Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՏՎՅԱԼ ԳՈՐԾԻ ՓԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԴ/0387/01/19

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Ա. Վարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    22 ապրիլի 2022 թվական                      ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Սուսաննա Խաչատուրի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2018 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 58219718 քրեական գործը:

2018 թվականի սեպտեմբերի 10-ին Սուսաննա Խաչատուրի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2018 թվականի սեպտեմբերի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, բավարարելով նախաքննության մարմնի միջնորդությունը, Սուսաննա Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 2 ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի մայիսի 24-ի որոշմամբ Ս.Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել ու փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի մայիսի 30-ի որոշմամբ թիվ 58219718 քրեական գործից Ս.Պետրոսյանի վերաբերյալ մաս է անջատվել, որին շնորհվել է 58212419 համարը:

2019 թվականի հունիսի 12-ին Ս.Պետրոսյանի վերաբերյալ թիվ 58212419 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի հունիսի 13-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 2019 թվականի հունիսի 28-ի որոշմամբ` նշանակվել է դատական քննության:

3. 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Ս.Պետրոսյանի պաշտպան Է.Թումասյանը միջնորդություն է ներկայացրել` իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին, որն Առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ մերժվել է, և Ս.Պետրոսյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել անթույլատրելի:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ պաշտպան Է.Թումասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանվել է, ամբաստանյալ Ս.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով` գրավի չափ սահմանելով 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի փետրվարի 9-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

6. Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել պաշտպան Է.Թումասյանը` խնդրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Նախաքննության մարմնի` 2019 թվականի մայիսի 24-ի որոշմամբ Սուսաննա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ «նա 11.05.2015թ. կնքված թիվ 04/110515-1 պայմանագրի համաձայն` զբաղեցնելով ՀՀ կենտրոնական բանկի դրամաշրջանառության վարչության արժույթի թողարկման մասնագետի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով և կատարելով նյութական պատասխանատու աշխատանք, որն անմիջապես առնչվում է արժեքների հետ, իր վրա վերցնելով բանկի կողմից իրեն վստահված արժեքների (կանխիկ դրամ, արժեթղթեր, հուշադրամներ և այլ դրամագիտական արժեքներ, ինչպես նաև աշխատանքի ընթացքում իրեն վստահված կամ հանձնված այլ նյութական արժեքներ) պահպանման լրիվ նյութական պատասխանատվություն, ընդունման-հանձնման կարգադրություններ, ակտեր կազմելու, «Գործառնական օր» համակարգում հաշվապահական ձևակերպումներ իրականացնելու, ինչպես նաև դրամագիտական արժեքների պահուստների դրամապահոց արժեքների մուտքագրման, ելքագրման, դրանց հաշվառման հետ կապված պարտականություններ ունենալով` 2015 թվականից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իրեն վստահված` 1 հատ «Վարդան Մամիկոնյան» 100 գրամ կշռով, 200.000 դրամ անվանական արժեքով 999,9 հարգի ոսկուց ձուլված, չհաստատված հուշադրամի նմուշի, որի արժեքը կազմում է 2.400.000 ՀՀ դրամ, 195 հատ 3.89 գրամ կշռով, 5.000 դրամ անվանական արժեքով «Հայոց այբուբենի տառեր» պրուֆ տեսակի ոսկե հուշադրամների, որոնց արժեքը կազմում է 21.450.000 ՀՀ դրամ, ևս 39 հատ 3.89 գրամ կշռով, 5.000 դրամ անվանական արժեքով «Հայոց այբուբենի տառեր» պրուֆ տեսակի ոսկե հուշադրամների, որոնց արժեքը կազմում է 4.290.000 ՀՀ դրամ և 938 հատ 3.89 գրամ կշռով, 5000 դրամ անվանական արժեքով «Հայոց այբուբենի տառեր» լավացված տեսակի ոսկե հուշադրամների, որոնց արժեքը կազմում է 101.304.000 ՀՀ դրամ, նկատմամբ ունեցած նյութական պատասխանատվությունից, դիտավորությամբ, ապօրինի կերպով` ՀՀ կենտրոնական բանկի դրամագիտական արժեքների 1-ին, 3-րդ և «Դրամագետ» վաճառասրահի պահոցներից հափշտակել է 1 հատ «Վարդան Մամիկոնյան» 100 գրամ կշռով, 200.000 դրամ անվանական արժեքով 999,9 հարգի ոսկուց ձուլված չհաստատված հուշադրամը, որի արժեքը կազմում է 2.400.000 ՀՀ դրամ, 115 հատ 3.89 գրամ կշռով, 5.000 դրամ անվանական արժեքով «Հայոց այբուբենի տառեր» պրուֆ տեսակի ոսկյա հուշադրամները, որոնց արժեքը կազմում է 12.650.000 ՀՀ դրամ, 39 հատ 3.89 գրամ կշռով, 5.000 դրամ անվանական արժեքով «Հայոց այբուբենի տառեր» պրուֆ տեսակի ոսկյա հուշադրամները, որոնց արժեքը կազմում է 4.290.000 ՀՀ դրամ և 938 հատ 3.89 գրամ կշռով, 5000 դրամ անվանական արժեքով «Հայոց այբուբենի տառեր» լավացված տեսակի ոսկե հուշադրամները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 101.304.000 ՀՀ դրամ:

Ընդհանուր Ս.Պետրոսյանը հափշտակել է 120.644.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 1.093 հատ ոսկյա հուշադրամներ, որոնցից 64 հատն իր մտերիմների անուններով գրավադրել է ՀՀ-ում գործող առևտրային բանկերում, իսկ մնացածը վաճառել տարբեր ոսկյա զարդերի առևտրի կետերում և օգտագործել իր անձնական կարիքների համար` այդ կերպ ՀՀ կենտրոնական բանկին պատճառելով ընդհանուր 120.644.000 ՀՀ դրամի գույքային վնաս»(1):

_______________________________

1) Տե՛ս դատական գործի հավելված, հատոր 2, թերթ 44 (քրեական գործի նյութերի սկանավորված տարբերակի լազերային սկավառակը):

 

i

8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Դատարանը (...) արձանագրում է, որ ամբաստանյալ Սուսաննա Պետրոսյանին վերագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարք կատարած լինելու հանգամանք, որի կատարման եղանակի և հանցավոր մտադրության իրականացման աստիճանի համակարգային վերլուծությունը Դատարանին հիմք են տալիս հիմնավորված ենթադրություն անել, որ ամբաստանյալ Սուսաննա Պետրոսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս առկա են վերջինիս կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման հավանականությունը:

Դատարանը, նկատի ունենալով, որ թեև ամբաստանյալ Սուսաննա Պետրոսյանի անձը հայտնի է, վերջինս ունի մշտական բնակության վայր, սակայն մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և Դատարանի համոզմամբ կան հիմնավոր կասկածներ, որ գրավ կիրառելու և Սուսաննա Պետրոսյանի ազատության մեջ մնալու դեպքում, վերջինս կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, խուսափել հնարավոր քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց` դրանով խոչընդոտելով Դատարանի հնարավոր դատավճռի կատարմանը, վերոգրյալները նաև հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել ամբաստանյալ Սուսաննա Պետրոսյանի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության մասին:

Դատարանը գտնում է, որ գործի դատարանում քննության տվյալ փուլում դեռևս չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել ամբաստանյալի նկատմամբ կալանք խափանման միջոցը ընտրելու համար, որն էլ Դատարանին իրավունք է տալիս գալու հետևության, որ դեռևս բացակայում են տվյալ խափանման միջոցը գրավով փոխելու հիմքերը:

Վերոգրյալների հիման վրա Դատարանը գտնում է, որ կալանավորման այլընտրանքային երաշխիքը, կոնկրետ դեպքում գրավը, ի զորու չէ կանխելու Սուսաննա Պետրոսյանի ոչ իրավաչափ վարքագիծը և չի կարող զսպիչ նշանակություն ունենալ և երաշխավորել դատաքննության ընթացքում վերջինիս պատշաճ վարքագիծը, ուստի ամբաստանյալի նկատմամբ ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման: (...)»(2):

_______________________________

2) Տե՛ս դատական գործի հավելված, հատոր 1, թերթեր 7-9:

 

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով պարզվեց, որ Առաջին ատյանի դատարանը Վերաքննիչ դատարան է ուղարկել հետևյալ նյութերը`

ա. քրեական գործն իր վարույթ ընդունելու մասին որոշումը.

բ. քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշումը.

գ. վիճարկվող որոշումը.

դ. տվյալ դատական նիստի համառոտագրությունը և ձայնագրառման էլեկտրոնային կրիչը.

ե. Պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքի` Առաջին ատյանի դատարանին հասցեագրված օրինակը.

զ. Պաշտպանի բողոքի պատճենը մեղադրողին ուղարկելու մասին գրության երկրորդ օրինակը:

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, բացի Ամբաստանյալին անազատության մեջ գտնվելը հիմնավորող պատճառաբանված և հիմնավորված որոշում կայացնելու, պարտավոր էր վերաքննիչ ատյան ուղարկել առնվազն հետևյալ նյութերը (թղթային կամ էլեկտրոնային տարբերակով)`

ա. վիճարկվող որոշման հիմքում դրված և օգտագործված նյութերի պատճենները.

բ. վերաքննիչ բողոքով կողմի վիճարկած և ըստ էության Առաջին ատյանի դատարանի կողմից մերժված կամ չարժևորված հանգամանքներին առնչվող, դրանց վրա լույս սփռող նյութերի պատճենները, որոնք Վերաքննիչ դատարանին հնարավորություն կտային վիճարկվող որոշման դատական ստուգումն իրականացնել առանց ավելորդ ձգձգումների և առանց բավարար հիմքերի ու հիմնավորումների անազատության մեջ պահելու փաստն արձանագրելու յուրաքանչյուր դեպքում` անհապաղ վերականգնել անձի այդ իրավունքի խախտումը:

Սակայն, հաշվի առնելով վիճարկվող դատական ակտի պատճառաբանվածության ոչ բավարար աստիճանը, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքի քննությունն ու լուծումը հնարավոր է առանց Առաջին ատյանի դատարանից լրացուցիչ նյութեր պահանջելու (...):

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Պաշտպանը վերաքննիչ բողոքում ներկայացրել է իր վստահորդի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բեկանելու և գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու պահանջ: Վերոնշյալ պահանջի պայմաններում վերագրված արարքին Ամբաստանյալի առնչությունը (հիմնավոր կասկածը) չի վիճարկվել, հետևաբար, հաշվի առնելով (...) այն, որ Վերաքննիչ դատարանը տվյալ հարցով չի կարող դուրս գալ վերաքննիչ բողոքի սահմաններից` արձանագրում է, որ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վերագրված արարքին Ամբաստանյալի առնչությունը (հիմնավոր կասկածը) հաստատող բավարար տվյալներ, այդ մասով դատական ակտն առերևույթ պատճառաբանված է` նույնիսկ վերաքննիչ բողոքին կից դատարան ներկայացված նյութերում դրա վերաբերյալ որևէ նյութ կամ փաստական տվյալ ներկայացված չլինելու պարագայում:

(...) Անդրադառնալով կալանավորման քրեադատավարական հիմքերին և դրա վերաբերյալ Պաշտպանի վիճարկումներին` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վիճարկվող դատական ակտում դրանց առկայությունը պատշաճ խորությամբ պատճառաբանված չէ. Առաջին ատյանի դատարանը դրանց առկայությունն արձանագրել է քրեադատավարական օրենքի ստանդարտ ձևակերպումների հիման վրա, թեև, հատկապես հաշվի առնելով Ամբաստանյալին տևական ժամանակ` շուրջ 1 տարի 4 ամիս անազատության մեջ պահելու փաստը` պարտավոր էր նախորդ և նախորդող որոշումների համեմատությամբ առավել հետևողականորեն անդրադառնալ Ամբաստանյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության հարցին, ինչը նաև բխում է ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի պահանջներից և մի շարք գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած և սույն դատական ակտում վկայակոչված իրավական դիրքորոշումից:

Վիճարկվող որոշման համաձայն` Ամբաստանյալի կալանավորման ժամկետը երկարացնելու հետևության հանգելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել նրան վերագրված հանցագործության ծանրությունը, հետևաբար` ակնկալվող պատժի խստությունը (հանդիսանում է ծանր հանցագործություն, որը պատասխանատվություն է նախատեսում ազատազրկման ձևով` 5-ից 8 տարի ժամկետով), դատարանում գործի քննության տվյալ փուլը, երբ դեռ չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել Ամբաստանյալի նկատմամբ կալանք խափանման միջոցն ընտրելու համար, «համակարգային վերլուծության» է ենթարկել այդ հանցանքի կատարման եղանակը և հանցավոր մտադրության իրականացման աստիճանը` փաստելով, որ գրավ կիրառելու և Ս.Պետրոսյանի ազատության մեջ մնալու դեպքում նա կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, խուսափել հնարավոր քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց` դրանով խոչընդոտելով Դատարանի հնարավոր դատավճռի կատարմանը:

Մինչդեռ, վիճարկվող որոշման մեջ Ամբաստանյալին վերագրվող մեղադրանքի փաստական կողմը նույնիսկ մեջբերված չէ (ինչը եթե նույնիսկ իր համար հայտնի է, Վերաքննիչ դատարանի համար հայտնի չէ), բացակայում է որևէ վերլուծություն հանցանքի կատարման եղանակի և հանցավոր մտադրության իրականացման աստիճանի վերաբերյալ, թեև վերոնշյալ հանգամանքը ևս հաշվի է առնվել Պաշտպանի միջնորդությունը մերժելիս: Չկան նաև նշումներ, թե գործը դատաքննության կոնկրետ որ փուլում է, մասնավորապես` ինչ ծավալի ապացույցներով են քրեական հետապնդման մարմինները հիմնավորել Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (ըստ մեղադրական եզրակացության) և այդ ապացույցներից որևէ մեկը դատարանում հետազոտվել է, թե` ոչ: Վիճարկվող դատական ակտում որևէ խոսք չի գնում Ամբաստանյալին կալանավորելու ժամկետի սկզբի, նրան անազատության մեջ պահելու տևողության մասին, թեև խոսվում է գործի դատական քննության տվյալ փուլում նրան կալանքի տակ պահելու, այլ կերպ` կալանավորման ժամկետը երկարացնելու անհրաժեշտության մասին, ավելին` որոշման մեջ վկայակոչվել, սակայն պատշաճ կարգով չեն համադրվել և գնահատվել Ամբաստանյալի անձը բնութագրող, ինչպես նաև միջնորդությունը քննարկելիս պարզման ենթակա տվյալները` բարձրագույն կրթություն ունենալը, մշտական բնակության վայրի առկայությունը, սեռը:

(...) Անդրադառնալով Ամբաստանյալի վերաբերյալ գործը քննող մարմինների ջանասիրությանը` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այդ ջանասիրությունը վերաբերում է ոչ միայն քրեական հետապնդման մարմինների, այլև գործն ըստ էության քննող, նույնիսկ վերադաս դատարաններին:

(...) Վիճարկվող որոշումից և կից ներկայացված նյութերից կարելի է եզրակացնել, որ գործով մեղադրվում է մեկ անձ, որը գտնվում է անազատության մեջ, գործը Առաջին ատյանի դատարանի վարույթ է ընդունվել 2019 թվականի հունիսի 13-ին, առաջին դատական նիստը նշանակվել է հուլիսի 9-ին, իսկ վերաքննիչ բողոքից հետևում է, որ գործը Դատարանում քննվում է բացառապես Ամբաստանյալի վերաբերյալ առանձին վարույթ անջատված քրեական գործից, Ամբաստանյալը սույն գործով ձերբակալվել է դեռևս 2018 թվականի սեպտեմբերի 7-ից:

Վերոնշյալ և Ամբաստանյալի կալանքի տակ տևական ժամանակ գտնվելու փաստական տվյալների համադրումից կարելի է եզրակացնել, որ մեկ ամբաստանյալի վերաբերյալ գործը քննելիս վարույթն իրականացնող մարմինները, տվյալ դեպքում` Առաջին ատյանի դատարանը, շուրջ 5 ամիս գործը քննելով, չեն ցուցաբերել անհրաժեշտ ջանասիրություն (ըստ եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պատշաճ ջանասիրությունը ենթակա է գնահատման անձի անազատության մեջ հայտնվելու կամ կասկածյալի/մեղադրյալի կարգավիճակ ստանալու օրվանից), առնվազն դրա վերաբերյալ վիճարկվող որոշման մեջ և դրա վերաբերյալ վերաքննիչ ատյան ներկայացված նյութերում բացակայում են որևէ հակափաստարկներ կամ նյութեր: Վերոնշյալ հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև դատական նիստում Պաշտպանի տված պարզաբանումը, ըստ որի` նախագահող դատավորի` այլ գործերով գերծանրաբեռնվածության պատճառով սույն գործով դատական նիստերը նշանակվում են ամիսը մեկ անգամ, մեղադրական եզրակացությունում դատակոչված են ընդամենը 14-15 վկա, ըստ ապացույցների հետազոտման սահմանված հաջորդականության` առաջինը հետազոտվում են գործում առկա փաստաթղթերը, որոնց հետազոտությունը դեռևս չի ավարտվել:

i

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սուսաննա Պետրոսյանի պատշաճ վարքագիծն այլևս հնարավոր է ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի, տվյալ դեպքում` 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գրավի կիրառմամբ, որը, որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող է հաղթահարել նրա կողմից հնարավոր ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ մտավախությունները, այլ կերպ` պաշտպան Էդգար Թումասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման` սույն որոշման մեջ նշված պատճառաբանությամբ, իսկ թիվ ԵԴ/0387/01/19 քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը` բեկանման: Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով, որ գրավի չափը սահմանելիս վերագրված արարքով ենթադրաբար պատճառված վնասի չափը, այն լրիվ կամ մասամբ հատուցված չլինելու հանգամանքը գրավի գումարի չափը կանխորոշող էական փաստարկ չէ` արձանագրում է, որ վերը նշված պայմաններում 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով գրավի սահմանումը կարող է մինչև դատական քննության ավարտը երաշխավորել ամբաստանյալ Սուսաննա Պետրոսյանի պատշաճ վարքագիծը»(3):

_______________________________

3) Տե՛ս դատական գործի հավելված, հատոր 1, թերթեր 84-105

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ հիմնավորումներով.

10. Վճռաբեկ բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, այն է` ամբաստանյալ Սուսաննա Պետրոսյանը գրավի կիրառմամբ անհիմն ազատ է արձակվել, որի արդյունքում առաջացել է նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականություն:

Բողոքաբերը փաստարկել է, որ դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել և հաշվի չի առել Ս.Պետրոսյանին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության բնույթը և ծանրության աստիճանը, հանցավոր նպատակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը:

Բողոքաբերը նշել է, որ Ս.Պետրոսյանին մեղսագրվող հանցանքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է հինգից ութ տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Նշված խիստ պատժով պայմանավորված բարձր է նաև ամբաստանյալի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու հավանականությունը:

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները, ամբաստանյալի ենթադրյալ վարքագծի դրսևորումները, ամբաստանյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, ինչպես նաև կալանքի հիմքերը, գտնում է, որ գրավի կիրառման միջոցով ողջամտորեն հնարավոր չէ ապահովել ամբաստանյալ Ս.Պետրոսյանի հետագա պատշաճ վարքագիծը դատարանում գործի քննության ընթացքում: Մասնավորապես, շարունակում են առկա լինել ողջամիտ ենթադրություններ առ այն, որ ամբաստանյալ Ս.Պետրոսյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու պայմաններում, վերջինս կխոչընդոտի դատարանում գործի քննությանը` դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով, կկատարի քրեական օրենքով չթույլատրված արարք և կխուսափի քրեական պատասխանատվությունից և ենթադրաբար նշանակվող պատիժը կրելուց, որպիսի պայմաններում գրավը, որպես կալանավորման այլընտրանք, չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ կալանավորման վերը նշված հիմքերի չեզոքացման համար:

Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ամբաստանյալ Ս.Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու բոլոր հիմքերը շարունակել են առկա լինել, իսկ ընդամենը 2.000.000 ՀՀ դրամի չափով գրավի կիրառումն ուղղակի չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի` 120.644.000 ՀՀ դրամի հափշտակության կատարման մեջ մեղադրվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար:

Բողոք բերած անձը հիմնավոր չի համարել Վերաքննիչ դատարանի այն դատողությունները, թե իբր Առաջին ատյանի դատարանը չի ցուցաբերել պատշաճ ջանասիրություն և քրեական գործը չի քննվում ողջամիտ ժամկետներում: Բողոքաբերն ընդգծել է, որ եթե նույնիսկ Վերաքննիչ դատարանին տրամադրված նյութերում կամ վիճարկվող դատական ակտում առկա չեն ջանասիրության վերաբերյալ փաստական տվյալներ, ապա այդ դեպքում Վերաքննիչ դատարանը զրկված չէր նշված փաստական տվյալներն իր նախաձեռնությամբ պարզելու հնարավորությունից:

11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Ս.Պետրոսյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը, ամբաստանյալ Ս.Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված գրավը ճանաչել անթույլատրելի և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց թողնել կալանավորումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց` զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Ս.Պետրոսյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը:

i

13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(...)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (...)»:

i

14. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար (...)»:

14.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` հիմնավոր կասկածի շարունակական առկայությունն առ այն, որ ձերբակալված անձը կատարել է հանցանք, շարունակական կալանքի իրավաչափության համար պարտադիր պայման է, սակայն որոշ ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար: Նման դեպքերում ազատությունից զրկելը պետք է շարունակի հիմնավորված լինել նաև այլ հիմքերով: Այն դեպքում, երբ նման հիմքերը հիմնավոր են և բավարար, պետք է հավաստիանալ, թե իրավասու մարմինները վարույթն իրականացնելիս դրսևորել են արդյոք պատշաճ ջանասիրություն: Ընդ որում, անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս իրավասու մարմինները պարտավոր են դիտարկել այլընտրանքային միջոցներ` դատաքննությանը նրա ներկայությունն ապահովելու համար(4):

_______________________________

4) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ara Harutyunyan v. Armenia գործով 2016 թվականի հոկտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 629/11, կետեր 48-49:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում «հիմնավոր» և «բավարար» են համարվում այնպիսի հիմքեր, ինչպիսիք են թաքնվելու վտանգը, վկաների վրա ներգործելու նպատակով ճնշում գործադրելու կամ կեղծված ապացույցների ռիսկը, նախնական համաձայնության գալու ռիսկը, կրկին հանցագործություն կատարելու ռիսկը, հասարակական կարգը խախտելու ռիսկը և կալանավորված անձին պաշտպանելու անհրաժեշտությունը: Ընդ որում, ազատ արձակելուն կողմ և դեմ փաստարկները չպետք է լինեն ընդհանուր և վերացական(5):

_______________________________

5) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ara Harutyunyan v. Armenia գործով 2016 թվականի հոկտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 629/11, կետեր 50-51:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային պրակտիկայում ձևավորել է մոտեցում առ այն, որ փախուստի վտանգը չի կարող հիմնվել բացառապես հնարավոր պատժի ծանրության վրա: Այն պետք է գնահատվի մի շարք այլ վերաբերելի ապացույցների վրա հիմնվելով, որոնք կամ կհաստատեն այդ վտանգի առկայությունը, կամ կհաստատեն, որ վտանգն այնքան փոքր է, որ արդյունքում դրանով անհնար է հիմնավորել նախնական կալանքը(6):

_______________________________

6) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Panchenko v. Russia գործով 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 45100/98, կետ 106:

 

Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ փախուստի վտանգը պետք է գնահատել` հաշվի առնելով մի շարք գործոններ, որոնք կվերաբերեն տվյալ անձի կերպարին, բարոյականությանը, մշտական բնակության վայրին, մասնագիտությանը, ունեցվածքին, ընտանեկան և տարատեսակ այլ կապերին այն երկրի հետ, որում նա ենթարկվում է քրեական հետապնդման(7):

_______________________________

7) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Becciev v. Moldova գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 9190/09, կետ 58:

 

i

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (...)»:

i

Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը (...) խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.

3) տարիքը և առողջական վիճակը.

4) սեռը.

5) զբաղմունքի տեսակը.

6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.

7) գույքային դրությունը.

8) բնակության մշտական վայրի առկայությունը.

9) այլ էական հանգամանքներ»:

i

16. Մինչև 2020 թվականի ապրիլի 24-ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը»:

i

16.1. Կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը պատշաճ գնահատման ենթարկելու անհրաժեշտության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Սամվել Մարգարյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման հավանականությունը գնահատելիս և, հետևաբար, դրա հիման վրա մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է պատշաճ գնահատման ենթարկի մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը բնութագրող այլ հանգամանքները: (...)»(8):

_______________________________

i

8) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամվել Մարգարյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշումը, կետ 14:

 

Զարգացնելով գրավի թույլատրելիության վերաբերյալ իր նախադեպային իրավունքը` Վճռաբեկ դատարանը Դավիթ Վարդանյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(...) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը վկայում է, որ Եվրոպական դատարանը մշակել է հանցագործության համար մեղադրվող անձին մինչև դատավճիռը կալանքի տակ պահելու համար ընդունելի չորս հիմնական հիմքեր. մեղադրյալի` դատաքննությանը չներկայանալու վտանգը (տե՛ս Stogmuller v. Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, § 15), վտանգը, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կխոչընդոտի արդարադատության իրականացմանը (տե՛ս Wemhoff v. Germany, 1968 թվականի հունիսի 27, § 14) կամ կկատարի նոր հանցանքներ (տե՛ս Matznetter v Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, § 9) կամ կկատարի հասարակական անկարգություններ (տե՛ս Letellier v. France, 1991 թվականի հունիսի 26, § 51): ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում ըստ էության նախատեսված են նշված հիմքերը, որոնցից յուրաքանչյուրի առկայությունը կալանավորման պայմանների հետ միասին ինքնին հիմք է անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Միևնույն ժամանակ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմի ուսումնասիրությունից հետևում է, որ անձի կալանավորման հարցը լուծելիս իրավասու դատարանները լիազորված են քննարկել դատաքննությանը մեղադրյալի ներկայանալը երաշխավորող այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա այդպիսի միջոց է գրավը: (...)»(9):

_______________________________

9) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Դավիթ Վարդանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 որոշումը, կետ 16:

 

16.2. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- ներպետական իշխանությունները, անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս, պետք է փնտրեն նաև այլընտրանքային միջոցներ, որոնք թույլ կտան ապահովել տվյալ անձի ներկայությունը դատաքննությանը(10),

_______________________________

10) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` Idalov v. Russia գործով 2012 թվականի մայիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 5826/03, 140-րդ կետ:

 

- կալանքը պետք է կիրառվի որպես անձի ազատության իրավունքի սահմանափակման վերջին կամ ծայրահեղ միջոց, երբ այլ միջոցներով հնարավոր չէ լիարժեք երաշխավորել վարույթի պատշաճ ընթացքը(11),

_______________________________

11) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Sahin Alpay v. Turkey գործով 2018 թվականի մարտի 20-ի վճիռը, գանգատ թիվ 16538/17, 181-րդ կետ:

 

- կալանքի` որպես խիստ միջոցի կիրառումը կարող է արդարացվել, երբ այլ` ներգործության ուժով նվազ միջոցների կիրառելիությունը քննարկվել է և որոշվել, որ դրանք բավարար չեն մասնավոր կամ հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու համար, ինչը կարող է պահանջել, որ անձը կալանավորվի(12),

_______________________________

12) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Djundiks v. Latvia գործով 2014 թվականի ապրիլի 15-ի վճիռը, գանգատ թիվ 14920/05, 89-րդ կետ:

 

- 5-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ «ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»(13),

_______________________________

13) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Khudoyorov v. Russia գործով 2005 թվականի նոյեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 6847/02, 183-րդ կետ:

 

- կալանք կիրառելիս և դրա ժամկետը երկարացնելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում, ներպետական դատարանները շարունակական կալանքը հիմնավորելիս պետք է անդրադառնան գործի կոնկրետ փաստերին, ներկայացնեն մանրամասներ առ այն, թե ինչպես են հիմնավորվում թաքնվելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ կրկին հանցագործություն կատարելու ռիսկերը(14),

_______________________________

14) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Jhangiryan v. Armenia գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատներ թիվ 44841/08 և 63701/09, 91-րդ կետ:

 

- ազատությունից զրկման ցանկացած դեպք պետք է լինի 5-րդ հոդվածի նպատակին, մասնավորապես` անհատին կամայականությունից պաշտպանելու պահանջին համապատասխան(15),

_______________________________

15) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Vardan Martirosyan v. Armenia գործով 2021 թվականի հունիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 13610/12, 45-րդ կետ:

 

