Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 180 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԴ/7186/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7186/02/18        2022 թ.

Նախագահող դատավոր Կ. Համբարձումյան

    Դատավորներ        Ա. Մկրտչյան

                      Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի փետրվարի 2-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նազիկ Մաշուրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նազիկ Մաշուրյանի ընդդեմ «ԳԱՆԵՇԱ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի (այսուհետ` Կառավարիչ), «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Նազիկ Մաշուրյանը պահանջել է Կառավարչի կողմից կազմակերպված և Բանկի կողմից գնված` ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն, Իսակովի պողոտայի 4-րդ շենքի թիվ 9 բնակարան հասցեի անշարժ գույքի 12.01.2018 թվականի աճուրդը ճանաչել անվավեր:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) 12.06.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան, դատավորներ` Լ. Գրիգորյան, Դ. Սերոբյան) 21.11.2019 թվականի որոշմամբ Նազիկ Մաշուրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ սնանկության դատարանի 12.06.2019 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 03.07.2020 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.11.2020 թվականի որոշմամբ Նազիկ Մաշուրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.07.2020 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նազիկ Մաշուրյանը (ներկայացուցիչ Արթուր Քարամյանը):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ, 94-րդ, 147-րդ, 148-րդ, 180-րդ հոդվածները, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 360-րդ հոդվածի 4-րդ մասը, 363-րդ հոդվածի 1-ին մասը, 364-րդ հոդվածի 1-ին մասը, 365-րդ հոդվածի 1-ին մասը, 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով երկու հաջորդական դատական նիստերի վերաբերյալ ծանուցագրերը չեն բովանդակել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով ամրագրված տեղեկությունները, մասնավորապես` դատական նիստին չներկայանալու հետևանքների, այդ թվում` հայցն առանց քննության թողնելու հնարավորության մասին: Մինչդեռ, եթե նշված դատական ծանուցագրերը պարունակեին նշում դատական նիստին չներկայանալու դեպքում նաև հայցն առանց քննության թողնելու հնարավորության մասին, ապա հայցվորն անպայմանորեն կներկայանար դատական նիստին կամ Դատարանին կհայտներ հարգելի պատճառով դատական նիստին չներկայանալու մասին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը հայցվորին առաջին ծանուցագրով պետք է պարզաբաներ իր դատավարական իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ Դատարանը պարտավոր էր ծանուցագրում նշել Դատարանի էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող էր դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.11.2020 թվականի որոշումը և փոփոխել այն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Դատարանի 25.02.2020 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ (հատոր 2-րդ, գ.թ. 65):

i

2. Դատարանի 13.03.2020 թվականի որոշմամբ 13.04.2020 թվականին, ժամը` 11:00-ին, նշանակվել է նախնական դատական նիստ (հատոր 2-րդ, գ.թ. 77): Նշված դատական նիստի մասին հայցվորի ներկայացուցիչը թիվ 12634/20 ծանուցագրով ծանուցվել է 26.03.2020 թվականին, որով հայցվորի ներկայացուցչին հայտնվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին և 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (հատոր 2-րդ, գ.թ. 78-79).

3. Դատարանի 13.04.2020 թվականի արձանագրային որոշմամբ դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 22.05.2020 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 85): Նշված դատական նիստի մասին հայցվորի ներկայացուցիչը 14.04.2020 թվականի ծանուցագրով ծանուցվել է 12.05.2020 թվականին, որով հայցվորի ներկայացուցչին հայտնվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին և 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (հատոր 2-րդ, գ.թ. 86-87):

4. 22.05.2020 թվականի դատական նիստը չի կայացել դատավորի վատառողջ լինելու պատճառով (հատոր 2-րդ, գ.թ. 91):

5. 05.06.2020 թվականին հրավիրված դատական նիստի մասին հայցվորի ներկայացուցիչը 15.05.2020 թվականի ծանուցագրով ծանուցվել է 27.05.2020 թվականին, նշված ծանուցագրով հայցվորի ներկայացուցչին հայտնվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին և 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (հատոր 2-րդ, գ.թ. 94-95):

i

6. 03.07.2020 թվականին հրավիրված դատական նիստի մասին 05.06.2020 թվականի ծանուցագրով հայցվորի ներկայացուցիչը ծանուցվել է 17.06.2020 թվականին, նշված ծանուցագրով հայցվորի ներկայացուցչին հայտնվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին և 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (հատոր 2-րդ, գ.թ. 101-102):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

i

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյոք դատարանն իրավասու է հայցը թողնել առանց քննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հիմքով, եթե դատավարության մասնակիցներին չի իրազեկել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների վերաբերյալ:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծանուցագիրը պետք է բովանդակի`

1) դատարանի անվանումը.

2) դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը).

3) նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է.

4) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.

5) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.

6) նշում` դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.

7) գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը գործին մասնակցող անձանց կարող է գրավոր պարզաբանել իրենց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի բովանդակությանը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրի կողմից հստակ սահմանվել է այն պայմանների միաժամանակյա առկայությունը, որոնց դեպքում դատարանը հայցը կարող է թողնել առանց քննության, մասնավորապես`

- պատշաճ ծանուցված հայցվորի (դիմողի) կամ նրա ներկայացուցչի` երկու հաջորդական դատական նիստերին չներկայանալու,

- գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու,

- ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու դեպքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոնշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է դատարանն իրավասու ներկայացված հայցը կամ դիմումը թողնել առանց քննության: Այսինքն` պատշաճ ծանուցված հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից երկու հաջորդական դատական նիստերին մասնակցությունն ապահովված չլինելու և գործի քննությունը հետաձգելու կամ իր բացակայությամբ այն իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացված չլինելու պայմանների, ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդության բացակայության միաժամանակյա առկայությունը բավարար է դատարանի կողմից հայցն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու համար: Հետևաբար նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում դատարանն իրավասու չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով հայցը կամ դիմումը թողնել առանց քննության (տե՛ս, Ալվարդ Սահակյանն ընդդեմ Հենրիկ Մարտիկյանի թիվ ԱՎԴ1/0452/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.09.2020 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորումը հարկ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի կարգավորումների լույսի ներքո:

Օրենսդիրը գործող օրենսդրությամբ դատարանների վրա դրել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու միջոցներից մեկը ծանուցագիրն է, որը պետք է բովանդակի` դատարանի անվանումը, դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը), նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին, նշում` դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված պայմանների առկայության դեպքում նույն իրավանորմի հիմքով դատարանն իրավասու է հայցը թողնել առանց քննության, եթե պատշաճ կերպով իրականացրել է դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը, հակառակ պարագայում հայցվորը կհամարվի պատշաճ չծանուցված, քանի որ միայն դատական նիստերի ժամանակի և վայրի մասին հայցվորին ծանուցելու ու վերջինիս կողմից երկու հաջորդական նիստերին չներկայանալու դեպքում հայցն առանց քննության թողնելու պարագայում կխախտվի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքը:

i

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է նաև այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին` նշելով, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը, որը հանդիսանում է արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը, պահանջում է որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, այդ թվում ներկայացնելու ապացույցներ այնպես, որ կողմերից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից (տե՛ս, Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի թիվ 3-346(ՏԴ) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

i

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 25.02.2020 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ: Դատարանի 13.03.2020 թվականի որոշմամբ 13.04.2020 թվականին, ժամը` 11:00-ին, նշանակվել է նախնական դատական նիստ: Նշված դատական նիստի մասին հայցվորի ներկայացուցիչը ծանուցվել է 26.03.2020 թվականին: Դատարանի 13.04.2020 թվականի արձանագրային որոշմամբ դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 22.05.2020 թվականին: Նշված դատական նիստի մասին հայցվորի ներկայացուցիչը ծանուցվել է 12.05.2020 թվականին: 22.05.2020 թվականի դատական նիստը չի կայացել դատավորի վատառողջ լինելու պատճառով: 05.06.2020 թվականին հրավիրված դատական նիստի մասին հայցվորի ներկայացուցիչը ծանուցվել է 27.05.2020 թվականին: 03.07.2020 թվականին հրավիրված դատական նիստի մասին հայցվորի ներկայացուցիչը ծանուցվել է 17.06.2020 թվականին, վերը նշված բոլոր ծանուցագրերով հայցվորի ներկայացուցչին հայտնվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին և 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատարանը 03.07.2020 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ պատճառաբանել է, որ հայցվոր կողմը չի ներկայացել 05.06.2020 թվականին և 03.07.2020 թվականին նշանակված հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, ուստի Դատարանը գտել է, որ գործով առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հայցն առանց քննության թողնելու հիմքերը:

i

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ պատշաճ ծանուցված հայցվորը կամ նրա ներկայացուցիչը` չեն ներկայացել երկու հաջորդական, այն է` 05.06.2020 թվականին և 03.07.2020 թվականին նշանակված դատական նիստերին, չեն ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իրենց բացակայությամբ լուծելու միջնորդություն: Վերաքննիչ դատարանը գտել է, որ միաժամանակ առկա են եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված երկու ինքնուրույն պայմանները, որոնց պարագայում էլ Դատարանը կայացրել է իրավաչափ որոշում` հայցը առանց քննության թողնելու մասին:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով այն հիմքով, որ պատշաճ ծանուցված հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չեն ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին, չեն ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու միջնորդություն, անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի ուժով Դատարանը պարտավոր էր դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցներին ուղարկված ծանուցագրերով իրազեկելու դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, ինչը սույն գործով Դատարանը չի արել:

Ավելին, Դատարանի կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին ուղարկված ծանուցագրերը բացառապես պարունակել են նշում այն մասին, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ինչը դատավարության մասնակցի մոտ կարող է համոզմունք ձևավորել առ այն, որ իր կողմից դատական նիստերին չներկայանալը չի կարող առաջացնել որևէ բացասական հետևանք` գործի քննությունը կատարվելու առումով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, պատշաճ կերպով չի իրականացրել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը և հայցը թողել է առանց քննության, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հայցվորի արդար դատաքննության իրավունքը: Այսինքն` տվյալ դեպքում Դատարանն իրավասու չէր հայցը թողնելու առանց քննության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետով սահմանված` դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

Հայցադիմումը դատարան ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք` գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով:

i

Վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Նկատի ունենալով, որ սույն գործով բողոքարկվել է Վերաքննիչ դատարանի` Դատարանի 03.07.2020 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու վերաբերյալ կայացված դատական ակտը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը, գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 2 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.02.2022
N ԵԴ/7186/02/18
Որոշում