ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2022 թվականի N 675-Ն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով սահմանել կրթական վեց մրցանակ լավագույն ուսանողների համար` «գլխավոր մրցանակ», «լավագույն ասպիրանտ» (I և II կարգ), «լավագույն մագիստրանտ» (I և II կարգ), «լավագույն բակալավր» (I և II կարգ) և լավագույն սովորողների համար` 2023 թվականից` «գլխավոր մրցանակ» և «լավագույն աշակերտ» (I և II կարգ):
2. Սահմանել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների շնորհման և հանձնման կարգը` համաձայն հավելվածի:
3. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից` համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի:
4. Առաջարկել «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում`
1) կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը.
2) լավագույն ուսանողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը.
3) լավագույն սովորողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մայիսի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի մայիսի 13-ի
N 675-Ն որոշման
ԿԱՐԳ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն ուսանողներին և սովորողներին ամենամյա կրթական մրցանակների շնորհման համար թեկնածուներին ներկայացվող պահանջները, առաջադրման կարգը և կրթական մրցանակի յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված պարգևատրման չափը և մրցանակների քանակը:
2. Մրցանակին կարող են հավակնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ ուսանողները և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանի սովորողները` կրթության բնագավառի պետական լիազոր մարմնի առաջադրած պայմաններին համապատասխանող և նրա կողմից հաստատված ցանկում ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանի սովորողները, ովքեր տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) ոլորտում, ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն, մասնակից են եղել ՏՏ ոլորտի տարբեր նորարարական աշխատանքներին (մրցույթներ, տպագրված հոդվածներ):
3. Մրցանակի հավակնորդները դիմումները ներկայացնում են իրենց բարձրագույն ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարությանը` մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում և զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ) հրապարակված հայտարարության հիման վրա: Բարձրագույն ուսումնական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարությունը դիմումների դիտարկումից հետո յուրաքանչյուր անվանակարգի համար լավագույն տասը հավակնորդների փաստաթղթերի փաթեթները 5-օրյա ժամկետում ներկայացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովին:
4. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը կատարում է հավակնորդների փաստաթղթերի փաթեթների զննում, ձևավորում է հավակնորդների վերջնական ցանկը և ներկայացնում մրցանակաբաշխության հանձնաժողովին: Վերջինս, ըստ հավակնորդների հետ անցկացվող անհատական հարցազրույցների և սույն կարգի 2-րդ կետի պահանջներին առավել բավարարման արդյունքների, կատարում է հաղթողների վերջնական ընտրությունը:
5. Մրցանակաբաշխության մասնակից յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն համապատասխան մրցույթին մասնակցում է բոլոր անվանակարգերով:
6. Կրթական մրցանակի յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված պարգևատրման չափը և մրցանակների քանակը`
1) լավագույն ուսանողների համար.
._____________________________________________________________________.
|Մրցանակների անվանակարգը |Պարգևատրման չափը |Մրցանակների|
| | |քանակը |
|________________________|________________________________|___________|
|Գլխավոր մրցանակ |1200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ|1 (մեկ) |
|________________________|________________________________|___________|
|Լավագույն ասպիրանտ |1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ|6 (վեց) |
|(I կարգ) | | |
|________________________|________________________________|___________|
|Լավագույն ասպիրանտ |750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |6 (վեց) |
|(II կարգ) | | |
|________________________|________________________________|___________|
|Լավագույն մագիստրանտ |750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |6 (վեց) |
|(I կարգ) | | |
|________________________|________________________________|___________|
|Լավագույն մագիստրանտ |500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |6 (վեց) |
|(II կարգ) | | |
|________________________|________________________________|___________|
|Լավագույն բակալավր |500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |6 (վեց) |
|(I կարգ) | | |
|________________________|________________________________|___________|
|Լավագույն բակալավր |400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |6 (վեց) |
|(II կարգ) | | |
._____________________________________________________________________.
2) լավագույն սովորողների համար.
._____________________________________________________________________.
|Մրցանակների անվանակարգը |Մեկ մրցանակի պարգևատրման չափը |Մրցանակների|
| | |քանակը |
|________________________|________________________________|___________|
|Գլխավոր մրցանակ |500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |1 (մեկ) |
|________________________|________________________________|___________|
|Լավագույն աշակերտ |200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |5 (հինգ) |
|(I կարգ) | | |
|________________________|________________________________|___________|
|Լավագույն աշակերտ |100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |5 (հինգ) |
|(II կարգ) | | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 13 մայիսի 2022 թվական: