041.0739.081100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2000 թվականի N 739
ԱՎԱՆԻ ԱՂԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղային համայնքի տարածքի ընդերքում գտնվող աղի հանքավայրի շահագործման և շրջակա միջավայրի ու բնակչության անվտանգության ապահովման նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
ա) «Ավանի աղի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցով 2001 թվականի ընթացքում ապահովել`
ստորգետնյա փորվածքների դեֆորմացված ամրանների վերաամրակապումը,
ստորգետնյա ջրերի ազդեցության գոտում տեղի ունեցող հիդրոերկրաբանական փոփոխությունների և այդ ջրերի հեռացման գործընթացի պարբերաբար վերահսկումը,
արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի մշակումը,
լեռնահատկացման տարածքում գտնվող կառույցների հաշվառումը.
բ) Ավանի աղի հանքավայրի կայունությունն ստուգելու և համապատասխան միջոցառումներ մշակելու նպատակով պատվիրել`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային`
Ավանի աղի հանքավայրի տարածքի խզվածքային տեկտոնիկայի ուսումնասիրումը և գնահատումը,
Ավանի աղի հանքավայրի տարածքի սեյսմիկ ռիսկի ուսումնասիրումը և գնահատումը ստորգետնյա դատարկությունների պայմաններում:
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`
հանքախորշերի կայունության հետազոտումը` հաշվի առնելով գետնի մակերևույթի վրա կառուցված շենքերի և շինությունների ազդեցությունը,
հանքախորշերի առաստաղների և պատերի սահմանային լարվածությունների ուսումնասիրությունը և միջոցառումների մշակումը,
դատարկ հանքախորշերը լցնելու անհրաժեշտության և մեթոդների վերաբերյալ տեխնիկատնտեսական հիմնավորման կազմումը,
օդափոխիչ հանքափողի պատերում ստորգետնյա ջրերի ազդեցությունից առաջացած փոփոխությունների ուսումնասիրումը:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը`
ամփոփել Ավանի աղի հանքավայրի լեռնահատկացման տարածքում կառուցված բնակելի և այլ շենքերի ու կառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրության արդյունքները և մշակել համապատասխան միջոցառումներ,
օտարման գոտու տեղագրական հանույթի կատարումը, Ավանի աղի հանքավայրի և դրան հարակից տարածքի հիդրոերկրաբանական պայմանների ուսումնասիրումը:
2. Երևանի քաղաքապետին`
ա) ապահովել օտարման գոտու տեղագրական հանույթի կատարումը.
բ) օտարման գոտու տեղագրական հանույթի հիման վրա թարմացնել բնակելի շենքերի ու կառույցների գույքագրման տվյալները և սահմանափակել Ավանի աղի հանքավայրի լեռնահատկացման` գոտու հետագա կառուցապատումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական հիմնավորումները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված` նշված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ամփոփ ֆինանսական հիմնավորումները քննության առնել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելիս:
5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության վրա: