Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 3 մայիսի 2022 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

ՀՀ կառավարության ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Ա. Ղազարյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

Կառավարությունն իր` 2022 թվականի փետրվարի 10-ի N 132-Ա որոշմամբ «2021 թվականի հոկտեմբերի 29-ին Վարշավայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2022 թվականի փետրվարի 14-ին:

Գործի քննության առիթը Կառավարության` 2022 թվականի փետրվարի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) կիրարկման արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2021 թվականի հոկտեմբերի 29-ին Վարշավայում` Եվրոպական միության երկրներում առանց թույլտվության գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի, այդ թվում` հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի կիրարկման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով:

 

2. Արձանագրությունը նախատեսում է Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև (այսուհետ` նաև Կողմեր) Համաձայնագրի կիրարկման վերաբերյալ մանրամասն կանոնակարգումներ:

 

3. Արձանագրությամբ սահմանվում է, որ օդային ճանապարհով կատարվող հետընդունումը և տարանցումը իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Լեհաստանի Հանրապետությունում` նրա տարածքում գտնվող բոլոր միջազգային օդանավակայանների սահմանային անցակետերում, իսկ սահմանային այլ անցակետեր օգտագործելը կհամաձայնեցվի իրավասու մարմինների միջև` փոխադարձ համաձայնությամբ:

Արձանագրության կատարման համար Հայաստանի Հանրապետության պատասխանատու մարմինն է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը:

 

4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

1) ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը հետընդունման և տարանցման դիմումների ներկայացման, ինչպես նաև նման դիմումներին պատասխանելու և Համաձայնագրի կիրարկման հետ կապված այլ նամակագրության համար, ուղիղ համագործակցության ապահովման նպատակով, նշանակի կոնտակտային անձանց (հոդված 2, կետ 2),

2) ապահովել, որ հետընդունման և տարանցման դիմումները, պատասխանները և այլ հարակից հաղորդագրությունները ուղարկվեն Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով (հոդված 3, կետեր 1 և 2),

3) երաշխավորել, որ Հայցվող լեհական Կողմի իրավասու մարմնի ճանաչած բոլոր այլ փաստաթղթերը կհամարվեն լրացուցիչ միջոցներ և փաստաթղթեր, որոնք անուղղակի ապացուցում են, որ երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման պայմանները բավարարված են (հոդված 5, կետ 1),

4) ապահովել, որ Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` 14 օրացուցային օրվա ընթացքում, ՀՀ իրավասու մարմինը լեհական Կողմի իրավասու մարմնին գրավոր տրամադրի Համաձայնագրի 1-ին Հավելվածում նշված անձնագրերի և նույնականացման փաստաթղթերի ձևանմուշները (հոդված 5, կետ 3),

5) որպես Հայցող Կողմ` սխալմամբ կատարված հետընդունման դեպքում հետ ընդունել Հայցվող լեհական Կողմից հետ ընդունված անձին` Համաձայնագրով սահմանված ժամկետում և պայմաններով (հոդված 7, կետ 1),

6) Հայցվող Հայաստանի Հանրապետությանը ներկայացված բոլոր փաստաթղթերը վերադարձնել Հայցող լեհական Կողմին, իսկ եթե տվյալների և փաստաթղթերի փոխանցումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, ապա դրանք անմիջապես ջնջել (հոդված 7, կետ 2),

7) ապահովել, որ անձանց հետընդունումը և ուղեկցմամբ տարանցումը իրականացվի Արձանագրությամբ սահմանված կանոններով (հոդված 8),

8) ապահովել, որ Համաձայնագրի համաձայն` Հայցվող ՀՀ դիվանագիտական առաքելության կամ հյուպատոսական հիմնարկի լիազորված ներկայացուցիչն անցկացնի հարցազրույց Հայցող լեհական Կողմի իրավասու մարմնի հետ դեպք առ դեպք հիմքով` անհատականապես համաձայնեցված վայրում, ինչպես նաև երաշխավորել, որ ՀՀ ներկայացուցիչը հետընդունման ենթակա անձի հետ հարցազրույց վարելիս թույլ կտա, որ լեհական Կողմի իրավասու մարմնի ներկայացուցիչը ներկա լինի հարցազրույցին և հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցազրույցից հետո 3 օրացուցային օրվա ընթացքում, Համաձայնագրով նախատեսված կարգով գրավոր տեղեկացնի Հայցող լեհական Կողմի և Հայցվող հայկական Կողմի իրավասու մարմիններին հարցազրույցի արդյունքների մասին` անձի քաղաքացիությունը հաստատելն անհնար լինելու դեպքում` նշելով նման անհնարինության պատճառը (հոդված 9, կետեր 1, 2 և 3),

9) որպես Հայցող Կողմ` եվրոյով փոխհատուցել Հայցվող լեհական Կողմի Համաձայնագրի համաձայն հետընդունման կամ տարանցման հետ կապված կատարած ծախսերը` Հայցվող լեհական Կողմի ներպետական օրենսդրության համաձայն կազմված` տվյալ ծախսերը մանրամասնող հաշիվ-ապրանքագիրն ստանալուց հետո` 30 օրացուցային օրվա ընթացքում (հոդված 10, կետ 1),

10) որպես Հայցվող Կողմ` ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը, ներկայացնելով Արձանագրությունում նշված համապատասխան հաշվապահական փաստաթղթերը, տրամադրի տեղեկատվություն բանկային հաշվի վերաբերյալ և ցանկացած հավելյալ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ծախսերի կարգավորման համար (հոդված 10, կետ 2):

 

i

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

3 մայիսի 2022 թվականի

ՍԴՈ-1648

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 4 մայիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
03.05.2022
N ՍԴՈ-1648
Որոշում