- ներպետական դատարանները կալանք կիրառելիս և դրա ժամկետը երկարացնելիս, հղում կատարելով թաքնվելու կամ քննությանը խոչընդոտելու ռիսկին, պետք է անդրադառնան գործի հատուկ փաստերին կամ բերեն կոնկրետ հիմքեր, թե ինչու են համարում, որ այդ ռիսկերը հիմնավոր են, այլ ոչ թե սահմանափակվեն իրենց որոշման մեջ վերացական և կարծրատիպային ձևով կրկնելով այդ հիմքերը(16):

_______________________________

16) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Vardan Martirosyan v. Armenia գործով 2021 թվականի հունիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 13610/12, 53-րդ կետ:

 

17. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, հարուցված քրեական գործի, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով(17):

_______________________________

i

17) Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները:

 

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ս.Պետրոսյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի` գտնելով, որ ազատության մեջ գտնվելու դեպքում վերջինս կդրսևորի ոչ իրավաչափ վարքագիծ: Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ իր համոզմամբ կան հիմնավոր կասկածներ, որ գրավ կիրառելու դեպքում Սուսաննա Պետրոսյանը կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, խուսափել հնարավոր քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց` դրանով խոչընդոտելով հնարավոր դատավճռի կատարմանը(18),

____________________________

18) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը բավարարել է գրավ կիրառելու մասին պաշտպանի միջնորդությունը` գտնելով, որ ամբաստանյալ Ս.Պետրոսյանի պատշաճ վարքագիծն այլևս հնարավոր է ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի, տվյալ դեպքում` 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գրավի կիրառմամբ, որը, որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող է հաղթահարել նրա կողմից հնարավոր ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ մտավախությունները: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ կալանավորման հիմքերի առկայությունն Առաջին ատյանի դատարանն արձանագրել է քրեադատավարական օրենքի ստանդարտ ձևակերպումների հիման վրա, թեև, հատկապես հաշվի առնելով ամբաստանյալի` տևական ժամանակ` շուրջ 1 տարի 4 ամիս անազատության մեջ գտնվելու փաստը` պարտավոր էր առավել հետևողականորեն անդրադառնալ հիշյալ հարցին: Վերաքննիչ դատարանը նշել է, որ վիճարկվող որոշման մեջ ամբաստանյալին վերագրվող մեղադրանքի փաստական կողմը նույնիսկ մեջբերված չէ, բացակայում է որևէ վերլուծություն հանցանքի կատարման եղանակի և հանցավոր մտադրության իրականացման աստիճանի վերաբերյալ, թեև վերոնշյալ հանգամանքը ևս հաշվի է առնվել պաշտպանի միջնորդությունը մերժելիս, որոշման մեջ վկայակոչվել, սակայն պատշաճ կարգով չեն համադրվել և գնահատվել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` բարձրագույն կրթություն ունենալը, մշտական բնակության վայրի առկայությունը, սեռը: Վերաքննիչ դատարանն ընդգծել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը, շուրջ 5 ամիս գործը քննելով, չի ցուցաբերել անհրաժեշտ ջանասիրություն(19):

____________________________

19) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-17.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի փաստական տվյալներն իրենց համակցության մեջ քրեական վարույթի տվյալ փուլում բավարար չեն ամբաստանյալ Ս.Պետրոսյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար: Ս.Պետրոսյանին մեղսագրվող արարքի բնույթի, հանրային վտանգավորության աստիճանի և սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ս.Պետրոսյանի անձը բնութագրող տվյալները (մշտական բնակության վայր ունենալը, նախկինում դատապարտված չլինելը, բարձրագույն կրթության առկայությունը, սեռը)` որպես նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող գործոններ, քրեական վարույթի տվյալ փուլում բավարար են գործի պատշաճ քննության ապահովման հանրային շահի և ամբաստանյալի անձնական ազատության միջև արդարացի հավասարակշռությունը հաստատելու համար: Ուստի, Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված են և պատճառաբանված: Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում 2.000.000 ՀՀ դրամի չափով սահմանված գրավը կարող է լինել գործուն երաշխիք` ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Ս.Պետրոսյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց` զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Ս.Պետրոսյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը, հիմնավոր է:

20. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ չի տվել քրեադատավարական օրենքի էական խախտում: Հետևաբար, ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է մերժել և Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Սուսաննա Խաչատուրի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է datalex.am կայքէջում` 22 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2022
N ԵԴ/0387/01/19
Որոշում