Սեղմել Esc փակելու համար:
Ո՞Ր ՊԱՀԻՑ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԱՐԿՎԻ ՀԱՄԱՏԵՂ ԿՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ո՞Ր ՊԱՀԻՑ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԱՐԿՎԻ ՀԱՄԱՏԵՂ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԿԴ1/4063/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/4063/02/19       2021 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Ա. Մկրտչյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ալվարդ Շախբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2021 թվականի որոշման դեմ` ըստ Դոնարա Ավոյանի հայցի ընդդեմ Ալվարդ Շախբազյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանք կիրառելու և հայցվորի համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դոնարա Ավոյանը պահանջել է անվավեր ճանաչել 15.11.2014 թվականին Ռոբերտ Ավոյանի և Ալվարդ Շախբազյանի միջև նոտարական կարգով կնքված` Կոտայքի մարզի Առինջ համայնքի 17-րդ փողոցի թիվ 26 հասցեի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը, որպես հետևանք` անվավեր ճանաչել այդ պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումը և վերոհիշյալ հասցեի նկատմամբ ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյան) (այսուհետ` Դատարան) 16.10.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.03.2021 թվականի որոշմամբ Դոնարա Ավոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 16.10.2020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալվարդ Շախբազյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դոնարա Ավոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ սահմանադրության 6-րդ, 61-րդ, 63-րդ, 172-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Դոնարա Ավոյանը ոչ միայն ունեցել է վիճարկվող գործարքի մասին որոշակի տեղեկություններ, այլ նաև 2016 թվականից հստակ իմացել է այդ մասին, ինչի մասին ցուցմունք է տվել վկա Հրանտ Մանվելյանը:

Վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասից պարզ չէ, թե ինչպիսի լուծում է ստացել հայցային վաղեմության միջնորդությունը, որն է պատասխանողի իրավաչափ ակնկալիքը` դատական ակտը բեկանվել է, իսկ հայցային վաղեմության միջնորդությունը մերժվե՞լ է, թե՞ դատական ակտը բեկանվել է և հայցային վաղեմության միջնորդությունը կրկին քննելու համար ուղարկվել է նոր քննության:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.03.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանն արդարացիորեն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետը տվյալ պարագայում պետք է հաշվարկվեր ոչ թե նվիրատվության պայմանագիրը կնքելու պահից, այլ հայցվոր Դոնարա Ավոյանի` դրա մասին իմանալու պահից, իսկ սույն գործի փաստերով պատասխանող Ալվարդ Շախբազյանը չի հիմնավորել, թե հայցվորը կոնկրետ երբ է իմացել կամ երբ պետք է իմացած լիներ պայմանագրի կնքման մասին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ռոբերտ Ավոյանն ու Դոնարա Կոտոյանն ամուսնացել են 20.08.1964 թվականին, որի վերաբերյալ Ախալքալաքի ՔԿԱԳ բաժնում ամուսնության ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 48 գրառումը: Ամուսնությունից հետո Դոնարա Կոտոյանը կրել է Ավոյան ազգանունը (հատոր 2-րդ, գ.թ. 30-33),

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 18.07.2011 թվականին տրված թիվ 2810195 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Կոտայքի մարզի Առինջ գյուղի 17-րդ փողոցի թիվ 26 բնակելի տան և հողամասի (հողամասի կադաստրային համար 07-011-0060-0038, շենքի կադաստրային համար 001) նկատմամբ ՀՀ կառավարության 24.06.1991 թվականի թիվ 420 որոշման և բաժանման սխեմայի հիման վրա գրանցված է Ռոբերտ Ավոյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 75-76),

3) Ռոբերտ Ավոյանը 15.11.2014 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Կոտայքի մարզի Առինջ գյուղի 17-րդ փողոցի թիվ 26 հասցեի անշարժ գույքը նվիրել է Ալվարդ Շախբազյանին: Նվիրատվության պայմանագրի հիման վրա 28.11.2014 թվականին նշված գույքի նկատմամբ գրանցվել է Ալվարդ Շախբազյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 15, 21-22),

4) Թիվ ԵԿԴ/4636/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.11.2017 թվականի վճռով լուծվել է Ռոբերտ Ավոյանի և Դոնարա Ավոյանի ամուսնությունը: Վճռով արձանագրվել է, որ համատեղ կյանքի ընթացքում ունեցած ընդհանուր գույքի մասով գործի շրջանակներում կողմերը պահանջներ չեն ներկայացրել: Վճիռը չի բողոքարկվել է և մտել է օրինական ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 30-33),

5) Ռոբերտ Ավոյանը մահացել է 17.07.2019 թվականին, որի մասին գրանցումը կատարվել է 18.07.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 20),

6) Դոնարա Ավոյանը 11.09.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան` 15.11.2014 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, որպես հետևանք` սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու և Կոտայքի մարզի Առինջ գյուղի 17-րդ փողոցի թիվ 26 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրեն համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին (հատոր 1-ին, գ.թ. 4-12, 28),

7) Պատասխանող Ալվարդ Շախբազյանը 20.02.2020 թվականին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն` այն հիմքով, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբ պետք է դիտել նվիրատվության պայմանագիրը կնքելու օրը` այն է 15.11.2014 թվականը, ուստի հայցվորը ժամանակին` 1 տարվա ընթացքում, հայցադիմում դատարան չներկայացնելով` բաց է թողնել հայցային վաղեմության ժամկետը (հատոր 1-ին, գ.թ. 43-48),

8) Վկա Հրանտ Մանվելյանը, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 06.08.2020 թվականին կայացած դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ «խոսակցության ժամանակ` 2016 թվականին Ռոբերտ Ավոյանը ասել է, որ վիճելի գույքը նվիրել է Ալվարդ Շախբազյանին, ինչպես նաև, որ նախկին կնոջը և որդուն ապահովել է ամեն ինչով, և այդ նույն օրն իր ներկայությամբ զանգահարել է նաև իր նախկին կնոջն ամուսնալուծվելու համար և այդ ժամանակ իր ներկայությամբ նախկին կնոջը հայտնել է, որ տունը նվիրել է Ալվարդ Շախբազյանին» (հատոր 2-րդ, գ.թ. 60-63)

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ո՞ր պահից պետք է հաշվարկվի համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած գույքի տնօրինման գործարքը վիճարկելու պահանջով հայցային վաղեմության ժամկետն այն դեպքում, երբ ամուսինների միջև ամուսնական հարաբերությունները սահմանված կարգով դադարել են:

 

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել (...) այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

i

Հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի 331, 334-343 հոդվածների կանոնները տարածվում են նաև հայցային վաղեմության հատուկ ժամկետների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վերոգրյալ նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, որի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի և 337-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցին` արձանագրել է, որ հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացությունների և իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, և այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով: Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության և կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը:

ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում: Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից: Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության և կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանն ուղղված` իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որևէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի և դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում: Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Ամփոփելով վերը շարադրվածը` ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Մինչդեռ, «պետք է իմանար»/»պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ` զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից:

Այսպիսով ՀՀ սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանը` այն մեկնաբանմամբ, համաձայն որի` «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

Միաժամանակ մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման համար անհրաժեշտ փաստերի ապացուցումը կարող է իրականացվել այնպիսի ապացույցներով, որոնք առավել հավանական են դարձնում կոնկրետ փաստի գոյությունը: Եթե ապացուցման պարտականություն կրող կողմը ներկայացրել է բացառապես անուղղակի ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ առավել հավաստի են դարձնում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը, ապա նման ապացույցները չպետք է մերժվեն զուտ այն հիմքով, որ ուղղակի ապացույցներ չեն (տե՛ս, Գեղամ Գալստյանը և Նորիկ Պետրոսյանն ընդդեմ Պարույր Հայրիկյանի թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դոնարա Ավոյանը դիմելով դատարան` պահանջել է անվավեր ճանաչել 15.11.2014 թվականին Ռոբերտ Ավոյանի և Ալվարդ Շախբազյանի միջև նոտարական կարգով կնքված` Կոտայքի մարզի Առինջ համայնքի 17-րդ փողոցի թիվ 26 հասցեի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը, որպես հետևանք` անվավեր ճանաչել այդ պայմանագրի հիման վրա կատարված պետական գրանցումը և վերոհիշյալ հասցեի նկատմամբ ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը:

Պատասխանող Ալվարդ Շախբազյանը 20.02.2020 թվականին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն` այն հիմքով, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբ պետք է դիտել նվիրատվության պայմանագիրը կնքելու օրը` այն է 15.11.2014 թվականը, ուստի հայցվորը ժամանակին` 1 տարվա ընթացքում, հայցադիմում դատարան չներկայացնելով` բաց է թողնել հայցային վաղեմության ժամկետը:

Դատարանը 16.10.2020 թվականի վճռով հայցը մերժել է այն հիմնավորմամբ, որ «(...) Դոնարա Ավոյանը և Ռոբերտ Ավոյանը դատարանի վճռով ամուսնալուծվել են 06.11.2017 թվականին և դատական կարգով ամուսնալուծվելուց հետո հայցվորը որևէ գույքային պահանջ չի ներկայացրել Ռոբերտ Ավոյանի դեմ: Այսինքն` ամուսնալուծության հանգամանքը պետք է հուշեր հայցվորին, որ գույքային հարաբերությունները նախկին ամուսնու հետ կարող են ենթարկվել փոփոխության և կարող են ծագել նոր գույքային հարաբերություններ` նոր կնոջ հետ և այդ հանգամանքը պետք է հիմք հանդիսանար հայցվորի համար հետամուտ լինել իր և նախկին ամուսնու գույքային հարաբերությունների ճշտման համար: Այսինքն, ըստ էության, հայցվորը իր իրավունքների հնարավոր խախտման մասին նախկին ամուսնու մահվան ժամանակ իմացած լինելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել, հետևաբար տվյալ դեպքում պետք է գործի «պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին» կանոնը»:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ «Գործով ձեռք բերված ապացույցներով, մասնավորապես` 12.12.2019 թվականին Լավրենտի Ավոյանի, Աննա Ավոյանի, Անտոնինա Կորոլենկոյի և 10.12.2019 թվականին Նիկոլայ Պոժիտկովիցի կողմից տրված և ՌԴ Մոսկվա քաղաքի նոտարի կողմից հաստատված հայտարարություններով հիմնավորվեց, որ նվիրատու Ռոբերտ Ավոյանը նվիրատվության պայմանագրով արտահայտել է իր կամքը և այդ մասին տեղեկացրել է իր երեխաներին և նախկին կնոջը»:

Վերաքննիչ դատարանը, բավարարել է Դոնարա Ավոյանի վերաքննիչ բողոքը և գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության, այն հիմնավորմամբ, որ «Սույն գործով Դատարանը դատական ակտի հիմքում դրել է այն հանգամանքը, որ ամուսնությունը լուծելու ժամանակ կողմերը ընդհանուր գույքի վերաբերյալ այդ քաղաքացիական գործի շրջանակներում որևէ պահանջ չեն ներկայացրել: Մինչդեռ այդ հանգամանքը չի վկայում այն մասին, որ Դոնարա Ավոյանը հրաժարվել է համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված ընդհանուր գույքի նկատմամբ իր սեփականատիրական իրավունքներից», (...) «Ինչ վերաբերում է գործում առկա հայտարարություններին, որոնք հիմք են ընդունվել Դատարանի կողմից, ապա դրանք չեն կարող հիմք հանդիսանալ հստակ որոշելու իրավունքի խախտման ժամանակի մասին հայցվորի իմանալու կամ իմանալու պարտավորության պահը»:

Այսպիսով Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «(...) հայցային վաղեմության ժամկետը տվյալ պարագայում պետք է հաշվարկվեր ոչ թե նվիրատվության պայմանագիրը կնքելու պահից, այլ հայցվորի` դրա մասին իմանալու պահից, (...) իսկ սույն գործի փաստերով պատասխանողը չի հիմնավորել, թե հայցվորը կոնկրետ երբ է իմացել կամ երբ պետք է իմացած լիներ պայմանագրի կնքման մասին»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական նորմերի, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումների և ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի «Ամուսնալուծվելիս ամուսինների միջև ծագող վեճերի քննարկման կարգը» վերտառությամբ 17-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամուսնությունը, որը լուծվում է դատական կարգով, համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը` բացի ամուսնության ընթացքում մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի (տե՛ս, Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը կարող է բաժանվել ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծվելուց հետո (տե՛ս, Սամվել Մելիքյանն ընդդեմ Առլեթ Ավաքյանի թիվ ԵԿԴ/1418/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով ամուսնության` որպես քաղաքացիաիրավական ինստիտուտի էությանը, արձանագրում է, որ ամուսնությունը պետական գրանցման պահից ամուսինների համար ստեղծում է օրենսդրությամբ նախատեսված որոշակի անձնական գույքային և ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, արձանագրում է, որ ամուսնության փաստի ուժով ամուսինների համար ծագում են իրավունքներ և պարտականություններ նաև համատեղ սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ: Մասնավորապես, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի, համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի տիրապետել, օգտագործել, ինչպես նաև տնօրինել ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամուսնալուծությամբ դադարում են ամուսինների միջև առկա ամուսնական իրավահարաբերությունները, սակայն ամուսինները շարունակում են պահպանել իրենց իրավունքները համատեղ սեփականության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ամուսինների միջև առկա հարաբերությունները, որոնք ամուսնության ընթացքում ողջամիտ կանխավարկածով պետք է հիմնված լինեին փոխադարձ վստահության վրա, ամուսնալուծության պահից անխուսափելիորեն փոփոխվում են, ինչը պայմանավորված է, որպես կանոն, այլևս համատեղ տնտեսություն չվարելու հանգամանքով:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամուսնալուծության պահից արդեն իսկ նախկին ամուսինները ձեռք են բերում պարտականություն` պատշաճ հոգածություն դրսևորել իրենց սեփականությունը հանդիսացող այն գույքի նկատմամբ, որը ձեռք են բերել համատեղ կյանքի ընթացքում: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը բխում է այն հանգամանքից, որ ամուսիններից յուրաքանչյուրը պարտավոր է ողջամտորեն կանխատեսել, որ մյուս ամուսինը, իրավունք ունենալով կնքել ընդհանուր գույքի օտարման գործարք, կարող է ցանկացած պահի իրացնել իր այդ իրավունքը, ինչի մասին տեղեկանալը, բնականաբար, ավելի դժվար է այն դեպքում, երբ ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև սահմանված կարգով դադարել են ամուսնական հարաբերությունները (ամուսիններն այլևս միասին չեն ապրում, համատեղ տնտեսություն չեն վարում և այլն):

Անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/4636/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.11.2017 թվականի վճռով լուծվել է Ռոբերտ Ավոյանի և Դոնարա Ավոյանի ամուսնությունը: Վճռով արձանագրվել է, որ համատեղ կյանքի ընթացքում ունեցած ընդհանուր գույքի մասով գործի շրջանակներում կողմերը պահանջներ չեն ներկայացրել: Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Այսինքն` թիվ ԵԿԴ/4636/02/16 քաղաքացիական գործով վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից, այն է` 07.12.2017 թվականից Ռոբերտ Ավոյանի և Դոնարա Ավոյանի միջև դադարել են ամուսնական հարաբերությունները, ինչի պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դոնարա Ավոյանի մոտ առաջացել է պարտականություն` պատշաճ հոգածություն դրսևորել համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ: Ամուսնական հարաբերությունների դադարման փաստը Վճռաբեկ դատարանի համոզմամբ հայցվոր Դոնարա Ավոյանի համար բավարար պետք է լիներ ակտիվ գործողություններ դրսևորելու համար, որոնց արդյունքում հայցվորը հաստատապես կիմանար իր իրավունքի խախտման, այն է` ընդհանուր գույքը առանց իր համաձայնության այլ անձի օտարելու մասին: Մինչդեռ տվյալ դեպքում Դոնարա Ավոյանն իր պասիվ վարքագծով նպաստել է իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը, քանի որ չի ձեռնարկել ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ, որոնք տվյալ դեպքում ամուսնության դադարման պահից սկսած ընդհանուր գույքի ճակատագրով հետաքրքրվելն էր:

Վերոհիշյալ հանգամանքը համադրելով սույն գործով վկա Հրանտ Մանվելյանի կողմից դատարանում տրված ցուցմունքի հետ, որով վերջինս, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 06.08.2020 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայտնել է, որ «խոսակցության ժամանակ` 2016 թվականին Ռոբերտ Ավոյանը ասել է, որ վիճելի գույքը նվիրել է Ալվարդ Շախբազյանին, ինչպես նաև, որ նախկին կնոջը և որդուն ապահովել է ամեն ինչով, և այդ նույն օրն իր ներկայությամբ զանգահարել է նաև իր նախկին կնոջը ամուսնալուծվելու համար և այդ ժամանակ իր ներկայությամբ նախկին կնոջը հայտնել է, որ տունը նվիրել է Ալվարդ Շախբազյանին», Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դոնարա Ավոյանը դեռևս դատական կարգով ամուսնալուծության ժամանակ ունեցել է բավարար հիմքեր` ձեռնարկելու իրենից կախված ողջամիտ միջոցներ` իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դոնարա Ավոյանը ամուսնալուծության պահից ողջամիտ ուշադրություն դրսևորելու դեպքում կիմանար իր իրավունքի խախտման մասին, ինչից բխում է, որ սույն գործով վերջինս բաց է թողել իր իրավունքի պաշտպանության հայցով դատարան դիմելու` օրենքով սահմանված մեկամյա ժամկետը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի վճռին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դոնարա Ավոյանից հօգուտ Ալվարդ Շախբազյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2020 թվականի վճռին:

2. Դոնարա Ավոյանից հօգուտ Ալվարդ Շախբազյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 17 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.12.2021
N ԿԴ1/4063/02/19
Որոշում