը, թթվասեր 20% ապրանքի հումքի հետ: Ընկերության կողմից կազմվել է միջոցառումների ծրագիր և իրականացվել կազմակերպչական և այլ աշխատանքներ` հետագայում նման բնույթի դեպքերը, իրավախախտումները կանխելու և բացառելու նպատակով: Հաշվի առնելով աշխատողի անփութությունը և դրա հետևանքով առաջացած իրավախախտումը, մեղավոր մասնագետի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն: Ընկերությունն ընդունել է իր կողմից իրավախախտում կատարված լինելու փաստը:

Ընկերությունը խնդրել է պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի առնել Ընկերության դիտարկմամբ մեղմացուցիչ համարվող հետևյալ հանգամանքները.

1. Քննարկվող իրավախախտման բնույթը` թույլատրված իրավախախտումը նվազ նշանակություն ունի,

2. Տևողությունը` այն կատարվել է միայն մեկ անգամ 2021 թվականի դեկտեմբերի վերջին` նոր տարվա ծանր աշխատանքների ընթացքում,

3. Նվազ կամ չնչին է իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա,

4. Տնտեսավարող սուբյեկտը խախտումը կատարել է անզգուշաբար, քանի որ պատահմամբ է տեղի ունեցել դեպքը,

5. Ընկերությունն ընդունում է իր կողմից իրավախախտում կատարված լինելու փաստը,

6. Ընկերությունը պատրաստակամ է Հանձնաժողովի հետ համագործակցելու համար,

7. Առկա են Ընկերությանը պատասխանատվությունից ազատելու կամ նվազեցնելու հիմքեր,

8. Ծանր կլինի տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, քանի որ Ընկերությունը անընդհատ բացում է նոր աշխատատեղեր,

9. Ընկերության աշխատողների քանակը մեծ է,

10. Ընկերությունը մշտապես ցուցաբերում է օգնություն կարիքավոր խմբերին,

11. Ընկերության գործունեության ոլորտը կաթնամթերքի արտադրությունն է,

12. Ընկերության վարքագիծն աշխատանքային գործունեության ընթացքում տարբեր պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների կողմից բազմիցս գնահատվել է դրականորեն, (մշտապես ստացվել են խրախուսական նամակներ, շնորհակալագրեր, պատվոգրեր):

Ընկերությունը հայտնել է, որ 2020 թվականին իր կողմից արտադրված Ապրանքի և որպես թթվասեր արտադրված այլ ապրանքների իրացումից ստացված հասույթի չափը

կազմում է         դրամ, որը կազմում է Ընկերության ընդհանուր`         դրամ

հասույթի         %-ը և  քանի որ նշված ապրանքների իրացումից ստացված

հասույթը կազմում է Ընկերության ընդհանուր հասույթի չնչին մասը, Ընկերությունը խնդրել է իր նկատմամբ տուգանք կիրառելու պարագայում` տուգանքի չափը որոշել ոչ թե իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5%-ի չափով, այլ թթվասեր ապրանքատեսակի ընդհանուր հասույթի մինչև 5%-ի չափով:

Ընկերությունը մեջբերել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 10-րդ, 17-րդ, 21-րդ, 23-րդ, 32-33-րդ, 154-րդ, 247-րդ, 251-252-րդ, 255-րդ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 88-րդ, 92-94-րդ հոդվածները և խնդրել է Ընկերության նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառել նախազգուշացում, իսկ տուգանք կիրառելու պարագայում տուգանքի չափը որոշել ոչ թե Ընկերության կողմից իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5%-ի չափով, այլ թթվասեր ապրանքատեսակների ընդհանուր հասույթի մինչև 5%-ը:

 

3. Հանձնաժողովի կողմից պահանջված և ստացված փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը.

1) Հանձնաժողովի նախագահի` 2021 թվականի դեկտեմբերի 17-ի «Հսկիչ գնում իրականացնելու մասին» թիվ 202-Ա հրամանի հիման վրա 2021 թվականի դեկտեմբերի 21-ին «Պար-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտ իրականացվել է հսկիչ գնում (այսուհետ նաև` Հսկիչ գնում), որի արդյունքում կազմվել է «Հսկիչ գնման արդյունքների վերաբերյալ» թիվ 202 արձանագրությունը:

Հսկիչ գնման արդյունքում, ի թիվս այլնի, ձեռք է բերվել Ընկերության կողմից արտադրված «Արարատյան» անվանումով, 20% յուղայնությամբ 400 գրամ քաշով թթվասեր, որի տուփի վրա առկա է հետևյալ մակնշումը. «Թթվասեր, Արարատյան, 20%, ԳՕՍՏ 31452-2012: Բաղադրությունը` կովի անարատ կաթի սերուցք, չոր յուղազերծ կաթ, սերուցքային կարագ, թթվասերի մակարդ: Սննդային արժեքը 100 գ-ում` սպիտակուցներ 2.8 գ, ճարպեր 20 գ, ածխաջրեր 3.2 գ, էներգետիկ արժեքը` 206 կկալ (862 կՋ): Պիտանիության ժամկետի վերջում կաթնաթթվային մանրէների քանակը ոչ պակաս 10(7) ԳԱՄ/գ: Պիտանիության ժամկետը (4+/2) oC: Արտադրման ամսաթիվը և պիտանիության վերջնաժամկետը տես թիթեղի վրա: Արտադրող և մատակարար` «ԽԱՔ» ՍՊԸ, ՀՀ, Արարատի մարզ, գ. Նարեկ: Արտադրված է Հայաստանում, ՏՊ AM 16085043.7569-2015, Հեռ./Տել. +37491861515, Զտաքաշը` 400 գ/գ»: Բացի այդ, Ապրանքի մակնշման համաձայն` պիտանելիության ժամկետն է` 18/12/2021- 29/12/2021:

2) Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի` 2021 թվականի դեկտեմբերի 20-ի «Փորձաքննություն իրականացնելու մասին» թիվ 368-Ա հրամանի հիման վրա, ի թիվս այլնի, Ապրանքն ուղարկվել է «Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ նաև` «Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա» ընկերություն) լաբորատոր փորձաքննության` Ապրանքում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով:

«Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա» ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Հանձնաժողով է ներկայացրել փորձարկման թիվ 21/12/1970 հաշվետվությունը, որի համաձայն` Ապրանքը պարունակում է բուսական յուղ և չի համապատասխանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ հաստատված` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգին (այսուհետ նաև` Կանոնակարգ):

3) Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի հունվարի 7-ի թիվ ԳԳ-27 գրությամբ (այսուհետ նաև` թիվ ԳԳ-27 գրություն) Ընկերությունից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն.

1. Ընկերության կողմից Ապրանքի իրացման սկզբնաժամկետի վերաբերյալ` նշելով ամսաթիվը,

2. 2020 և 2021 թվականներին Ընկերության կողմից արտադրված` Ապրանքի և որպես թթվասեր արտադրված այլ ապրանքների իրացման ծավալները (բնեղեն արտահայտությամբ) և դրանցից յուրաքանչյուրի իրացումից ստացված հասույթի չափը` առանձնացված` ըստ տարիների (ոչ ամբողջական տարի արտադրված լինելու դեպքում` ըստ ամիսների) և ըստ ապրանքների:

Ընկերությունը, ի պատասխան թիվ ԳԳ-27 գրության, 2022 թվականի հունվարի 24-ի Հանձնաժողով ներկայացրած գրությամբ հայտնել է, որ Ընկերության կողմից Ապրանքի իրացումը սկսվել 2021 թվականի մայիս ամսվանից: Ընկերության կողմից 2020 թվականին Ապրանքը չի իրացվել, իսկ 2021 թվականին իրացվել է ընդհանուր

թվով         հատ Ապրանք, որից ստացված հասույթի չափը կազմել է       դրամ:

Ընկերության կողմից 2020 թվականին իրացվել է «Թթվասեր» անվանումով տարբեր

քաշի տարաներով ընդհանուր թվով          հատ ապրանք, որից ստացված հասույթի

չափը կազմել է       դրամ, իսկ 2021 թվականին` «Թթվասեր» անվանումով տարբեր

քաշի տարաներով ընդհանուր թվով       հատ ապրանք, որից ստացված հասույթի

չափը կազմել է        դրամ:

4) Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի հունվարի 10-ի թիվ ԳԳ-65 գրությամբ (այսուհետ նաև` թիվ ԳԳ-65 գրություն) Հանձնաժողովը դիմել է ՊԵԿ` խնդրելով տրամադրել տեղեկատվություն`

1. Ընկերության 2020 և 2021 թվականների տարեկան հասույթի չափերի վերաբերյալ` ըստ տարիների,

2. 2020 և 2021 թվականների ընթացքում Ընկերության կողմից Ապրանքի իրացումից ստացված հասույթի չափերի վերաբերյալ (ըստ տարիների),

3. 2020 և 2021 թվականների ընթացքում Ընկերության կողմից արտադրված «Թթվասեր» անվանումով ապրանքների իրացումից ստացված հասույթի չափերի վերաբերյալ` ըստ տարիների, իսկ անհնարինության դեպքում դուրսգրված բոլոր հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ:

ՊԵԿ-ը 2022 թվականի հունվարի 14-ին Հանձնաժողով է ներկայացրել պահանջված տեղեկատվությունը, որի համաձայն` Ընկերության 2020 թվականի տարեկան իրացման

շրջանառությունը կազմել է        դրամ, իսկ 2021 թվականի իրացման

շրջանառությունը`       դրամ: Ընկերության կողմից դուրս հաշվարկային

փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից տրամադրված տեղեկության վերլուծության համաձայն` Ընկերության կողմից 2021 թվականին «Թթվասեր» անվանումով ապրանքների իրացումից ստացված

հասույթի չափը կազմել է         դրամ:

 

4. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում Հանձնաժողովը հաստատված է համարում հետևյալ փաստական հանգամանքները.

1. Ընկերության կողմից իրացվող Ապրանքը պարունակում է բուսական յուղ և այն չի համապատասխանում Կանոնակարգի պահանջներին:

2. Ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության համաձայն` Ապրանքի իրացումն սկսվել է 2021 թվականի մայիս ամսվանից:

3. Ընկերությունն ընդունել է Վարույթով իրեն վերագրվող իրավախախտման փաստը և Հանձնաժողովը կիրառել է արագացված վարույթ:

4. Ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` Ընկերության կողմից 2021 թվականին «Թթվասեր» անվանումով ապրանքների իրացումից ստացված

հասույթի չափը կազմել է         դրամ:

5. Ընկերությունն անբարեխիղճ մրցակցության համար Հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 211-Ա, 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 152-Ա և 2020 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 334-Ա որոշումներով ենթարկվել է պատասխանատվության:

 

5. Վարույթի փաստական հանգամանքների և վերաբերելի իրավական նորմերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում Հանձնաժողովը եզրահանգում է հետևյալին.

1) Ընկերության կողմից իրավախախտում կատարված լինելու հարցի կապակցությամբ.

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում վարույթով պատասխանողն իրեն վերագրվող իրավախախտման փաստն ընդունելու և իրավախախտման հետևանքները վերացրած լինելու դեպքում կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով:

Օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացվելու դեպքում վարույթով պատասխանողը չի կարող հետագայում հերքել իր կողմից իրավախախտում կատարելու փաստը:

Օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` արագացված վարույթ կիրառելու մասին որոշում կայացվելու դեպքում գործի` ըստ էության քննությանն ուղղված գործողություններ չեն իրականացվում, և գնահատվում են միայն պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Հանձնաժողովի կողմից 2022 թվականի հունվարի 3-ին թիվ 2-Ա որոշմամբ հարուցվել է Վարույթ այն հիմքով, որ Ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ Ապրանքը որպես թթվասեր մակնշելը և իրացնելն առերևույթ պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:

Ընկերության կողմից իրացվող Ապրանքը պարունակում է բուսական յուղ և այն չի համապատասխանում Կանոնակարգի պահանջներին: Ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության համաձայն` Ապրանքի իրացումն սկսվել է 2021 թվականի մայիս ամսվանից: Ընկերությունն ընդունել է Վարույթով իրեն վերագրվող իրավախախտման փաստը և Հանձնաժողովը կիրառել է արագացված վարույթ:

Հաշվի առնելով վերոգրյալը` Հանձնաժողովն արձանագրում է, որ Ընկերության կողմից Ապրանքը որպես թթվասեր մակնշելը և իրացնելն այն դեպքում, երբ այն պարունակում է բուսական յուղ և չի համապատասխանում Կանոնակարգի պահանջներին, համարվում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, որի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված է իրավական հետևանք` պատասխանատվության միջոցի կիրառում:

2) Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու հարցի կապակցությամբ.

Օրենքի 92-րդ հոդվածի համաձայն` տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

Օրենքի 93-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:

Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ խախտման կրկնակիությունը, եթե նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից չի անցել հինգ տարի, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը, պատասխանատվությունից ազատելու հիմքերը, տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը:

Օրենքի 88-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` արագացված վարույթի կիրառման արդյունքում պատասխանատվության միջոց կիրառելիս պատասխանատվության միջոցը չի կարող գերազանցել տվյալ իրավախախտման համար նախատեսված ամենախիստ պատասխանատվության միջոցի մեկ երկրորդը:

Հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 395-Ն որոշմամբ (այսուհետ նաև` թիվ 395-Ն որոշում) սահմանված պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը (այսուհետ նաև` Մեթոդաբանություն) կարգավորում է Հանձնաժողովի կողմից Օրենքով սահմանված տնտեսական մրցակցության բնագավառում պատասխանատվության միջոցների ընտրության և տուգանքի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

Մեթոդաբանության 6-րդ կետի համաձայն` պատասխանատվության միջոցի ընտրությունը և տուգանքի հաշվարկումը յուրաքանչյուր դեպքում իրականացվում է վարույթի ընթացքում հաստատված փաստական հանգամանքների քննարկման արդյունքում Հանձնաժողովի հայեցողությամբ` հաշվի առնելով Մեթոդաբանությամբ ամրագրված դրույթները և վարույթի առանձնահատկությունները:

Մեթոդաբանության 12-րդ կետի համաձայն` տուգանքը հաշվարկվում է հետևյալ փուլերով.

1) որոշվում է տուգանքի բազային գումարը.

2) գնահատվում են վարույթի ընթացքում հաստատված ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, և հիմքերի առկայության դեպքում բազային գումարը ենթարկվում է համապատասխան փոփոխությունների.

3) Մեթոդաբանությամբ նախատեսված դեպքերում համապատասխանեցվում է պատասխանատվության միջոցը:

Մեթոդաբանության 13-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը տուգանքը հաշվարկում է Տ = Բ + Բ x (Ծ - Մ) բանաձևով, որտեղ` Տ-ն տուգանքի չափն է, Բ-ն տուգանքի բազային գումարն է, Ծ-ն բոլոր ծանրացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է, Մ-ն բոլոր մեղմացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է:

Բազային գումարի հաշվարկը.

Մեթոդաբանության 7-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության համաձայն` անբարեխիղճ մրցակցությունը ըստ բնույթի մրցակցային իրավախախտում է:

Մեթոդաբանության 14-րդ կետի համաձայն` մրցակցային իրավախախտումների դեպքում տուգանքի բազային գումարը որոշվում է ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարի, իրավախախտման համապատասխան ծանրության խմբի համար սահմանված տոկոսի և իրավախախտման տևողության արտադրյալի հաշվարկման միջոցով` Բ = Հ x Խ x Ժ բանաձևով, որտեղ` Բ-ն տուգանքի բազային գումարն է մրցակցային իրավախախտումների դեպքում, Հ-ն ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարն է, Խ-ն իրավախախտման համապատասխան ծանրության խումբն է, Ժ-ն իրավախախտման տևողությունն է:

Ապրանքի իրացումից ստացված հասույթ.

Մեթոդաբանության 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` ապրանքների իրացումից ստացված հասույթ է համարվում իրավախախտման առարկա հանդիսացող կամ իրավախախտման մեջ ներգրավված ապրանքների և դրանց փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացումից ստացված հասույթը:

Մեթոդաբանության 16-րդ կետի համաձայն` ապրանքի իրացումից ստացված հասույթի կամ ընդհանուր հասույթի գումարի հաշվարկումն իրականացնելիս հիմք է ընդունվում իրավախախտման դադարեցման պահին նախորդող տարվա վաճառքի հասույթը կամ ընդհանուր հասույթը:

Մեթոդաբանության 17-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահին չդադարեցված իրավախախտումների դեպքում իրացման հասույթի կամ ընդհանուր հասույթի չափի հաշվարկումն իրականացվում է վարույթ հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող տարվա վաճառքի հասույթի կամ ընդհանուր հասույթի չափից:

Տվյալ պարագայում Վարույթի շրջանակում Ընկերության կողմից իրավախախտումը դադարեցված լինելու վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ, իսկ Ընկերության` Վարույթը հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող տարվա` 2021 թվականի «Թթվասեր» անվանումով ապրանքների իրացումից ստացված հասույթի չափը կազմել է

դրամ:

Իրավախախտման ծանրության խումբը.

Հիմք ընդունելով Մեթոդաբանության 20-րդ կետի 3-րդ ենթակետը` սույն գործով ծանրության խումբը պետք է հաշվարկել 2.5 տոկոս դրույքաչափով:

Իրավախախտման տևողությունը.

Իրավախախտման տևողությունը հաշվարկելիս հիմք են ընդունվում Մեթոդաբանության 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերը: Սույն գործով Ընկերության կողմից իրավախախտում կատարվելու սկզբնաժամկետ է համարվում, իսկ Վարույթը հարուցվել է 2022 թվականի հունվարի 3-ին: Ընկերության կողմից իրավախախտման

կատարման ժամանակահատվածը        պակաս է, հետևաբար,  հիմք ընդունելով

Մեթոդաբանության 23-րդ կետը, իրավախախտման տևողության  գործակիցը        է:

    Վերոնշյալից բխում է, որ տուգանքի բազային գումարը կազմում է     դրամ`

ըստ հետևյալ հաշվարկի.

    Բ= Հ x Խ x Ժ =       x     % x      =          դրամ:

Պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքներ.

Մեթոդաբանության 27-32-րդ կետերով սահմանված են պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև սահմանված են բազային գումարից ծանրացնող և մեղմացնող հանգամանքների հաշվարկման դրույքաչափերը:

Սույն գործով պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են.

իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա. Ընկերության կողմից իրավախախտումը դրսևորվել է հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցությունով: Մասնավորապես` Ընկերության կողմից իրացվել է Ապրանքը, մինչդեռ այն պարունակում է բուսական յուղ և չի համապատասխանում Կանոնակարգի պահանջներին, ինչի հետևանքով սպառողները մտածել են, որ գնում են թթվասեր, մինչդեռ իրականում Ապրանքը համարվում է կաթ պարունակող կաթնային յուղի փոխարինիչով մթերք` պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով: Բացի այդ, Ընկերությունը իրավախախտման արդյունքում կարող էր ստանալ մրցակցային առավելություններ շուկայում գործող բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ:

իրավախախտման կրկնակիությունը. Ընկերությունն անբարեխիղճ մրցակցության համար Հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 211-Ա, 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 152-Ա և 2020 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 334-Ա որոշումներով ենթարկվել է պատասխանատվության:

տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները. Ընկերությունը «Թթվասեր» անվանումով ապրանքի մեջ բուսական յուղ օգտագործելու միջոցով կարող էր նվազեցնել Ապրանքի ինքնարժեքը` դրա արդյունքում ավելացնելով իր շահույթը, ինչպես նաև շուկայում Ապրանքի ավելի մրցակցային գնով ներկայանալու հնարավորություն ստանալ:

Ընկերության կողմից Վարույթով որպես մեղմացնող ներկայացված հանգամանքների վերաբերյալ Հանձնաժողովը գտնում է, որ նշված հանգամանքներից Վարույթով մեղմացնող է համարվում միայն իրավախախտման փաստն ընդունելը, ինչի հետևանքով Հանձնաժողովը կիրառել է արագացված վարույթ, իսկ նշված մնացած հանգամանքների մեղմացնող լինելու վերաբերյալ որևէ ապացույց կամ հիմք Ընկերությունը Հանձնաժողովին չի ներկայացրել, և Հանձնաժողովը Վարույթի շրջանակներում չի հայտնաբերել, ուստի այդ հանգամանքները Վարույթով չեն հաստատվել:

Այսպիսով, ծանրացնող հանգամանքների դրույքաչափերի հանրագումարը կազմում է

%, իսկ մեղմացնող հանգամանքների դրույքաչափը` %:

Տուգանքի հաշվարկը.

Վերոշարադրյալից հետևում է, որ տուգանքի չափը կազմում է  դրամ` համաձայն հետևյալ հաշվարկի.

    Տ= Բ + Բ x (Ծ - Մ) =    +    x (   %-  %) =        դրամ:

Մեթոդաբանության 37-րդ կետի համաձայն` արագացված վարույթի կիրառման արդյունքում Հանձնաժողովը նշանակում է Մեթոդաբանությամբ հաշվարկված տուգանքի գումարի մեկ երկրորդը:

Այսինքն, Ընկերության նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է  դրամ:

Այսպիսով, վերոնշյալ հանգամանքների համադրության արդյունքում և հիմք ընդունելով թիվ 395-Ն որոշումը, Հանձնաժողովն արձանագրում է, որ Ընկերության

նկատմամբ անհրաժեշտ է նշանակել տուգանք (          ) դրամի չափով:

 

6. Եզրափակիչ մաս.

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 67-րդ հոդվածի 2-րդ մասով, 88-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով` Հանձնաժողովը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «Խաք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ «Արարատյան» անվանումով, 20% յուղայնությամբ, 400 գրամ քաշով ապրանքը որպես թթվասեր մակնշելը և իրացնելը, որակել որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն (այսուհետ` Օրենքի խախտում):

2. Օրենքի խախտման համար «Խաք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել տուգանք 490 868 (չորս հարյուր իննսուն հազար ութ հարյուր վաթսունութ) դրամի չափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պատճենը «Խաք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելուն հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2022 թ. մարտի 3

Երևան

 

__________________

ԻՐՏԵԿ - Առևտրային գաղտնիք պարունակող որոշ տվյալներ բաց են թողնված

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
01.03.2022
N 75-Ա
Որոշում