ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
Ք. Երևան
12 մայիսի 2022 թ. ԲԴԽ-40-Ո-Կ-8
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ`
Բարձրագույն դատական խորհրդի
նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի,
մասնակցությամբ`
անդամներ Գ. Բեքմեզյանի,
Դ. Խաչատուրյանի,
Մ. Մակյանի,
Լ. Մելիքջանյանի,
Ս. Միքայելյանի,
Ա. Մխիթարյանի,
Վ. Քոչարյանի,
Դատավորների ընդհանուր ժողովի
էթիկայի և կարգապահական հարցերի
հանձնաժողովի նախագահ Ս. Մարաբյանի,
Դատավորների ընդհանուր ժողովի
էթիկայի և կարգապահական հարցերի
հանձնաժողովի անդամ Ա. Հովհաննիսյանի,
Վերաքննիչ քրեական դատարանի
դատավոր Ա. Դանիելյանի,
քարտուղարությամբ` Ա. Շիլաջյանի
դռնբաց նիստում, քննության առնելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի մարտի 28-ի N-Կ-2/2022 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել թիվ ՍԴ1/0060/01/21 քրեական գործով փաստաբաններ Էմին Խաչատրյանի և Սմբատ Մինասյանի` Վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Արմեն Դանիելյանին (այսուհետ նաև` Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 30.11.2021 թվականին Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ նաև` Հանձնաժողով) ներկայացրած հաղորդումը:
Հանձնաժողովի 04.02.2022 թվականի N-Կ-2/2022 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Հանձնաժողովի 28.03.2022 թվականի N-Կ-2/2022 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 17-րդ հոդվածի 1-ին մասը, 73-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, 174.1-րդ, 174.4-րդ, 174.6-րդ, 390-րդ, 418-րդ հոդվածները, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, նշել է, որ ըստ «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին» 11.09.2021 թվականի թիվ ՍԴ1/0060/01/21 որոշման` բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում իրականացվել է վերաքննության կարգով, այլ ոչ թե վճռաբեկության, ուստի չէր կարող առանց կողմերի մասնակցության իրականացնել բողոքի քննություն առհասարակ, քանի որ ըստ Օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի` ամբաստանյալի մասնակցությունը պարտադիր է վերաքննիչ դատարանի նիստին, եթե բողոք է բերել դատախազը` ոչ հօգուտ նրա: Այն հանգամանքը, որ առանց ամբաստանյալի և նրա պաշտպան(ներ)ի մասնակցության վերաքննիչ դատարանը քննության է առել դատախազի` ոչ հօգուտ ամբաստանյալի ներկայացրած վերաքննիչ բողոքը և կայացրել որոշում` առերևույթ հանդիսանում է Օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի խախտում:
Հանձնաժողովը միջնորդությամբ նշել է նաև հետևյալը. «Ինչ վերաբերում է Դատավորի բացատրությամբ բերված այն փաստարկին, որ «(...) նշված ընթացակարգերի վերլուծության արդյունքում հարկ է նշել, որ առաջին ատյանի դատարանի վերը նշված միջանկյալ դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգմանը, նշված ընթացակարգերից, բնորոշ է «վճռաբեկության կարգը»», ապա այն անհիմն է, քանի որ ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի Գ. Հախնազարյանի վերաբերյալ 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0219/01/08 որոշման` վճռաբեկության կարգով բողոքի քննություն իրականացնելու դեպքում պետք է այդ մասին նշվի վարույթ ընդունելու և դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ (տե՛ս կետ 15), մինչդեռ «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին» 11.09.2021 թվականի թիվ ՍԴ1/0060/01/21 որոշման մեջ «վճռաբեկության կարգով» բողոքի քննություն իրականացնելու մասին նշում չկա:
Հանձնաժողովը նաև փաստում է, որ եթե անգամ «վճռաբեկության կարգով» է իրականացվում բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում, ապա այն դատարանին չի ազատում կողմերին պատշաճ կարգով ծանուցելու պարտականությունից, քանի որ բացառապես պատշաճ ծանուցման դեպքում է, որ դատարանն իրավունք ունի առանց կողմերի ներկայության իրականացնելու բողոքի քննություն և կայացնելու դատական ակտ, մինչդեռ Հանձնաժողովը փաստում է, որ սույն գործով ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Դանիելյանի խախտել է պատշաճ ծանուցման կանոնները»:
Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ ըստ ներկայացրած նյութերի` Դատարանն ընտրել է դատական նիստի օրվա և ժամի մասին կողմերին ծանուցելու թղթային եղանակը (տե՛ս ամբաստանյալ Արթուր Սարգսյանին, պաշտպան Էմին Խաչատրյանին, Սմբատ Մինասյանին և դատախազ Ն. Մովսիսյանին ուղարկված թղթային ծանուցագրերը), թեև, ըստ «ՀԵՌԱԽՈՍԱԳԻՐ» վերտառությամբ փաստաթղթի` Դատավորի գործավար Ա. Թադևոսյանը 2021 թվականին նոյեմբերի 12-ին նաև զանգահարել է պաշտպան Ս. Մինասյանի (...) հեռախոսահամարին և տեղեկացրել 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, նշանակված դատական նիստի օրվա և ժամի մասին: Ըստ նույն փաստաթղթի` պաշտպան Ս. Մինասյանը հեռախոսակապի միջոցով հայտնել է, որ կտեղեկացնի դատական նիստի օրվա և ժամի մասին ամբաստանյալ Արթուր Սարգսյանին և պաշտպան Էմին Խաչատրյանին:
Համաձայն 2021 թվականի նոյեմբերի 15-ի դատական նիստի արձանագրության համառոտագրության` դատական նիստում Դատարանը քննարկել է կողմերի ծանուցման հարցը և արձանագրել, որ հեռախոսազանգի միջոցով ծանուցվել են կողմերը, որից հետո, լսելով դատախազի դիրքորոշումն առ այն, որ ինքը չի առարկում դատական նիստը շարունակել առանց ամբաստանյալի և պաշտպանների մասնակցության, շարունակել է բողոքի քննությունը: Ըստ նույն արձանագրության համառոտագրության` նախագահող դատավորը հայտարարել է, որ դատարանի աշխատակազմը հեռախոսակապ է հաստատել պաշտպան Մինասյանի հետ, վերջինս հայտնել է, որ մեկ այլ նիստի է մասնակցում, խնդրել է սույն դատական նիստը հետաձգել: Լսելով դատախազի դիրքորոշումը և միաժամանակ հաշվի առնելով պաշտպանների չներկայանալու հանգամանքը` Դատարանը որոշել է նիստը հետաձգել և վերանշանակել 2021 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 14:00-ին:
Ըստ դատավորի գործավար Ա. Թադևոսյանի 2021 թվականի նոյեմբերի 15-ին կազմած «ՀԵՌԱԽՈՍԱԳԻՐ» վերտառությամբ փաստաթղթի` «զանգահարել է պաշտպան Մինասյանի հեռախոսահամարին և տեղեկացրել նույն օրը, ժամը` 14:00-ին հետաձգված դատական նիստի մասին: Զանգահարել է նաև ամբաստանյալ Արթուր Սարգսյանին և պաշտպան Էմին Խաչատրյանին, սակայն կապ հաստատել չի հաջողվել: Պաշտպան Ս. Մինասյանը հայտնել է, որ կրկին կփորձի կապ հաստատել Արթուր Սարգսյանի հետ, ինչպես նաև տեղեկացրել է, որ նախորդիվ չի կարողացել կապ հաստատել վերջինիս հետ»:
Համաձայն պաշտպան Ս. Մինասյանի Դատավորին հասցեագրված 2021 թվականի նոյեմբերի 15-ի դիմումի` պաշտպանը հայտնել է, որ դատարանի հետ հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ թիվ ՍԴ1/0060/01/21 քրեական գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել մեղադրողի կողմից և դատական նիստը նշանակված է 2021 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը` 14-00-ին: Հաշվի առնելով, որ ոչ ինքը, ոչ էլ մյուս պաշտպան Էմին Խաչատրյանը ծանուցված չեն եղել դատական նիստի մասին և այդ օրը առավոտվանից ծանրաբեռնված է եղել այլ քրեական գործերով, դրանից հետո, հաշվի առնելով տարածությունը, նույն օրը մյուս պաշտպանի հետ միասին գնալու են քաղաք Գորիս մասնակցելու ամբաստանյալ Արթուր Սարգսյանի թիվ ՍԴ1/0060/01/21 քրեական գործով դատական նիստին (ըստ datalex.am կայքի տեղեկատվության նիստը նշանակված է եղել 16.11.2021թ., ժամը 14:00)` խնդրել է նիստը հետաձգել այլ հերթի:
Ըստ 2021 թվականի նոյեմբերի 15-ի դատական նիստի արձանագրության համառոտագրության` նախագահող դատավոր Ա. Դանիելյանը հայտարարել է, որ դատավարության մյուս մասնակիցները չեն ներկայացել, սակայն ծանուցված են եղել, Դատարանի աշխատակազմը նաև հեռախոսակապի միջոցով է ծանուցել կողմերին, այնուհետև հրապարակել է պաշտպան Ս. Մինասյանի դիմումը դատական նիստը հետաձգելու մասին և որոշել է շարունակել բողոքի քննությունը:
Վարույթ հարուցող մարմինը նշել է, որ Դատարանը թեև ընտրել է ծանուցման թղթային եղանակը, սակայն առանց ծանուցումը պաշտպանության կողմի` ամբաստանյալ Արթուր Սարգսյանի և վերջինիս պաշտպաններ Սմբատ Մինասյանի և Էմին Խաչատրյանի կողմից ստացած լինելու փաստի մասին հավաստման` իրականացրել է բողոքի քննությունը և կայացրել է որոշում` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հեռախոսազանգի միջոցով դատական նիստի օրվա և ժամի մասին տեղեկացված է եղել պաշտպան Ս. Մինասյանը: Ընդ որում, Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ նախ` բացի պաշտպան Ս. Մինասյանից հեռախոսակապ հնարավոր չի եղել հաստատել ինչպես մյուս պաշտպանի, այնպես էլ ամբաստանյալի հետ, երկրորդ` պաշտպան Մինասյանը գրավոր դիմում է ներկայացրել դատական նիստը հետաձգելու մասին և հայտնել, որ ոչ ինքը, ոչ էլ մյուս պաշտպան Էմին Խաչատրյանը ծանուցված չեն եղել դատական նիստի մասին և այդ օրը առավոտվանից ծանրաբեռնված է եղել այլ քրեական գործերով: Բացի այդ, նույն օրը մյուս պաշտպանի հետ միասին մեկնելու են քաղաք Գորիս մասնակցելու ամբաստանյալ Արթուր Սարգսյանի թիվ ՍԴ1/0060/01/21 քրեական գործով դատական նիստին, որը նշանակված է եղել 16.11.2021թ., ժամը 14:00:
Հանձնաժողովը ներկայացված միջնորդությամբ մասնավորապես նշել է.
«Հիմք ընդունելով վերոգրյալ փաստական հանգամանքները, ինչպես նաև այն փաստերը, որ (1) Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 11-ին կայացված «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին» որոշմամբ որոշել է դատական նիստին կանչել նաև պաշտպաններին և ամբաստանյալին, (2) 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին կայացած դատական նիստին առկա չեն եղել պաշտպանական կողմի պատշաճ ծանուցված լինելու, այն է` պաշտպաններ Ս. Մինասյանի և Է. Խաչատրյանի կողմից թղթային տարբերակով ուղարկված ծանուցագիրն ստացված լինելու կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174.6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով թղթային ծանուցագիրը վարույթն իրականացնող մարմին վերադարձվելու մասին ապացույցներ, որով պայմանավորված դատարանը նիստը հետաձգել և նշանակել է նույն օրը ժամը 14:00-ին, որպեսզի ապահովվի ամբաստանյալի և պաշտպանների մասնակցությունը դատական նիստին, (3) ինչպես նաև այն, որ ամբաստանյալ Արթուր Սարգսյանն առհասարակ չի ծանուցվել բողոքի քննության օրվա և ժամի մասին ինչպես թղթային ծանուցագրի, այնպես էլ` հեռախոսակապի միջոցով, իսկ Ս. Մինասյանը Դատարան ներկայացված դիմումով խնդրել է հետաձգել 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 14:00-ին նշանակված բողոքի քննությունը` Հանձնաժողովը փաստում է, որ 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին կայացած դատական նիստի տեղի և ժամանակի մասին պաշտպանության կողմի պատշաճ ծանուցումն ու դատական նիստին ներկա գտնվելու օբյեկտիվ հնարավորություններն առերևույթ ապահովված չեն եղել:
Հանձնաժողովը փաստում է, որ նման պայմաններում Դատարանը, քննության առարկա դարձնելով բողոքը և կայացնելով որոշում, առերևույթ թույլ է տվել կողմերի հավասարության, մրցակցության սկզբունքների խախտում և պաշտպանական կողմին դրել է մեղադրանքի կողմի համեմատ անհավասար վիճակի մեջ և զրկել նրանց ներկայացված բողոքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու իրավունքից ու հնարավորությունից:
Միաժամանակ Հանձնաժողովն արձանագրում է, որ թիվ ՍԴ1/0060/01/21 քրեական գործով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությանը 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին և նոյեմբերի 15-ին ժամը 14:00-ին կայացած դատական նիստերին պաշտպանության կողմի պատշաճ ծանուցումն ապահոված չլինելու, մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերի 15-ի ժամը 11:00-ի դատական նիստին առանց պաշտպանության կողմի ծանուցված լինելու հավաստման առկայության, իսկ 2021 թվականի նոյեմբերի 15-ի ժամը 14:00-ի դատական նիստին առանց թղթային ծանուցման, բացառապես պաշտպան Ս. Մինասյանին հեռախոսակապի միջոցով ծանուցելու, ինչպես նաև պաշտպան Ս. Մինասյանի կողմից դատական նիստը հետաձգելու դիմում ներկայացնելու պայմաններում, իրականացնելով բողոքի քննությունը և կայացնելով որոշում` Դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Դանիելյանի դրսևորել է շտապողականություն և թույլ է տվել անձի արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքի, ինչպես նաև դատական պաշտպանության իրավունքի խախտումներ և գտնում է, որ քննարկվող դեպքում առկա են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 23-րդ, 174.1-րդ, 174.4-րդ, 174.6-րդ և 390-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման հատկանիշներ»:
Այսպիսով, Հանձնաժողովը գտնել է, որ Դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք վերջինս կատարել է դիտավորությամբ, և այս փաստը հաստատվել է նաև Դատավորի բացատրությամբ ներկայացված իրավական դիրքորոշումներով, որտեղ վերջինս փորձել է հիմնավորել իր արարքի իրավաչափությունը, ուստի Հանձնաժողովի գնահատմամբ առկա են Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր:
3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը պատասխան է ներկայացրել վարույթ հարուցած մարմնին, այնպես էլ բացատրություն` Բարձրագույն դատական խորհրդին, որով հայտնել է. «Քրեական գործի դատական քննության ընթացքում կայացված խափանման միջոց կալանավորման ընտրելու, փոփոխելու, վերացնելու կամ պահպանելու վերաբերյալ որոշումների օրինականության և հիմնավորվածության սահմանների և կարգի մասով նախ հարկ է եմ համարում նշել հետևյալը. (...) դատավոր Ա. Դանիելյանիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին, Հանձնաժողովի որոշման մեջ տեղ գտած վերլուծություններն ու դատողությունները` «պատշաճ ծանուցման», «վերաքննության և վճռաբեկության» վերաբերյալ, սույն դեպքում առարկայազուրկ են: Միաժամանակ հարկ է արձանագրել, որ վերը նշված մեխանիզմի առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ անձի արդար դատաքննության իրավունքի և դրա բոլոր բաղադրատարրերի, այդ թվում` ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության հարցի ստուգման տեսանկյունից:
Ամփոփելով վերոգրյալը` հարկ է նշել, որ եթե համապատասխան կողմը նախապես իրազեկված է դատական նիստի տեղի և ժամանակի մասին և չի ներկայացել, ապա այդ հանգամանքը խոչընդոտ չէ գործի քննությունն առկա պայմաններում իրականացնելու համար և այն չի կարող հանգեցնել անձի` ՀՀ Սահմանադրությամբ և ՄԻԵԿ-ով սահմանված իրավունքների անհարկի սահմանափակման կամ խախտման:
Միաժամանակ հարկ եմ համարում նշել, թեև հիշյալ ընթացակարգին առնչվող վերաբերելի իրավակարգավորումների համատեքստում, մեղադրյալի կամ ամբաստանյալի պարտադիր մասնակցություն չի նախատեսվում, սակայն Վերաքննիչ դատարանն ինչպես ի թիվս այլ մասնակիցների, այնպես էլ ամբաստանյալ Արթուր Սարգսյանի առումով, իմ դիտարկմամբ դրսևորել է անհրաժեշտ և բավարար ջանասիրություն վերջինիս մասնակցությունը ևս Վերաքննիչ դատարանում կայանալիք դատական նիստերին ապահովելու, նրան նախապես իրազեկելու ուղղությամբ, մինչդեռ դրական արդյունք արձանագրել չի հաջողվել:
Այդ առնչությամբ, հարկ եմ համարում արձանագրել, որ պաշտպանության կողմին, պաշտպաններին, այդ թվում` նաև ամբաստանյալ Արթուր Սարգսյանին ոչ միայն ուղարկվել են գրավոր ծանուցագրեր, այլև Վերաքննիչ դատարանի աշխատակազմը ծառայողական հեռախոսահամարից նախապես նշանակված դատական նիստից օրեր առաջ հեռախոսակապ է հաստատել պաշտպանության կողմի ի դեմս պաշտպան Սմբատ Մինասյանի հետ և վերջինիս նախապես իրազեկել է ապագայում կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին, միաժամանակ խնդրել է, որ իր հերթին պարոն Ս. Մինասյանը իրազեկի ինչպես մյուս պաշտպան Է. Խաչատրյանին, այնպես էլ ամբաստանյալ Արթուր Սարգսյանին, ինչը պաշտպան Ս. Մինասյանի կողմից չի մերժվել:
Այնուհետև, Վերաքննիչ դատարանի դատական նիստին պաշտպանության կողմին մասնակցելու հնարավորություն ընձեռնելու նկատառումներից ելնելով դատական նիստը արդեն իսկ ժամային առումով ողջամտորեն հետաձգվել է, որի մասին հեռախոսակապով կրկին նախապես իրազեկվել է պաշտպանության կողմն առնվազն ի դեմս պաշտպան Սմբատ Մինասյանի, վերջինս հայտնել է, որ կփորձի իրազեկել ամբաստանյալ Արթուր Սարգսյանին: Ընդ որում, ամբաստանյալ Արթուր Սարգսյանի և պաշտպան Է. Խաչատրյանի հետ հեռախոսակապ հաստատել չի հաջողվել: Դրանից հետո, ողջամիտ ժամկետով դատական նիստը հետաձգելուց հետո, դարձյալ պաշտպանության կողմը ոչ միայն չի ներկայացել դատական նիստին, այլև պաշտպան Սմբատ Մինասյանի կողմից Վերաքննիչ դատարանում ստացվել և դատական նիստում հրապարակվել է վերջինիս դիմումը դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Հիշյալ դիմումի առկայությունն ինքնին վկայում է պաշտպանության կողմի, առնվազն ի դեմս պաշտպան Սմբատ Մինասյանի դատական նիստի մասին նախապես իրազեկ լինելու մասին:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանում, այնուհետև փոստից ստացվել է պաշտպանության կողմին ծանուցագիրը հանձնված լինելու մասին, տվյալ դատական նիստի օրվա դրությամբ հավաստագիր: Ընդ որում, հարկ եմ համարում արձանագրել, որ նշված հավաստագրում առկա չէր որևէ գրառում ստացման ժամի վերաբերյալ: Հետևաբար, այդ մասով ևս Հանձնաժողովի ներկայացված փաստարկները և հետևություններն ընդունելի դիտարկվել չեն կարող:
Արծարծվող հարցին առնչվող հիշյալ փաստական հանգամանքները ևս վկայում են, որ Վերաքննիչ դատարանը, կոնկրետ դեպքում, դրսևորել է անհրաժեշտ և բավարար ջանասիրություն, այդ թվում պաշտպանության կողմի` պաշտպանների և ամբաստանյալ Արթուր Սարգսյանի մասնակցությունը դատական նիստին ապահովելու ուղղությամբ: Եվ, հարկ է փաստել, որ կոնկրետ դեպքում, պաշտպանության կողմը ի դեմս պաշտպան Ս. Մինասյանի նախապես իրազեկ է եղել Վերաքննիչ դատարանում, կայանալիք դատական նիստերի և ժամանակի և վայրի մասին: Հարկ եմ համարում նշել նաև, որ վերը նշվածի վերաբերյալ իմ դիտարկումներն իրենց հավաստումը կարող են ստանալ դատական ստուգման նյութերով:
Վերոգրյալի հաշվառմամբ, գտնում եմ, որ կոնկրետ դեպքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Դանիելյանիս անգամ առերևույթ վերագրվող խախտումների վերաբերյալ ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին, Հանձնաժողովի որոշմամբ ներառված հիմնավորումներն ու այդ առնչությամբ արտահայտած պնդումներն իմ դիտարկմամբ ըստ էության փաստարկված չեն և իրավաչափ դիտարկվել չեն կարող:
Ամփոփելով վերը նշվածը` հարկ եմ համարում նշել, որ տվյալ դեպքում պաշտպանական կողմը` ի դեմս համապատասխան պաշտպանի, նախապես իրազեկված է եղել դատական նիստերի և ժամանակի մասին, այդ թվում նաև չի ներկայացել 2021 թվականի նոյեմբերի 15-ի ժամը 14.00-ի դատական նիստին և չներկայանալու վերաբերյալ և դատական նիստը հետաձգելու վերաբերյալ փաստարկները բավարար չեն եղել բացակայությունը հարգելի համարելու և դատական նիստը հետաձգելու համար:
Տվյալ դեպքում, եթե նույնիսկ դատավարության մասնակիցներին ծանուցման կարգը ուղղակիորեն չհամընկնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ծանուցման մեխանիզմներին, այնուամենայնիվ պաշտպանական կողմի նախապես իրազեկ լինելը` Վերաքննիչ դատարանի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում, բավարար են եղել պաշտպանական կողմի իրավունքները իրացնելու համար»:
Միաժամանակ Դատավորն իր բացատրությամբ նշել է, որ պաշտպանության կողմին, պաշտպաններին, այդ թվում նաև ամբաստանյալ Արթուր Սարգսյանին ոչ միայն ուղարկվել են գրավոր ծանուցագրեր, այլև Վերաքննիչ դատարանի աշխատակազմը ծառայողական հեռախոսահամարից նախապես նշանակված դատական նիստից օրեր առաջ հեռախոսակապ է հաստատել պաշտպանության կողմի ի դեմս պաշտպան Սմբատ Մինասյանի հետ և վերջինիս նախապես իրազեկել է ապագայում կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին, միաժամանակ խնդրել է, որ իր հերթին պարոն Ս. Մինասյանը իրազեկի ինչպես մյուս պաշտպան Է. Խաչատրյանին, այնպես էլ ամբաստանյալ Արթուր Սարգսյանին, ինչը պաշտպան Ս. Մինասյանի կողմից չի մերժվել:
Այնուհետև, Վերաքննիչ դատարանի դատական նիստին պաշտպանության կողմին մասնակցելու հնարավորություն ընձեռնելու նկատառումներից ելնելով դատական նիստն արդեն իսկ ժամային առումով ողջամտորեն հետաձգվել է, որի մասին հեռախոսակապով կրկին նախապես իրազեկվել է պաշտպանության կողմն առնվազն ի դեմս պաշտպան Սմբատ Մինասյանի, վերջինս հայտնել է, որ կփորձի իրազեկել ամբաստանյալ Արթուր Սարգսյանին: Ընդ որում, ամբաստանյալ Արթուր Սարգսյանի և պաշտպան Է. Խաչատրյանի հետ հեռախոսակապ հաստատել չի հաջողվել: Դրանից հետո, ողջամիտ ժամկետով դատական նիստը հետաձգելուց հետո, դարձյալ պաշտպանության կողմը ոչ միայն չի ներկայացել դատական նիստին, այլև պաշտպան Սմբատ Մինասյանի կողմից Վերաքննիչ դատարանում ստացվել և դատական նիստում հրապարակվել է վերջինիս դիմումը դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Հիշյալ դիմումի առկայությունն ինքնին վկայում է պաշտպանության կողմի, առնվազն ի դեմս պաշտպան Սմբատ Մինասյանի դատական նիստի մասին նախապես իրազեկ լինելու մասին:
Վերոգրյալի հաշվառմամբ և հիմք ընդունելով Օրենքի 154-րդ հոդվածի 4-րդ մասին 2-րդ կետի իրավակարգավորումները` Դատավորը խնդրել է Հանձնաժողովի 28.03.2022 թվականի N-Կ-2/2022 որոշմամբ` իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժել:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր` Գ. Գասպարյան), քննելով թիվ ՍԴ1/0060/01/21 քրեական գործով պաշտպան Ս. Մինասյանի միջնորդությունը` Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ ամբաստանյալ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը փոփոխելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու մասին միջնորդությունը բավարարել է, այն է` որոշել է Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխել և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը` գրավի չափ սահմանելով 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամը, կամ դրան համարժեք արժեթղթերը, այլ արժեքները կամ անշարժ գույքը:
2. 2021 թվականի հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՍԴ1/0060/01/21 քրեական գործով 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ն. Մովսիսյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք` պահանջելով բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` ամբաստանյալ Արթուր Լավրենտի Սարգսյանի (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով) նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը և ներկայացված միջնորդությունը մերժել:
3. Թիվ ՍԴ1/0060/01/21 քրեական գործով վերաքննիչ բողոքը 2021 թվականի նոյեմբերի 10-ին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանին:
4. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Դանիելյանը 2021 թվականի նոյեմբերի 11-ին որոշում է կայացրել «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին», ըստ որի` վերաքննիչ բողոքը քննության է նշանակվել դռնբաց դատական նիստում 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին: Նշված դատական ակտի եզրափակիչ մասում Դատարանը որոշել է դատական նիստին կանչել պաշտպաններին, ամբաստանյալին և դատախազին:
5. Դատավորը 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ԴԴ-8-Ե-4/466/21, ԴԴ-8-Ե-4/463/21, ԴԴ-8-Ե-4/461/21, ԴԴ-8-Ե-4/460/21 գրություններով համապատասխանաբար ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ն. Մովսիսյանին, ամբաստանյալ Արթուր Լավրենտի Սարգսյանին, պաշտպան Էմին Խաչատրյանին և պաշտպան Սմբատ Մինասյանին տեղեկացրել է, որ 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստերի թիվ 4 դահլիճում դատական ստուգման է ենթարկվելու թիվ ՍԴ1/0060/01/21 քրեական գործով ամբաստանյալ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը: Նշված գրությամբ խնդրվել է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին:
6. Դատավորի գործավար Ա. Թադևոսյանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 12-ին կազմվել է «ՀԵՌԱԽՈՍԱԳԻՐ», ըստ որի` 010-44-88-53 հեռախոսահամարից զանգահարել է դատախազ Ն. Մովսիսյանի 093-67-11-70, պաշտպան Ս. Մինասյանի 094-19-45-67 հեռախոսահամարներին և տեղեկացրել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, նշանակված դատական նիստի օրվա և ժամի մասին: Պաշտպան Ս. Մինասյանը հեռախոսակապի միջոցով հայտնել է, որ կտեղեկացնի դատական նիստի օրվա և ժամի մասին ամբաստանյալ Արթուր Սարգսյանին և պաշտպան Էմին Խաչատրյանին:
7. 2021 թվականի նոյեմբերի 15-ին Դատարանը դռնբաց դատական նիստում դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման է ենթարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը: Նշված դատական նիստին ներկայացել է դատախազ Լ. Շիրվանյանը: Դատավորը հայտարարել է, որ դատարանը ծանուցումներ է ուղարկել դատավարության մյուս մասնակիցներին, դատարանի աշխատակազմի կողմից հեռախոսակապի միջոցով դատախազը և պաշտպանները իրազեկվել են դատական նիստի վայրի և ժամի վերաբերյալ, որի վերաբերյալ կազմվել են հեռախոսագրեր և որոշել է բողոքի քննությունը շարունակել առկա պայմաններում:
8. 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ի դատական նիստին դատախազ Լ. Շիրվանյանը ներկայացրել է վերաքննիչ բողոքի վերաբերյալ հիմնավորումները, այնուհետև Դատավորը հայտարարել է, որ Դատարանի աշխատակազմը հեռախոսակապ է հաստատել պաշտպան Ս. Մինասյանի հետ, վերջինս հայտնել է, որ մեկ այլ նիստի է մասնակցում, խնդրել սույն դատական նիստը հետաձգել: Դատարանը, հաշվի առնելով պաշտպանների չներկայանալը, որոշել է դատական նիստը հետաձգել և վերանշանակել 2021 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 14:00-ին:
9. Դատավորի գործավար Ա. Թադևոսյանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 15-ին կազմվել է «ՀԵՌԱԽՈՍԱԳԻՐ», ըստ որի` 010-44-88-53 հեռախոսահամարից զանգահարել է պաշտպան Ս. Մինասյանի 094-19-45-67 հեռախոսահամարին և տեղեկացրել է նույն օրը` ժամը 14:00-ին, հետաձգված դատական նիստի մասին: Ըստ հեռախոսագրի` Ա. Թադևոսյանը զանգահարել է նաև ամբաստանյալ Արթուր Սարգսյանին և պաշտպան Էմին Խաչատրյանին 093-99-11-99 և 094-12-00-50 հեռախոսահամարներին, սակայն կապ հաստատել չի հաջողվել: Պաշտպան Ս. Մինասյանը, հեռախոսակապի միջոցով հայտնել է, որ կրկին կփորձի կապ հաստատել ամբաստանյալ Արթուր Սարգսյանի հետ, ինչպես նաև տեղեկացրել է, որ նախորդիվ չի կարողացել կապ հաստատել վերջինիս հետ:
10. Պաշտպան Ս. Մինասյանը 2021 թվականի նոյեմբերի 15-ին դիմում է ներկայացրել Դատարանին, որով հայտնել է, որ հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ թիվ ՍԴ/0060/01/21 քրեական գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել մեղադրողի կողմից և դատական նիստը նշանակված է 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 14:00-ին: Նշված դիմումում Ս. Մինասյանը հայտնել է, որ ոչ ինքը ոչ էլ մյուս պաշտպան Էմին Խաչատրյանը ծանուցված չեն եղել դատական նիստի մասին, ինչպես նաև իրեն և Է. Խաչատրյանին չի տրամադրվել Արթուր Սարգսյանի վերաբերյալ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի բողոքարկվող դատական ակտը: Ներկայացված դիմումով պաշտպան Ս. Մինասյանը խնդրել է թիվ ՍԴ/0060/01/21 քրեական գործով վերաքննիչ բողոքի քննության համար 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 14-00-ին, նշանակված դատական նիստը հետաձգել այլ հերթի, ինչպես նաև տրամադրել Արթուր Սարգսյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատական ակտը և ստանալու պահից պահպանել 10 օրյա ժամկետում պաշտպանության կողմի բողոք բերելու իրավունքը:
11. 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 14:00-ին, դատական նիստում շարունակվել է վերաքննիչ բողոքի քննությունը, դատական նիստին ներկայացել է դատախազ Լ. Շիրվանյանը: Դատավորը դատական նիստին հայտարարել է, որ մյուս մասնակիցները չեն ներկայացել, սակայն ծանուցված են եղել, դատարանի աշխատակազմը նաև հեռախոսակապի միջոցով է ծանուցել կողմերին: Դատարանը հրապարակել է պաշտպանի դիմումը դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, այսուհետև, որոշել է բողոքի քննությունը շարունակել առկա պայմաններում: Այնուհետև Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որից հետո հրապարակել է որոշումը:
12. Դատարանի Դատավորի 2021 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ն. Մովսիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Ամբաստանյալ Արթուր Լավրենտի Սարգսյանի (...) նկատմամբ կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը բեկանվել է: Պաշտպան Ս. Մինասյանի միջնորդությունը` որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:
13. Փաստաբաններ Էմին Խաչատրյանը և Սմբատ Մինասյանը թիվ ՍԴ1/0060/01/21 քրեական գործով Դատարանի ծանուցագրերն ստացել են 2021 թվականի նոյեմբերի 15-ին, իսկ ամբաստանյալ Արթուր Լավրենտի Սարգսյանի կողմից Դատարանի ծանուցագիրն ստանալու փաստը հավաստող ապացույց նշված գործում բացակայում է:
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի նախագահի և Հանձնաժողովի անդամի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում պատասխանել հետևյալ հարցադրումներին.
1. արդյո՞ք թիվ ՍԴ/0060/01/21 քրեական գործով վերաքննիչ բողոքի շրջանակներում Դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտում,
2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտումն առերևույթ պարունակում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում»:
Նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են.
Սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:
Սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.
1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,
2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,
3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջի նյութական բաղադրիչը` խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը,
4. դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք կարող է լինել բացառապես նրա մեղավոր վարքագիծը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան լիազորությունների շրջանակներում, յուրաքանչյուր դեպքում արարքը կարգապահական խախտում որակելու և հետևաբար համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու համար Բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնահատի արարքի համապատասխանությունը Օրենքով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոններին կամ դատավորի վարքագծի կանոններին ի պաշտոնե գործելիս` բացահայտելով իրավանորմերում առկա ոչ որոշակի ձևակերպումների իրավական բովանդակությունը:
Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն:
Օրենսգրքի 174.1. հոդվածի համաձայն`
1. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է քննչական կամ այլ դատավարական գործողության կամ դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, որոնք ունեն դրան մասնակցելու իրավունք կամ պարտականություն:
2. Անձի ծանուցումը կատարվում է`
1) թղթային ծանուցագրով.
2) էլեկտրոնային ծանուցագրով.
3) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով և միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով:
Օրենսգրքի 390-րդ հոդվածի համաձայն`
1. Վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կատարվում է սույն գլխում շարադրված կանոններով, ինչպես նաև վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով, բացառությամբ վճռաբեկ դատարանում բողոքի քննության գրավոր ընթացակարգով սահմանված կարգի:
2. Գործի քննության տեղի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են:
3. Դատական նիստին պարտադիր մասնակցում են`
1) դատախազը.
2) ամբաստանյալը, որը ներկայացրել է բողոքը, կամ որի շահերի պաշտպանության համար բողոք է ներկայացրել պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը, կամ երբ բողոք է բերել դատախազը` ոչ հօգուտ դատապարտյալի.
3) պաշտպանը` սույն օրենսգրքի 69 հոդվածով նախատեսված դեպքերում:
4. Դատավարության մյուս մասնակիցների չներկայանալը չի խոչընդոտում գործը քննելուն և դատական ակտ կայացնելուն:
4.1. (...)
5. Սույն օրենսգրքի 45.3-րդ գլխով նախատեսված կարգով կայացված դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությանը ամբաստանյալի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն:
Վերոնշյալ նորմերի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ դատարանում բողոքի քննության ընթացակարգը, ինչպես նաև` թե բողոքի քննության ժամանակ կողմերից ովքեր պետք է կամ իրավունք ունեն մասնակցելու վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի քննությանը: Օրենսգրքում հստակ նշված են այն դեպքերը, երբ դատական ստուգումն իրականացվում է դատախազի և պաշտպանի պարտադիր մասնակցությամբ:
Միաժամանակ օրենսդրի կողմից հնարավորություն է նախատեսվել որպես խափանման միջոց ընտրված կալանքի օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտերի վերանայման համար, այն է` Օրենսգրքով նախատեսված է, որ բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն, իսկ պաշտպանյալի պարտադիր մասնակցություն չի նախատեսվում:
Սույն կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր` Գ. Գասպարյան), քննելով թիվ ՍԴ1/0060/01/21 քրեական գործով պաշտպան Ս. Մինասյանի միջնորդությունը` Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ ամբաստանյալ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը փոփոխելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու մասին միջնորդությունը բավարարել է, այն է` որոշել է Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխել և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը` գրավի չափ սահմանելով 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արժեթղթերը, այլ արժեքները կամ անշարժ գույքը:
2021 թվականի հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՍԴ1/0060/01/21 քրեական գործով 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ն. Մովսիսյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք` պահանջելով բեկանել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` ամբաստանյալ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը և ներկայացված միջնորդությունը մերժել:
Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 11-ին որոշում է կայացրել «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին», ըստ որի` վերաքննիչ բողոքը քննության է նշանակվել դռնբաց դատական նիստում 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին: Նշված դատական ակտի եզրափակիչ մասում Դատարանը որոշել է դատական նիստին կանչել պաշտպաններին, ամբաստանյալին և դատախազին:
Դատավորը 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ԴԴ-8-Ե-4/466/21, ԴԴ-8-Ե-4/463/21, ԴԴ-8-Ե-4/461/21, ԴԴ-8-Ե-4/460/21 գրություններով համապատասխանաբար Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ն. Մովսիսյանին, ամբաստանյալ Արթուր Լավրենտի Սարգսյանին, պաշտպան Էմին Խաչատրյանին և պաշտպան Սմբատ Մինասյանին տեղեկացրել է, որ 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստերի թիվ 4 դահլիճում դատական ստուգման է ենթարկվելու թիվ ՍԴ1/0060/01/21 քրեական գործով ամբաստանյալ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը: Նշված գրությամբ խնդրվել է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին:
Դատավորի գործավար Ա. Թադևոսյանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 12-ին կազմվել է «ՀԵՌԱԽՈՍԱԳԻՐ», ըստ որի` 010-44-88-53 հեռախոսահամարից զանգահարել է դատախազ Ն. Մովսիսյանի 093-67-11-70, պաշտպան Ս. Մինասյանի 094-19-45-67 հեռախոսահամարներին և տեղեկացրել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, նշանակված դատական նիստի օրվա և ժամի մասին: Պաշտպան Ս. Մինասյանը հեռախոսակապի միջոցով հայտնել է, որ կտեղեկացնի դատական նիստի օրվա և ժամի մասին ամբաստանյալ Արթուր Սարգսյանին և պաշտպան Էմին Խաչատրյանին:
2021 թվականի նոյեմբերի 15-ին Դատարանը դռնբաց դատական նիստում դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման է ենթարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը: Նշված դատական նիստին ներկայացել է դատախազ Լ. Շիրվանյանը:
Դատավորի 2021 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ն. Մովսիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Ամբաստանյալ Արթուր Լավրենտի Սարգսյանի (...) նկատմամբ կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը բեկանվել է: Պաշտպան Ս. Մինասյանի միջնորդությունը` որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:
Օրենսգրքում խնդրո առարկա ընթացակարգին առնչվող վերաբերելի իրավակարգավորումների համատեքստում, վերաքննիչ դատարանում բողոքը դատախազի կողմից ներկայացրած լինելու դեպքում, ամբաստանյալի պարտադիր մասնակցություն, տառացի մեկնաբանությամբ, չի նախատեսվում:
Մասնավորապես, Օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական նիստին պարտադիր մասնակցում են` ամբաստանյալը, որը ներկայացրել է բողոքը, կամ որի շահերի պաշտպանության համար բողոք է ներկայացրել պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը, կամ երբ բողոք է բերել դատախազը` ոչ հօգուտ դատապարտյալի»:
Սույն գործով Բարձրագույն դատական խորհուրդը անհրաժեշտ է համարում դիտարկել քրեական դատավարությունում անալոգիայի կիրառման որոշակի կողմերին մասնավորապես այն հարցին, թե արդյոք օրենքի անալոգիայի կիրառումը կարող է դիտարկվել որպես դատավորի պարտականություն և ապա` արդյոք այդ պարտականությունը դատավորի կողմից չկատարելը կարող է դառնալ նրան նյութաիրավական, տվյալ դեպքում` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենքի անալոգիան և իրավունքի անալոգիան կարող են կիրառվել միայն, եթե տվյալ օրենքով չի արգելվում անալոգիայի կիրառումը:
«Իրավական ակտերի մասին» օրենքի (գործել է մինչև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը 07.04.2018 թվականին ուժի մեջ մտնելը) և վերը մեջբերված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կարգավորումները խնդրո առարկայի առթիվ սկզբունքորեն տարբեր են: Առաջինի 88-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում էր, որ «Եթե ծագած հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ իրավական այլ ակտերով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կարող են միայն օրենքով նախատեսված դեպքերում կիրառվել համանման հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը (անալոգիա)»: Գործող` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենքի անալոգիան և իրավունքի անալոգիան կարող են կիրառվել միայն, եթե տվյալ օրենքով չի արգելվում անալոգիայի կիրառումը:
Այս առումով Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ակնհայտորեն, օրենսդրի նպատակն է ավելի լայն հնարավորություններ տալ իրավակիրառին` անալոգիա կիրառելու համար: Միաժամանակ, գործող օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը:
Այսինքն, մեջբերված իրավակարգավորման համաձայն` օրենսդրի նպատակն է անձի իրավիճակը բացառապես բարելավող մեկնաբանության հնարավորություն ընձեռելը: Վերջինս, սակայն, չի նշանակում, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այդ հնարավորությունից օգտվելը հանդիսանում է իրավակիրառի, տվյալ դեպքում` դատավորի պարտականությունը, այլ կերպ ասած, որ դատավորը կրում է ամբաստանյալի պարտադիր մասնակցությունն ապահովելու պարտականություն` անգամ բողոքը դատախազի կողմից բերված լինելու դեպքում:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանում խնդրո առարկա հարցերով հրավիրվող նիստերին պարտադիր է միայն այն ամբաստանյալի մասնակցությունը, որը ներկայացրել է բողոքը, կամ որի շահերի պաշտպանության համար բողոք է ներկայացրել պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը, իսկ դատախազի կողմից բողոք բերվելու դեպքում պարտադիր է միայն դատապարտյալի կարգավիճակ ունեցող անձի մասնակցությունը, այսինքն` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է այն, ինչը բառացի նախատեսված է Օրենսգրքով:
Այսինքն, Դատավորը, ՀՀ օրենսդրության համաձայն, չունենալով անալոգիա կիրառելու պարտականություն, իրեն պարտավորված համարելով իրազեկել պաշտպանության կողմի մասնակիցներին նիստի մասին, պատշաճ ջանասիրություն է ցուցաբերել ամբաստանյալի և նրա ներկայացուցչի ներկայությունը հրավիրված դատական նիստին ապահովելու համար` ուղարկել է գրավոր ծանուցագրեր, իր աշխատակազմի միջոցով հեռախոսակապով փորձել իրազեկել նիստի մասին, հետաձգելի նիստերը: Այդ ջանասիրության արդյունքում Դատարանին հաջողվել է կապ հաստատել պաշտպան Ս. Մինասյանի հետ և տեղեկացնել նախապես հրավիրված դատական նիստի ժամանակի մասին, իսկ մնացած կողմերի հետ, չնայած արված փորձերին, կապ հաստատել չի հաջողվել:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թիվ ՍԴ1/0060/01/21 քրեական գործով Վերաքննիչ դատարանն ինչպես ի թիվս այլ մասնակիցների, այնպես էլ ամբաստանյալ Արթուր Սարգսյանի առումով, դրսևորել է անհրաժեշտ և բավարար ջանասիրություն վերջինիս մասնակցությունը ևս Վերաքննիչ դատարանում կայանալիք դատական նիստերին ապահովելու, նրան նախապես իրազեկելու ուղղությամբ, մինչդեռ դրական արդյունք չի արձանագրվել:
Հանձնաժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդում հրավիրված կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստում ընդունեց, որ եթե Դատարանը կարողանար ապահովել մյուս կողմերի պատշաճ ներկայությունը հրավիրված նիստին, ապա տվյալ դեպքում Հանձնաժողովը Դատավորի գործողություններում մեղքի բացակայության հարցը:
Այս առումով ևս Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով անձնական պատասխանատվության սկզբունքով, այն է` յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր գործողության կամ անգործության համար, արձանագրում է, որ Դատավորին վերագրվող արարքում, այն է` թիվ ՍԴ1/0060/01/20 քրեական գործով առանց ամբաստանյալի և նրա պաշտպանների մասնակցության քննության առարկա դարձնելով բողոքը և կայացնելով որոշում, մեղքի առկայությունը չի կարող կախվածության մեջ գտնվել Դատավորից բացի այլ անձանց, տվյալ դեպքում` ամբաստանյալի և նրա պաշտպանների վարքագծից, ինչպես նաև Դատարանի զանգերին պատասխանելու նրանց պատրաստակամությունից:
Վերոգրյալի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Հանձնաժողովի կողմից Դատավորին վերագրվող արարքում բացակայում է Դատավորի մեղքը, որպիսի պայմաններում Դատավորի կայացրած որոշման շրջանակներում առերևույթ բացակայում են դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտումները, այդ թվում` Դատավորի գործողությունների ոչ իրավաչափ բնույթը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 10-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը,
ՈՐՈՇԵՑ
1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի
նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյան
Անդամներ` Դ. Խաչատուրյան
Լ. Մելիքջանյան
Խ. Միքայելյան
Ծ. Մոչարյան
Հատուկ կարծիք պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
Գ. Բեքմեզյան
Ա. Մխիթարյան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 23 մայիսի 2022 թվական: