Սեղմել Esc փակելու համար:
Ի ՎԱՅՐ (ՎԱՐ), Ի ՎԵՐ ՀԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ի ՎԱՅՐ (ՎԱՐ), Ի ՎԵՐ ՀԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԱԶՄՎԱԾ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՌԵՐԻ Գ ...

 

 

304.0002.261000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆ

 

1 փետրվարի 2000 թվականի թիվ 8/2

 

Ի ՎԱՅՐ (ՎԱՐ), Ի ՎԵՐ ՀԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԱԶՄՎԱԾ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՌԵՐԻ ԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

հաստատել ի վայր (վար), ի վեր հետադրություններով կազմված բառակապակցությունների և բառերի գրության կանոնները:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ լեզվի պետական տեսչության

թիվ 8/2 հրամանով

01 փետրվարի 2000թ.

 

Ի ՎԱՅՐ (ՎԱՐ), Ի ՎԵՐ ՀԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԱԶՄՎԱԾ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՌԵՐԻ ԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Ժամանակակից հայերենում գոյականներով և ի վայր (վար), ի վեր հետադրություններով կազմված կապակցությունների ու բարդ բառերի գրության մեջ առաջացել են ավելորդ զուգաձևություններ: Այսպես, օրինակ` դար ի վեր - դարիվեր, զառ ի վայր - զառիվայր, հիմն ի վեր - հիմնիվեր, լեռն ի վայր (վար) - լեռնիվայր (վար), սարն ի վեր - սարնիվեր և այլն:

Ուղղագրական այս անհարկի և շփոթեցնող զուգաձևությունները վերացնելու նպատակով անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ կանոններով:

1. Անջատ կամ հարադրությամբ գրվում են.

Գոյականներով և ի վայր (վար) ու ի վեր հետադրություններով կազմված կապակցությունները:

Դրանք են`

ա) հատուկ տեղանուն գոյականներով և ի վայր (վար) ու իր վեր հետադրություններով կազմված կապակցությունները: Օրինակ` Մասիսն ի վեր, Ծովասարն ի վայր և այլն.

բ) հոգնակի գոյականներով և ի վայր (վար) ու ի վեր հետադրություններով կազմված կապակցությունները: Օրինակ` սարերն ի վեր, ձորերն ի վայր, դարերն ի վեր և այլն.

գ) գոյականական բառակապակցությամբ ի վայր (վար) ու իր վեր հետադրություններով կազմված կապակցությունները: Օրինակ` Արայի լեռն ի վայր, ավերակ բերդի պատն ի վեր, դիմացի սարն ի վեր, այդ օրից ի վեր և այլն.

դ) բառային անկախություն ունեցող շեշտակիր գոյականներով կամ մակբայներով և ի վայր (վար) ու վեր հետադրություններով կազմված կապակցությունները. օրինակ` գետն ի վայր, կիրճն ի վեր, փողոցն ի վար, վաղուց ի վեր, հնուց ի վեր և այլն:

Գոյականներով և ի վայր (վար) ու ի վեր հետադրություններով բաղադրված այն բարդ բառերը, որոնք ունեն մեկ բառային շեշտ և մակբայի, երբեմն էլ ածականի կամ գոյականի խոսքիմասային նշանակություն:

Դրանք են`

բերանքսիվայր, բերանքսիվեր (գրվում են նաև` բերանսիվայր (վար), բերանսիվեր), գլխիվայր (վար), գլխիվեր, դարիվայր (վար), դարիվեր, երեսնիվայր (վար), երեսնիվեր, զառիվայր (վար), զառիվեր, հիմնիվայր (վար), հիմնիվեր:

 

Ծանոթություն 1: Ի վայր և ի վար զուգաձևերը (սարերն ի վայր - սարերն ի վար, զառիվայր - զառիվար), գրական-գրքային և խոսակցական-ժողովրդական ոճական տարբերակներ են: Այսպես` «Լեռն ի վայր ինչու՞ անուշ կարկաչով վազում է առուն դալարի միջով» (Ռ. Պատկանյան): «Թեթև քամին լեռն ի վար քշում է Ասատուրի այրված տան տաք մոխիրը» (Խ. Դաշտենց): «Դուրս գալով ձորից` ճանապարհը թեքվեցավ դեպի լեռնային զառիվայրը» (Րաֆֆի): «Ողջ գիշեր նա մնաց այդպես բերանքսիվայր» (Ս. Խանզադյան): «Ողջ բանակը ... ընկավ բերանքսիվայր գետնին» (Դ. Դեմիրճյան):

 

Ծանոթություն 2: Թույլատրվում է անանջատ գրության միավորների բաղադրիչների անջատ գրությունը, եթե առաջին բաղադրիչը նույնությամբ անկախ գործածություն ունի` դար ի վեր, երեսն ի վայր, հիմն ի վեր, բայց` բերանքսիվայր, բերանքսիվեր, գլխիվեր:

 

Ծանոթություն 3: Անհանձնարարելի է անջատ գրություն ունեցող լեռն ի վայր (վար), լեռն ի վեր, պատն ի վայր (վար), պատն ի վեր, սարն ի վայր (վար), սարն ի վեր միավորների անանջատ (լեռնիվայր (վար), լեռնիվեր, պատնիվայր (վար), պատնիվեր, սարնիվայր (վար), սարնիվեր) գրությունը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «26» 10 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30400122

 

 

pin
Լեզվի տեսչություն
01.02.2000
N 8/2
Հրաման