ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2022 թվականի N 1030-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին ամրացված` քաղաք Սևան, Նաիրյան 1-ին նրբանցք հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկից 34 183 000 դրամ շուկայական արժեքով, 204.2 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք) 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը (հասցեն` քաղաք Երևան, Արշակունյաց պող. /Շ/ 22 Կենտրոն 0015, գրանցման համար` 211.171.00937, այսուհետ` կազմակերպություն)` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`
1) կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե` յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
2) կազմակերպության կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնումը կազմակերպությանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հուլիսի
Երևան